Maro Margaryan

Դպրոցի բակից

ՄԵՐ ԳՅՈՒՂԸ
Երկու շրջանի սահմանագծում
Մեր գյուղն էր գունեղ չթի պես փռած.
Կանաչ այգիներ, կղմինդր կարմիր,
Խառնված իրար կարկուտ ու կրակ:
Երկու ափերից հեռուներ տանող
Շեկ թելերի պես ճամփաներ երկար,
Բերքառատ, բարի, փուխր ու փշուր հող,
Ծիրանի ծառեր արևով ներկած:
Կանգնած էր բարձր բլրի վրա
Գյուղխորհուրդը մեր թիթեղատանիք,
Սովետական էր ճակատին գրած
Ճերմակ տառերով կարմիր քաթանին:
Կար այնտեղ ակումբ լոզունգներ հագած,
Ուր արվում էր միշտ ընդհանուր ժողով,
Կար եկեղեցի՝ դուռն ամուր փակած,
Եվ գյուղամիջյան մարդաշատ փողոց:
Զարմանքի՝ ոչինչ չուներ մեր գյուղը,
Թե անկեղծ լինեմ, թե ասեմ ուղիղ.
Ամենալավը այն էր ամենից,
Որ շատ լավ տղերք ելան մեր գյուղից:
Իմ կյանքը նրա կանաչ ափերից
Հորդել է վաղուց ու դուրս է հոսել,
Բայց ես ուզում եմ մեր այդ լավ գյուղի
Տղերքի մասին սրտագին խոսել:

Խլած մեզ թաղի խաղընկերներից,
Առաջին անգամ դպրոց են բերում.
Մենք փոքրիկ քարայծ, բռնված «գերի»,
Կանգնած ենք խոնարհ գառնուկի դերում:
Ու վարժվում ենք շուտ մենք մեր անվտանգ
Տեսքով միայն չար, գրատախտակին,
Մեզ համար խաղի ընկերներ գտած,
Նվիրվում սրտանց դպրոցի բակին:
Բայց այլ էր արդեն կյանքը մեզ համար,
Առաջին հոգսն էր մեր հոգին գերում.
Ծեր ուսուցչուհու խոսքերն ակամա
Հնչում էին մեր՝ լսելիքներում:
Էլ մենք երեխա չէինք հասարակ.
Սովորող էինք ու լուրջ աշակերտ,
Պատասխան տալու զգացումն արագ
Բոլոր խաղերում վազում էր մեզ հետ:
Եվ այն օրվանից ես մինչև հիմա
Թվում է անվերջ՝ պարտք ունեմ տալու,
Թվում է, կանգնած. աշխարհի դիմաց,
Իրավունք չունեմ անհոգ ժպտալու:
Ու նոր պարտքեր են հավաքվում անվերջ,
Դպրոցին տալու պարտքերից բացի,
Թեև խորհում ու աշխատում եմ ես
Առանց ընդհանուր դասամիջոցի։

ԱՌԱՋԻՆ ԽՄԲՈՒՄ
Առաջին խմբում քայլում եմ ահա,
Գույն-գույն տերև եմ անվերջ հավաքում,
Խոշոր տառեր են իմ առջև պահած,
Շարքի ենք կանգնել դպրոցի բակում:
Տեղերում նստած՝ գրում ենք արդեն,
Թանաք եմ թափել հենց մեծատառին,
Ուզում եմ մեղքս ուրիշին բարդել,
Բռնում են սուտս առաջին բառից:
Շիկնում եմ կրծքիս փողկապի նման,
Անմիտ արարքից իմ ամոթալի
Եվ քրթմնջալով մտքիս մեջ կամաց,
Ինքս ինձ հաստատ խոստում եմ տալիս,
Որ էլ ո՜չ մի տեղ, որ էլ ո՜չ մի օր,
Որ էլ ո՛չ ոքի երբեք չխաբեմ:
Թող թանաքոտվեն տետրերս բոլոր,
Բայց հոգուս վրա թանաք չթափեմ:

Փոխադրվել եմ երկրորդ դասարան,
Խաղում ենք անհոգ առվի ավազում,
Մեկն իմ թանաքը թափում է կամաց
Ու, ծաղրելով ինձ, փողոց է վազում:
Թանաքոտ ձեռքս աչքերիս տանում,
Ուզում եմ սրբել արցունքս առատ,
Ես քիթ ու բերան թանաք եմ անում
Ու տուն եմ գալիս ողջ թանաք դառած:
Բռնում է ձեռքս եղբայրս լռիկ,
Մոտեցնում է ինձ պատի հայելուն,
Ես հավաքում եմ մազերն իմ ցրիվ
Ու քրքջալով քթիս եմ նայում:
Այսպես մերթ իմ դեմ,
Մերթ աշխարհի դեմ,
Զայրույթ ու հիացք հոգուս մեջ վառած
Ալեկոծվելով հոսել է կյանքն իմ՝
Ծիծաղ, արտասուք
Ու թանաք դառած։

ՄԵՐ ՀԻՆ ՎԵՃԸ
Ձմեռ է դաժան, գիշեր տարաժամ,
Պաղ բուխարու մոտ, լամպի լույսի տակ,
Ես ու եղբայրս ծաղրում ենք իրար:
Նա իր թվերի տետրից անբաժան,
Ես առած երգի գրքերն իմ սիրած: -
Ձմեռ է դաժան, գիշեր տարաժամ,
Ես ու եղբայրս ծաղրում ենք իրար:
Ես ասում եմ՝ դու չոր ես ու անկյանք,
Ի՞նչ ես հասկանում այդ պաղ թվերից.
Նա ինձ ասում է սառը ծաղրանքով.
Անմիտ, անօգուտ երգերի գերի...
Շատ անգամ լամպը վառվեց ու հանգավ,
Շատ գիրք ու տետրեր մնացին թերի.
Նա դարձավ իրոք խոհուն գիտնական,
Իսկ ես՝ հրկիզվող երգերի գերի:
Բայց մինչև հիմա մենք չենք հասկանում՝
Ո՞վ էր մեզանից ճիշտն, իրավացին,
Ես՝ իմ ալեկոծ, անհանգիստ սիրով,
Թե նա՝ իր զսպված կյանքով խելացի:

Հիշո՞ւմ ես արդյոք կայտառ ու կարմիր,
Հանդուգն իմ քույր, հարազատ Արմիկ.
Հիշո՞ւմ ես երկար դասերն այն խրթին,
Որ հաճախ ոչինչ չէինք հասկանում,
Ոչինչ չտալով մեր հոգուն, սրտին,
Ինչպես էինք մենք շուտ անգիր անում:
Հիմա էլ կյանքը տալիս է հաճախ
Խորն ու դժվարին ու ծանր դասեր.
Հիմա էլ հաճախ տեսնում եմ ցավով՝
Ուսուցիչներիս ես լավ չեմ լսել:
Շատ բան է իրոք բարդ ու դժվարին
Թվում, անմեկին և անհնարին.
Հիմա էլ հաճախ կանգ եմ առնում ես,
Զգում ինձ մի պահ անուժ ու անել
Ու չեմ կարենում հիմա էլ ոչինչ
Առաջվա նման լոկ անգիր անել:

Ուզում եմ պատմել մեր խմբի մասին,
Մեր դասարանի, որ անկարգ էր շատ,
Որ աղմկում էր միշտ երգի դասին
Եվ նկարչություն սովորում էր վատ:
Բայց նա ֆիզիկոս ուներ սեփական՝
Մասնագետի հետ սուր վեճի մտնող,
Մաթեմատիկոս՝ դժվար հարցերին
Միշտ առաջինը պատասխան տվող:
Բուսաբան՝ զինված անձնական փորձով,
Եվ ամեն ճյուղով ամեն ինչի գետ,
Եվ քանի որ այդ դասարանն էր մեր,
Հասկանալի է, որ նաև պոետ:

Ժողովներ, ժխոր աշակերտական,
Վեճերով ձգված նիստեր խմբկոլի,
Ուր ամեն մեկս մի արկ ու ական,
Բռնկում էինք պայթյունով մոլի:
Կխախտվեր ասես ընթացքն աշխարհի,
Թե պատի թերթը ուշանար հանկարծ,
Ու թե մեր խմբում ժողով չլիներ,
Լուծում չէր գտնի կյանքում ոչ մի հարց:
Եվ ինչ գիտես թե հարցեր չեն եղել,
Որ մենք ենք լուծել մեր հոգով հստակ,
Մեր մեծ հավատով, մեր անհուն սիրով,
Մեր գյուղի փոքրիկ դպրոցում նստած:

Կենտրոնն աշխարհի կարծում էինք թե
Ձյուներում կորած մեր գյուղն է որ կա.
Դպրոցը նրա պալատն է շքեղ,
Իսկ վարիչը մեր աշխարհի արքան:
Եվ ամեն մեկս տարված նրանցով,
Առաջին անվարժ երգերն ենք ձոնում.
Եվ սկսում ենք մեր սերն առաջին
Մեր աղմկահույզ մտքի կենտրոնում:

Աշխարհը կլոր է․
Ասաց դասատուն:
Հուզված այդ օրը
Չենք դառնում էլ տուն:
Մեր խաղի գունդն է
Աշխարհն այդ օրը,
Դպրոցի բակը
Տիեզերքն անհուն
Խաղի մեջ այնպես
Խրվել ենք խորը,
Որ մոռացել ենք
Եվ դասեր, և տուն:
Գցում եմ ահա
Աշխարհը բռնիր.
Նետելու հերթը
Քոնն է հենց հիմա,
Գալիս է գունդը
Դիմացի դռնից
Եվ գլորվելով
Կանգնում իմ դիմաց:
Խաղի ընթացքը
Սրտեր է վառում,
Վազում ենք մենք
Ողջ տիեզերքում,
Անցնում ենք ամեն
Արգելք ու առու,
Աշխարհը բռնած
Մեր փոքրիկ ձեռքում:

Սիրելի ուսուցչիս՝ Գ․ Էլբակյանին
Ուսումնառության յոթերորդ տարի,
Ուսուցիչ խոհեմ ու բարձր նիշեր,
Քեզ բարի համբավ, հիշատակ բարի,
Ես ի՞նչ խոսքերով անունդ հիշեմ:
Օրացույցի պես փոխվել են հաճախ
Ուսուցիչները ելած երթի,
Թողնելով անջինջ մի-մի հիշատակ
Թափանցիկ սրտում աշակերտի:
Բայց մոռացության մշուշների մեջ
Միախառնել եմ ես ամենեցուն,
Միայն քո հանդեպ լուռ կանգնած եմ դեռ՝
Սուրբ հիացմունքի արցունքով լեցուն:
Հուշերիս տնից անցնող երամով
Դեմքեր են ահա սկսում չվել
Խորհում եմ՝ արդյոք ով է սրանցից
Իմ սրտին այսքան կարոտը տվել:
Եվ հոգուս խորքից կավիճը ձեռքին
Քո կերպարանքն է լռիկ բարձրանում
Ու կյանքի խորունկ բարդ խնդիրների
Փակագծերը մեկ առ մեկ բանում:

Կռվում ենք ելած երկու բանակի
Մեկը կարմիր է, մեկը՝ սպիտակ.
Թշնամին դերն իր մոռացած իսկույն,
Լուռ կուչ է եկել կանաչ թփի տակ:
Լսիր, ասում եմ, արի ինձ խփիր,
Հո չես մնալու անվերջ պահ մտած:
Նա ձեռ ու ոտով հասկացնում է ինձ,
Որ չփախցնեմ թիթեռն իր գտած:

  • Ի՞նչ ես խելքդ ողջ թիթեռին տվել
    Լուրջ գործ է այստեղ, դերդ կատարիր:
    Շատ մի հոխորտա, սպասիր դու էլ,
    Հրամաններդ քեզ համար պահիր:
    Ի՞նչ ես անելու, կմեռնի ախր,
    Տե՛ս, ոնց է թափել ոսկեգույն փոշին,
    Տե՛ս, ոնց է հոգնած թևերը կախել
    Եվ նայում է քեզ որպես հրեշի:
    Մի՞թե կմեռնի, շշնջում է նա
    Եվ ծաղկի վրա դնում թիթեռին,
    Գուցե մի բանով օգնենք, լավանա,
    Գուցե ծաղիկը ուշքի կբերի:
    Ու մղկտալով թիթեռի համար,
    Պատերազմ էինք խաղում մեր բակում
    Գերում, ավերում աշխարհը համակ.
    Թիթեռի վիշտը մեր փոքրիկ հոգում:
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Բեմ պիտի հանենք մի ներկայացում,
Բայց մնացել ենք փակուղում, անել.
Երբ ամեն անգամ ցուցակը բացում,
Ուզում ենք հարմար դերեր բաժանել,
Սկսվում է խուլ աղմուկ-աղաղակ,
Բոլորը հուզված, դժգոհ բոլորից,
Կռվի է փոխվում մեր գործը խաղաղ,
Ու ոչինչ չարած, ցրվում ենք նորից:
Չի համաձայնում մեզանից ոչ ոք,
Չի ուզում լինել թշնամու դերում,
Վիճում են, կռվում, խնդրում ծնկաչոք,
Բոլորին ազնիվն ու լավն է գերում:
Ամեն մեկն իր մեջ համոզված է, որ
Ինքն է իսկական հերոսն աշխարհի,
Եվ համոզումն այդ հաստատուն ու խոր,
Մերժելն իզուր է ու անհնարին:
Եվ, թողած պիես ու ներկայացում,
Դիմում ենք կյանքին փակուղուց հանող,
Որ մեր դեմ անթիվ ճամփա է բացում
Դեպի ցանկալի բարձունքը տանող:
Այսպես, մեր կարոտ սրտերում պահած
Հերոսի դերը, ազնիվն ու բարին,
Խոստումներ տալով, ցրվում ենք ահա
Տարբեր ճամփեքով մեր լավ աշխարհի:
Շատերն իսկական հերոսներ դարձան,
Շատերն էլ ընկան այս դժվար ճամփին,
Եվ ես էլ հիմա այրվող կարոտով
Երգում եմ նրանց մանկությունն անբիծ,

Մարզանքի շարքը մեր դասարանի՝
Թողած տետրերն ու դասագիրքը բաց,
Բռնելով փողը պաղ հրացանի,
Մատներին թանաք՝ մարտի դաշտ գնաց:
Ոմանց անունը աստղերին հասավ,
Մատաղ սրտերը քար ու հողի տակ,
Ոմանք էլ ընկան հեղեղատներում՝
Թողնելով մի լույս, բարի հիշատակ:
Թվում է գարնան հողն իմ ոտքի տակ
Նրանց սրտով է հիմա տաքանում,
Թվում է հողում նրանք են հիմա
Այսքան սրտավառ ծաղիկներ բանում:
Դրա համար է աշխարհն այսքան թանկ,
Եվ՝ սիրտս ամեն շյուղի հետ դողում:
Դժվար է ապրել անփույթ ու անհոգ
Այսպիսի սիրով շաղախված հողում:

Սուրիկ անունով կար մի լավ տղա,
Նաիվության չափ ազնիվ ու բարի,
Երգեր էր գրում նա սիրաշաղախ
Թիթեռի մասին ու ծաղկող ծառի:
Նա ուղիղ նայող հայացք ուներ ջինջ,
Արդար ու անկեղծ, սրտագին ու խոր,
Հասկանալի էր, որ երկրի կանչին
Առաջին շարքում լիներ կամավոր:
Կռվում, ասում են, ճկուն էր, դաժան,
Հարվածը հատու, խիստ ու աններում,
Ուր լինում էր նա մերոնց՝ հաղթանակ,
Թշնամուն՝ ահ ու սարսափ էր բերում:
Բայց նամակներում չէր երևում այն,
Ոչ մի ակնարկից, տողից ու տառից,
Մենք երգեր էինք ստանում միայն
Թիթեռի մասին ու ծաղկող ծառի։

Զոհված դասընկերոջս՝ ԳԱՌՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ
Հիշում եմ մի օր դասամիջոցին
Պատուհանի մոտ հեգնանքով ասիր.
Երգեր ես գրում նուրբ ու գեղեցիկ,
Գրիր, ա՜խ, գրիր նաև իմ մասին:
Հիմա, պատահմամբ երբ անցնում եմ ես
Լույս շենքի մոտով համալսարանի,
Ծխացող սրտով ես տեսնում եմ քեզ
Ժպտալիս՝ փեղկից մեր լսարանի:
Կանգնում եմ մի պահ պատերի տակին,
Թվում է նորից գնում եմ դասի,
Այս անգամ արդեն առանց կատակի
Ասում ես. Գրիր, գրի՛ր իմ մասին:

Դպրոցի բակում զիլ զանգի նման
Մեր ծիծաղն անհոգ զրնգում է դեռ.
Այն վարիչն է մեր կանգնել մեր դիմաց
Ճակատին կնճիռ ու հոնքերը կեռ:
Մեր մանկությունն է շուրջն իր վազվզում
Պիոներական փողկապը վզին,
Մերթ ընկնում է նա առվի ջրի մեջ,
Մերթ նկարներ է քաշում ավազին:
Մերթ պատուհանից նետվում է նա ցած
Խաղալու համար փախչում է դասից,
Մերթ վիճում է. նա խիստ ու շիկացած,
Ամենախորունկ հարցերի մասին:
Իր սովոր ժամին կանգնած նույն տեղում,
Այն վարիչն է մեր, նայում է բակին,
Եվ նրա խոժոռ հոնքերի տակից,
Բարությունն է մեր բակը հեղեղում:
Ու սովորել ենք մենք մանկությունից
Հավատով նայել ամեն խստության,
Այդպես էլ կյանքը մեզ նայել է միշտ,
Մեր խիստ ու բարի վարիչի նման:

ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑ
I
Կանգնած է կոկիկ աղջկա նման,
Դեռատի մի շենք կապույտ փեղկերով
Վերանորոգված մեր դպրոցն է այն,
Լցված սրտագին մեր աղմուկներով:
Ծիծաղում է մեզ ու կանչում հեռվից,
Հին դասարանն իմ բաց պատուհանով
Ես երեխա եմ երևում դեռ ինձ,
Որ գրքի բեռն իր հազիվ է տանում:
Ես ինչպես հիմա քեզ իմ սերը տամ,
Մոր գրկի նման դպրոց իմ բարի,
Լույսերով լցված իմ տաք դասարան
Ամենասիրուն սենյակ աշխարհի:
Քո բաց դռներից ես դուրս եմ եկել,
Նոր դպրոցներ եմ մտել ես անթիվ,
Նստարաններին գլուխ եմ թեքել
Դասեր եմ անվերջ սովորել անգիր:
Ես դուրս եմ եկել քո բաց դռներից,
Շատ բան կորցրել, շատ բանի հասել,
Հիմա աշխարհն է դպրոց դառել ինձ
Ու հիմա էլ եմ սովորում դասեր:
Եվ դասերը լուրջ ու բարդ են այնքան
Եվ դպրոցներն իմ զգաստ են այնպես,
Բայց ամեն դասի, ամեն մի վայրկյան
Հիշում եմ անվերջ քո պատկերն ու քեզ:
Դու ես առաջին իմ տետրը բացել
Ու ցույց տվել ինձ դասերն առաջին,
Դու ես ինձ տվել այսքան բազմաձև
Աշխարհը գրքի այսքան խորն ու ջինջ:
Ահա ինչու է քո պատկերն անվերջ
Թվում այսքան մոտ, սիրելի այսքան,
Այսքան բազմազան դպրոցների մեջ
Անեղծ ու արդար դպրոցն իրական:

Փշատենու թախիծ
Իջնող արծաթ-արծաթ
Եվ տխրություն դատարկ
Ճանապարհի...
Դեղին,
Դեղին,
Դեղին,
Ննջող արտեր արդար,
Ու մի թռչուն մենակ
Կանգնած քարին:
Եվ անուններ շքեղ
Ժամանակներ նշող,
Ընկած հողին խոնավ
Ու խաչքարին:
Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto-Rhapsody
Aram Khachatryan

Cello Concerto-Rhapsody

Sunflowers, 1957
Sunflowers, 1957
Play Online

Support us! Buy our art based products from online shop