Levon Khechoyan
Հողի դողը
Արգելեցին զենքով եկեղեցի մտնել: Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին, եւ մենք, զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք: Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը: Մենք քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ: Մենք մտնում ու դուրս էինք գալիս, վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղ ների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց` իրար ետեւից ընկնող գյուղերի միջով:
Մեր հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ էր: Շտաբն ու գեներալներն արգելեցին ժուռնալիստներին մեր ետեւից խորանալ: Նրանց դժգոհությունը հաշվի չառնելով` դրեցին մեքենաներն ու ետ ուղարկեցին: Վերցված գերիներին եւ վիրավորներին խումբեւխումբ թիկունք էինք ուղարկում:
Քնում էինք քնապարկերի մեջ` թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լույսը չծագած, տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների ճռնչոցը ականջներիս մեջ` մտանք տափաստան: Դեմ֊դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել: Դադար առանք ու օձերի` կապտակարմրագույն էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթեւ լեզուները արհամարհելով` քնեցինք դեղին դդումների դաշտում:
Լուսածագին քարտեզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշտեցին գյուղի դիրքը, ու մենք չորս կողմից տապալված հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու, քթներիս առած ինչեւոր բուրմունքների միջով, մեր շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ` մտանք գյուղ: Մեկը կանչեց, ես թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի, ոչ ոք չկար:
Հետո նրանց աղջիկը, որ զինվորական շորերով նստած «Շիլկայի» վրա մեր տանկերն էր ոչնչացնում, նրան յուրայինները լքել էին, հանձնվեց հուսախաբ: Ծոցագրպանից օրագիրը վերցրինք, որտեղ արեւի մասին տողեր կային, շուն գեներալների, հաց չմատակարարող պահեստապետերի ու իր գործիքով մեր խփած տանկերի քանակի մասին: Կանաչ տերեւներով նախշազարդ բաճկոնի թեւքի կոճակը արձակեց, թեզանիքը բարձրացրեց վերեւ, արմունկի ներսի ծալի թափանցիկ կապույտ երակի բուժասեղից առաջացած վերքը պարզեց մեզ, ասաց. «Միայն թե ներարկեք նոր... ես չեմ վախենում»:
Մենք նրա շուրջը, ամենքս տարբեր տեղեր էինք նստել, մեկը խնձոր էր ուտում, խնձորը պայթում էր նրա բերանի մեջ` խնձորի ծառը մոտիկ էր: Ես գիտեի` նրանց աղջիկն ինչ է ուզում, իմ թեւի վրա էլ, մաշկիս տակ, կուտ ընկած, դեռ չլավացած սպին գունավոր քնի մեջ նվվում էր: Մենք բոլորս էլ գիտեինք` ինչ է ուզում նա, գիտեինք նաեւ ապակիացած աչքերի ոչինչ չտեսնելու գաղտնիքը ու նրա շուրջը, ուռած ոտքներիս ու ողնաշարներիս սլքտող ցավը զսպելով` ծխում էինք:
Մեկն եկավ` մյուս ջոկատներից էր, ասաց. «Լավ էլ ուրախանում եք, նստել ինչի՞ն եք սպասում, տարեք, միաժամանակ երեք անցքն էլ փակեք, մի դրա երակներին նայեք, տարեք այդ գործն արեք, դրա նմաններն այդպիսի բաներ շատ են սիրում»: Նրանց աղջիկը թեւը պարզել էր, ես տեսնում էի թափանցիկ կապույտ երակը, լսում էի բերաններում պայթող խնձորի ու նռան ճայթոցը, թիկունքից էլի ձայն լսեցի, շրջվեցի` ոչ ոք չկար ու չհասկացա, թե ինչին էի կարոտել ու այլեւս չէի ուզում լսել մյուս ջոկատից եկած հրամանատարին, հրազենով վիրավորված Կամոն փսխում էր, գնացի նրան հույս տալու:
Հետո, կրկին մեր ոտքերի տակ դողաց հողը, մենք անծայրածիր, դեղին տափաստանի մեջ իրարից հեռու, ցրված ու ձայնի տաք ելեւէջով իրար որոնելով ու իրար տեղ չիմանալով, բարակ փոշին մետաղե թրթուրների տակ ծեծելով` գնացինք առաջ, մտանք Արաքսի հովիտ` մեր երազների ափը, ու մեր տանկերը եռացնում էին ջուրը:
Ծակող, թանձր տաքությամբ արեւը կանգնել էր երկնքի կենտրոնում ու այրում էր մեր գլուխները, ես այդ ժամանակ արդեն երրորդ անգամ լսել էի թիկունքից եկող ձայնը ու գիտեի, որ ստվերի մեջ թաքնվել է պետք, դեղին տափաստանի մեջ սեւ չկար, ամեն մի ստվերի երկարություն հալվում էր երկնքի կենտրոնում կանգնած արեւի առատ ու տաք լույսի մեջ, փոքրիկ, մոխրագույն, խանձված բլրակները եռում էին իրենց տեղերում, հենց եռացող բլրակների մեջ էլ մյուս ջոկատի տղաներից մեկին չէին կարողանում գտնել:
Տափաստանի պարզ, շատ հեռուները նկատվող` փռված հարթության վրա, ոչ մի տեղ չէր երեւում: Բոլոր ջոկատները իրար կանչող ռադիոկապերի, հեռադիտակների, հռնդոցների ու ճռնչոցների մեջ որոնում էին Սերոբին ու չէին կարողանում գտնել: Օդը ոռնում էր: Չէինք խոսում ու ծխում էինք, մեր բոլորի քթանցքները խցկվել էին փոշով, բերաններիս շնչառությունը տաք էր ու նիկոտինով հագեցած:
Մեզ գյուղը ցույց տվեցին: Ռադիոկապով հրաման տվողներն ու գեներալներն ասացին. «Այն գյուղը վերցրեք ու բազա դրեք»: Հողը դողաց մեր ոտքերի տակ, մենք դարձյալ գնացինք` մետաղների, գալարաթափ լարերի, հեռագրասյուների, էլեկտրա սյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների ու տարաբնույթ բուրմունքների միջով, եւ նրանք մեր մոտենալը տեսել էին, ու գյուղում բնակիչ չկար:
Մեր հրամանատարն ասաց. «Ստուգեք տները մեկ առ մեկ, թաքնվածներ մնացած չլինեն»: Նրանց շները պատառոտում էին մեզ, ամեն կողպեքը կախած փակ դռան ետեւը նրանք իրենց գամփռներին էին դրել, որոնք ներս մտնելուն պես հափռում էին մեր տղաներին, իսկ մենք, ինչքան հասցնում, գնդակահարում էինք նրանց օդի մեջ, դեպի մեր կոկորդը թռիչքի պահին: Հետո երեկոյան, մեր ցրված ջոկատը, ամենքը մի տեղից` թփերի, ծառերի, տների թիկունքից, ստվերների ու մութի միջից գալիս էին` տափաստանի փոշին թարթիչներին ու մորուքներին:
Գալիս էին գյուղի չորս կողմից` էշով, էն մեկը` ձիով, հովտի խաղողի ողկույզներով, թզով, խնձորով, նռով, ավարով` անծայրածիր դեղին անապատի չորս ծայրերից` իրար ձայն տալով էին գալիս, որ մոլորվածները չկորչեն: Երբ հավաքվեցինք մի տեղ ու բերաններիս մածուկված փոշին էինք թքում, նկատեցինք, որ բոլորիս ջրի տափաշշերն էլ դատարկ են: Միանգամից վտանգը զգացինք, մեզանից ոչ մեկը գյուղում աղբյուր չէր նկատել: Մեր ծարավը սաստկանում էր, գյուղը տակն ու վրա էինք անում, ջուր չկար:
Տղաները գնացին ու տափաստանի խանձված, եռացող բլրակների ետեւից անհամ, անջուր, ծարավ չհագեցնող ձմերուկներ բերեցին, եւ դարձյալ բոլորով մռայլ էինք: Մենք գիշերատեղի դարձրած կանաչ ու մուգ կանաչ պատշգամբով տունն էինք կարգավորում, պարսերով եկած երկարակնճիթ մոծակները մեզ ուտում էին, իսկ ամբողջ գյուղով մեկ ցրված տղաները դարձյալ չէին կարողանում ջուր գտնել, ու շատերս տրտնջում էինք եւ դժգոհում: Հարեւան գյուղի իրենց բազայից մեկը եկավ` Սերոբին էր որոնում:
Մեր հրամանատարին ասաց. «Սերոբին այդպես էլ չգտանք, Սերոբին չե՞ք տեսել: Անընդհատ աջ թեւից էր գալիս»: Մենք ուզում էինք, որ նա գնա, թողնի ու գնա: Ջրոտ տանձ տվեցինք, ճաքճըքված շուրթերին փոշի կար, կիսակծեց` տանձի վրա որդ խաղաց, չնկատեց, կրկին կծեց: Ուզում էինք, որ նա գնա, ասաց. «Ես էի բերել նրան, առաջին անգամ ինձ հետ եկավ: Կինն էլ երկու ամսից երեխա է ունենալու»: Քնատ աչքերը փակվում էին: «Դե լավ, գնամ, որ տեսնեք, իմաց տվեք»: Ուզում էինք, որ նա գնա: Հետո Գեղամը եկավ, ասաց. «Այս գյուղում ջուր չի էլ լինի, տափաստանում աղբյուր որտեղի՞ց լինի, ես ջրհոր եմ գտել»: Հրամանատարը չէր ցանկանում, որ այդ ջրից խմենք, համառորեն մերժում էր, նա գիտեր, որ ջրհորները ամենահարմարն են թունավորելու համար: Ասաց. «Համբերեք, կարող է թիկունքից ջուր են հասցնում, կապով կպարզենք»: Շարժական ռադիոկայանը միացրինք, մեկը դարձյալ Սերոբին էր ուզում: Կապավորին գոռացինք. «Անջատիր, ապուշ, կյանքումդ երբեւէ միացե՞լ ես, անհրաժեշտության պահին միշտ էլ փորլուծ ես ունեցել, անջատիր...»: Կապավորն ասաց. «Գիշերայինով դուրս գամ, գիշերային գիծը միշտ էլ ազատ են թողնում, յոթանասունինն ազատ կլինի»: Գիշերային ալիքի ուժեղացող ու թուլացող խշշոցների մեջ մեկը միապաղաղ ձայնով, դարձյալ Սերովբեին էր որոնում: Ես այդ ժամանակ, կրկին թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի, ոչ ոք չկար: Տղաները կապավորին գոռում էին. «Անջատիր, անջատիր...»:
Ծարավը սաստկանում էր, մենք ջուր էինք ուզում, եւ հրամանատարը տեղի տվեց, միայն թե եռացրած ջրի առաջին բաժակն ինքը խմեց, ու մենք թախծոտ սիրում էինք նրան: Էլի յոթ օր անցավ, ու մոծակները մեր մարմնի վրա ջրակալ վերքեր էին բացել, իսկ գիշերային դիրքերից վերադարձած տղաներին` ցերեկը ճանճերը, ու պղտոր եւ թթվահամ ջրից, սաստիկ ծնոտային ատամնացավերը չէին թողնում քնեն, ու շատերի բորբոքված աչքերի մեջ մազանոթներ էին պայթել եւ արյան նիշ էր իջել անքնությունից, փոշուց եւ տափաստանի անսահմանու թյունից:
Մի քանի օր էլ անցավ, եւ գյուղի չորս ծագերից դուրս եկան ու մեր բնակատեղը լցվեցին մանր ու խոշոր, գույնզգույն, ռմբակոծություններից վիրավոր ու փրկված, տարացեղ պատկանելության կատուների խմբեր ու շների ոհմակներ: Նրանք քաղցից մլավում, կաղկանձում եւ ոսկորի համար իրար կոկորդ էին ծամում: Մեր ձեռքից, մեր թափոնից ու խոհարարի թասերից պատառներ էին թռցնում: Ցերեկները նրանք ուտում էին մեր հացը, մութն իջնելուն պես հեռանում էին, նստում իրենց բաց դռների առաջ, վերքերն էին լիզում ու կատաղի հաչում մեզ վրա, կամ իրենց պսպղուն աչքերի բոցը երկնքին տված` լուսնահաչ էին տալիս: Մենք նյարդայնանում էինք, մեր ջղերը չէին դիմանում:
Գիշերը գյուղում պարեկություն անողներիս եւ բազայի շուրջը պահակակետի կանգնածներիս համար խախտվում էր բնական լռությունը, որի մեջ մենք միշտ էլ որսացել էինք նրանց հետախույզի ծածուկ տեղաշարժերը: Լուսածրային կրակոց֊ազդանշանով մեր ընկերներին օգնության դուրս թռչելու պահին, մութի մեջ մեր ոտնատակերից կակղամորթ, պստիկ ու մեծ, փափուկ մարմինների արձակած մլավոցն ու կաղկանձը, ցավից սրընթաց, պատեպատ, տեղից տեղ նետվելու աղմուկն ու թշնամու ոտնաձայները շփոթում էինք, չէինք կարողանում տարորոշել:
Գիշերվա հետ հարավից ու հյուսիսից փչող քամին ծեծում, շրխկացնում ու ճռռացնում էր հարյուրավոր տների բաց ու փակ դռներն ու լուսամուտները, ինչքան էլ մենք գիտեինք, որ հիմա թիկունքում շրխկալու է դուռն ու լուսամուտը, այնուամենայնիվ, վեր էինք թռչում, ձայնը կրկնակի էր դառնում, որովհետեւ մի անգամ էլ մեր ներսում էր պայթում, ու գիշերը, փշրված ապակու նման, թափվում էր մեր ոտքերի տակ, որի վրայով բոբիկ ներբաններով քայլելու պես պիտի գնայինք, լավ գիտակցելով, որ մութի մեջ, մեր շուրջը դաշույնի շեղբն էր պտտվում:
Նռան ծառն էլ էր մեզ նյարդայնացնում, գիշերվա լռության մեջ հանկարծ պայթում էր նուռը ու ճայթոցով ճղում թանձր, հարահոս մութը: Մենք գիտեինք, որ շներին ու կատուներին չի կարելի սատկացնել, դա արդեն արել էինք, երբ առաջին օրը գյուղ էինք մտել, տները խուզարկելու ժամանակ դեպի մեր կոկորդները ոստնող գամփռներին գնդակահարել էինք ու, գյուղում տարածված, անտանելի նեխահոտը մեղմելու համար, նրանց լեշերի վրա մեր զինվորական մեքենաների սոլյարկան էինք շաղ տալիս:
Քսաներորդ օրը, երբ բոլորս ոջլոտել էինք ու արեւածագի հետ պատի երկայնքով նստած` բութ մատի եղունգի վրա շապիկներիս ոջիլներն էինք ջարդում, նա էլի եկավ, հարեւան գյուղի բազայից, որ շուրթերը ճաքճքված էին ու Սերովբեին էր որոնում, ասաց. «Սերոբին այդպես էլ չգտանք, Սերոբին չե՞ք տեսել, կինն էլ երկու ամսից երեխա է ունենալու: Առաջին անգամն ինձ հետ էր եկել»: Մենք ուզում էինք, որ նա գնա, թողնի ու գնա, ապուր տվեցինք, հացը թաթախելով էր ուտում, քնատ աչքերը փակվում էին. «Դե, ես գնամ, որ տեսնեք, իմաց արեք»: Մենք ուզում էինք, որ նա գնա:
Այդ օրը, այգիների ու տափաստանի իրենց թաքստոցներից գյուղի ամայի փողոցները պայտերի տակ դմփդմփացնելով, փախուստի պահին լքված, սմբակները ջարդոտված ու մազաթափ ավանակներ, ջորիներ, պառաված ձիեր եկան: Նրանք ծարավից խելակորույս, մեր ջրի ամանների շուրջը սմբակներով հողն էին տնքոցով փորում ու ստվերների միջից գտած ամեն մի խոնավ բան ծամելով, աչքերի թացությունը խմող, կապտաթեւ ճանճերի պարսից հալածված` մեզ էին նայում ու վրնջում: Մենք հեծնում էինք ու նրանց դողդոջուն մեջքների վրա հարմար կեցվածք ընդունած, կրծքներս ուռեցրած` լուսանկարվում:
Տղաներից Շահենն ու էլի մի քանի հոգի, եկան պահակակետից ու ասացին. «Մեր գիշերատեղի դիմացի տունը պիտի հրկիզեն»: Հրամանատարն ասաց. «Չէ, այդպիսի բան անել պետք չէ: Չանեք եւ` վերջ»: Շահենը տեղի չէր տալիս. «Պետք չէ, բայց այդպես էլ դիրքի կանգնել հնարավոր չէ: Կտուրը կղմինդրից է, հենց դրանք մի թեթեւ տեղաշարժ են կատարում, կամ թեւ են թափ տալիս, ոնց որ այնտեղ մարդ ման գա: Ամբողջ գիշերը էդ է, ուղիղ մեր բազայի դիմաց. էդ տունը չպիտի մնա, կմիամտվենք, ու մի օր թշնամին կբարձրանա կտուր»:
Ես ու Կարոն միասին էինք դիրքի կանգնում ու կանանց կարոտի մասին էինք խոսում: Ասացի. «Ներսումս մեկը կա, ես նրան չեմ տեսել, բայց նրա հետ մի օր կգնամ կիսավեր տաճարը, արյան ավազանի մոտ»: Ասաց. «Նա քո զոհը կդառնա»: «Ոչ, ասացի, ոչ, նա ոչ մի փորձության չի դիմանա ու ինձ կմատնի»: Իսկ գիշերվա միջով սրընթաց չղջիկներ էին անցնում, ասաց. «Թուլու թյուն է, երակները լցնելու... թե չէ դեռ չեղածը դու ինչի՞ց ես իմանում, որ պատահելու է...»:
Հեռու մի տեղից աղմուկ էր լսվում, գնացինք ու, շունչներս պահած, տարբեր կողմերից մտանք երկհարկանի տան բանջարանոցը. սոված գամփռը հորթին էր խեղդում: Երբ ետ էինք գալիս, փշատենու սաստկացած բուրմունք էր գալիս, ասացի. «Թիկունքից չորս անգամ ձայն եմ լսել»: Լռում էինք, հետո առաջինն ինքը խոսեց. «Դա լարվածությունից է, էն մեծ գյուղը, որ մտանք, այնտեղ մտնողը ինչ ձայն ասես, որ չէր լսի: Այդպիսի բան հնարավոր չէ, քո ուղեղն է հնարել... տագնապի պահին ուղեղը սիրում է բաներ հորինել...»: Հանկարծ մութը կարմրեց` հրկիզել էին մեր գիշերատեղի դիմացի տունը, ու կղմինդրե տանիքից հարյուրավոր աղավնիներ օդ բարձրացան, գիշերվա ու կարմիր մութի մեջ նրանց թեւաբախությունն էր պայթում: Մենք վազում էինք այնտեղ, ես թիկունքից դարձյալ ձայն լսեցի ու կանգնել, չէի ուզում գնալ:
Հետո կենտրոնից հրամանատարների ու գեներալների հրամանը եկավ` գերեզմանոց չպղծել: Բայց նրանց ձայնի վրա, մեր ալիքի մեջ, մեկը միապաղաղ ձայնով, դարձյալ Սերովբեին էր որոնում: Հաջորդ օրը, նրանք` կենտրոն ժամանած ֆրանսուհի լրագրողին առած եկան, ու մենք բոլորս դուրս թափվեցինք: Սպիտակ վերնաշապիկով, ակնոցներով դեպուտատների ու նրա խոսքերը, նրա ասածները մեզ պետք չէին, հափշտակված նայում էինք նրա ճերմակ ատամնաշարին, խոնավ շուրթերին, տաք մատներին, ուսերին թափված բարակ մազերին, նուրբ ու ճկուն մեջքի ալիքվելուց, կարմիր, համարյա թափանցիկ շրջազգեստի տակ երերացող ստինքներին:
Նրա զրնգուն ծիծաղը թանձր շոգի մեջ թափվում էր մեր գլխին: Ասաց. «Թուզ տվեք», տղաները թուզ բերեցին: Ասաց. «Նուռ տվեք», տղաները նուռ քաղեցին: Ասաց. «Խնձոր տվեք», տղաները հափշտակված խնձոր բերեցին: Ասաց. «Խաղող տվեք», տղաները վազերը ճռաքաղ արին: Շիրակը ձեռքերը երկինք պարզեց, հետո գլուխը բռնեց ու նրան ասաց. «Վայ, մամա ջան, Տեր Աստված, թզի տերեւ ուզիր, թզի տերեւ ցանկացիր...», ու դեռ չէինք ծիծաղել, դեռ չհռհռացած` հասկացանք, թե մարտերը ինչ թափով, ինչ երկար, ինչ ուժեղ ու ինչ դաժան էին եղել:
Ծիծաղի ու հռհռոցի ալիքը եկել ու բացվել էր մեր անքուն, անձրեւն ու քամին տեսած, գիշերները ավտոդողի խարույկից մրոտ ված, արեւով եփված դեմքներիս վրա, ու այդ պահին էլ բոլորս տեսանք, թե ինչպես անցյալ տարի, հեռու լեռներում թշնամու գնդակից ընկած մեր ջոկատի Անդրեի ստվերը եկավ, տվեց ու մեր միջով անցավ:
Հրամանատարը տխուր էր, երբ մենակ մնացինք, դուրս եկանք քայլելու, տափաստանային խորը, անդունդն ընկած գիշերվա մեջ, մենք մեր ոտքի ձայնը ու մեր խոսքի արձագանքն էինք լսում: Հեռու, անաստղ երկինքը, մեզ համար ջրհորի վրա իջած կափարիչի փակվածության նման էր, ու մենք դրանից նեղվում էինք, եւ մեր խոսակցությունը կիսատ, կիսաբառ ու անհասկանալի էր դառնում: Ճերմակում էր գիշերը: Գյուղում ինչ֊որ տեղից կանչեց դեռ թաքնված աքաղաղը` որ մթեղեն ստվերներն ու լույսի հակակշիռ ուժերը վերադառնան իրենց տեղերը:
Մենք եկանք ու միացրինք ռադիոկայանը` շտաբից սնունդ պահանջելու համար: Ու մեկը դարձյալ միապաղաղ ձայնով, ալիքների մեջ Սերովբեին էր որոնում: Հաց ու ծխախոտ չուզած` շտապով անջատեցինք կայանը ու նստեցինք սեղանի առաջ, արդեն բոլորը քնել էին, մեր դեմը տան բազմաթիվ կանաչ ու մուգ կանաչ, մեր հոգու հետ չհամադրվող դռներն էին, որոնցից ներս մութ էր: Մենք գինի էինք խմում:
Հրամանատարի աչքերը թախծոտ ու անքուն էին, գիշերը ջրհորի նման մութ էր ու խորը, ասաց. «Մենք հասանք երազների հովիտ, դու ի՞նչ ես կարծում, արդեն հասե՞լ ենք»: Կրկին մեր խոսակցությունը չէր ստացվում, ու մենք գինին էինք ավելացնում: Ես դարձյալ թիկունքից ձայն լսեցի: Գյուղում ինչ֊որ տեղից կանչեց դեռ թաքնված աքաղաղը: Լուսանում էր, արդեն չորրորդ օրն էր` մենք հրկիզել էինք մեր դիմացի կղմինդրե տունը, իսկ աղավնիները չորս օր է երկնքից կախված, առանց վայրէջքի, շրջապտույտ ու շրջապտույտ պտտվում էին նրա վրա: