Mkrtich Armen

Մարդիկ, սիրելի մարդիկ

1

Ճանապարհը, ճամբարից սկսված, ձգվում էր աշխարհի մեծ թե փոքր բոլոր ճանապարհների նման։ Ձգվում էր նույն լրջությամբ, հաղթահարելով արգելքները, ճարպկորեն իջնելով ձորակը եւ խիզախորեն բարձրանալով բլուրը, շրջանցելով անտառի մի տեղում թաքնված ճահիճը եւ այլն։ Ճանապարհն շտապում էր։ Եվ քանի որ նա սկսվել էր ինչ֊որ տեղից՝ աշխարհի բոլոր ճանապարհների նման, ապա, հասկանալի է, որ տանելու էր ինչ֊որ տեղ՝ դարձյալ աշխարհի բոլոր ճանապարհների նման։

Բայց այդ ճանապարհը չէր տանում ոչ մի տեղ։ Չէր տանում՝ եւ վերջ։ Սկսվելով ճամբարից, ամենայն լրջությամբ, նա գնում էր դեպի անտառ, ապա գնում էր անտառով, գնում, գնում եւ կորչում դրա մեջ։

Մի ծայր ունեցող ճանապարհը սարսափելի ճանապարհ է։ ԳՆում ես դրանով եւ սպասում քաղաքների, գյուղերի, կամուրջների, կայանների, գոնե մեն մի հատիկ մարդկային տնակի, եւ… ոչինչ, անտառ… Ոչ թե անտառի հատկապես այսինչ կամ այնինչ մասը՝ այսինչ կամ այնինչ նպատակով, այլ անտառը՝ ընդհանրապես։ Ռուսները դրան ասում են՝ «մատով ցույց տալ երկինքը»։ Այդ ճանապարհը մատով ցույց էր տալիս անտառը…

Գնալով այդ ճանապարհով անտառ, կալանավորների բրիգադը շարունակում էր քայլել այնուհետեւ այլեւս առանց ճանապարհի, առանց ուղղության, լորենիներ փնտրելով եղեւնիների, կաղամախիների եւ այլ ծառերի միջեւ։

Լորենիներ հանդիպում էին շատ սակավ եւ իրարից հեռու֊հեռու։ Գտնելու համար այդպիսիք, կալանավորները շաղ էին գալիս հսկայական տարածության վրա։ Տանջանքի ինչպիսի՜ անսպառռ աղբյուր՝ բրիգադն ուղեկցող երկու պահակների համար… Ու թեեւ լորենիներ որոնող բրիգադի մեջ մտցնում էին ամենավստահելի կալանավորներին, բայց եւ այնպես, աշխատանքային օրվա ընթացքում չորս֊հինգ անգամ, հնդում էր պահակների սուլիչը։ Կալանավորները պետք է իսկույն թողնեին աշխատանքը եւ վերադառնային պահակի մոտ։ Պահակը պիտի հաշվեր նրանց եւ նորից բաց թողներ։ Եվ կալանավորները պետք է վերհիշեին, թե որտեղ էին գտնվում նրանք քիչ առաջ, վերադառնային այնտեղ՝ չկորցնելու համար իրենց թողած բամբակաբաճկոնը, կացինը, սղոցը, գտած լորենին։

Գտնելով լորենի, կալանավորները վարվում էին ամենաարյունարբու բանդիտի նման․ սպանում էին՝ վերարկուն հանելու համար։ Կտրում էին ծառը, կտրատում մեկ եւ կես մետր երկարությամբ գերանակների, կացնով ճեղքում էին կեղեւը վերից վրա, եւ ետ անելով, հեշտությամբ հանում ծառի բնի վրայից։

Մի ուրիշ բրիգադ, այնուհետեւ, ճամբարի մոտի մի բարաք֊արհեստանոցում, փայտակտորների անկյունների վրա տրորելով այդ կեղեւները, դրանցից պիտի պոկեր վերեւի անպետք շերտը։ Տակի հաստ ենթակեղեւն այդ ժամանակ բաժան֊բաժան էր լինում բարակ շերտերը՝ ինչպես կաշվի դաստա։ Կալանավորները դրանք կտրատում էին երկու մատնաչափ լայնությամբ երիզների եւ դրանցից գործում կեղեւատրեխներ՝ ամենահարմար ոտնամանները՝ անտառում աշխատողների համար։

Դեպքը պատահեց օրվա առավոտյան, վերակարգիչը մոտեցավ կեղեւ պոկողների բրիգադիրին եւ պատվիրեց վերցնել իր հետ տասնութ տարեկան Սենյային, որը հրաժարվում էր այլեւս գնալ ծառահատման, որի համար եւ, ահա մի շաբաթից ավելի էր, ինչ նստած էր մեկուսարանում։

Տեսնելով մտահոգության արտահայտություն բրիգադիրի դեմքի վրա, վերակարգիչը վստահեցրեց, որ չի կարող պատահել որեւէ վատ բան։ Սենյան վտանգավոր տղա չէ, գող է, ունի երեք տարի ժամկետ, որից երկուսն արդեն նստել է։ Իսկ ծառահատման աշխատանքը, իսկապես որ, դժվար է նրա համար։

Պահակները նույնպես, ծուռ֊ծուռ նայեցին Սենյային եւ հանգստացան միայն այն ժամանակ, երբ վերակարգիչն ու բրիգադիրը նրանց հաղորդեցին Սենյայի «տվյալները»։

Այնուամենայնիվ, պատանին հենց սկզբից դուր չեկավ պահակներին։ Իսկ ճանապարհին նա ավելի հաստատեց նրանց ստացած վատ տպավորությունը։ Դիմելով իր կողքով քայլողին, նա ասաց բարձրաձայն՝ վերհիշելով իր երեւէ կարդացած դասագրքերում․

Խելոքն ասաց գժին․ «Խելոք կաց, թե չէ կբռնեմ ականջիցդ, ման կածեմ քեզ սարեսար»։ Իսկ գիժն ասաց․ «Այդ դեպքում դու էլ ման կգաս ինձ հետ»…

Պահակները հասկացան թափանցիկ ակնարկը ւե նրանցից մեկը գոռաց․

Չխոսել շարքերի մեջ։

Հասնելով տեղ եւ գտնելով լորենիներով քիչ թե շատ հարուստ անտառամաս, պահակները կարգադրեցին խարույկ վառել։ Իրենք նստեցին խարույկի ծխի մեջ՝ պաշտպանվելու համար անթիվ֊անհաշիվ մոծակներից, իսկ բրիգադը ցրվեց աշխատանքի։

Դեռ կես ժամ չանցած, անտառի զանազան կողմերից կալանավորներն սկսեցին դեպի այդտեղ քարշ տալ պոկած կեղեւների առաջին կապոցները։ Եվս կես ժամ անց՝ սուլեց պահակների առաջին սուլիչը։ Բոլոր կողմերում լսվեցին խոտի ու թփերի խշխշոցներ։ Անտառային ոգիների նման սկսեցին հայտնվել կալանավորները։ Նրանց հաշվեցին եւ թույլ տվեցին վերադառնալ։

Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ Երկու սուլոցների միջեւ ընկած ժամանակաշրջանում պահակները, տրորելով ծխից կարմրած իրենց աչքերը, իրար պատմում էին զանազան պատմություններ՝ օրը կարճելու համար։ Իսկ օրը երկար էր ու ձանձրալի նրանց համար, եւ երկար ու տանջալի՝ կալանավորների համար։

Աշխատանքն ավարտելուց երկու ժամ առաջ պահակները սուլեցին եւս մի անգամ։ Կալանավորները հավաքվեցին, բայց այս անգամ Սենյան չկար նրանց մեջ…

Սուլեցին միաժամանակ երկու սուլիչներ, տասնյակ կալանավորներ սկսեցին բղավել պատանու անունը։ Բայց իզուր։ Սենյան չկար…

Երբ պահակները, վերջապես, համոզվեցին, որ նա փախել է, իսկույն շարք կանգնեցրին բրիգադը՝ ճամբար վերադառնալու համար։ Հարկավոր էր իսկույն հաղորդել փախուստի մասին, հետապնդում կատարել անպիտանի ետեւից։

Պահակները հայհոյում էին բրիգադիրին, բրիգադիրը՝ վերակարգիչին, իսկ մյուս կալանավորները հարցնում էին նրանց․ Ի՞նչպես է լինելու այսօրվա նորմայի հարցը, չէ՞ որ նրանք թերակատարում են տալիս՝ անկախ իրենց կամքից…

Ճանապարհը յոթ կիլոմետրից ավելի էր։ Մինչեւ տեղ հասան՝ մութը բավական ընկավ։ Պահակապետը, լսելով զեկույցը, օրորեց գլուխը եւ թոթվեց ուսերը․

Լուրջ մարդն էդպիսի բան չէր անի, դա լակոտի գործ է։ Չէր ուզում նստել մնացած մի տարին՝ կստանա էլի երկու տարի…

Հետապնդում կատարելու համար ազատ պահակներ չկային։ Պետք էր սպասել մյուս բրիգադների վերադառնալուն։ Մինչ այդ, պահակապետը կարգադրեց նավթ լցնել «չղջիկ» լապտերները, ամեն մի հետապնդողի տալ մեկական տուփ լուցկի եւ կողմնացույց։

Հակառակի պես բրիգադներն այդ երեկո վերադարձան շատ ուշ։ Ծառակտրման վայրը հեռու էր, օրվա առաջին կեսին այնտեղ անձրեւ էր եկել եւ կալանավորները չէին կարողացել աշխատել։ Հաջորդ օրը «փոքր պայոքի» չարժանանալու համար նրանք որոշել էին աշխատել սովորականից ավելի՝ հույս չունենալով, թե անձրեւը «կակտավորվի», այսինքն՝ պահակի վկայության հիման վրա կարձանագրվի եւ հաշվի կառնի «պայոքը» որոշելիս։

Երբ ծառահատները մտան ճամբար եւ իմացան կատարվածի մասին, Սենյայի բրիգադիրը խփեց ճակատին եւ բացականչեց․

Գժվե՞լ եք, ի՞նչ է, ի՞նչ փախուստ։ Խեղճ տղան ընկնավոր է ախր։ Ուշքը գնացել, ընկել֊մնացել է էնտեղ…

Նա վազ տվեց պահակապետի մոտ։

2

Սենյան աչքերը բացեց լիակատար բթության մեջ։ Սկզբում, մի քանի րոպե, նա դեռ չէր հասկանում, թե որտեղ է պառկած, եւ հանգիստ էր։ Ապա ցնցվեց, ձեռքերով շոշափեց շուրջը եւ սարսափի աղաղակը դեմ առավ նրա կոկորդում։

Սենյան գիտեր իր ընկնավոր լինելը։ Նա հասկացավ ամեն ինչ։ Զարհուրեց եւ քրտինքը պատեց նրա ճակատն ու քունքերը։ Բղավելու առաջին ցանկությունը, որը բնազդական էր եւ անօգուտ, տեղի տվեց պապանձնման։ Ոչ թե բղավել, նա վախենում էր նույնիսկ շնչել, որպեսի անտառի ոգիները, գազանները, թռչունները, նույնիսկ ծառերը չիմանային նրա տեղը…

«Մայրիկ…», անցավ նրա մտքով՝ վաղուց մոռացված բառը։ «Մայրիկ»…

Նա պատրաստ էր եղունգներով չանգռել գետինը, մտնել մեջը, ծածկվել հողով, միայն թե ոչ ոք չտեսներ նրան եւ չլսեր…

Իսկ հոտառությո՞ւնը… Չէ՞ որ նրան կարող են գտնել հոտառությամբ։ Սպասիր… Այդ ո՞վ է հոտոտում ու մոտենում, հոտոտում ու մոտենում…

Քրտինքը, որ տաք էր, սառեց հանկարծ։ Մութ անտառի ցրտի՞ց էր դա, թե՞ խելագարության հասցնող սարսափից…

Սենյան սկսեց դողալ ամբողջ մարմնով, ցնցվել։ Նրա կզակն ու ծնոտներն սկսեցին արագ֊արագ թրթռան, ատամները լսելիորեն կափկափել։ Իսկ նա սարսափում էր նույնիսկ այդ հնչյուններից։ Կլսի, կարթնանա, կմոտենա վտանգը…

Սենյան մի պահ ցանկություն գաց շուռ գալ փորի վրա եւ սողոսկելով, սողոսկեով գնալ դեպի ճամբար։ Բայց ոչ թե գիշերով, նա ցերեկով անգամ չէր գտնի ուղղությունն անտառում։ Կսողոսկեր եւ դուրս կգար ուղիղ վտանգին դեմառդեմ։

Ո՞վ է հոտոտում ու մոտենում, հոտոտում ու մոտենում…

Սարսափը պաշաել էր Սենյային՝ ինչպես սառցե հագուստ։ «Երանի նորից ուշքս գնար», մտածեց նա բաղձանքով։ Այդ դեպքում նա չէր զգա ոչինչ, չէր զգա, թե ինչպես հոտոտեց ու մոտեցավ, հոտոտեց ու մոտեցավ վտանգը եւ, հանկարծակի հարձակվելով, կերավ նրան…

Եթե նա այդ րոպեին լսեր որեւէ հնչյուն, թեկուզ իրեն որոնող պահակների ձայնը, կարող էր խելագարվել։ Բայց, բարեբախտաբար, լսեց այն բանից հետո, երբ նրա մտքով անցավ, որ կարող են որոնել նրան։ Ճամբարում շատերը գիտեին որ նա ընկնավոր է եւ կարող էին հայտնել պահակներին։ Իսկ եթե չհայտնեին էլ, միեւնույնն է, նրան որոնելու էին որպես փախստականի։

Ահա դրանից հետո էր միայն, որ նա լսեց իր անունը՝ խուլ, հեռվից։ Թե՞ թվաց նրան։ Սպասեց՝ համոզվելու համար։ Այո… Այդ նրան են կանչում։

Նրան են կանչում, ինչպիսի՜ երջանկություն… Պետք է պատախսանել։ Բայց ոչ։ Պետք է լռել։ Պահակները հեռու են, թող մոտենան էլի մի քիչ, թե չէ նրա ձայնի վրա վտանգը կարող է մոտենալ ավելի շուտ, որովհետեւ գուցե գտնվում է հենց իր կողքին…

Բայց պահակների ձայները, փոխանակ մոտենալու, ավելի էին հեռանում։ Նրանք կարող էին գնալ բոլորովին այլ կողմ…

Այլեւս անկարելի էր ուշանալ, պետք էր բղավել։ Սենյան կատարեց բղավելու շարժում, բայց ոչ մի հնչյուն դուրս չեկավ նրա կոկորդից…

Այժմ, երբ տեսավ, որ բղավել֊չբղավելը կախված չէր իրենից, Սենյան զարհուրեց։ Նորից հավաքեց իր ամբողջ ուժը եւ արձակեց հազիվ լսելի մի հառաչանք։

Այլեւս չմտածելով վտանգի մասին, նա ցատկեց տեղից։ Այսինքն՝ ոչ թե ցատկեց, այլ ցանկացավ։ Եվ զգաց, որ ոչ մի մկան չի ենթարկվում նրա կամքին… Վերջ… Ամեն ինչ կորավ… Նրա մարմինը թուլացավ ամբողջովին, կարծես փխլվեց։ Վերջ…

Նույն պահին խոտը խշրտա», եւ վտանգը, հանկարծակի հայտնված, իր թաթերը դրեց Սենյայի վրա։ Պատանին այնքան հստակ զգաց դրանց հպումը, որ անկարելի էր խաբել իրեն, թե դա պատրանք էր միայն։

Սենյայի մարմինը ցնցվեց մի վերջին անգամ, եւ նա կորցրեց գիտակցությունը։ Ոչ թե ունեցավ ընկալվորության իր հերթական նոպան, այլ հենց ուշագնաց եղավ՝ ինչպես կարող է լինել նաեւ առողջ մարդը։ Բայց նույն վայրկյանին էլ նա կտրուկ սթափվեց, երբ իր գետնատարած մարմնի վերեւում լսեց մի որոտաձայն հաչոց։

Շունը, տեսնելով, որ կալանավորը չի դիմադրում, չգզեց նրան՝ երեւի ինքն էլ հասկանալով նրա վիճակը։ Սկսեց հաչել էլի ւե էլի՝ մինչեւ որ երեւացին «չղջիկների» լույսերը եւ զանազան կողմերից սկսեցին մոտենալ պահակները։

Երբ նրանք բարձրացրին Սենյային՝ պատանին ուժ գտավ ժպտալ մարդկանց ու լույսերին, ապա, ընկնելով թնկների վրա, թուլացած ձեռքերով հազիվ կարողացավ բռնել պահակներից մեկի ձեռքը, համբուրել, ապա համբուրել նաեւ «չղջիկի» ապակին։

Եվ շշնջալ․

Մարդիկ, սիրելի մարդիկ…

3

Սենյան աչքերը բացեց հիվանդանոցում։ Ցերեկ էր, արեվոտ, պայծառ ցերեկ։ Նրա շուրջը, մյուս մահճակալների վրա, թեք ընկած, նախաճաշո՞ւմ, թե ճաշում էին հիվանդները։ Մի բանտարկյալ աղջիկ, սպիտակ խալաթով, նստել էր Սենյայի ոտքերի մոտ, մահճակալին, եւ նայում էր նրան՝ երեւի վաղուց։

Սենյան հիշեց սարսափելի մթությունն ու սարսափելի մենակությունը, որովհետեւ այժմ նա մարդկանց մեջ էր եւ լույսի մեջ։ Սենյան երջանիկ էր՝ որքան որ կարելի էր երջանիկ լինել դժբախտության այդ աշխարհում։ Նայելով իր շուրջը, նա մի անգամ եւս կրկնեց իր գտած ամենամեծ, ամենաթանկ, անփոխարինելի ճշմարտությունը․

Մարդիկ, սիրելի մարդիկ…

Be the first who will comment on this
Yatuk Music
Masquerade - Romance
Aram Khachatryan

Masquerade - Romance

Brother lamb
Brother lamb
Play Online