Mkrtich Armen

Հրդեհ

Չորս օր էր, ինչ վառվում էր անտառը։ Ճամբարում այդ մասին իմացան սայլապան կալանավորներից, որոնք գնացել էին կենտրոնական ճամբար՝ մթերք բերելու։ Այնտեղ նրանք հանդիպել էին ուրիշ ճամբարից եկածների, որոնք էլ հենց պատմել էին այդ մասին։

Անտառը վառվում էր հսկայական տարածության վրա։ Բոլոր կալանավորներին նետել էին՝ կրակը հանգցնելու։ Ոչ ծառակտրում, ոչ ուրիշ աշխատանքներ։

Երկու օր հետո կենտրոնական ճամբարի պետի կարգադրությամբ գործի մեջ էին դրվել նաեւ ուրիշ երկու ճամբարների կալանավորները։ Բայց, ոչինչ չէր օգնում եւ անտառը վառվում էր ահա չորս օր։

Չորրորդ երեկոյան քնելուց առաջ, բուժակը կալանավորներին տվեց ինչ֊որ հաբեր՝ կուլ տալու համար։ Նրա ասելով՝ դրանք պիտի օգնեին շնչահեղձ չլինելու՝ եթե գիշերով ծուխը շուռ գար դեպի այդ ճամբարը։ Կրակն առաջանում էր այդ ուղղությամբ…

Առավոտյան բրիգադներից երկուսն ուղարկեցին՝ օգնելու հրդեհը հանգցնողներին։ Նշանակում է՝ կրակը մոտենում էր…

Երեկոյան բրիգադները վերադարձան սապսափելի վիճակում։ Ոչ այնքան տուժել էին կալանավորներն իրենք, որքան որ նրանց հագուստները։ Թեեւ արդեն ուշ գարուն էր, բայց պահեստում ուրիշ հագուստներ չլինելու պատճառով մարդիկ դեռ շրջում էին ձմեռային բամբակած շալվարներով ու բաճկոններով, մինչեւ անգամ բուշլատներով Գլխարկները եւ գուլպաները նույնպես բամբակած էին։ Եվ բոլոր հագուստների երեսն ու աստառը նույնպես բամբակյա կտորից էին։ Աշխատում ես, ասենք թե, կրակից հեռու, ծառ ես կտրում, եւ քեզ զգում ես ապահով։ Բայց օդի միջով հանկարծ գալիս է խարույկից թռած մի վառվող փշատերեւ, կարճլիկ ասեղի չափ մի կայծ, եւ աննկատելի նստում է վրադ։ Նստում է՝ ինչպես կայծքարից հանած կայծը՝ խավաթելի վրա։ Կայծի չնչին կետն իսկույն դառնում է կրակի մի շատ փոքրիկ օղակ, որը լայնանում է ու լայնանում, իհարկե, խորանալով նաեւ դեպի բամբակի խորքը։

Սկզբում դու չես զգում ոչինչ։ Ապա, եթե դա ձմռանն է կամ գարնան ցուրտ օրերին, մեջքիդ կամ գլխիդ, ուսիդ կամ ծնկիդ վրա զգում ես մի շատ հաճելի տաքություն, կարծես արեւն է թափանցում քո հաստ, բայց ոչ տաք հագուստներից ներս։

Եվ հանկարծ, շիկացրած հինգկոպեկանոցի չափ ինչ֊որ անտանելի տաքություն այրում է մարմինդ։ Դու սարսափած հանում ես բուշլատդ կամ գլխարկդ եւ տեսնում․ խոշոր անցք, իսկ շուրթերը՝ մխացող կրակ։ Ձյունով, ջրով կամ թքով հանգցնում ես կրակը, ափսոսանքով նայում ես ցուրտը ներս թողնող այդ մեծ օդանցքին եւ հագնում հագուստդ։

Երկու րոպե հետո դու նորից հապճեպ վար ես շպրտում այն։ Բանից դուրս է գալիս, որ լավ չես հանգցրել, մնացել է աննկատելի մի կայծ, որն այժմ բացել է երկրորդ անցքը՝ առաջինի կողքին…

Բրիգադները հրդեհի վայրից վերադարձան այդպիսի բազմաթիվ անցքերով՝ իրենց հագուստների զանազան մասերի վրա։ Չգիտես՝ լա՞ս, թե ծիծաղես։

Կալանավորները զայրացած էին եւ հայհոյում էին կրակը։ Ոչ թե այն կրակը, որն այրել էր նրանց հագուստները, այլ այն, որ մոխրացնում էր անտառը։

Տեսնես ո՛ր բացբերանն է վատ հանգցրել խարույկը, դրանից է սկսվել հրդեհը։

Ձեռքս որ ընկներ՝ կխորովեի էդ կրակի վրա եւ կուտեի։

Լացդ գալիս է։ Մի տեսնեիք, տղերք, թե ինչքան անտառ է փչացրել։

Իսկ մեզ համար՝ այսքան չարչարանք…

Բայց բոլորը հարձակվեցին վերջին խոսքն ասողի վրա։

Հիմար, անտառն է ափսոս, թե չէ չարչարանքն ի՞նչ։ Քեզ համար մեկ չէ՞, թե որտեղ պիտի չարչարվես ամբողջ ժամկետդ։

Ասում են՝ անտառն ինքնաթիռներից են հանգցնում, ասաց ինտելիգենտ դեմքով մի երիտասարդ։

Իսկ դու հավատա, իշուկ։ Ահա ինքնաթիռները…

Եվ ցույց տվեց կոշտուկներով ու ծառի խեժով ծածկված իր ձեռքերը։

Ուրիշ աշխատանքի գնացող կալանավորներն իմացան նրանցից, թե ինչպես էին հանգցնում հրդեհը։ Կրակից բավական հեռավորության վրա, լայն շերտով, տապալում էին ծառերը՝ անջատելու համար անտառի մասերն իրարից։ Գետնի վրա կացնով կտրատում եւ հաստ վերմակների նման հավաքում֊փաթաթում էին խոտի ու ճիմի շերտը՝ արմատներով միասին, որպեսզի կրակը չտարածվեր գետնի երեսով։

Իսկ կրակը տարածվում էր երկնքով։ Նայում էիր վերեւ եւ տեսնում, թե ինչպես հազարավոր եւ հազարավոր մոծակների նման, անտառի հրդեհվող մասից, քո բաց արած արձակ տարածության լայն շերտի վրայով, դեպի կանգուն անտառն էին թռչում այրված կամ դեռ այրվող փշատերեւները։ Եվ մեկ էլ, հանկարծ, կանգուն անտառի բարձրում, լսվում էր ճարճատոց, եւ սաղարթների մեջ տարածվում էր բոցը՝ իրոք որ կայծակի արագությամբ… Ուրեմն, թո՛ղ այն բնագիծը, վազ տուր մոտեցող կրակից մի քանի հարյուր մետր այն կողմ եւ նորից սկսիր ծառեր տապալել եւ ճիմը փաթաթել֊հավաքել…

Իսկ երբ ծխի մի վիթխարի հորձանք փչում էր բրիգադի վրա, կալանավորները, խեղդվելով, հազալով ու արտասվելով, փախչում էին հեռու, եւ պահակները հազիվ էին հասնում նրանց ետեւից ու խնդրում, աղերսում՝ կանգ առնել, հնարավորություն տալ՝ նրանց հաշվելու…

Ուրեմն էդտեղ է՞լ էին հաշվում հիմարները։

Բա ի՞նչպես։ Կպակասի մեկնումեկը, դե եկ որոշիր՝ կրակի մե՞ջ է մնացել, թե՞ իր գործը հանձնել է կանաչ դատախազին…

«Կանաչ դատախազը», ինչպես հայտնի է, անտառն էր, եւ նա ավելի պակաս դաժան չէր, քան ուրիշ գույնի դատախազները։ Բայց, չնայած դրան, կալանավորները երբմն֊երբեմն իրենց գործը հանձնում էին «կանաչ դատախազին», այսինքն՝ փախուստ կատարում։

Թեեւ գիշերները դեռ սպիտակ չէին, բայց որոշվեց ընթրիքից հետո եւս բրիգադներ ուղարկել հրդեհի վայրը։ Իսկ ո՞ւմ ուղարկել՝ երբ ցերեկը բոլորն էին աշխատել։ Պարզ է, ծառահատումից վերադարձածներին։ Բայց վերջիններս բարձրացրին աղմուկ֊աղաղակ․ իսկ ե՞րբ քնեն։

Վաղը, մյուս օրը, բղավեցին հրդեհից վերադարձածները։ Ուրմեն ի՞նչ, մենք ամբողջ օրը չարչարվենք, հրդեհը հանգցնենք, որ նա գիշերը նորից բռնկվի եւ մեր աշխատանքը կորչի՞։ Գնացեք, իժեր, թե չէ մենք ինքներս ձեզ դուրս կշպրտենք զոնայից…

Դուք ոչ մի հրդեհ էլ չեք հանգցրել, դիմադարձում էին մյուսները։ Այ, հոտը գալիս է, շուտով կհասնի մեզ։

Բայց մի՞թե վեճով է որոշվում աշխատանքի գնալ֊չգնալու հարցը ճամբարում… Պետն ասաց՝ բրիգա՛դ, աշխատանքի, նշանակում է՝ բրիգա՛դ, աշխատանքի…

Գիշերային բրիգադները դեռ դուրս չէին եկել ճամբարի զոնայից, երբ կատարվեց մի անհավատալի բան։ Հրդեհից վերադարձածների երկու բրիգադիրները, երկուսն էլ գող֊ավազակներ, մտան բարաք եւ կարգադրեցին․

Բոլո՞րդ եք ընթրել։ Ապա, տղերք, վեր կացեք, շո՛ւտ, գնում ենք հրդեհը հանգցնելու…

Միայն մի քանի հոգի փորձեցին բողոքել, բայց բռունցքի մի քանի հարվածները փակեցին նրանց բերանը։

Ոչ, այդ լրացուցիչ աշխատանքի համար երկրորդ «պայոք» չէր հասնում նրանց։ Եվ ոչ էլ ճամբարներում «կարմիր տախտակ»֊ներ կային, որ նրանց անունները գրվեին այնտեղ։ Պարզապես ափսոս էր անտառը, պետք էր փրկել ամեն գնով, նույնիսկ զոհելով ամենաթանկագին բանը կալանավորի համար՝ քունը…

Եվ, բոլորը միասին, քաղաքականներ, քրեական թեթեւ հոդվածներ ունեցողներ, որոնց անվանում էին շատ մեղմ, համարյա քնքուշ բառով՝ «կենցաղայիններ», իսկական քրեականներ՝ բոլորը վեր կացան եւ բռնեցին հրդեհի ճանապարհը։

Իհարկե, կային եւ այնպիսիք, որոնց համար մեկ էր՝ անտա՞ռն էր վառվում, թե ամբողջ աշխարհը։ Բայց դրանք հատուկենտ էին եւ քշվեցին֊գնացին ընդհանուր հոսանքի հետ։

Ամբողջ գիշեր, մոտակա հրդեհի ցոլքերի տակ, աշխատեցին նրանք՝ բաց անելու համար անտառի երկու մասերի միջեւ մի շատ լայն արանք, որը չկարողանար չեմքել հրդեհը։

Նրանք համարյա ավարտել էին աշխատանքը, երբ առավոտյան կողմ կենտրոնական ճամբարից եկան մարդիկ եւ կարգադրեցին՝ թողնե՛լ ախատանքը, վերադառնալ ճամբար։ Կրակը կհասնի մինչեւ այդ ճամբարի լայն բացատի եզերքը եւ կհանգչի, այս անգամ՝ անպայման։

Բարձրացավ կատաղի աղմուկի եւ հայհոյանքի մի այնպիսի հորձանք, որ պահակները, չխկչխկացնելով փակաղակները եւ փամփուշտներ հրելով հրացանափողերի մեջ, վազ տվեցին պաշտպանելու կենտրոնական ճամբարից եկածներին։

Ստորնե՛ր, անտառը ձեզ ափսոս չէ, բղավում էին չորս կողմից։

Անտառը նրանց ի՞նչ, երբ չեն ափսոսում մարդկանց։

Ամբողջ գիշերն աշխատեցինք, իսկ հիմա դուրս եկավ, որ իզո՞ւր։

Ստիպեին էդ գարշելիներին՝ տնկել էդքան անտառ։

Իժե՛ր…

Սրիկանե՛ր…

Թողեք գոնե վերջացնենք աշխատանքը, գուցե հրդեհն էստեղ է կանգ առնում։

Ինժեներն ասել է, որ անհնար է։

Տվեք դրանց ինժեներին մեր ձեռքը։

Լռեցեք, տղաներ, շարունակում ենք աշխատանքը։

Բայց աշխատանքը չշարունակվեց։ Մի՞թե որեւէ դեր խաղում է կալանավոր կամքը։ Ասացին՝ բրիգադ, վերադաձրի՛ր, նշանակում է՝ բրիգադ, վերադարձի՛ր… Հայհոյե՞լ ես ուզում, գոռգոռա՞լ՝ ճանապարհը երկար է, հայհոյիր ու գոռգոռա՝ ինչքան քեֆդ է ուզում…

Այդպես էլ արեցին։

Նրանք դեռ ճանապարհին էին, երբ լույսը բացվեց։ Իսկ երբ լույսը բացվեց՝ բարկությունը տեղի տվեց անզուսպ ծիծաղի բռնկումների։ Կալանավորները նայեցին իրար եւ սկսեցին հռհռալ, քրքջալ, խրխնջալ։

Ի՜նչ տեսք էր նրանց տեսքը… Որ նրանք կեղտոտ էին, ցեխոտ, մրոտ՝ դա դեռ ոչինչ։ Բայց հագուստնե՜րը, հագուստնե՜րը…

Մարդիկ կային, որ քայլում էին՝ վրաները տասից ավելի հասկայական ծակեր։ Դրանց միջից երեւում էր նրանց մերկ մարմինը։ Կային եւ այնպիսիք, որոնց հագուստի վրա բացվել էր միայն մի անցք, բայց ինչպիսի՜… Մեկը, օրինակ, քայլում էր՝ բամբակե գլխարկն ամենայն խնամքով կզակի տակ կապած, բայց գագաթը մերկ։ Դե եկ ու մի ծիծաղիր։ Իսկ մի ուրիշը, միանգամայն անվթար հագուստով, բայց երկու ուսերի վրա երկու խոշոր անցքերով, կարծես ցարական բանակի գեներալ էր՝ իր փառահեղ ուսադիրներով…

Նկատելով մի նոր հետաքրքիր ծակ, կալանավորները ձայն էին տալիս իրար եւ վազում տեսնելու։ Այլեւս չկար բրիգադների ոչ մի կարգ, ոչ մի շարք։ Պահակներն սկզբում փորձեցին արգելել խառնիփնթորությունը, նորից փամփուշտներ հրեցին հրացանների մեջ, բայց պահակապետը թափ տվեց ձեռքը։ Թող զվարճանան։ Միայն թե բոլորը լինեն ձեր օղակումից ներս…

Շատ չանցած, ծիծաղը վարակեց նաեւ պահակներին։ Գտնվեց ամենահետաքրքիր տուժածը։ Դա մի խեղճ կալանավոր էր՝ նույնպիսի անվթար հագուստներով։ Միակ անցքը, աթոռի նստելատեղի չափ, բացվել էր նրա շալվարի հետույքի վրա։ Մարդը քայլում էր անրդրվելի անտարբերությամբ։ Նայում էիր առջեւից՝ ճիշտ է, այդպես էլ պետք ։ Իսկ ետեւից էիր նայում՝ ուզում էիր թավալվել գետնի վրա։ Պահակները նույնպես, հերթով լքում էին իրենց տեղը, վազում֊նայում էին եւ ծիծաղից ու շտապելուց լխկլխկալով, վերադառնում։ Պահակապետին երկար ժամանակ հաջողվում էր լուրջ մնալ, բայց վերջում նա այլեւս չկարողացավ։ Հանկարծ նստեց ճանապարհի եզրին։ Վախեցած մոտ վազեցին երկու պահակներ․

Ի՞նչ պատահեց, ընկեր պետ…

Բայց պետն անկարող էր պատասխանել։ Նա ծիծաղում էր։

Այդպես, զվացթ տրամադրությամբ, նրանք մոտեցան ճամբարին, շրջանցեցին պարիսպը, որովհետեւ դարպասը հակառակ կողմոմն էր։ Նոր միայն զգացին, որ սարսափելի հոգնած են, սոված եւ ուզում են քնել։ Իսկ դարպասի մոտ՝ սովորական արարողությունը․ կանգնիր, որ հաշվեն քեզ։ Ոչ, ոչ թե սովորական արարողությունը, այլ այսօր մի քիչ էլ ավելի․ նախ հարկավոր է ջոկվել բրիգադ առ բրիգադ…

Արդեն լրիվ լույս էր։ Ճամբարի շուրջը փռված մեծ բացատը կարծես կալանավորի հագուստի վրա կրակից բացված ծակ լիներ, իսկ անտառը դրա շուրջը՝ մխացող կանաչ բամբակ…

Եվ հանկարծ, այդ կանաչ բամբակի վրա, այն կողմում, որտեղից քիչ առաջ դուրս ելան կալանավորները, սաղարթների մեջ լսվեց ճարճատյուն, եւ փայլատակեց կրակը…

Հրդեհը… բղավեցին բոլորը։ Գալիս է հրդեհը…

Մոռացան ե՛ւ հաշվելը, ե՛ւ ներս թողնելը։ Վերջապես։ Վերջապես հրդեհը հասավ նրանց բացատին ու հանգչելու է դրա եզրին։

Կարելի էր ապշել, թե ինչպիսի արագությամբ տարածվեց կրակն անտառով։

Բացատը կլոր էր, բայց երկու կողմերում ուներ շատ լայն ու երկարավուն շարունակություններ, որոնք գնում֊միանում էին հատող այլ երկարավուն բացատների հետ։ Կարճ ասած, անտառն այդտեղ կղզիացած էր բոլոր կողմերից, կրակը չէր կարող տարածվել ոչ աջ, ոչ ձախ, եւ ոչ էլ, մանավանդ, ճամբարի վրայով նետվել առաջ…

Կալանավորները, որ ահա քանի օր էր, ինչ պայքարել էին հրդեհի դեմ, առաջին անգամն էին տեսնում այն։ Նրանք միշտ աշխատել էին դրա կողքին, դրա հարեւանությամբ, բայց մերձեցման վտանգի առաջին իսկ պահին թողել էին եւ նորից հեռացել։

Իսկ այժմ, բացատում ապահով կանգնած, նրանք, թե ցավով՝ անտառի կորստյան համար, թե հիացմունքով՝ այդ կորստյան փառահեղ տեսարանից, կանգնել եւ նայում էին։ Քիչ առաջվա զվարթությունից չէր մնացել ոչ մի հետք։ Նրանք նայում էին ցավով եւ հիացմունքով։ Բայց ոչ միայն այդքանը։ Նաեւ տագնապով։ Թեեւ չկար նրանց սպառնացող վտանգ, բայց տագնապը՝ հրդեհի տեսքից, դեռ նախամարդու էության մեջ մխրճված եւ բնազդի վերածված, այժմ արթնացել եւ տիրապետել էր նրանց։

Երկնքի կապույտ ֆոտը վերածվեց մանր անցքեր ունեցող մաղի։ Անթիվ֊անհաշիվ փշատերեւները նուրբ ցանցով շղարշեցին կապույտը եւ սկսեցին սեւ անձրեւի նման թափվել ներքեւ, մինչեւ իսկ՝ «զոնայի» այս կողմում կանգնած կալանավորների վրա։

Պարիսպը… լսվեց հանկարծ մի ուժեղ կանչ։ Պարիսպը վառվում է…

Միայն մի վայրկյան կալանավորները բարձրացան ոտների թաթերի վրա, երկարեցրին վզերը, նայեցին։ Ապա, երկու կողմից շրջանցելով պարիսպը, վազ տվեցին դեպի դարպասի հակառակ կողմը։

Կացե՛ք, կկրակեմ, բղավեց մի պահակ։

Լռի՛ր, հիմա՛ր, սաստեց պահակապետը։ Պարիսպը վառվում է, գնում են հանգցնելու…

Հասնելով տեղ, կալանավորները տեսան, թե ինչպես բռնկվել էին բարաքները շրջապատած գերանե պատնեշի ծայրերը եւ վառվում էին իրար կողքի խիտ շարված մոմերի պես։

Պարիսպը վառվում է, թնդաց ուրախության աղաղակը։

Կալանվորներն սկսեցին շնորհավորել իրար, գրկախառնվել, խփել միմյանց ուսերի, հուզված ժպտալ իրար․

Վառվում է… պարիսպը վառվում է…

Ապա, հանգնել, շո՛ւտ, հրամայեց պահակապետը, տեղ հասնելով։ Սա՞ ինչ խրախճանք է։

Հիմարներ չկան։

Փորձիր հանգցնել։

Եվ իրոք։ Պարիսպը մարդկանցից անջատված էր փշալարերի լայն մացառուտով։ Նույնն էր նաեւ ներսի կողմից։ Այն փշալարերը, որոնք ամբողջ ժամանակ պաշտպանել էին պարիսպը կալանավորների ենթադրյալ հարձակումներից, այժմ դարձել էին նույն պարիսպի խորտակման պատճառը։ Ոչ ոք չէր կարող անցենլ դրանց վրայով եւ փրկել պարիսպը։ Եվ ոչ ոքի մտքովն էլ, ճիշտն ասած, չէր անցնում՝ անել այդպիսի բան։ Փշալարերը, որքան որ պատճառ էին, նույնքան էլ՝ պատրված…

Պարիսպը վառվում է…

Պարիսպի անկյունում կանգնած էր հսկող պահակի բարձր աշտարակը։ Ոչ ոք մինչեւ այդ ուշադրություն չէր դարձրել դրա վրա։ Եվ հանկարծ դրա բարձրում սկսեց դեսուդեն վազվզել պահակը՝ ինչպես թակարդն ընկած մուկ։

Պահակապետը վազեց այն կողմ։

Վառվում էր աշխարակի սանդուղքը։ Պահակը չէր կարող իջնել վար…

Ցատկի՛ր, բղավեց պահակապետը։

Կալանավորների հորձանքը, այլեւս ոչ ոքի չենթարկվող, սլացավ նույնպես այդ կողմ։

Ցատկի՛ր, նորից գոռաց պահակապետը։ Նախ նետիր հրացանդ, ապա ցատկիր…

Պահակը նետեց հրացանը։ Պետը, որ ուզում էր բռնել այն, վրիպեց։ Բռնեց մի բանդիտ, տվեց նրան։

Ցատկի՛ր, երրորդ անգամ հրամայեց պահակապետը։ Բայց փորձիր ցատկել այդպիսի բարձրությունից։ Պահակը շեմքեց անցավ աշտարակի հարթակի տախտակե պատվացից դուրս, փորձեց վար սողալ դրա գերանե չորս ոտքերից մեկով։

Բազմաթիվ կալանավորներ մոտ վազեցին, բարձրացրին ձեռքերը․

Մի վախենա, կբոռնենք քեզ…

Պահակը հաջողությամբ սողաց վար՝ մինչեւ գերանի կեսը, եւ ապա ցատկեց գետին։

Դեռ նոր էր նա հեռու վազել կաղեկա, երբ կրակը, լիզելով սանդուղքը, բարձրացավ աշտարակի ծայրը եւ բռնկեց դրա հարթակն իր տախտակե պատվարով։ Վառվեց առաստաղից կախված զանգի պարանը, զանգը զնգոցով ընկավ հատակին։

Բարձրացավ միահամուռ ծիծաղ։

Ապո՛ւշ, հիմա է տագնամ հայտարարում։

Սպասեցեք, սպասեցեք, հիմա հարթակը կվառվի, կծակվի, զանգը կընկնի գետին։

Կհալչի տաքությունից, կթափվի։

Կճաքճքվի, կտոր֊կտոր կլինի։

Տղանե՛ր, լսվեցին հանկարծ մի քանի կողմերից, բարաքներն են վառվում…

Բարաքներն են վառվում, բռնկվեց խնդության նոր փոթորիկը։

Բարաքներն են վառվում…

Բաղլինջներն են ոչնչանում…

Պահակապետը, որ աննպատակ վազվզում էր դեսուդեն, տեսավ դարպասի կողմից դեպի իրեն եկող ճամբարի պետին եւ վազեց ընդառաջ։

Բարաքներն են վառվում, ասաց ճամբարի պետը՝ հեւալով։ Բեր բոլորին դեպի դարպաս։ Պետք է փրկել՝ ինչ որ հնարավոր է…

Կալանավորներ, այս կողմ, ձեռքով արեց պահակապետը՝ ինքն շտապելով ամենից առաջ վազ տալ դեպի դարպաս։

Ոչ ոք չշարժվեց տեղից։

Կալանավորներ, ձեզ հետ եմ, բղավեց նա՝ կանգ առնելով։ Այս կողմ։ Հարկավոր է փրկել ճամբարը։

Իսկ ինչո՞ւ փրկել… հարցրեց մի քաղաքական կալանավոր։

Ինչպե՞ս թե ինչու։ Բաց երկնքի տակ կմնաք, հիմարներ։

Բաց երկնքի տակ բաղլինջներ չկան, բացատրեց երկրորդը։

Հիմարություններ դուրս չտալ, սաստեց պահակապետը։ Ապա, մա՛րշ։ Պետք է փրկել ինչ որ հնարավոր է։

Իսկ ի՞նչ կա, որ ինչ փրկենք, քաղաքացի պահակապետ, հարցրեց մի խաղաղ կալանավոր՝ մոտենալով նրան։ Ինքներդ ասացեք՝ ի՞նչը փրկենք…

Նախքան պատասխանելը՝ պահակապետը հիշեց․ բարաքներում ոչինչ չկար․ ոչ անկողիններ, ոչ նստարաններ, ոչ սեղաններ, ոչ որեւէ ուրիշ առարկա։ Միայն հատակից առաստաղ գամված քառակողմ գերաններ, դրանց վրա երկու բարձրությամբ խաչաձեւ մեխած ուրիշ թեւ֊գերանակներ եւ վերջիններիս վրա ամրացված տախտակներ՝ երկհարկանի քնելատեղեր։ Հա, նաեւ թեւ֊գերանակների տակ շեղակի դրված տակդիրներ՝ ամրության համար, երկրորդ տախտակների վրա բարձրանալու համար ներքեւի կողմի գերանին խփած ոտքի տակտիրը, իսկ երկու քնելատեղերի միջեւ՝ ցածրիկ պատվարներ, որպեսզի մեկը չգրավեր մյուսի տեղի մի մասը…

Բարաքները փրկեցեք, ասաց պահակապետը։

Գետնի տակն անցնեն բարաքները, ձեռքը թափ տվեց խաղաղ կալանավորը։

Մի կողմ հրելով նրան, պահակապետը բղավեց դեպի մյուսները․

Փրկեցեք բարաքները, թե չէ վաղվանից ստիպված պիտի լինեք կառուցել նորերը։

Դե ինչ, կկառուցենք։ Միեւնույնը չէ՞ թե որտեղ աշխատենք։

Տղաներ, խոստանում եմ «մեծ պայոք»։ Ապա՞…

Բայց ոչ ոքի չհրապուրեց ոչ «տղաներ» դիմումը՝ փոխանակ «կալանավորների», եւ ոչ էլ «մեծ պայոքը»։

Արտաքնոցն է վառվում, ծիծաղելով բացականչեց մեկը։

Եվ բոլորը թողեցին պահակապետին ու վազ տվեցին այն կողմ՝ զվարճանալով, որ արտաքնոցը կարող է վառվել։

Երբ պետերի եւ պահակների համար պարզ դարձավ, որ այլեւս չի կարելի փրկել ոչինչ, նրանք դադարեցին դեսուդեն վազվզելուց եւ կանգ առնելով՝ ինչպես կալանավորները, նույնպես սկսեցին նայել հրդեհին։ Պահակապետը հիշեց, որ հենց սկզբից էլ անհնար էր որեւէ բան անել, քանի որ մոտակայքում ջուր չկար։ Ջուրը կալանավորների համար բերում էին անտառի գետակից, կես կիլոմետր այդտեղից հեռու…

Երբ քիչ հեռվում կանգնածները բղավեցին՝ «հաց կտրելու տեէն է վառվում», եւ բոլորը նետվեցին այդ կողմ, ոչ ոքի ափսոսը չէր՝ ոչ հաց կտրելու տեղը, ոչ ցեխի պես թաց ու սեւ հացը։ Եվ ոչ էլ, իհարկե, այն փայտե ձողիկները, որոնցով հացի «պայոքի» փոքր կտորներն են ամրացնում մեծ կտորի վրա, որպեսզի կշռելուց հետո արկղում դարսելիս դրանք չխառնվեն իրար։

Վառվեց խոհանոցը, բայց դարձյալ չափսոսացին ոչ երեսուն դույլ ջուրը եւ ոչ էլ տասը կիլո կարտոֆիլը։

Կիսայրված պարիսպը վար ընկավ շառաչով՝ տեղ֊տեղ դեպի դուրս եւ տեղ֊տեղ դեպի ներս՝ իր տակ տապալելով փշալարերի մացառուտը։ Կալանավորների աչքի առջեւ բացվեց վառվող ճամբարի ամբողջ փառահեղ տեսարանը։

Ոչ ոք չէր մտածում ո՛չ ուտելիքի, ո՛չ հանգստի, ո՛չ քնելու մասին։ Խնդությունը համակել էր նրանց ամբողջ էությունը։ նայում էին լուռ, գոհ, ոխակալ, իսկ այստեղ֊այնտեղ լսվում էին խոսակցություններ․

Խնդրենք կենտրոնին, որ թույլ տա կառուցել ոչ թե նոր բարաքներ այլ տներ՝ ամեն մեկիս համար…

Էլի թող լինի պարիսպից ներս, պահակների հսկողության տակ…

Թող կնանիք բերել տան մյուս ճամբարներից, ամուսնանանք, ապրենք ամեն մեկս իր տան մեջ…

Կամ բերել տան մեր կանանց ու երեխաներին…

Էլի թող գնանք ծառ կտրելու՝ պահակների հսկողության տակ։

Մենք շուտ կկառուցենք։ Մի ամբողջ գյուղ։ Ի՞նչ եք կարծում, թույլ կտա՞ն։ Կկազմենք կոլեկտիվ տնտեսություն կամ դրա նման մի բան։ Չէ՞ որ հիմա էլ ենք բրիգադներով աշխատում…

Է՜, եղբայր, մի խոսքով ասա, որ ազատություն ես ուզում՝ ժամանակից շուտ։

Ոչ թե ազատություն, այլ գոնե ազատ աքսոր։

Ավելորդ եք խոսում։ Էլի կառուցել կտան էսպիսի ճամբար…

Բոլորը հարձակվեցին վերջին խոսքն ասողի վրա, հայհոյեցին չորս կողմից։ Ինչ է, մի՞թե կալանավորին չի կարելի ազատ լինել գոնե իր երազանքների մեջ…

Այդ պահին լսվեց ամենախելոք ձայնը եւ բոլորը համաձայնվեցին նրա հետ․

Առայժմ թող մոխրանա այս նզովյալը, հետո կերեւա, թե ինչ կլինի…

Be the first who will comment on this
Yatuk Music
Expromt
Arno Babajanyan

Expromt

Beyond the curtain
Beyond the curtain
Play Online