Lil Arami

Հատված պատերազմից

Մի օր բան է մնացել Քարվաճառը հանձնելուն։ Մարդ ու մեքենա ենք փնտրում։ Վաթսուն կիլոմետր շարասյուն է։ Մեքենայում երկու երեխա կա, մեկը՝ լաց է լինում, մյուսը մեկ ու կես տարեկան Մոնթե է։ Մոնթեն ազատագրեց Քարվաճառը։ Մոնթեի հետ գնում ենք Քարվաճառը հրաժեշտ տալու։ Կինո է։ Փոշոտ ու նեղ ճանապարհին կուտակված մեքենաները կռիվ չեն անում, ժամերով սպասում են իրենց կես մետրանոց տեղաշարժին։ Ձախ կողմում զինվորական համազգեստներով ու ռացիաներով մարդիկ են, որ հավատամ՝ ռազմական դրություն է, որ իրականությունն ու կինոն էլ չտարբերեմ, որ այսուհետ փոխեմ նրանց տեղերը, բացատրեմ ինձ, որ կինոն մինչ այս էր, որ հիմա այս զինվորական համազգեստն ու զենքն իմ իրականությունն է լինելու, զենքերն իմ երազներն են դառնալու…
Բեռնատար է անցնում։ Թափքին՝ բազմոց։ Բազմոցին նստած մենք։ Բեռնատար է անցնում։ Թափքին՝ պահարան։ Պահարանում դրված ենք մենք։ Մոտենում ենք։ Ծխում է։ Բոլոր տներն են ծխում։ Մարդ չկա:
Տները հոգի են տալիս։ Մենք քար դարձած անտարբեր գլորվում ենք մահամերձ տների կողքով։ Գրված է խանութ։ Ոչինչ չկա։ Ներսում։ Դրսում։ Վրան։ Վրան փակցված է հայատառ «խանութը»։ Դեռ։ Մնացել է։
Մութ է։ Կրակ։ Մեր առջևում դարձյալ բեռնատար է։ Փայտերով բարձված։ Աչքիս փայտացած զինվորներ են երևում։ Պատերազմ այստեղ չի եղել, պատերազմն այստեղ նկարել են տեղաբնակները, որովհետև հանձնաթուղթ է ստորագրվել։ Առաջին անգամ իմ հողում տան լույսերի փոխարեն համատարած կրակ է։ Մեր մեքենայի ուղևորներից մեկը հինգ ամսական երեխային գրկած լեղապատառ է լինում ու հարցնում.
-Հայկական հողի վրա չե՞նք։ Ե՞րբ հետ կգնանք։
Բնակիչներն այրում են իրենց տները, որ թշնամին չվայելի, որ էլ անձնական տարածք չունենան։ Մենք կրակի ենք տվել մեր լացը, մեր ժպիտը, «հաղթելու ենք» պիտակված մեր հավատը։
Շարմաղն ամբողջ ճանապարհին ճոճում է հինգ ամսական աղջկան ու տանջվում՝ նրա ողնաշարը դեֆորմացնելու մտքից.
-Քոռանամ ես, քոռանամ ես։ Ասա՝ ի՞նչ ես նորածին երեխու հետ վեր կացել, ճամփա գնում։ Բա, դու չգիտեի՞ր՝ ինչ ա լինելու։
Հանգստացնում ենք.
-Շարմաշ ջան, ողնաշարին բան չի լինի, արխային, երևի սոված ա, դրա համար էլ լաց ա լինում։
Շարմաշը կերակրում է փոքրիկին, ու նա մի պահ հանդարտվում է։ Ճանապարհն անորոշ ժամանակով դարձյալ երկարում է, Շարմաղն ինքն իրենից անկախ թափ է տալիս երեխային, նա էլ լաց լինում.
-Քոռանամ ես, չի հանգստանում։ Վայ, ես ո՜նց քո մեջքը ջարդեցի։
Բոլորիս մեջքերը ջարդված են։ Քարվաճառի մասին իմ գրականությունը ջարդվում է Շարմաղի ձայնի տակ։
Քույրս հենց գրկում է երեխային, ձայնը կտրվում է, հենց տալիս է մորը՝ չէ՜, որ չէ՜։ Ճանապարհին ամեն բան տանում է ընկճանքի. մեքենան, պարունակությունը, այրվող գյուղերն ու չավարտվող խցանումը։
Կեսգիշերին տասնհինգ պակաս հասնում ենք Դադիվանք։ Այլանդակ վիճակ է։ Ջուր չկա։ Զուգարանները գարշահոտ են բուրում։ Վանքը՝ մերկացած, շուրջը՝ երեք-չորս տեխնիկա, վրան՝ ծածանվող ռուսական դրոշը։ Տեր հայրն օրհնում է մեզ ու առաջարկում աղոթելու մերկացած ու արձագանքող վանքի տարածքում։
-Հա՜յր մեր…
Շարմաղը խնդրում է օրհնել երեխային։ Հետ Շարմաղը խնդրում է տեր հոր խաչը խաչը դնել երեխայի գլխին։ Շարմաղը հետո էլի է խնդրում… նկարվել։
Մոտենում են ռուս խաղաղապահներն ու հարցնում՝ որտեղից ենք եկել։
-Երևանից ենք։
Զարմացած շարունակում են.
-Ինչպե՞ս եք հետ գնալու։ Տասներկուսից ռազմական դրություն է, ու տարածքներն արդեն պաշտոնապես Ադրբեջանինն են։ Ո՞նց եք գնալու։
-Կգնանք։ Բան չի լինի։

Անպայման գրել.
Վանքի տանիքը, բաց հատվածում աղոթելը։ Աստղերին նայելը։ Միայն ու միայն Աստծուն հենվելը։ Կոկորդից վերև չբարձրացող լացը, որովհետև Շարմաղը խնդրում է նկարել իրեն։

Չգրել.
Ցավոտ է։

***
44 օր անց՝ նոյեմբերի 9-ին, պատերազմը հայտարարվեց «ավարտված»։ Մեր հիմն ի սկզբանե չպիտի փոխվեր.

«Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ…»։

***
Մի քանի ժամով փախանք Երևանից։ Փախանք Սևանի ափին լաց լինելու, բողոքելու, իսկ հետո հասկանալու՝ ինչպես կարգի հրավիրվենք ու անենք մեր լավագույնը պետության համար։ Ամուսինս ընկերոջ հետ գնաց փայտ հավաքելու։ Ընկերոջ կինը միացրեց ժողովրդական երգեր ու ասաց՝ հասկանում է, ասաց, հայրը ինչու էր 90-ականներին խմում ու տխրում այդ երգերի տակ։ Ասաց՝ հղի չլիներ, կծխեր։

***
Պատերազմից հետո Սիսիանը մասնավոր է։ Տուն-տուն։ Ով իր համար։ Տուն չկա՝ պատերազմ տեսած չլինի։ Փողոցներում հազիվ երկու մարդ գտնես։ Այն էլ՝ շտապող, գունատ։ Երեխաների ձայները չկան։ Համայնքապետարանում մշակույթի բաժինը գտնված մարմինների, բեկորների, ԴՆԹ-ի պատասախանների տեքստեր է գրում, որ փակ դագաղով հողին հանձնեն գտնված մարմինը, բեկորը, ոչինչը։ Ընտանիքների համար երջանկությունն արդեն իրենց մահացածի թևն ու ոտքը գտնելով է, Պանթեոնում թաղելով է, համայնքապետարանի մշակույթի բաժնի գրածը երկար լսելով է։ Համայնքապետի տեղակալի մոտ եմ, ասում է.
-Համալսարան ավարտ տղա եմ, մագիստրատ, ասպիրանտ ավարտ։ Բայց հետ եմ եկել։ Իսկ դուք գնում եք։ Համայնքային մտածելակերպ չունեք էլի։
-Գիտե՞ք,- ասում եմ,- ձեր ընտրություններից առաջ, Աղասու ժամանակ, մենք էնքան միջոցառում ենք արել։ Տուն չէինք գնում։ Մի օր հուշարձանների մաքրում էինք անում, մի օր մշակույթի տանը գրական հավաք… հիմա էլ եկել եմ փորձի փոխանակման։ Իմ տարիքայիններն էստեղ չեն, նոր սերնդին չեմ ճանաչում։ Եկել եմ ծանոթացնեք։
Համայնքապետի տեղակալն ինձ մանրամասնորեն բացատրում է, թե ինչ պիտի գրեմ իմ գրքերում, որ սերունդները կրթվեն, որ վերադառնան համայնք, որ չմնան Երևաններում կամ դուրս չգնան։ Ժպտում եմ։ Իմ առջև մի թուղթ է, վրան մշակույթի բաժնի գրած օղորմին։
-Նո՞ր մահ է,- հարցնում եմ։
-Մարմինն են նոր գտել, էսօր ժամը մեկին թաղեցինք։
Համայնքապետի տեղակալին զանգում են։ Հավանականությամբ՝ մշակույթի բաժնից։
-Հա՜,- ասում է տեղակալը,- չէ, փոխեք։
Հեռախոսից ինչ-որ մեկը բացատրում է կամ կարդում որևէ բան։
-Ավելացրեք։ Քիչ է։
Հեռախոսից չեն հասկանում տեղակալի պահանջը։ Նա նայում է ինձ։ Դեմքս թեքում եմ պատերի կողմն ու կեղծ հետաքրքրությամբ ուսումնասիրում փակցված պաստառները, որ տեղակալն անկաշկանդ խոսի։
-Շա՜տ համեստ եք բառերի հարցում,- շարունակում է՝ մատը տարուբերելով քաղաքային հեռախոսի սեղմակների շուրջ։
Հեռախոսից մշակույթը նրան նորից չի հասկանում։ Տեղակալը մոռանում է իմ գոյությունն ու մի կարգին սիսիաներենով բացատրում.
-Ա՜, դե մի քիչ ճոխ գրի էլի, մի էրկու տող ավելցըրու դե, դժվար ե՞ս հասկանըմ։ Լէվ, լէվ, դե գրի, շուտ պէր։
Տեղակալն անջատում է հեռախոսն ու շարունակում խորհուրդներ տալ ու կապել գովքս, որ գիրք եմ գրել, որ սիսիանցի եմ, բայց համայնքային մտածելակերպ չունեմ։ Ասում է.
-Ես էլ եմ նույնը, սկզբից իմ տունն ու իմ երեխեքը, հետո մնացածը։
Նա ինձ ուղղորդում է մշակույթի բաժին՝ միջոցառման մանրամասներն իրենց հետ քննարկելու համար, ինքը շտապում զբաղվելու նոր թաղման հարցերով։
Մշակույթի բաժինն ինձ սիրով է ընդունում ու խոսում շա՜տ, կիսվում շա՜տ, պատմում իրենց կազմակերպած բոլոր միջոցառումների մասին, շնչակտուր ներկայացնում յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը։ Մշակույթի բաժինը կին է։ Զգայուն կին։ Ծննդաբերած կին և դրա համար լավ գիտի շարժել երեխաների մեջ ձևավորվող հետաքրքրությունը դեպի մշակույթը։ Հիշում եմ՝ իմ դպրոցական տարիներին մշակույթի բաժինը տղամարդ էր՝ Դադաշյանը։ Սիսիանցի տղամարդ։ Կոշտ ու կոպիտ։ Կնոջը բանատեղ չդնող։ Դոմինանտ։ Ճնշող։ Մտնում էինք մոտը մի բան կազմակերպելու համար, դարակից խնձոր էր տալիս, թե.
-Մի հատ սա կեր, հետո ասա տեսնեմ ու՞մ աղջիկն ես։
Ուրախ-ուրախ պատասխանում էինք, խոսքը աջուձախ տալով՝ ճանապարհում էր։
Դադաշյանը նույնիսկ մի անգամ իրեն կինոյի տղայի տեղ դրած, քաղաքապետարանի երկու պաշտոնավորների հետ մեքենայով հատեց ճանապարհս, միջից դուրս եկավ, փողկապը շտկեց, քմծիծաղեց ու շարժվեց առաջ։ Դադաշյանը գիտեր՝ երեխաների վրա «բոբո ձյաձյայի» տպավորություն թողնելը կարևոր է, եթե նրանք «վատ բաներ» են խոսում, գրում կամ ասում քաղաքապետի մասին։ Իսկ ես ասել էի։
Մշակույթի նորանշանակ բաժինն ինձ դուր է գալիս։ Այսքան կանացի, այսքան մտահոգ ու ջերմ։ Ուղղորդում է՝ որտեղ հատկապես պիտանի կլինի իմ փորձն ու զրույցը, և ուղարկում է «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն»։
Աղվան Մինասյանը Արցախյան առաջին պատերազմում ստեղծագործեց ու ընկավ։ Նրա գրվածքները եղբայրը բերեց ու ամեն գնով դարձրեց այն համայնքինը, մեռնելով էլ լինի պիտի ապրի, պատերազմից հետո պիտի ապրի, ապրի իր գրած տողերում, ապրի սիսիանցիների աչքերում։
Պատերազմը հնարավորություն չտվեց բերելու որևէ ստեղծագործություն։ Բոլորն էնտեղ կատարվեցին ու չեկան։ Եկան ուրիշներ, նոր կաղապարով, հնարավորություններից զուրկ։ Պատերազմից հետո պատերազմ եղավ։

***
Գնում եմ Պանթեոն։ Մարդ չկա։ Վերևում մեր եկեղեցին է՝ Սուրբ Հովհաննեսը, որի համեստ սպասավոր, իմ հասակակից Հովհաննեսը պատերազմից չեկավ։ Նրա նկարն ինձ է նայում Պանթեոնից։
Պանթեոնում գերեզմանաշարքերը շատացել են։ Պանթեոնը երկարել է, լայնացել։ Մարդ չկա։ Տարոնի գերեզմանն է, Նարեկինը, Արմանինը, Վահագինը… բոլորի դեմքերը ծանոթ, ժպտացող, լավ լուսաբանված։ Թվում է՝ բոլորով մի հատուկ աշխարհում են, որի մուտքը պատերազմին մասնակցելով է։ Մեզնից զատվել են, իրենք իրենցով հավաքվել մի տեղ, որտեղից հիմա ինձ դիմավորում են։ Տարոնը ժպտում է, ես լաց եմ լինում։ Վահագը ժպտում է, ես լաց եմ լինում։ Բոլորը ժպտում են, ես լաց եմ լինում։ Հարևաններով, բարեկամներով, եղբայրներով, մարտական ընկերներով բոլորը էստեղ են։ Նայում են ինձ։ Անզորություն է։ Իրենց կողքին անձեռ ու անոտ մի փսլնքոտ եմ, եկել եմ նրանց ժպիտին ի պատասխան լաց լինելու։
Պատերազմը մեր տանը հայտարարվեց Տարոնի մահով։ Սուրը՝ քեռուս տղան, հուլիսյան մարտերին ընկերներին կորցրած լինելուց հետո զորացրվեց, քար դարձած եկավ մեր տուն և առաջինը պատշգամբից նայեց ողջ մնացած վերջին ընկերոջ տանը.
-Տարոնենց ուսանողական տունը մի քիչ ներքևում է։
Սեպտեմբերի քսանյոթին Տարոնը մահացավ։ Ուղիղ սրտին էին կրակել։

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphonic Images
Ghazaros Saryan

Symphonic Images

Before the dawn. 1971
Before the dawn. 1971
Play Online