Maro Margaryan
Սիրաշաղեր
«Այնպես մարդկային...»
Այնպես մարդկային
Մի անպարտադիր հավատարմություն
Բարձր բառերով բույրը չտարած,
Անթարգմանելի մի մտերմություն
Ոչ մի խոստումով չհիմնավորած,
Ու չկա ոչինչ բարդ ու մոլորած,
Ոչինչ գտնված ու ոչինչ կորած,
Ու մի էլ հիշիր, թե ինչ որ մի տեղ
Խաղաղ մի կարոտ լուռ ծփում է դեռ,
Դու ամենաթանկ ու բարձր նվեր,
Դու ամենասիրտ, դու ամենասեր
Ոչ մի խոստումով չհիմնավորված:
«Լուսամփոփը հանկարծ շողաց...»
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի:
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք:
«Ես չգտա այն բառերը...»
Ես չգտա այն բառերը,
Որոնք պիտի ասեի քեզ,
Ամեն անգամ հանդիպելիս՝
Ուրիշ խոսքեր էի ասում:
Գնում էիր գլխի ընկած,
Այրվում էի ու ափսոսում.
Ու փնտրեցի, փնտրեցի ես,
Ի՜նչ հավատով և ի՜նչ սիրով։
Ողողեցի շուրջս ամեն
Քամուն տված սրտի հրով,
Նետեցի ինձ ամենուրեք,
Ինչ որ ունեմ ողջը ցրած,
Ամենաթանկն աշխարհի մեջ
Շուրջս անվերջ ու կորցրած:
Կյանքս անցավ որոնելով,
Սիրագորով ու սրտակեզ,
Ես չգտա այն բառերը,
Որոնք պիտի ասեի քեզ:
«Լցրիր կյանքս երգերով տաք...»
Լցրիր կյանքս երգերով տաք,
Բառերով թեժ, հույզով այրող,
Իսկ ես հազիվ գրի առա
Մի քանի բառ, մի քանի տող:
Հիմա եկել ասում ես ինձ,
Որ լավ երգ եմ շարադրել,
Եվ ինչպե՞ս դու չես հասկանում,
Թե ով է այդ երգը գրել:
ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ
Լուսաբաց էր մարմար,
Թափվում էր թեթև առաջին ձյունը:
Հոգիս ուզեց հանկարծ
Այդ անդորր պահին
Տեսնել քո տունը:
Եվ անցա ես խաղաղ,
Անցա ես խաղաղ ձեր փողոցով.
Նիրհում էր աշխարհը պաղած,
Լռում էր ճերմակ մի ծով:
Եվ քո տան մուտքի մոտ,
Հեռվից դեռ
Տեսա քո համաչափ քայլերը,
Խառնված ուրիշի
Քայլի հետ,
Իսկ շուրջը
Մաքուր ու անդորր էր:
Եվ հետո աշխարհում այս,
Որ անհուն ու անծիր է,
Երբ տեսնում եմ ձյունին
Քայլերի հետքեր կան,
Թվում է ամեն տեղ
Նրա հետ անցել ես,
Եվ աշխարհի սրտում
Սրտիս պես
Վերքեր կան...
«Եվ իմ առօրյա հոգսերում կորած...»
Եվ իմ առօրյա հոգսերում կորած՝
Հավաքում էի մի օր իմ տունը,
Կարդացի դեղնած մի թղթի վրա
Քո ձեռքով գրած իմ անունը:
Ասես երեկ ես, երեկ ես գրել
Որ դուրս գամ տնից մի քանի վայրկյան,
Որ շատ բան ունես հաղորդելու ինձ,
Մեր կյանքի համար կարևոր այնքան:
Ոչինչ են անջատ տարիները ձիգ,
Ոչինչ չի անցել, չի եղել ոչինչ,
Միայն քո դեմքն է աղոտել թեթև
Իմ հուշերի մեջ,
Միայն թերթիկը դեղնել է փոքր-ինչ:
Ի՞ՆՉ ԵՄ ԱՆՈՒՄ
1
Ի՞նչ եմ անում,
Հոգուս խորքում
Ուրախանում եմ քեզանով,
Դառնություններն այսքան տարվա
Թեթև տանում եմ քեզանով։
Հարվածներ են գալիս անվերջ՝
Լաց ու ծիծաղ իրարու մեջ,
Կարոտների ծովեր անհուն
Ու հոգսերի գետեր վարար,
Այս ամենը սրտիս առած՝
Դեռ դիմանում եմ քեզանով:
2
Ի՞նչ եմ անում,
Ես ինձ համար
Երկինքներ եմ ձուլում շքեղ,
Արեգակներ եմ ցած բերում
Ու բաժանում աշխարհներին:
Թևածում եմ
Աստղաշաղախ կապույտներում,
Ու թռչում եմ
Արեգակից մինչ արեգակ,
Ու հավաքում
Լույսը վերին,
Հետո իջնում եմ թևաբեկ
Եվ ինձ ներում...
Եվ այս բոլոր
Հիմարության համար շքեղ,
Եվ այս բոլոր
Վատնումների համար շռայլ՝
Ներիր դու ինձ,
Եվ դու ներիր։
3
Ի՞նչ եմ անում,
Ի՞նչ եմ անում,
Ես քեզանից լույս եմ տանում,
Քո աչքերի
Աստղերով լի
Մարմանդ մշուշն եմ գողանում,
Ուրախանում եմ քեզանով
Եվ իմ կյանքը
Լցնում լույսով ու բարությամբ
Եվ ինձ համար երջանկության
Երկնասլաց եմ կառուցում՝
Հիմքը դրած
Ավազի մեջ ու սառույցում:
«Լցրու հայացքդ...»
Լցրու հայացքդ
Այս բաժակի մեջ
Ու դիր շուրթերիս,.
Իմ շնչառություն,
Իմ աստված բարի,.
Թող քո հմայքով
Սիրտս հորդանա,
Քո հաղորդումով
Կյանքս երկարի::
«Քո լույսից մթնել են...»
Քո լույսից մթնել են,
Մթնել են աչքերըս,
Ոչինչ չեմ տեսնում քեզանից բացի,
Պարգևել են ինձ ամենասերըս,
Ամենաթանկըս, ամենավերըս,
Քո լույսից մթնել են,
Մթնել են աչքերըս:
«Աչքերիս մի քիչ լույս է հարկավոր...»
Աչքերիս մի քիչ լույս է հարկավոր,
Ինչ-որ տեղ հեռվում
Երևա՛, անգին:
Մի լուսե թարթիչ, մի արդար ցոլանք,
Որ ինձ հավաքեմ
Ու կանգնեմ նորից,
Որ ելնեմ մի կերպ
Այս մթնաձորից.
Աչքերիս մի քիչ լույս է հարկավոր,
Ինչ-որ տեղ հեռվում
Երևա՛, անցին:
«Գուցե ետ դառնաս...»
Գուցե ետ դառնաս,
Լույս բերես մի քիչ
Քեզանով խավարած
Աչքերիս:
Այնքան խոր,
Այնքան խուլ մխացող,
Մթագնած ու մարած
Աչքերիս...
«Քո մեղմությանը կարոտ...»
Քո մեղմությանը կարոտ,
Ձայնիդ ջերմին, գորովին,
Մնացի այս ցրտի մեջ
Առանց լույս ու արևի.
Եվ գուցե ուշ,
Անչափ ուշ,
Այսպես թափուր ու մենակ
Կնստես ու կխորհես,
Ու կափսոսաս երևի:
«Նվիրեմ կյանքիս...»
Նվիրեմ կյանքիս
Ամենաթանկը
Ու քեզնից ոչինչ
Չըվերցնեմ,
Այս թերի տողը,
Այս կոտրած հանգը
Ու կյանքս ամբողջ
Երգ դարձնեմ:
Պարզ է ամեն ինչ,
Լույսից մինչև լույս,
Ոչ ոքի ոչինչ
Չըհարցնեմ,
Ոչ ոքից ոչինչ
Հարկավոր չէ ինձ,
Ինչ ունեմ արդեն
Չըկորցնեմ:
«Պաշտամունքի պես...»
Պաշտամունքի պես
Առարկում չառնող
Խոր մի համակրանք,
Ափեր չունեցող
Հիացում մի թանկ,
Ու հավատ մի կուռ,
Արևով շաղախ
Բարություն մի լուռ
Աշխարհը բռնած կարոտ մի վարար,
Ոչ մի հատուցում
Չընդունող երբեք
Խենթ նվիրումի մի անհուն ծարավ,
Ոչինչ ավելին հարկավոր չէ ինձ.
Ոչինչ չեմ խնդրում
Ես այս աշխարհի ծով բարիքներից,
Միայն պահպանիր
Ինչ ունեմ արդեն,
Միայն տվածդ ետ մի առ նորից:
«Այն ո՞վ է հեռվում անունն իմ տալիս...»
Այն ո՞վ է հեռվում անունն իմ տալիս,
Ո՞վ է իմ տանս ճամփան հարցնում.
Ես որ անընդհատ,
Անվերջ, անընդմեջ,
Կորցրել եմ միշտ,
Եվ ինձ կորցրել,
Ու սառն, անանուն հեռուների մեջ
Հալչող ու փլչող աստղերն իմ ցրել,
Ով է ամբողջը
Մեկեն, միասին
Ու միանգամից
Լույսերով պատած վերադարձնում...
Այն ո՞վ է հեռվում անունն իմ տալիս,
Ո՞վ է իմ տանս ճամփան հարցնում:
«Ամբողջի համար ու միանգամից...»
Ամբողջի համար ու միանգամից
Իմ շքեղ պարգև,
Իմ առատ վարձս,
Ես ինչպե՞ս մնամ անխոս, անհաղորդ՝
Իմաստի իմաստ,
Հարցերի հարցս:
Այս ո՞վ է եղել այսքան ծովածուփ,
Անհնար այսպես,
Խորունկ ու շռայլ
Այս նվիրումին հատուցում չկա:
Դեպի կատարներն ինձ վեր հանելով,
Լիություն անափ
Ու լույս տանելով
Դեպի կատարներն ու կյանքն իրական,
Երկնքից երկինք ծիածանելով
Վերածնունդս
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Aram Khachatryan
Violin concerto in D Minor
Flirt, 2023
Play Online