Mkrtich Armen

Կանաչ դատախազը

Ես իմ գործն ուզում եմ հանձնել կանաչ դատախազին, ասաց ձմռան մի ցուրտ օր կալանավոր Չարկովն իր քնելատեղի հարեւանին՝ վերադառնալով աշխատանքից։

Բրիգադը, մտնելով բարաք, իր հետ ներս էր բերել սառնամանիքի մի մեծ հորձանք․ ոչ թե այն, որը թափանցել էր դռան բացվելու հետ, ճամբարի բակից, այլ այն, որն անտառում փակչել էր կալանավորների հագուստներին, գլխարկներին, ոտնամաններին՝ պողպատե աներեւույթ մուշտակի պես։

Չարկովի հարեւանը, հիվանդության համար ահա երկու օր աշխատանքից ազատություն ստացած, սարսռեց կողքի քնելատեղից իր վրա փչող ցրտի տակ եւ ոչինչ չասաց։ Դրսում թագավորում էր արտակարգ ցուրտ ձմեռը։ Քի՞չ խելագար մտքեր կարող էր ծագեցնել դա մարդկանց գլխում… Օրերը կտաքանան, այդպիսի մտքերը կգոլորշիանան…

Բայց Չարկովը շարունակեց․

Հենց վաղը, Դի՛մկա…

Հարեւանը տագնապով նայեց նրան։ Ոչ, Չարկովը դա ասում էր ոչ թե սառնամանիքի ազդեցության տակ, այլ հաստատ որոշումով…

Ո՞վ է տեսել, որ ձմեռը փախուստ կատարեն, հիմա՛ր, հանդիմանեց նա նվազ ձայնով։

Հենց դրա համար էլ պիտի կատարել ձմեռը։

Իսկ ոտքերիդ հետքերը ձյան վրա՞։

Վաղը նույնպես բուք է լինելու, անհոգ կաց։

Դու հաց նույնիսկ չես հավաքել ճանապարհի համար։ Եվ կսառչես հենց առաջին գիշերը։

Ամեն ինչ նախատեսնված է։ Հացի կարիք չկա։ Իսկ գիշերը ես արդեն դրսում չեմ լինի։ Լսիր…

Այն անկեղծությունը, որով հաղորդում էր Չարկովն իր գաղտնիքները, ոչ թե հիմնված էր իր եւ հարեւանի խիստ մտերմության վրա, այդպիսի մտերմություն չկար նրանց միջեւ, այլ ճամբարային այն անխախտ օրենքի, որ ոչ ոք չպիտի մատներ եւ չէր մատնում իր նման կալանավորին։ Ուզո՞ւմ ես մասնակցել փախուստին, գողությանը, բռնաբարությանը՝ մասնակցիր։ Չե՞ս ուզում՝ դու այստեղ չես, ոչ մի բան ոչ տեսել ես, ոչ լսել…

Լսիր… կրկնեց Չարկովը՝ հանելով բուշլատը եւ պառկելով դրա վրա։ Նա, այնուամենայնիվ, ցածրացրեց ձայնը։ Բայց դա ոչ թե նախազգուշության համար էր, այլ ընդգծելու համար իր պատմության խորհրդավորությունը։ Նա նույնը կարող էր բարձրաձայն պատմել ամբողջ բարաքին՝ վստահ լինելով, որ ոչ ոք չի համարձակվի մատնել նրան։ Երեկ ու այսօր մեզ ծառ կտրելու տարան դեպի մի անծանոթ կողմ… Նա ձեռքը երկարեց անորոշ ուղղությամբ։ Երեւի մի ութ կիլոմետր այստեղից։ Ծառակտրման տեղին հասնելուց առաջ մի բլուր կա, բարձրանում ենք վրան ու իջնում մյուս կողմը։ Երեկ առավոտ բուք չկար, օդը պարզ էր։ Բլրի վրայից նայեցի ներքեւ ու գիտե՞ս ինչ տեսա անտառի մեջ… Չես հավատա… Գյուղ։ Բլուրից մի հինգ֊վեց կիլոմետր հեռու…

Չի կարող պատահել… Դիմկան նույնիսկ վեր կացավ նստեց։ Աչքիդ է երեւացել։ Ճամբար է եղել։

Խե՞նթ ես, ի՞նչ է, բարկացավ Չարկովը։ Բարաքներն ու գյուղի տները չե՞մ զանազանում իրարից։ Մեծ գյուղ էր՝ մոտ հարյուր տնով։ Տները բոլորը՝ բարձր, խորանարդ, ոչ թե բարաքների պես ցածր ու երկարավուն, այն էլ՝ ցանկապատով շրջապատված… Անհոգ կաց։

Չի կարող պատահել… կրկնեց Դիմկան՝ նորից պառկելով։ Քո ասելով բլուրը մեզանից հեռու է յոթ կիլոմետր, ճի՞շտ է։ Գյուղը բլուրից՝ ութ֊տասը կլիոմետր, ճի՞շտ է։ Ուրեմն՝ ընդամենը տասնհինգ կիլոմետր, ճի՞շտ է։ Այդքան մոտիկ գյուղի լուրն անպայման կհասներ մեզ, անհոգ կաց։ Չորս կողմը տայգա է, ու ճամբարներ են, հասկացա՞ր։ Իսկ ամենամոտիկ գյուղը հարյուր քսան կիլոմետրի վրա է, հասկացա՞ր։

Դե գնա, քու էլ… հայհոյեց Չարկովը։ Քե՞զ հավատամ, թե աչքերիս… Ապա, կարծես հարեւանի հավատալ֊չհավատալուց էր կախված իր հաջողությունը, նա սկսեց կուրծք ծեծել եւ երդվել։ Շուն լինել՝ թե սուտ եմ ասում։ Ես սուր տեսողություն ունեմ։ Միլիցիոներ լինեմ՝ թե սուտ եմ ասում…

Այդ վերջինն արդեն՝ սարսափելի մեծ երդում էր։ Միլիցիոներներն էին ձերբակալում քրեական հանցագործներին, վերջիններս ատելով ատում էին նրանց։

Դե ես քեզ հավատում եմ, ընդհատեց Դիմկան։ Բայց դու անպայման սխալվել ես։

Տեսնելով, որ Չարկովն ուզում է նորից պնդել, ավելացրեց․

Մի չարչարվիր, վաղը ես էլ եմ դուրս գալու աշխատանքի, աչքովս կտեսնեմ, կհամոզվեմ կամ ոչ…

Առավոտյան, բարեբախտաբար, դարձյալ բուք չկար։ Փչել էր ամբողջ գիշերը, մի տեղում սրբել մաքրել էր սառցապատ գետինը, մյուս տեղում կուտակել էր սպիտակ թմբեր։

Բարձրանալով բլուր, Չարկովը բոթեց Դիմկայի կողը։ Դիմկան նայեց եւ անկարող լինելով զսպել զարմանքը, դա արտահայտեց մի կարճ հայհոյանքով։

Գյո՜ւղ… իրենք իրենց շշնջացին նաեւ կալանավորներից մի երկուսը, անշուշտ նույնպես սրատեսները, իսկ մյուսները նայեցին եւ ոչինչ չտեսան կամ չնայեցին էլ՝ իրենց հոգսերով զբաղված։

Անտառի հեռու խորքում, զգալիորեն մշուշված, բայց եւ զգալիորեն տեսանելի, կանգնել էին զարմանալիորեն կանոնավոր եւ համանման շենքերը։ Կանգնել էին ոչ թե մի շարքով՝ ինչպես գետի ափին կամ երկու շարքով՝ ինչպես գյուղի միակ փողոցի վրա, այլ կվարտալներով։ Այո, հարյուր տնից ոչ պակաս…

Իսկ ինչո՞ւ ոչ մի ծուխ չի բարձրանում, հարցրեց Դիմկան կամացուկ։

Դեռ քնած են գարշելիներն իրենց տաք վառարանների վրա։ Էդ մենք է, որ վեր ենք կենում էսքան վաղ…

Եթե պարզկա եղանակը հարկավոր էր գյուղը նորից տեսնելու եւ համոզվելու համար, ապա բուքը հարկավոր էր փախչողի ոտնահետքերը ջնջելու համար։ Բայց բուք չկար։ Իսկ Չարկովն այնպե՛ս նախապատրաստվել էր փախչելու…

Ի դեպ, խոսքը վերաբերում էր հոգեբանական նախապատրաստությանը։ Ճանապարհի պաշար դարձյալ չկար նրա մոտ եւ ոչ էլ լուցկի՝ խարույկ վառելու համար։ Եվ նրա ինչի՞ն էր պետք, երբ ութ֊տասը կիլոմետրը կարելի էր անցնել մինչեւ երեկո…

Իսկ գյուղացիները չե՞ն մատնի քեզ, անհանգստացավ Դիմկան։ Պարզ է, որ հետապնդողներն ամենից առաջ կգան էնտեղ…

Էդ մասին էլ է մտածված, հանգստացրեց Չարկովը։ Եթե ընկա մի լավ մարդու մոտ, օրինակ՝ աղջկա կամ այրի ջահել կնոջ, նա ինձ կպահի, չի մատնի։ Իսկ եթե հանդիպեց որեւէ իժ՝ դանակով կսպառնամ, ուտելիք կվերցնեմ ու կշարունակեմ ճանապարհս…

Պատասխանը լիովին գոհացրեց Դիմկային։

Բուք… Ինչո՞ւ բուք չկա… Մի շաբաթ շարունակ գալիս էր գիշեր֊ցերեկ, կարճ ընդհատումներով, իսկ այսօր չկա… Ճիշտ է, մյուս օրերնէլ բուքը գալիս էր միայն կեսօրից հետո, բայց չէ՞ որ հիմա հենց կեսօրից հետո է…

Երեւի Չարկովը ծնվել էր բարի աստղի տակ, որովհետեւ քիչ հետո սկսվեց ցանկալի բուքը։ Բրիգադին ուղեկցող երկու պահակները, ըստ սովորության, անհանգստացան, եւ ըստ սովորության սկսեցին շուտ֊շուտ ստուգել կալանավորներին։

Դե, Դիմկա, մնաս բարեւ… շշնջաց սղոցը դնելով վար եւ կացինը խրելով գոտկի ետեւը։

Սպասիր…

Ի՞նչ կա։

Ես էլ եմ գալիս։

Դիմկա… ուրախացավ Չարկովը։

Հիմար չեմ, որ սպասեմ ժամկետիս լրանալուն։ Երբ, մանավանդ, գյուղն ղդքան մոտիկ է։ Գնանք…

Հույսն ամենատաք բուշլատն է աշխարհիս երեսին։ Իսկ եթե սառեց այդ բոշլատն ինքը՝ կարելի է տաքացնել խոսքերով…

Խոզաճարպ… Կարտոֆիլ… Միս… շշնջում էր հյուծված Դիմկան՝ արագ֊արագ փոխելով քայլերը։

Անկողին… Վառարան… Մերկ կնիկ… արձագանքում էր Չարկովը։ Դուր որ գանք, ո՞ր կնիկը կմատնի կամ ձեռքից բաց կթողնի մեզ։ Կապրենք փառավոր՝ ինչքան ուզենք։ Իսկ դուր կգանք, ոչինչ, տղամարդիկ ճամփի վրա թափված չեն, որ կռանաս ու վերցնես… Պատերազմ է։

Շուրջը կանգնած էր կանաչ դատախազը՝ անտառը։ Անողո՞ք է նա, թե ողորմած՝ դժվար էր ասել։ Նա լուռ էր։ Բայց, ըստ երեւույթին, նա ողորմած էր հնարագետների նկատմամբ եւ անողոք՝ սխալ հաշիվ տեսածների եւ չնախապատրաստվածների նկատմամբ…

Հիմա արդեն պահակներից մեկը տագնապը հասցրեց ճամբար, ենթադրություն արեց Չարկովը։

Դեռ ոչ։

Բայց շուտով։

Այո։ Շուտով։

Եվ ավելի շտապեցրին քայլերը։

Ձյունն անտառում կուտակվել էր անհավատալի քանակությամբ։ Կալանավոր ընկերները երբեմն մինչեւ իրենց հետույքները խրվում էին դրա մեջ եւ դուրս գալիս։ Ձյունը լցվել էր նրանց կեղեւատրեխների, նույնիսկ բայբակ֊գուլպաների մեջ, նրանց ոտքերը փայտացել էին ցրտից։ Իսկ գոտկից վերեւ, ընդհակառակը, նրանք խիստ քրտնել էին։ Մանավանդ գլուխները՝ բամբակած գդակների մեջ։

Երկուսն էլ չափազանց հոգնել էին եւ հեւում էին ծանր բեռ քաշող ձիերի պես։ Բայց հարկավոր էր շտապել, շտապել…

Դիմկան, որ ընդհանրապես թուլակազմ էր եւ շուտ֊շուտ հիվանդացող, դուրս եկավ ավելի դիմացկուն, քան Չարկովը։ Նա ինքն էր սիրտ տալիս ու քաջալերում ընկերոջը․

Լայն գցիր ոտքերդ։ Ոչինչ, ոչիչնչ, շատ չմնաց, երեւի հազիվ մի չորս֊հինգ կիլոմետր։ Մութն ընկնելուց շատ առաջ կհասնենք գյուղ։ Կհանենք հագուստներս, կտանք չորացնելու, ինքներս էլ մի լավ կտաքանանք ու… ո՞րտեղ են ձեր մեծ գդալները…

Եթե… կինը… մի հատ լինի… կասենք… որ մի ուրիշին էլ ճարի… հեւիհեւ ավելացնում էր Չարկովը։ Գյուղում տղամարդիկ… չեն լինի… Նրանք… պատերազմումն են…

Իսկ չե՞նք շեղվել ճանապարհից, անհանգստացավ Դիմկան։

Ոչ, ոչ։

Ես էլ եմ կարծում, որ ոչ։

Եվս կես ժամ հետո, երբ դեռ լրիվ լույս էր եւ դեռ առատ թափվում էր ձյունը, կալանավորները դուրս ելան մի ընդարձակ բացատ եւ տեսնելով իրենց առջեւ այն, ինչը որ հեռվից դրել էին գյուղի տեղ, հուսահատությունից ճչացին եւ անշարժացան…

Դա գյուղ չէր, այլ տախտակի չորանոց…

Սղոցաբանը կտրում է թարմ գերանները, վերածում տախտակների։ Բայց տախտակները դեռ պատրաստ չեն գործածության համար, դրանք պիտի չորանան…

Շարում են տախտակները չոր գետնի վրա, իրար կողքի՝ դրանց միջեւ թողնելով երկու մատնաչափ արանքներ։ Ապա շարում են երկրորդ շերտը դրա վրա՝ հակադիր ուղղությամբ։ Ապա երրորդ, տասներորդ, հիսուներորդ շերտը։ Ստացվում է կանոնավոր խորանարդ՝ մեծ խրճիթի նման։

Որպեսզի անձրեւը չթրջի խորանարդը, դրա վրա, նույն տախտակներից, սարքում են երկկողմանի թեք կտուր։ Նայում ես հեռվից՝ տուն է։ Նայում ես մոտիկից՝ ծակոտեն փայտե խորանարդ է՝ այնքան անհյուրընկալ, որ ծիտն անգամ չի կարող սողոսկել դրա մեջ։ Քամին փչում է չորս կողմից, չորացնում տախտակները։ Մի տարի, երկու, եւ դրանք պատրաստ են։

Հարյուրից ավելի խուլ «խրճիթներ» կային այդ չորանոցում կանգնած՝ կողք֊կողքի եւ այնքան մոտիկ իրար, որ մի մարդ հազիվ կարողանար սողոսկել անցնել դրա «փողոցներով»։

Կորանք… ցրտից կմկմալով, արտասանեց Դիմկան։ Կորանք, կորանք։

Կանաչ դատախազը ողորմած էր հնարագետների նկատմամբ եւ անողոք՝ սխալ հահիվ տեսածների եւ չնախապատրաստվածների նկատմամբ…

Կալանավորները նայեցին իրար։ Դիմկան մի պահ ցանկություն զգաց հարձակվելու Չարկովի վրա եւ խեղդելու նրան, որ պատճառ էր դարձել այդ պատուհասին։ Բայց ցուրտը սառեցրեց նրա զայրույթը եւ նա հասկացավ, որ Չարկովը մեղավոր չէր։ Ինքն իր աչքով էր տեսել «գյուղը» բլուրի վրայից, ինքը կամավորաբար էր միացել նրան՝ փախուստ կատարելիս…

Սակայն Դիմկային ետ պահեց ոչ այնքան արդարացիության գիտակցությունը, որքան որ մենակ մնալու սարսափը…

Ի՞նչ անենք, Դիմկա…

Ի՞նձ ես հարցնում։

Մի վայրկյանում չքացան թե՛ խոզաճարպը, կարտոֆիլն ու միսը, թե անկողինը, վառարանն ու մերկ կինը։ Շրջակա տասնյակ եւ տասնյակ կիլոմետր տարածության վրա մարդկային միակ անկյունը մնացել էր նրանց ճամբարը։ Ճիշտ է, դա տաք չէր, այլ կիսատաք, կյանքն այնտեղ կուշտ չէր, այլ կիսաքաղց, բայց մի՞թե դա ավելի լավ չէր, քան ձյունով ծածկված եւ սառնամանիքով կաշկանդված այդ կանաչ դատախազը…

Ես չդառնա՞նք ճամբար… հարցական նայեց Դիմկային Չարկովը։

Դիմկան հայհոյեց կարճ ու թունդ՝ պատկերացնելով, թե ինչ էր սպասում նրանց այնտեղ․ ցուրտ մեկուսարան, դատ, մի կամ երկու տարվա լրացուցիչ ժամկետ…

Մութը շուտով կընկնի, շտապեցրեց Չարկովը, ի՞նչ անենք, Դիմկա…

Գնանք, վճռեց հիվանդը։

Ո՞ւր։

Եթե էստեղ չորանոց է՝ ուրեմն ոչ֊հեռու մի տեղում ճամբար պիտի լինի։ Ավելի մոտիկ, քան մերը…

Չեմ գա, սարսափեց Չարկովը։ Էնտեղ մեզ հաստատ կերպով կհամարեն փախստականներ, իսկ մեզ մոտ կարող ենք ասել, թե մոլորվել էինք բքի մեջ, հեռացել բրիգադից…

Ու քեզ էլ կհավատան, քմծիծաղեց Դիմկան։ Գնանք, գնանք…

Ո՞ր կողմ…

Ես ի՞նչ գիտեմ, զայրացավ Դիմկան, հարցնում ես, կարծես ես էս կողմերը քեզանից լավ գիտեմ։

Ես մեր ճամբարն եմ գնում, հանկարծ վճռեց Չարկովը՝ իր ասածի վրա հաստատ մնալու պատրաստ։

Դիմկան համաձայնվեց անսպասելի արագոթւյամբ։

Գնանք։ Գնանք, ես քու…

Նա իրավացի էր։ Բքի եւ վերահաս մթության մեջ կորել էր միակ օրիենտիրը՝ բլուրը։ Ո՞ր կողմումն էր նրանց ճամբարը։ Կամ թեկուզ ոչ նրանցը…

Բայց նրանք քայլեցին։ Քայլեցին, որովհետեւ կանգ առնելը չի տանի ոչ մի տեղ, իսկ քայլելը՝ կտանի։ Կանգ առնելն ունի միայն մի ելք՝ կործանում։ Իսկ քայլելը՝ կործանում կամ փրկություն…

Լրիվ մթությունը վրա հասավ միանգամից՝ հենց որ նրանք մտան անտառ, ծառերի տակ։ Միայն ձյունն էր աղոտ կերպով սպիտակին տալիս գետնի վրա՝ դավադրորեն թաքցնելով խորդուբորդությունները, իր թակարդները։ Կալանավորներն ամեն քայլափոխին թրմփում էին փոսերի մեջ, խփվում ձյան տակ ծածկված կոճղերին, խճճվում թփերի ու մացառների մեջ՝ իրենց շարժումներով ու ցնցումներով ազատելով նրանց՝ իրենց սպիտակ վերմակից։ Քայլում էին՝ ունենալով առջեւում ոչ թե նպատակ, այլ միայն հույս։ Քայլում էին՝ պարզապես շարժված լինելու համար…

Դեռեւս շատ ցուրտ չէր։ Եվ նրանք գուցե չմրսեին, եթե չլիներ քրտնելուց հետո մնացած այդ խոնավությունը հագուստի ներսակողմում, որն այժմ սառել էր՝ ինչպես գիշերը դրսում մնացած պողպատ։ Նրանց ոտքերը՝ ծնկներից հետ, լիք լցված էին ձյունով։ Ի՞նչպես էր թափանցել ձյունը նրանց ամուր կապած բայբակ֊գուլպաների մեջ…

Իսկ շուրջը, կանաչ դատախաը, արդեն զայրույթից սեվացած, չէր խոստանում ոչ մի լավ բան։ Տայգա… Եթե չմեռնես սովից ու ցրտից, ապա կարող ես քայլել այնտեղ օրեր ու շաբաթներ եւ չհանդիպել ոչնչի եւ ոչ ոքի…

Ախ, հիմա պառկած լինեինք մեր բարաքում, մեր տախտակների վրա, բարձրաձայն երազեց Չարկովը։

Հիմա մեր բրիգադն արդեն ընթրել է, պատկերացրեց Դիմկան։

Բայց նրնանք լռեցին՝ իրենց ձայներից տագնապած։ Ինչի՞ց էին վախենում կալանավորները… Կարող էին հայտնվել գայլեր… Երկուսն էլ վախենում էին դրանից, բայց չէին համարձակվում ասել միմյանց այդ մասին։ Թվում էր, թե ասելուց հետո վտանգը կդառնար ավելի ռեալ…

Սակայն, երբ դիմացը հանկարծ պլպլաց ինչ֊որ շատ փոքրիկ լուսավոր կետ, Չարկովը սարսափած կանգ առավ եւ արձակեց արյուն սառեցնով մի բացականչություն։

Ի՞նչ տեսար… դողաց Դիմկան։

Գայլի աչք…

Ո՞րտեղ… հեւասպառ շշնջաց հիվանդը։

Նայիր…

Դիմկան նայեց եւ, սարսափի բացականչության փոխարեն, ուրախ ծիծաղը դուրս թռավ նրա կոկորդից․

Փրկված ենք։ Դա ճրագ է։ Դու գայլի աչք չես տեսել կյանքում։ Դա ունի սառը, կապտավուն փայլ։ Իսկ սա ճրագ է։ Հեռու ճրագ։ Գնանք…

Նրանք արագացրին քայլերը՝ այլեւս առանց աչքերը կտրելու ճրագից։ Դատելով կայծի փոքրությունից ու թուլությունից, տնակը գտնվում էր մի քանի կիլոմետրի վրա։ Բայց դա ոչինչ։ Միայն թե չկորցնել աչքից այդ կայծը, չշեղվել մի կողմ…

Կայծը ցածրումն է։ Նշանակում է՝ վայրէջք կա դիմացը։

Խարխափելով ու երերալով, նրանք անցան մի քանի քայլ եւ կտրուկ ետ ցատկեցին՝ չկոխելու համար կայծը…

Չքացավ տաք խրճիթի երազը մի քանի կիլոմետր այն կողմ… Կայծը պատկանում էր մի հանգչող խարույկի՝ նրանց ոտքերի տակ…

Երեւի այդպիսին է մարդու էությունը․ ափսոսալ կորցրած մեծի, բայց եւ ուրախանալ գտած չնչինի համար…

Կալանավորները ծունկ չոքեցին եւ շոշափելով ու իրար վրա հավաքելով շաղ տված ածխակտորները, գերագույն զգուշությամբ բորբոքեցին կենդանի մնացած միակ կայծը…

Երբ փոքրիկ խարույկը հուսալիորեն բորբոքվեց՝ նրանք նայեցին շուրջը։ Մթության մեջ հազիվ գծագրվեց ինչ֊որ բացատ։ Անշուշտ, ցերեկն այդտեղ ծառակտրում էր գնացել։ Իրե՞նց ճամբարի կալանավորների կողմից, թե՞ այլ։ Կալանավորները գնացել էին, ձիերը կրել տարել էին նաեւ գերանները։ Մնացել էր այդ բացատը՝ իր ցածրիկ կոճղերով եւ այդ միակ կայծով…

Հարկավոր էր փայտ որոնել։ Իսկ ո՞րտեղից փայտ։ Շուրջը թափթփված էին միայն փշատերեւ ճյուղեր։ Հավաքեցին, լցրեցին կրակի վրա։ Խարույկը ճարճատեց, բոցն ուժեղացավ։ Ուժեղ բոցի տակ նրանք բացատը տեսան ավելի մեծ շրջանակով, հավաքեցին ավելի շատ փշատերեւ ճյուղեր, սկսեցին նետել խարույկի վրա։ Կրակը, սոված կալանավորի նման, վայրկյանապես լափում էր ճյուղերի հերթական չնչին խուրձը եւ բոցից անմիջականորեն վերածում մոխրի՝ առանց դարձնելու ածխային կրակ

Այնուամենայնիվ կալանավորները բավական տաքացան եւ միայն այդ ժամանակ զգացին իրենց քաղցաթ լինելը։ Բայց հոգնությունն ու թմրությունը հաղթեցրին ստամոքսի պահանջը, լռեցրին այն։

Որոշեցին նստել մնալ խարույկի շուրջը մինչեւ առաոտ եւ առավոտյան որոշել իրենց անելիքը։

Հավաքած ճյուղերը հազիվ թե բավականացնեին մինչեւ առավոտ։ Իսկ շուրջը չկային այլեւս ուրիշ ճյուղեր, նրանք սրբել մաքրել էին ամբողջ բացատը։ Իսկ բացատի շուրջը անտառն էր ճյուղերից ուրկ իր բարձր բներով եւ միայն դրանց անհասանելի բարձրում աճող սաղարթներով… Տապալել դրանք անհնար էր․ Չարկովը կորցրել էր կացինը…

Ի՞նչ արած, հարկավոր է խնամքով գործածել ճյուղերի պաշարը եւ պահել մի մասը՝ առավոտվա կողմի սառնամանիքի համար…

Ես էլ մի քիչ քնեմ, ասաց Չարկովը՝ հարմար տեղավորվելով իր նստաղ կոճղի վրա։ Հենո դու ինձ կարթնացնես՝ ինքդ կքնես…

Եվ իսկույն փակեց աչքերը

Զայրույթը պաշարեց Դիմկային։ Այդ ո՞վ որոշեց, թե առաջին հերթին Չարկովն էր քնելու եւ ոչ թե ինքը… Ուզեց արթնացնել, բայց փոխեց մտադրությունը։ Կրակի վրա ավելացնելով բավականաչափ ճյուղեր, նա վճռեց նույնպես աչք կպցնել։ Երբ խարույկը հանգչելու լինի՝ նա կզգա ցուրտը եւ կարթնանա…

Եվ նույնպես քնեց։

Նրանց նստած մնացած կմախքները հայտնաբերեցին միայն երեք տարի հետո, պատահաբար։ Ո՞վ ինչ գործ ուներ անցնելու այդ բացատով, թեեւ դա գտնվում էր ճամբարից ընդամենը կես կիլոմետրի վրա…

Be the first who will comment on this
Yatuk Music
Samaria
Elen Yolchyan

Samaria

Dark green painting
Dark green painting
Play Online