Mkrtich Armen

Երգ֊անցագիր

Ոչ ոք չէր կարող ասել ստույգ կերպով՝ պատահե՞լ էր այդ դեպքը, թե ոչ։ Թեեւ բոլորը պնդում էին, որ դա զուտ իրականություն էր, բայց բոլորն էլ ասում էին, որ դա կատարվել էր հարեւան ճամբարներից մեկում։ Հարեւան ճամբարներում եւս, դա վերագրում էին հարեւան ճամբարներից մեկին…

Ինչ էլ որ լինի, ինչ֊որ ճամբարում նստած էր եղել մի նշանավոր երգիչ, ոչ այն է՝ Մոսկվայի Մեծ թատրոնից, ոչ այն է՝ Կիեւից, Երեւանից, Վիլնյուսից… Ձերբակալության օրից այս կողմ նա ոչ միայն չէր երգել ոչ մի անգամ, այլեւ միշտ նյարդայնացել էր, երբ ոմանք ճանաչել էին նրան։ Նա ծառ էր կտրել իր համար, կտրել էր մի տարի, երկու, երեք, չորս, հինգ, եւ վերջապես ձանձրացել էր այդ գործից։ Այո, ուժասպառվել էր, բայց դրանից ավելի շատ՝ ձանձրացել։ Միշտ նույնը, միշտ նույնը, ամեն օր, ամեն օր…

Եվ ահա, մի անգամ, այն հազվադեպ կիրակի օրերից մեկում, երբ կալանավորներն ազատ էին եղել աշխատանքից, նա, ցերեկը, իր տախտակի վրա պառկած, նայել էր առաստաղին, մտածել, մտածլ, ու հանկարծ բոլորին անսպասելի կերպով, վար էր ցատկել հատակին ու բարաքի մեջտեղում կանգնած, երգել…

Կալանավորները նույնպես վար էին ցատկել իրենց տախտակներից, հավաքվել նրա շուրջը, ակնապիշ լսել։

Երգիչը, շարունակելով երգը, դուրս էր եկել բարաքից, մոտեցել դարպասի մոտի անցատնակին եւ երգելով, համարձակ դուրս եկել ճամբարից։

Ոչ ոք չէր արգելել նրան՝ ո՛չ անցատնակի պահակները, ո՛չ աշտարակների վրայի պահակները։ Երգը դարձել էր նրա անցագիրը, որի առաջ բացվել էին ճամբարի դռները…

Երգիչն անցել էր ազատ աշխատողների տնակների մոտով՝ շարունակ երգելով, երգելով… Տնակներից դուրս էին թափվել ճամբարի պետը, պահակապետը, պահակները, նրանց կանայք, մինչեւ իսկ շնապահն իր շան հետ։ Իսկ երգիչը երգել էր շարունակ, երգել էր՝ թեւերը լայն տարածած, գլուխը բարձր պահած, դեմքը հուզմունքից ու ոգեւորությունից կարմրած…

Եվ ետ֊ետ էին գնացել ճանապարհի եզրից ճամբարի պետը, պահակապետը, պահակներն ու նրանց կանայք, որպեսզի չխանգարեն նրան քայլելու, անցնելու։ Շնապահը կարկամել էր եւ մնացել։ Շունը, մինչեւ իսկ նա, պառկել էր փորի վրա, թաթերն առաջ մեկնել ու գլուխը հպել դրանց, այսինքն՝ անցիր, գնա քո երգ֊անցագրով, ես անզոր եմ դրա հանդեպ…

Ամենավերջին տնակում ապրելիս էր եղել ամենաչար պահակը, ինքն էլ՝ խուլ։ Պահակելիս լիներ նա, թե կնոջ հետ տեղ գնալիս, փայտ ջարդելիս լիներ, թե ճաշ ուտելիս, հենց որ տեսնում էր միայնակկ քայլող կալանավորի, վազում կտրում էր նրա առաջը եւ հրամայում էր կանգ առնել։ Ստուգում էր նրա անցագիրը։ Վա՛յ նրան, ով անցագիր չունենար։ Նշանակում է՝ նա պատրաստվում էր փախուստի։ Ինչ էլ որ բացատրելու լինեին նրան կալանավորները, նա ուշադրություն չէր դարձնի, չէ՞ որ խուլ էր, եւ քարշ կտար նրան ճամբարի պետի կամ պահակապետի մոտ։ Միշտ էլ դուրս կգար, որ նա անիրավացի էր բռնել կալանավորին։ Պետերը կբարկանային նրա վրա, կասեին, որ նրա գործը չէ՝ պահակությունից ազատ ժամերին բռնել մարդկանց եւ իզուր կարշ տալ ետ, երբ նրանք տեղ են գնում պետերի իսկ հանձնարարությամբ։ Բայց խուլ սրիկան համառորեն շարունակում էր իր կամավոր ծառայությունը մատուցել ճամբարների կարգ ու կանոնին…

Եվ ահա, երգիչն անցել էր այդ խուլ սրիկայի մոտով, բայց նույնիսկ այդ խուլ սրիկան լսել էր նրա երգը… Լսել էր նրա լայն տարածած թեւերի, բարձր պահած գլխի, հուզմունքից ու ոգեւորությունից կարմրած դեմքի մեջ, լսել եւ քարացել էր իր տեղում։ Եվ թույլ էր տվել, որ իր երգ֊անցագիրն աշխարհին պարզած, երգիչն ազատ֊անարգել անցներ իր մոտով…

Քայլել էր երգիչն անտառի ճանապարհով դեպի ազատություն եւ այլեւս ոչ ոք չէր հանդիպել նրան այդ կիրակի օրով։ Եվ հանկարծ դիմացից երեւացել էր մի երիտասարդ, համարյա պատանի՝ հրացանն ուսից կախ։ Նա եկել էր աշխարհից՝ աշխատելու համար ճամբարներում որպես պահակ։ Նրան տվել էին փամփուշտներով լի հրացան, բայց տվել էին նաեւ ավելի սարսափելի զենք՝ ատելություն դեպի մարդիկ, թերահավատություն դեպի բոլորն ու ամեն ինչ, կասկածամտություն դեպի հարազատ ծնողներին անգամ։

Դեռ փսլնքոտ պատանի, նա գալիս էր ոչ թե դատարկ ու թեթեւ, այլ իր ուսերի վրա ունենալով մատուցածծ ծառայությունների մի պատկառելի բեռ։ Նա քննչական մարմինների ձեռքն էր հանձնել իր հարազատ եղբորը, հրաժարվել էր իր հարազատ հորից, լքել էր իր հարազատ մորը՝ միայն այն պատճառով, որ նա այդքան տարի իր կողքին հանդուրժել էր այդպիսի ամուսնու…

Այդ արարքներով նա իր գլխի շուրջն ստեղծել էր հարգանքի, ավելի շուտ՝ սարսափի դափնեպսակ…

Զգոն պատանին տեսավ դիմացից եկող երգչին եւ վար առավ հրացանը։

Կանգնիր… Ցույց տուր անցագիրդ…

Բայց երգիչն ուշադրություն չդարձրեց նրա վրա։ Նրա անցագիրը նրա երգն էր եւ հարկ չկար ցույց տալու, քանի որ այն կարող էր լսել նույնիսկ խուլ մարդը…

Կանգնիր՝ ասում եմ քեզ, թե չէ՝ կկրակեմ…

Երգիչը չէր հավատացել այդպիսի բանի։ Նա գիտեր, որ երգը՝ հոգեբուխ, արտաբերված բարձր արվեստով, ընդունակ էր նվաճելու գազաններին անգամ։ Նա շարունակել էր երգել եւ առաջանալ, երգել եւ առաջանալ՝ աչքերը հառած հրացանի փողին, որի փոքրիկ, սարսափելի անցքը ուղղված էր եղել դեպի ննրա բերանը, որտեղից դեպի աշխարհն էր թռչում սքանչելի երգը…

Եվ պատանին կրակել էր… Ուղիղ բերանի մեջ։ Երեւի ետ հրելու համար երգն իր տեղը։ Բայց գնդակը մխրճվել էր երգչի մեջ, իսկ երգն արհամարհանքով անցել էր գնդակի կողքով եւ գնացել տարածվելու անտառներով ու տայգաներով, հասնելու մինչեւ ազատություն։

Պատանին իր ծառայությունների ցուցակի վրա ավելացրել էր եւս մեկը, եւ որ գլխավորն է՝ պահակության աշխատանքին ձեռնարկելուց առաջ ստացել էր իր մարտական մկրտությունը։

Երգչին թաղել էին, իսկ երգը չէին կարողացել թաղել…

Ոչ ոք չէր կարող ասել ստույգ կերպով՝ պատահե՞լ էր այդ դեպքը, թե ոչ։

Be the first who will comment on this
Yatuk Music
Recalling
David Balasanyan

Recalling

Saint Malo
Saint Malo
Play Online