Levon Khechoyan

Հանգստյան շաբաթ

Շաբաթ օրը լրացավ մեկ տարին, երբ Սարգիսը կերավ Աստվածաշունչը։

«Արմյան, արմյան», կաթսայատան առաջ կանգնած, գոռում էր Միտկան։ Ասաց․ «Յուլկան է եկել»։ Ասի․ «Արձակման թերթիկ ունեմ, պիտի քաղաք հասնեմ»։ «Շտապում ես, զինվոր, դու չգիտես չէ՞, թե ով է Յուլկան»։ Ասաց․ «Վերջացրու, մարդավարի խոսենք»։ Ես դարձյալ սապոգի քթով քանդում էի պնդացած ձյունը ու նյարդայնացնում Միտկային։ Ասի․ «Չէ, չեմ ճանաչում»։ «Հենց հարցն էլ դա է, որ չգիտես։ Գնանք ներս, կիմանաս»։ «Այսօր մի տարին լրանում է, ինչ Մարգարը պառկած է հիվանդանոցում, նրան պիտի տեսնեմ։ Նրա մոտ գնալ է պետք»։ «Բարեկամ, քանի անգամ փող ես պարտք վերցրել, ծխախոտ ես ուզել, ճիշտ է, քո փողով, բայց չեմ մերժել, քաղաքից բերել հասցրել եմ։ Դե վերջացրու, բոլ է քեզ անհասկացողի տեղ դնես…»։

Մի քիչ պինդ հարվածից ձյունը շաղ էր գալիս, հասնում Միտկայի ծնկներին, ու նա զայրանում էր․ «Գիտես ինչ, Յուլկան մեզ հյուր է եկել, պատահում էր հատակը կլվայինք կամ ապրանք կդատարկեինք, Յուլկան մեզ օղի կտար։ Մինչեւ բռնվելը Յուլյաննա Վասիլեւնան N2 խանութի վարիչն էր։ Թե հնար լիներ, մենք էլ նրան չէինք մերժի։ Արի, դու քաղաք մի գնա, լավ էլ չեֆիր ունենք, տղաները խոմ չեֆիր չեն սարքել։ Յուլկային էլ հասկանալ է պետք։ Լավ իմացիր, թե հնար լիներ, քեզ էսքան թախանձագին չէինք խնդրի»։

Ներսում կաթսաները կարմրտակած վառվում էին, էլի երկուսը սեղանի վրա ապխտած ձուկ էին մաքրում, Յուլկան էլ այնտեղ էր ու ինձ ժպտաց։ Միտկան մեզ ասաց․ «Դուք գնացեք բաղնիք, դուրս գաք կխմեք, օղին Յուլյաննա Վասիլեւնան է բերել, օղին բոլ է»։ Կաթսայատան օդը ֆոսֆորահոտ էր, ես չեֆիր ուզեցի, Յուլկան դարձյալ ինձ ժպտաց։ Միտկան ասաց․ «Չէ, հիմա չէ, դուրս գաք, նոր»։ Մյուսները պնդեցին․ «Թող խմի, երակները լայնանան»։ Ես կում֊կում էի խմում, Միտկան ստիպում էր, որ միանգամից խմեմ, մյուսները նրան միջամտում էին։ Միտկան ասաց․ «Չե՞ք զգում, որ մուկ ու կատու է խաղում»։ Հետո կաթսայատան աղմուկի մեջ մեր հետեւից ինձ գոռաց․ «Բարեկամ, դու քեզ չխնայես»։

Դառնահամ թեյի թանձրությունը կանգնել էր կոկորդիս, ոչ կարողանում էի կուլ տալ, ոչ էլ որոշել, թե որտեղից է գալիս Միտկայի ձայնը։ Կաթսայատան բաղնիքը փայտյա ճաղերով էր սարքած, ու դրսից` սեղանի մոտ խմողները, եթե ցանկանային, մեզ կտեսնեին։ Մերկանում էինք ու համարյա իրար չէինք նայում։ Հետո Յուլկան ձեռքը երկարեց, ասաց․ «Արի»։

Ցնցուղից արդեն ջուրը թափվում էր։ Ասաց․ «Մի վախենա, արի»։ Ցնցուղի ջուրը ընդհատ֊ընդհատ հուժկու խփվում էր սալերին ու ցփնվում։ Կաթսայատան շարժիչների հռնդյունից տատանվում էր տաք ու խոնավ օդը։ Փորը, պորտից մի քիչ ներքեւ, հորիզոնական կտրված էր, սպին ծանոթ մեկին էր նման։ Ասաց․ «Դրանից մի վախենա, կեսարյան հատում է, կանանց հետ դա պատահում է»։ Ձեռքդ տուր, դնենք վրեն, ծիտ կամ լոր բռնելու նման ափդ դիր ու կտեսնես, որ վախենալու բան չկա, սովորական կտրվածք է։ Մարդ` գորտ, մուկ, օձ էլ բռնում ու չի սար սափում։ Տուր ձեռդ, մատներով միասին շոշափենք, կհամոզվես, որ վանող ոչինչ էլ չկա։ Դու զինվոր ես, սպին ի՞նչ է, որ սպիից սարսափում ես»։

«Մարգարը հիվանդանոցում է, արդեն մի տարի է, այսօր նրան պիտի տեսնեմ»։ «Զինվոր, հիմա չէ, վաղը կհասցնես նրան տեսնել։ Ինձ թվում է, դա պատճառ է, դու կտրվածքից ես վախենում։ Պատահե՞լ է երեխա ժամանակ երդիկից իջած արեւի շողքին սենյակում հետապնդես։ Հաստատապես պատահած կլինի։ Տուր ձեռդ, շողքի հետ խաղալու պես հպվենք ու ափիդ տակ ջերմություն կզգաս»։ «Մարգարի հետ մեր երկրից տասնյոթ օր գնացքով միասին ենք եկել։ Հետո Աստվածաշունչը կերավ ու նրան տարան հոգեբուժարան»։

«Ապուշ։ Ինձ թվում է` կատարյալ ապուշ ես, տղաները սկզբից ինձ հայտնեցին, որ քեզ մոտ ինչ֊որ բան այն չէ, չէի հավատում։ Մի հատ խելքիդ զոռ տուր, ինչպե՞ս թե Աստվածաշունչը կերավ, նորմալ մարդը Աստվածաշունչը կուտի՞»։ «Չի ուտի, բայց Մարգարը զենք չէր վերցնում ձեռքը, դրա համար դասակի հրամանատարը չարչարում էր նրան։ Գիշերները զուգարաններն էր մաքրել տալիս, օրը մի անգամ էին կերակրում, ու նա անքնությունից ու սովից ճոճվելով էր ման գալիս»։ Ասաց․ «Ինչպես կարող է պատահել, Մարգարին ոչ ոք չէր օգնու՞մ»։ «Դասակի հրամանատարը բոլորին խոստացել էր, որ մի ամսում Աստծո գաղափարը կճզմի Մարգարի մեջ, ու նա, կանոնադրությանը վայել, զենքը ձեռքին, կընդունի զինվորական երդումը»։ «Թող դու խորհուրդ տայիր, Մարգարին ասեիր` զենքը վերցնի»։ «Գիշերը դասակի հրամանատարը արթնացրեց ինձ, տարավ լենինյան սենյակ, կանգնեցրեց անքնությունից ուժասպառ Մարգարի առաջ, նրան ասաց․ «Հայրենակցիդ մի անգամ ապտակիր եւ կգնաս քնելու»։

Երբ նրա հարվածից ընկա, հրամանատարը ասաց․ «Բարձրացիր, բարձրացիր նրա վրա»։ Նա սապոգներով տրորում էր։ Հրամանատարը կապույտ աչքեր ուներ, Մարգարը` կարմիր։ Ասում էր․ «Էլի, էլի», ու Մարգարը չէր կանգնում։ Հետո նրանք իրար կողք նստած ծխում էին։ Ձկան պահածո էլ կերան, մինչեւ շտապօգնությունը եկավ ինձ տանելու։ Դասակի հրամանատարը առավոտյան զանգել էր հոսպիտալ, հետո Մարգարին ասել․ «Քիչ էր մնացել հայրենակցիդ սպանեիր, ուղեղի ցնցում ունի, համ էլ ոտիդ տակ կողերն ես ջարդել»։ Մարգարը լուրն առնելուն պես Աստվածաշունչն էր կերել, որ իր մեջ մտած չարին դուրս քշի»։ Յուլյան ասաց․ «Տհաճ պատմություն, մորդ առաջնեկն ե՞ս»։ «Մոտավորապես։ Եղբայր եմ ունեցել, կեսարյան հատումից մահացել է, հետո ես եմ ծնվել»։ «Համարյա մորդ հասակին եմ, լավ որ հաշվարկենք, հասակակիցներ դուրս կգանք։ Հավատա ինձ։ Քոռանամ` դու մեղք չունես Մարգարի հոգեբուժարան տանելու հարցում։ Հետո մենք շորերներս էինք հագնում, ու ես նայում էի Յուլկայի դեռեւս չծածկված,կապտավուն սպիով կտրված փորին։ Ասի․ «Ինձ հետ էլի բան է պատահել»,֊ ու չէի ուզում խոսել։ «Ի՞նչ», երկու անգամ հարցրեց Յուլկան։ «Մարգարին հոգեբուժարան տանելու օրվանից միեւնույն երազն եմ տեսնում, մի մարմին է վազում, իմ նմանակը, զանգակը վզից կախված։ Մարմինը վազում է, եկեղեցական զանգակի ձայնը աստիճա նաբար ուժեղանալով, հպվում է ինձ, ու այդ պահին երազախաբ եմ լինում։

Պատկերացնո՞ւմ ես, կանացի կամ սեքսուալ ոչ մի պատկեր չկա երազումս, իսկ ծանրացած մարմնիս մեջ արթնանում է պտուղը»։ Յուլյան մի քանի անգամ Միտկային գոռաց․ «Եզ»։ Միտկան մեզ ճաղերի արանքից ծխախոտ տվեց։ Կիսամերկ նստած ծխում էինք, խոնավությունը խանգարում էր, ծուխը առատ չէր։ «Դու մորդ կհավատաի՞ր», ասաց Յուլկան։ Ես ուզում էի, որ Յուլկան չծածկի կապտավուն սպիով փորը։ Ասաց․ «Դե, իհարկե, կհավատաիր։ Ուրեմն ինձ էլ վստահիր, դու մեղք չունես…»։

Ես նայում էի Յուլյայի դեռեւս չծածկված կապտավուն սպիով կտրված փորին ու չէի ուզում, որ ծածկի։ Ասի․«Աշխարհում Մարգարը միայնակ էր ու Աստծո հետ, Մարգարը որբանոցից էր զորակոչվել»։ Յուլյան հագնվում էր, ես էլ էի հագնվում ու չէի ուզում, որ նա հագնվի։ Բաղնիքից դուրս եկանք։ Միտկան Յուլյայից հարց ու փորձ արեց։ Յուլկան ասաց․ «Գոհ է», ասաց․ «Ամեն ինչ կարգին է»։ Ես Միտկային չէի նայում, նա հասկացել էր ու չէր ուզում ինձ օղի տալ։ Ասաց․ «Տղերք, չի խանգարի, եթե սրա քիթ֊մռութը ջարդենք»։ Մյուսներն էլ չէին ուզում, որ ես իրենց հետ մնամ, անընդհատ իրար իմ դեմ էին հրահրում։

Յուլկան նրանց ասաց․ «Իզուր»։ Հետո մենք թափով խմեցինք, ու ես հարբել էի, համարյա հարբել էի։ Ասի․ «Պիտի քաղաք գնամ, պիտի հոգեբուժարան հասնեմ»։ Ասին․ «Հարբած ես, քեզ չի կարելի, պարեկները կբռնեն»։ Յուլկան ասաց․ «Իրոք, նա պիտի գնա։ Մարգարին դուք չգիտեք։ Նրանք Մարգարի հետ տասնյոթ օր գնացքով միասին են եկել»։

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphonic Images
Ghazaros Saryan

Symphonic Images

Man and City
Man and City
Play Online