Lil Arami

Մոգական ռեալիզմ

Արթնանում եմ։ Բոլորս տանն ենք։ Բացի պապիկից։ Հայրս ասաց՝ բարձրացել է տանիք։ Ինչու՞։ Պատրաստվում է մեռնել։ Էլի՞։ Հաղորդեց՝ մեռնում է՝ բարձրացավ։ Սա արդեն երրորդ անգամ է տեղի ունենում։ Նախորդին պնդեց՝ առաջին մեռնելուն անպատրաստ էինք, խառնվել էինք իրար, ընկել հյուրերին գոհացնելու հետևից ու անտեսել իրեն։ Նույնիսկ դժգոհել էր՝ երեք օր շարունակ խոհանոցից դուրս չէի եկել մոտը նստելու։
Այդ պատճառով կազմակերպեց իր երկրորդ թաղումը։ Մենք հավուր պատշաճի գիտակցեցինք կորուստն ու պատրաստ եղանք։ Սա պապիկին հերիքեց մի փոքր, ու որոշ ժամանակ անց նա ձավարի պես սկսեց ստուգել մեզ, ճկույթով առանձնացնել թաղման պատկերը փչացնող սև մանրուքները, ու մտցնել աչքներս։
Հիմա նորին չեմ դիմանա։ Մահերն ինձ կես մարդ են դարձնում։ Գնացողի հետ իմ կյանքը սառույցի պես է։ Հալեցնեմ՝ կթրջի ափս, մատներիս արանքով կհոսի կգնա, չհալեցնեմ՝ պիտի ձեռք չտամ, դնեմ սառցախցիկում, կողքին հավի փափկամիս ու դուռն էլ փակեմ վրան։
Պապ։ Հիմա էլի ուզում է մեռնել։ Ի՞նչ է կատարվում հետը։ Մի տեսակ փոխվել է։ Պահվածքը։ Վերաբերմունքը։ Եսիմ։ Մեր հանդեպ ուրիշ է։ Դե հիմա մեծ է, պիտի մահանա։ Բա լավ, ինչու՞ է տանիք բարձրացել։ Ինչու՞ հետևից չես գնում։ Չուզեց։ Ասաց՝ որ մեռելահոտը տնով մեկ չընկնի, ու բարձրացավ։ Պապ, ա՜յ պապ, ախր ո՞նց է հնարավոր երրորդ անգամ մեռնել։ Որ մի բան կրկնվում է, դեռ շարունակական կլինի։ Ախր չի՛ տեղավորվում։ Մեր ընտանիքը փշուր-փշուր է լինում։ Տատիկը, պապիկը, հետո էլի պապիկը։ Պատերը մաղվում են, շաքարափոշու պես ցանվում ամեն մի մահվան վրա։ Աղբի տոպրակները լցվում են տխրությամբ ու ծակվում թափելու ճանապարհին։ Սա ի՞նչ հաշիվ է։ Ասում են մեկ, երկու, մեկ, երկու, մեկ, ա՜ջ դարձ, հավասարությունը դեպի կենտրոնական փոսը, կա՜նգ առ։ Հետո ձեռքներս մեջքներին քայլո՜վ դարձ։ Բարի վերադարձ ապրելու։
Ախր պապիկը, որ առաջին անգամ մահացավ, լաց եղանք երկար, ուշքի չեկանք երկար։ Հետո որ նորից մահացավ, ինչ է թե դուրը չէր եկել մեր հյուրասենյակը, ստիպված եղանք այդ քառսուն գազխոր ալյուրափոշուց դուրս բերել իր հայրական տունը ու մի քանի կենդանու կմախք ևս։ Հիշու՞մ ես ինչքան թափ տվեցինք։ Բուրդի պես ծեծում էինք, հա ծեծում, բայց հողի նստվածքն ամենևին էլ չէր փափկում։ Նույնիսկ հողատար բերեցինք։
Հայրական տան սառը, անհարդար պատերը նա երևի ավելի էր համակրում, քան մեր հարմարավետ բնակարանինը։ Ասաց՝ այ հիմա հանգիստ կմեռնեմ։ Միայն թե ինձ հորս պես սենյակի մեջտեղում կդնեք, քյուրսու վրա ու հետո ինչ անում եք՝ արեք։ Ես ու քույրս մի կերպ ջրեցինք տունը, հողը խոնավացավ ու քիչ-քիչ մաքրվեց; Պապիկին խնդրեցինք փոքր-ինչ համբերի՝ մինչև հյուրերի գալը տունը կարգի բերենք։ Նա չդիմացավ փոշուն ու դուրս եկավ հայրական բակում պտտվելու։ Իրենց տունը վախենալու մռայլ էր։ Սևուսպիտակ ֆիլմերի պես։ Հարևանները վաղուց մեռել են, տներն էլ հետը։ Մնացել ենք մենք ու փոշին։ Պապիկի հայրական տան արտաշիրիմումից հետո․․․ փոշին գնալով բարձրանում էր, դուրս եկանք բակ շունչներս տեղը բերելու համար։ Օձ էր սողում քարերի վրայով ու նայում դեմքներիս։ Չկծե՛ս։ Էսօր պապիկի թաղումն է։ Տները կիսատ ենք մաքրել։ Օձը առաջացավ։ Քույրս հրամայեց՝ չվախենաս։ Սոված է՝ կեր է փնտրում։ Իրեն ի՞նչ մեր պապիկի մահանալը։ Օձը հասավ մեր ոտքերի մոտ ու մեծացավ, մեծացավ, մեծացավ․․․ ներս վազեցինք։ Բայց նա ճեղքեց հողոտ պատուհանը, փնչաց փոշշուց ու բերանը բացեց ինձ համար։ Սկզբից փռշտաց, հետո բացեց։ Քույրս տանը եղած բոլոր քարերը տեղավորեց օձի բերանումը։ Նա խելոք կուլ տվեց, բերանում փշրեց ու կուլ տվեց ու անհետացավ։ Համ տունը մաքրվեց, համ՝ օձը տարածքից։ Պապիկը տուն մտավ։ Բարկացավ։ Չվերջացրի՞ք։ Էդ օձին հետո էլ կկերակրեիք։ Ե՞ս եմ կարևոր, թե դա՞։
Սա պապիկի երկրորդ մահանալն էր։ Չեմ հասկանում՝ ինչը սրտով չի հիմա։ Երրորդն ինչի՞ն է պետք։ Օրինակ՝ մայրական պապս մի անգամով բավարարվեց։ Բարի մարդ էր։ Շատ չտանջեց։
Պապի՜կ։ Բարձրանում եմ վերև։ Նեղ է տանիքում։ Ժամանակն այստեղ հանդես է գալիս սպիտակամազ տատիկի հանդերձով, որը սարդերը գործել են հատուկ մոտեցմամբ։ Պապիկը փորի վրա է։ Չի խոսում։ Պապի՜կ, ասա՝ ինչ մտածում ես։ Լռություն։ Պապի՛կ, տները լավ չէ՞ինք մաքրել։ Թափթված բա՞ն էիր նկատել։ Ավելի կոկիկ էիր պատկերացնում։ Ախր հասկացի՛ր՝ մի կողմից քննությունները, մյուս կողմից աշխատանքը։ Ծայրը ծայրին հասցրինք։ Պապի՞կ։ Խասի՛ր։ Մոլորակի մարդիկ խոսքի միջոցով են տարբերվում այլ աշխարհաբնակներից, դու դեռ էստեղ ես չէ՞ ։ Դե ասա՛՝ ինչ մտածում ես։ Փաթաթվում եմ մեջքին, սարսափում նրան սառը զգալու մտքից։ Ներսից ձայն է գալիս։ Բան չեմ հասկանում։ Խոսու՞մ է, թե՞ միջի կուտակված գազերն են արդեն․․․
Արի ներքև իջնենք պառկիր մի քիչ։ Չէ՛, մա՛մ։ Արի՛, կքնես՝ կանցնի։
Արթնանում եմ։ Ոտքերս անտանելի ցավում են։ Հաստատ էլի երակներն են։ Բժիշկն ասաց՝ բան չկա, ենթամաշկդ բարակ է, ամեն ինչ թափանցում է։ Երակների սարքը ցավը չի զգում։ Նկարում է՝ պրծավ գնաց։
Ուսումնասիրում եմ ծունկս, հետո սրունքներս։ Որդե՜ր, Աստված իմ, որդե՞ր։ Գլուխները խրած սրունքներիս մեջ։ Թպրտում են սուր կծկումներով։ Մա՜մ, հասի՛ր։ Ձեռք չտա՛ս, թող հայրդ նայի։ Պա՜պ հասի՛ր։ Պա՜պ։ Հայրս չկա։ Պառկի՛ր, գա՝ ձայն կտամ։ Մա՛մ, ախր անգլուխ որդեր են, ով գիտի՝ արդեն կշտանալու վրա են։ Հասարակ անձրևորդեր են։ Մեզ անձրև ո՞րտեղից ախր։ Գիշերն էլի լա՞ց ես եղել։ Մի քիչ։ էդ է էլի։ Մա՛մ։ Հիմա կկրծեն՝ կվերջանամ։ Չես վերջանա՝ մեծ աղջիկ ես։ Մա՛մ, բայց որդեր են։ Ես կենսաբան եմ, գլուխ եմ հանում, ոչ մի լուրջ բան։ Տրորում է մի քիչ։ Ցավու՞մ է։ Էլ չէ, տեսքից եմ վախենում։ Մի՛ նայիր։ Վերմակով ծածկվիր՝ չես տեսնի։ Ա՛յ այդպես։ Քնի՛ր։
Արթնանում եմ։ Չքնես հանկարծ։ Ասում է ինչ-որ մի բուժքույր։ Ողջույն։ Ի՛նձ նայիր, չքնես։ Շնորհավորում եմ։ Ինչի՞ համար։ Ծննդաբերությունը հաջող անցավ։ Ու՞մ ծննդաբերությունը։ Ձեր։ Ես հղի՞ էի։ Ինն ամսական։ Ախ հա՜, հղի էի։ Ճիշտ որ։ Ինչքա՜ն ծանր էին այդ ամիսները։ Այո՛, Դուք ծանր եք տարել և բարեբախտաբար չմեռաք։ Ախ հա՜, ճիշտ որ պիտի մեռնեի։ Հայտնե՛ք շնորհակալություն, որ փրկվեցիք։ Շնորհակալ եմ։ Ինչի՞ համար, դա մեր աշխատանքն է։ Դուք ինձ փրկել եք։ Այո փրկել ենք, հայտնե՛ք շնորհակալություն։ Շնորհակալությու՛ն։ Ձեր ծննդաբերությունը բարեհաջող անցավ։ Իսկապե՞ս։ Այո, չէ՞ որ դուք ողջ եք։ Կարծես թե՝ այո։ Այդ դեպքում խնդրում եմ բերե՛ք տղայիս տեսնեմ։ Ճիշտն ասած Ձեզ մոտ մեռելածնություն էր, մենք Ձեր տղային թափեցինք։ Ի՞նչ։ Այդ ի՞նչ բառ է։ Ո՞նց թե՝ թափեցինք։ Հա՛, մեռած էր ծնվել, թափեցինք, զարմանալու ի՞նչ կա։ Աստվա՜ծ իմ չէէէ․․․ իսկ Դուք ասում էիք՝ ամեն ինչ բարեհաջող է անցել։ Այո՛, բարեհաջող էր՝ Դուք ողջ եք։ Ես մեռած եմ։ Ո՛չ, Դուք ողջ եք։ Իսկապե՞ս։ Այո՛, շարժեք ձեր ձեռքերը։ Շարժվում են։ Համոզվեցի՞ք՝ ողջ եք։ Ո՛չ, մեռած եմ։ Դուք ողջ եք։ Մի՛ եղեք այդքան անշնորհակալ։ Մենք ձեզ փրկել ենք։ Դուք սպանել եք ինձ։ Հիմա Դուք կքնեք, ու ամեն բան կանցնի։
Արթնանում եմ։ Ուշացանք, վե՛ր կաց։ Ասում է ամուսինս։ Ինչի՞ց։ Գերեզման ենք գնում։ Մա՞րդ է մահացել։ Հինգ տարի առաջ։ Ի՜նչ ցավալի է։ Դե վե՛ր՝ գնանք։ Մեր ներկայությունը պարտադի՞ր է։ Ամենաշատը դու էիր ուզում գնալ։ Դե եթե ուզում էի՝ գնանք։ Վարդեր եմ գնել։ Բայց ես վարդեր չեմ սիրում։ Քեզ համար չի։ Բա ու՞մ։ Գերեզմանների։ Հա՜։ Ում որ տանում ենք, վարդեր է սիրում երևի։ Չե՞ս հիշում՝ այգում տնկում էր ու չէր քաղում երբեք։ Չեմ հիշում։ Ժամանակը մոռացնել է տալիս ամեն ինչ։ Գուցե։ Երեխային թողել եմ տատիկի մոտ։ Հա՜, երեխաները տատիկներին սիրում են, երես են տալիս, այնպես որ՝ լավ՛ է, բայց ու՞մ երեխային։ Մեր։ Իսկապե՞ս, ես մա՞յր եմ ուրեմն։ Այն էլ երկու երեխայի։ Օհօ՜, ուրեմն փորձառու եմ։ Դե վե՛ր, լավ, իրոք կուշանանք։ Հագնվում եմ։ Թեյե՞նք հետո գնանք։ Ուշ կլինի։ Գերեզմանները չեն նեղանա։ Թող մարդիկ գնան, մենք կմիանանք մի փոքր ուշ։ Առաջինը մենք պիտի լինենք։ Ինչու՞։ Որովհետև այսօր մորդ ծնունդն է։ Ա՜խ ոնց էի մոռացել։ Լավ շուտ գնանք ուրեմն ու գանք պատրաստվելու։ Ինչի՞ն։ Ծնունդին։ Սիրելի՜ս։ Ասում է ամուսինս։ Միայն չասես՝ գործեր կան՝ չենք գնալու։ Գնալու ենք իհարկե, հիմա էլ գնում ենք։ Բա գերեզմաննե՞րը։ Մորդ ծնունդներն արդեն այնտեղ են նշվում։ Ո՞նց թե։ Մայրիկը խիստ կվիրավորվի։ Տանենք քո այդ գնած վարդերը տանք գերեզմաններին ու գնանք։ Սիրելի՛ս, մայրդ գերեզմաններում է։ Ուրեմն ընդհանու՞ր ծանոթի է գերեզմանը։ Ահա՛։ Ո՞վ է գերեզմաններում։ Մայրդ։
Արթնանում եմ։ Ուզում եմ բակ դուրս գալ մի քիչ պտտվելու։ Նայում եմ՝ ամուսինս լաց է լինում։ Առաջին անգամ։ Լացից մազերը ճերմակել են, դեմքին կնճիռներ կան։ Ո՜նց մեծացավ։ Երեկ առողջ տեսք ուներ, այսօր՝ կոպիտ է հազում։ Մաշկը թոշնել է։ Դեմքին գույն չկա։ Մի տեսակ մեռելի է նմանվում։ Չեմ ասի՝ չնեղսրտի։ Լաց է լինում։ Ի՞նչ է եղել, սիրելի՛ս։ Ինձ ինչու՞ չասացիր, որ գնում ես։ Ե՞ս։ Դու՛, դավաճա՛ն, դու՛։ Գնացիր առանց որևէ զգուշացման։ Գերեզմաննե՞ր, թե՞ երեխաներին տատիկի տնից բերելու, կներե՛ս, չգիտեի՝ կնեղացնեմ քեզ։ Ինչու՞, հիմա՛ր աղջիկ, ախր քեզ այնքան էի սիրում։ Սիրելի՜ս, ինչեր ես խոսում, ուշքի՛ արի։ Վատ երա՞զ ես տեսել։ Լռի՛ր։ Լռում եմ։ Ամուսինս լաց է լինում ու արցունքները կաթում են դեմքիս։ Տեղս տեղ չի տալիս։ Ուզում եմ հարցնել՝ ինչի՞ց է նեղվել, բայց և հարգում եմ խնդրանքն ու լռում։ Երկար լռելուց հետո աչքս կպնում է։ Չեմ արթնանում։

Be the first who will comment on this
Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn

Family-Generations
Family-Generations
Play Online