Ler Kamsar

Պատմություն 1918 թվի Կովկասյան անցքերու

Համառոտագրություն.-Կովկասյան ազգերու փոխհարաբերությունները.- Սիրահարությունը քաղաքականության մեջ.-Քուն և երազ.- Թե ինչպես տաճիկը բարև կուտա կովկասյան կառավարությանը և թե ինչպես կովկասյան կառավարությունը աչքը առաստաղը կձգե` չիմանալով ինչ պատասխանել.- Տաճիկը կըսե. “Երզնկան տուր”, սեյմը կըսե. “չեմ տար”.- Տաճիկը սուրը կհանե - Կովկասը Երզնկան կուտա.- Դարձյալ, թե ինչպես Տաճիկը Մամախաթունը կուզե.- Թե ինչպես Կովկասը չի տար. Ինչպես հետո կուտա.- Տաճիկը Կարինը կուզե.- Կովկասը չի տար.- Ետքեն կուտա.- Տաճիկը Ղարս, Բաթում և Արդահան կուզե. -Կովկասը ոչ մեկն ալ չի տար.-Ետքեն բոլորն ալ կուտա. -Կովկասյան եղբայրները իրենց կարողութենեն հուսահատ՝ օժիտով աղջիկ կփնտրեն, -Հայաստանը կարգով կսիրե ու կատե բոլոր համաձայնողականները.- Հայկական պատվիրակությունը Ահարոնյանի առաջնորդությամբ Փարիզ տնփեսա կերթա.- Թե ինչպես Ամերիկան հույս և կաթ կուտա մանուկ Հայաստանին։

Մասն առաջին

Ընդհանուր ակնարկ

Կովկասը, որ խոշոր բնակարան մըն, է, կպատկաներ Ռուսիու, որը տված էր հայ, թուրք և վրացի եղբայրներուն վարձու։ 1918 թվին, երբ Ռուսիա իր կինը մտաբերելով քաշվեցավ, վարձվորները տարի մը ամբողջ տիրոջ սպասելե զկնի, երբ տեսան չի գար, երեք եղբայրները ինքզինքին տեր հռչակեցին տանը ու դադրեցան վարձք վճարել։ Ասկե տարի մը վերջ ալ անհամաձայնություն ծագեցավ մեջերնին ու ինքնորոշվելով բաժնվեցան։ Հայաստանը արհեստով վաճառական էր, Վրաստանը՝կանդուկտոր”, իսկ Ադրբեջանը՝ մսագործ։

Այս ատենները հեռավոր Եվրոպիո մեջ երկու գերդաստան կապրեին` համաձայնականներ և զինակիցներ ազգանուններով։ Այս գերդաստանները կատեին զիրար և չորս տարիե ի վեր գնդակ կնետեին իրարու։ Մեծ եղբայրը` Հայաստանը, ի հնուց անտի կսիրեր համաձայնության աղջիկներեն մեկուն` ծովերի թագուհի Անգլիո ու մինչև այս շրջանին ալ կշարունակեր սիրել մանկական ջինջ սիրով մը։ Անպատասխան մնալով սիրո մեջ սակայն, իր սիրտը ոտանավորներու և արձակներու մեջ կզեղեր։

Բաթումի բանակցություններուն Վրաստանն ու Գերմանիան իրար հետ ժպիտի մը փոխանակություն ունեցան։ Հետո միայն սերը խորանալով, Վրաստանն ինքզինքը զսպել չկրցավ և տուն դառնալով, Գերմանիան իր քով կանչեց ու ինկավ անոր գիրկը։ Մյուս եղբայր` Ադրբեջանը, ճիշտը խոսած, դեռ արբունքի հասած չէր, բայց տեսնելով, որ իր երկու եղբայրները առանձին տուն տեղ դառնալու վրա կխորհին, ինքն ալ Գերմանիո կառապան Տաճիկին գիրկն ինկավ, որ այդ թվին Գերմանիո պայուսակը շալակած անոր ետևեն կերթար։ Ադրբեջանը ամենեն ուշն սկսավ, բայց ամենեն շուտ տեղ հասավ իր նպատակներուն մեջ։ Ալ այնուհետև ամեն գիշեր Տաճկին հետ միասին է՛ին. մերթ պարտեզին դռնակեն ներս կառներ Կովկաս, մերթ պատուհանեն կքաշեր։

Այս բանը պիտի ըսեմ, բնավ Հայաստանին սրտովը չէր։

Այս կերպ, թեպետև ամեն ոք իր սրտին մեջ կսիրեր մեկ ուրիշը, բայց եղբայրները իրար հանդիպելով անանկ կցուցնեին, որպես թե զիրար միայն կսիրեն, և մեկին պատահած վնասը բոլորին կհաշվեն։

Սակայն հետագա դեպքերը եկան պարզելու այս կեղծիքը։

Տաճիկը կհազա

Մենք գիտենք, որ մինչև 1918 թիվը Ռուսիա` Ադրբեջանը տուն թողնելով՝ իր հետն առած Վրաստանն ու Հայաստանը, կռվի մեջ էր մտեր Տաճիկի հետ Կովկասին սահմաններուն վրա` երբ առտու մը հանկարծ Ռուսիա բոլշևիկ դարձավ ու գնաց տուն հանգստանալու։

Երբ որ Ռուսը քաշվեցավ, անոր ետևեն Վրացին ու Հայն ալ կպատրաստվեին մեկնիլ տուն։ Այս տեսնելով, բանակին հրամանատար Նազարբեկյանը հայուն թևեն քաշեց, մեկդի տարավ ու այսպես ըսավ անոր.

-Բարեկամ, ի՞նչ կընես, մեր վիճակն ուրիշ է, Ռուսինը` ուրիշ։ Ո՞ւր կերթաս, ճակատը մերկացնես նե` Տաճիկը կուգա կմորթե քեզի, չէ՞։

-Ճշմարիտ կզրուցես, Ձերդ գերազանցություն, ամմա, դե, հոգներ եմ, կուզեմ անգամ մը տունը հանդիպել։ Տաճիկը կուգա նե` ըսե թող քիչ մը սպասե, ես ահավասիկ դպնամ տուն ու դառնամ կռվեմ։

Այս ըսելով հայ զինվորը վերցուց պարկ մը, մտավ Ռուսին թողած պահեստը, աղեկ մը լեցուց շաքարով, ապուխտով, կոշիկով, ճերմակեղենով, վրաններով, հրացաններով, շինելներով, կռնակն արավ ու տուն գնաց։ Ճակատը մերկացավ։

Տաճիկը, որ մինչ այդ Ռուսին հարվածներուն տակ խելակորույս կփախչեր, հանկարծ, հարվածներու դադարում նկատելով կռնակին` մեջքն ուղղեց, ետև նայեցավ, թե ինչո՞ւ չեն ծեծեր իրեն։ Տեսավ` մարդ չկա։ Անոր հետախույզները առաջացան` դարձյալ մարդ չկա։ Բարձր հազաց Տաճիկը` ոչ մեկ ձայն չեղավ ու ներս մտնել կուզեր, բայց ինքնագլուխ մտնելը քաղաքավարության դեմ համարելով` դուռը զարկավ ու հարցուց Կովկասի կառավարությանը, թե կարելի՞ է մտնել։

-Երկու շաբաթ ժամանակ տուր, մերկ եմ, մինչև ծածկվիմ,-պատասխանեց Կովկասյան կառավարությունը ներսեն։

Եվ ժողովի նստան կովկասյան եղբայրները Թիֆլիսիսն մեջ, թե ինչպես ընեն, որ առանց կռվելու հաղթեն Տաճկին։

Մենք թողունք Տաճկին Երզնկայի դռան վրա, թող քիչ մը ծեծե ու դառնանք Թիֆլիս։

Ժողով

Դահլիճին մեջ սմքած նստած է Հայաստանը. դանակ զարնես` պուտ այրուն չի կաթեր։ Վրաստանը երկու միտքի մեջ ընկղմեր անդադար կերթևեկե. իսկ Ադրբեջանին վարի շուրթերը կդողան ժպիտեն։

Հայաստանն ու Վրաստանը կուզեն բան մը ըսել իրարու, բայց կնայեն Ադրբեջանին ու կքաշվեն ըսելու։ Վերջապես, Հայաստանը դարձավ Վրաստանին.

-Տղա՛, ի՞նչ կխորհիս, ի՞նչ ընենք։

-Չեմ գիտեր, ես ալ շաշմիշ եմ եղեր,-պատասխանեց Վրաստանը։

-Դո՞ւն ինչ կմտածես, -դարձավ Հայաստանը Ադրբեջանին։

-Դուք ինչ` ես ալ այն, մենք բոլորս մեկ տան զավակներ ենք,- ըսավ Ադրբեջանը շրթունքները կծելով։

-Մենք կկռվինք, -վրա բերավ Հայաստանը փորձող հայացք մը նետելով անոր երեսն ի վեր, իսկ դո՞ւն...

-Ես ալ կկռվեի, եթե զենք գործածել գիտնայի, կյանքիս մեջ բնավ զենք չեմ առեր ձեռքս։ Վախնամ գնդակը պարպելուս սխալմամբ քեզի առնե, ինչու որ նշան չեմ բռնիր։

(Ադրբեջանին ենթադրությունը իրականացավ վերջեն. ինչքան որ հրացանը Տաճիկին բռնեց` միշտ Հայուն դպավ)։

Վրաստանն ու Հայաստանը հոս առաջին անգամ զգացին, որ մենակ են։

Հայաստանը դարձյալ հոգ չպիտի ըներ, եթե միայն Վրաստանին վրա հույս ունենար։ Ան գիտեր իր եղբոր հեղհեղուկ բնությունը. գիտեր, որ տունեն մինչև եկեղեցի հասնելը տասը տեսակ Աստծո երկրպագել գիտեր, որ անոր սկզբունքները արևածաղկին նման երեսն արևին կպտտեր։

Բայց կռվեն զատ ուրիշ ելք չուներ. ուստի ջղային շարժումով մը ոտքի ելավ, կռուփը սեղմեց ու սեղանին զարնելով գոչեց.

-Ես կկռվեմ մինչև արյանս վերջին կաթիլը։

-Էհ, քանի մը կաթիլ ալ ես կկռվեմ...

-Ուրեմն, կռիվ,-վճռաբար գոչեց Հայաստանը։

-Կռիվ, այո... տեսակ մը կռիվ,-կմկմաց Վրաստանն ու պատրաստության անցավ։

Հայաստանը պոռաց իր ժամկոչ Ավետիս Ահարոնյանին «Ահազանգը» տալ, որուն չվանին ծայրերեն բռնած էր արդեն ու կսպասեր։ Հնչեց «Ահազանգը», հայությունը թունդ առավ, ճակատ մնացած զինվորները տուն վազեցին ու սկսեցին բոլոր եռանդով... հանգստանալ. սպաները քաղաք խուժեցին և օրիորդներու թևերը մտան, հայտարարվեցավ ամենայն ինչ զորքի համար։ Այս հրամանի զորությամբ առուտուրն ու վաճառականությունը զորքի ձեռքն անցավ և ռուսին պահեստները հրապարակ թափվելով` սկսեցին վաճառվել։ Զինվորները ապրանքները ճակատեն տուն կկրեին կնիկներուն պահ կուտային ու վերստին ճակատ կդառնային՝ երգելով.

Արշավենք եղբայրք, դեպի Տաճկաստան,

Ջարդենք թյուրքերին, փրկենք Հայաստան...

Պարզելու համար, թե ինչպես կարշավեին հայ զինվորները Տաճկաստան, կջարդեին թյուրքերին, կփրկեին Հայաստան` բերեմ ականատեսի մը սույն պատմությունը։

-Մեր սենյակին միակ պատուհանը մեծ փողոցին կնայի. գիշերները ծեր հայրս ճիշտ պատուհանին տակը կպառկի, մենք մահճակալ չունենք։ Կես գիշերին անկողնիս մեջ լսեցի մեր զինվորներու անցնելը։ Պատուհանին քով վազեցի գիտնալու համար, ճակատե՞ն կդառնան, թե՞ ճակատը կերթան։

Վազելուս անզգուշությամբ կոխեր էի մեծ հորս ոտները։ Ծերունին դառնացած պոռաց վերմակին տակեն.

-Գետի՛նն անցնիս դուն, գիտնալու համար, թե ուր կերթան, մի՞թե աչքով տեսնելու պետք կա. տեղդ հանգիստ պառկե, -ավելացուց հայրս ձայնը մեղմելով, -ու մտիկ ըրե, եթե զինվորները քաջ-քաջ կքալեն ու կերգեն, ատիկա նշան է, թե տուներնին կերթան, եթե լուռ են ու երերուն` ճակատը կերթան։

Զինվորները քաջ-քաջ կքալեին ու ռազմական երգեր կերգեին, բայց ոչ ճակատն էր երթալիք տեղը, ոչ ալ անկե կվերադառնային։ Վերջեն հասկցա, որ բաղնիք կերթային։



Մասներկրորդ

Ռազմամթերք

Հայ ազգը խաղաղասեր, հեզաբարո և կուլտուրական ազգ մըն է։ Կհիշե՞ք ինչպես Հայկ նահապետը չդիմանալով Բել բռնավորին արարքներուն. զատվեցավ անկե, չվեց դեպի հյուսիս և խաղաղ ապրեցավ։ Հայը կատե կռիվը և բոլոր կռվի գործիքները, ուստի և տեսնելու էր, թե ինտոր ռազմին համար սահմանյալ գործիքները ծառայեցուց խաղաղ կենցաղին։

Այսպես` քաղաքներուն մեջ կանայք սկսան «շինելով» շրջել, առանց իրենց սիրող սրտերը մազ մը իսկ կոշտացնելու։ «Պալատկաներ» թարգմանվեցին շրջազգեստի։ Գյուղերու մեջ բանջարաքաղ կանանց հույլը կազմ զորաբանակ պիտի կարծվեր, եթե միայն գլուխներու լաչակը չըլլար։ Իբրև կենցաղական գիծ, բոլոր նորափեսաներ իրենց հարսնացուներուն ընծա զինվորական կոշիկ պիտի տանեին, անանկ, որ 1918 թվեն ասդին ամուսնացող աղջիկները կազմեցին կոշկավորներու դաս, բռնելով անհետացող տրեխավորներու դասին տեղը։ Ժամանակին դերձակներն ու կոշկակարները աչք չէին բանար «շինելեն» պալտո, ու «բատինկաեն» կոշիկ շինելեն։ Կունարկները, մոխրանոցներն ու փողոցները տեսնող մը ի տես անհամար պայտատեղերու, պիտի կարծեր, թե հոս զինվորներու լեգեոն մը կապրի։ «Կատյոլները» դարձան որպես չափ՝ կաթ ու մածուն ծախելու և կնքաճաշ պատրաստելու համար։ Սվինները շամփուրներու ծառայեցվեցան, հրացանները սկսեցին գործածել միայն հարսանյաց հանդեսներու և Տյառնընդառաջի տոներուն, երբ յուրաքանչյուր հրացանակիր աստվածահաճո գործ մը կատարելու համար գնդակ կարձակեր օդին մեջ, նայած քաջության, հարյուրեն մինչև հինգ հարյուր։

1918 թվի Տռայնընդառաջին Երևան քաղաքին մեջ, մինչև ինը հարյուր գնդակ արձակողները որպես փաստ կարձանագրեն ժամանակի պատմիչները։

Ասկե զատ ջրամանները օղիի գործածվեցան. իսկ դիրքը փորելու սահմանված բահ ու բրիչները շաղգամի ու գետնախնձորի գուբեր փորելու ելան։

Ժամանակի մարդիկ այսպես կխոսեին իրարու հետ։

-Մինա՛ս, կնիկ-տղաս քեզ ամանաթ, կոշիկս ծակվեր է, երթամ զինվոր գրվեմ, կոշիկ մը հագնեմ գամ։

-Սարգիս, վերարկուդ շատ է հինցեր։

-Ի՞նչ ընեմ իրավափառ, հիվանդ եմ, գացի զինվորագրվելու, չառին։

Կամ թե.

-Համբարձում, ե՞րբ գամ, սանկ չորս փթի մը շաքար տանիմ։

-Սաքո ջան, այս տարի պահեստը իմ ձեռքը չէ։

Ահա այսպես էր քաղաքական դրությունը, երբ Հայաստանը զորահավաք հայտարարեց։

Կայենին զոհը

Լուսավորյալ և պատվավոր երկրներու մեջ, երբ ազգ մը վտանգի մեջ է, անոր հասարակաց կարծիքը կպոռա՝ «Հայրենիքը զոհ կպահանջե»։ Եվ զոհին սեղանին վրա կդնե իր անդամներեն ամենեն պիտանին, կրթվածը, ձեռներեցն ու հասկացողը։ Մեկ խոսքով Աբելի նման կընտրե իր ոչխարներեն ընտիրները` կզոհե հայրենիքին աստծուն։ Սակայն, մեզ մոտ այդպես չեղավ։

Նախկին կռվող, փորձ ունեցող մարդիկ պահեստապետներ կարգվեցան, կուսակցական շեֆերը կամ ազգային խորհրդո անդամներ ընտրվեցան կամ կոմիսար։ Կարող զինվորականները շտաբները լեցվեցան. բոլոր ինտելիգենտները ազգային խորհրդի կամ այլ զորահավաք մարմիններու մեջ մտան, որպես գրագիր, թղթատար և բարապան։

Ով որ օձիք մը ուներ վզին անցուցած, զորական ատյանին դիմելով ոչ թե հրացան կխնդրեր կռվելու-մեռնելու, այլ պաշտոն մը` ապրելու և հարստանալու համար։ Երիտասարդաց ծոցի գրպանները ուռած էին ամեն տարիքի վկայականներով, ազատականներով և ծննդականներով։ Այդ շրջանին կարելի չէր գտնել 20-30 տարիք ունեցող մեկ մը Հայաստանին մեջ։ Ժողովրդյան կեսը բարձրացեր 40-ի վրա էր թառեր, մյուս կեսը խռնվեր էր 19 տարու շեմքին ու կվախնար ոտքը 20-ին մեջ դնել։ Ու հայությունը ձևափոխվեցավ ծերերե ու մանուկներե բաղկացյալ ազգի մը, և արբունքի հասած օրիորդները երիտասարդ մը չէին գտներ ամուսնանալու համար։

Զորահավաք մարմինները կշատնային միայն ազգային գործունեությամբ։ Ամեն առտու ազդերը փողոցին մեջ աջ ու ձախ պատին` զինվոր կպահանջեին, բայց կմնային ձայն բարբառո ի վերա պատի։ Անհամար ազդերու պատճառով Երևանի և Ալեքսանդրապոլի փողոցներու պատերը մինչև այսօր իրենց վրա կկրեն թուղթերու հետքերը և կնմանին անլվա երեսներու։

Թեև խոսքեն քանի մը անգամ գործի անցվեցավ, ցանկացան բռնի զորք ղրկել ճակատ, սակայն այդ զորահավաքը ավելի նմանվեցավ ճանճ բռնելուն։ Մաս մը բռնելուն կթռնեին, մաս մը մատներու արանքեն կճողոպրեին. մնացյալներն ալ` կես ճամփին։

Սա պես կնկարագրե սա զորահավաքը ականատես մը։

-Եթե ազգային խորհուրդը իր առաջին կոչեն անմիջապես ետքը սկսեր զորահավաքը` ես երեսուն տարեկան էի ու իսկական զինվոր, բայց որովհետև ըսելուն և ընելուն մեջ տարի մը անցավ, հիմա ես 31 տարեկան եմ ու զինվորութենե ազատ։ Այս ընթացքով հուսով եմ, որ պիտի ազատվի նաև եղբայրս, որ քսանյոթ տարու է և թերևս որդիս, որ 8 տարկան է։

Այսպես կընթանային պատրաստությունները Կովկասին մեջ, երբ առաջին պայմանաժամը լրացավ ու Տաճիկը զարկավ Երզնկային դուռը։

Զինադադար

Մենք նախորդ գլուխներեն տեսանք, թե ինչպես Ռուսը քաշվեցավ ու Տաճիկը ետ դարձավ, ինչպես հայ զինվորները երգեցին «Արշավենք եղբայրք, գնանք Տաճկաստան, ջարդենք թյուրքերին, փրկենք Հայաստան...» ու բաղնիք գացին, և ինչպես ժամանակակից մը անխղճորեն կոխեց պատուհանին տակ պառկած ծերունի հոր ոտները։ Այժմ տեսնենք, թե ի՞նչ պատասխանվեցավ ներսեն։

Երբ Տաճիկը դուռը զարկավ, Հայաստանը Վրաստանին երեսը նայեցավ, Վրաստանը Հայաստանին։ Երկուսն ալ անպատրաստ էին։

- Ի՞նչ կուզես, - ձայնեցին երկուսը միաձայն ներսեն։

- Ձեր ողջությունը։ Զինադադար ըրեք` գամ քիչ մը խոսինք։

- Ընենք, - պատասխանեցին Թիֆլիսեն, - համեցեք Երզնկա տեսնվենք։

Ու երկար պատերազմի ընթացքին առաջին անգամ իրար հանդիպեցան։

Կովկասյան եղբայրները, առաջին նվագ չճանաչեցին Տաճիկին. վասնզի այն չորս տարվա կռիվներուն միայն անոր կռնակն էին տեսեր և կանգիտեին այդ կռնակին տիրոջ սա դեմքն ունենալը։

- Մեր միջոցով կովկասյան դեմոկրատիան իր ողջույնը կղրկե տաճիկ դեմոկրատիային, - սկսեց Վրաստանը։

- Միայն այդքա՞ն. իսկ նորին վսեմությանը, Էնվեր փաշային ողջույն չե՞ք բերեր, -վրա տվավ Տաճիկը, պեխերը կրծելով։

- Բերեր ենք, բերեր ենք, ինչպե՞ս չէ, իշտե սա ողջույնը Էնվեր փաշային էինք բերեր, - վախցած շտկեց եղբոր խոսքը` Հայաստանն ու ավելցուց, - գիտե՞ք, ձերդ մեծություն, եղբայրս` Վրաստանը, կատարյալ երեխա է, շարունակ դեմոկրատիայի հետ կխաղա։

- Ի՞նչպես եք, աղե՞կ եք։

- Փառք տիրոջ, կապրինք, - պատասխանեց Տաճիկը մորուքը շոյելով ու զարմացական անոնց դարձավ։ - Պա՜, ուրեմն դուք այդ քի՞թն ունեիք, որ կկռվեիք մեզ հետ, բնավ երևակայած չէի, ո՜վ կկարծեր... ինչքան կնմանեք իրարու։ Մեկ հոր որդի՞ եք։ Ձեր հոր անո՞ւնը։

- Մորե խորթ ենք, հորե հալալ։ Մեր հայրը Ռուսն է։

- Ռո՞ւսը կենդանի է։

- Դեռ չէ մեռեր, բայց անդամալույծ ընկած է տունը։

- Վա՜խ, վա՜խ մրսած կըլլա։

- Այո մրսեցավ։ Գալիցիայի հաղթանակներու ատեն քրտնած պաղած եղավ։ Այնքան Ճապոնն ըսավ, թող գամ կպնեմ կռնակդ տաքցնեմ` չուզեց։ Տունն ալ մեծ է ու պատուհանները հյուսիսային։

- Իրա՞վ կըսեք։ Անանկ է նե, առնիմ Գերմանիան, Բրեստ Լիտովսկը երթանք տեսության, չըսե թե` չեկան։

- Գեշ չըլլար, - ըսավ Հայաստանը այն եղանակով, ինչ եղանակով, որ ուրիշները «գեշ կըլլա» կըսեն։

- Ձեզմե ո՞րը շատ կսիրե իր հորը։

Վրաստանն ու Ադրբեջանը, Հայաստանը մատնացույց ըրին։

- Երբ Ռուսը պառկեցավ, Հայաստանը ծածուկ տեղվանք շարունակ կուլար, աչքերը ուռած կըլլային, - ավելացուց Վրաստանը։

- Իրա՞վ... Բայց սա ձեր հասակը ինչ աղվոր է, մարդս նայելեն չի կշտանար, - ըսավ Տաճիկը։

Երբ Տաճիկը անոնց հասակին կնայեր, երեք եղբայրները նկատեցին, թե ինչպես ծռվեցավ ու իրենց ոտքերու արանքեն դիտեց իրենց զորքերու քանակը։ Ուստի անոր հայացքը դեպի վեր ուղղելու համար, սկսան արևին ու աստղերուն վրա խոսել ու հիանալ կձևացնեին լուսնյակին կաթնանման լույսին վրա։ Ասոր հակառակ, Տաճիկը սաստիկ սիրահար կցուցներ ինքզինքը դաշտերու, մարմանտներու, բլուրներու և այն կողմը կնայեր։

- Երթանք ներս, ձերդ գերազանցություն, - ճարը կտրած, ըսավ Հայաստանը։

- Չէ, շնորհակալ եմ, երթամ պիտի, ուշ է։ Ներսը թող մնա ուրիշ անգամվա։

Ու գնաց։

- Ծո, սա Տաճիկը այսքան քաղաքավարի՞ է եղեր, - դարձավ Վրաստանը եղբայրներուն, երբ Թիֆլիս կդառնային։

- Ես ալ այդ պիտի ըսեի... ինչքա՞ն սիրալիր։ Հապա կըսեին հայ կկոտորե՞, սանկ կընե, նանկ կընե։ Ծո, վա՜յ, ինչ բամբասանքներ են, է՜, - ավելացուց Ադրբեջանը հորանջելով։

Վրաստանն ալ հորանջեց։

Հայաստանն ալ։

Թիֆլիս հասնելուն երեքն ալ պառկեցան, բայց Հայաստանին քունը երկար ատեն չէր տանիր, բան մըն էր տեսեր Երզնկային մեջ, ատոր վրա կմտածեր։ Տեսակցության ատեն Վրաստանը ետևեն մոտեցավ և գաղտուկ կսմթեց Տաճիկին կողքը։ Տաճիկը ետև նայեցավ ու մտերմաբար ժպտաց։ Այս դեպքը ցավ դարձավ Հայաստանին սրտին. «թուհ, փչանաս, դու, տղա՛», կըսեր ինքն իրեն, մարդս այնքան վավաշոտ ըլլա, որ Տաճիկի մսի՞ն ալ աչք տնկե։

Այս մտածումներուն մեջ անիկա քնացավ վերջապես։ Քնացավ Հայաստանը ու երազին մեջ տեսավ Անգլիան, որ չորս տարի կուգար ու չէր գար։

Առաջին անքաղաքավարությունը

Հայաստանը սանկ ամիս մը քներ էր - չէր քներ, մեյ մըն ալ ծառան լուր բերավ, թե Տաճիկը Երզնկան առավ։

- Ինչպե՞ս ... - աչքերը ճմլելով հարցուց Հայաստանը, - մեր զորքերը չդիմադրեցի՞ն։

- Զորք չկար։ Մուրադն էր իր երեք հարյուր մարդերով։ Այնքան օգնություն պոռաց, մարդ չհասավ, անոնք ալ թողին քաշվեցան։

- Վա՜յ, գետինն անցնեք դուք... ամա երազիս Անգլիան տեսա. սուտ չէ եղեր, որ կըսեն երազին մեջ սուրբ տեսնողը արթնանալու ատեն սատանայի կհանդիպի։ Է՜, ինչևիցե, գացեք զորակոչի ազդ մալ փակցուցեք պատերուն, նայենք ինչ կըլլա։

- Պատերու վրա ալ տեղ չի մնացեր, - հայտնեցին իրեն։

- Տեղ չկա` տանիքները պարզեցեք... ավանակներ, - բարկացավ Հայաստանը, փանթալոնը վեր քաշելով։ Վրաստանը զարթնե՞ր է։

- Դեռ ոչ։

- Ձայն տվեք այդ անզգամին։

Բայց դեռ զգեստներն ամբողջ չէր հագեր, երբ Տաճիկեն նամակ մը բերին իրեն, որու բովանդակությունը այս էր.

«Ձերդ գերազանցություն, ես Երզնկան առի, բայց չար դիտավորություն մը չունիմ դեպի ձեզ։ Այն սիրալիր տեսակցությունը, որ ունեցանք ասկե ամիս մը առաջ, բնավ տարակույս չի թողուր սրտիս մեջ, որ ոչ թե Երզնկան, այլ Մամախաթունն ու Կարինն ալ եթե ուզեմ, չեք մերժի։

Ընդունեցեք խնդրեմ հարգանացս հավաստիքը` ձեր Տաճիկ»։

Այս նամակին հետևյալ պատասխանն ղրկեցավ։

«Պարո՛ն Տաճիկ, ձեր արարքը առնվազն անքաղաքավարություն է։ Ձեզ քաղաք պետք էր, թող մեզ հայտնեիք, ապա վերցնեիք, գալով Մամախաթունին ու Կարինին, պետք է ըսենք, որ այդ քաղաքները մերը չեն. մենք ալ Ռուսեն ենք փոխ առեր. հետևաբար չենք կրնար ձեզ տալ բան մը, որ մեզի չի պատկաներ։ Ընդունեք խնդրեմ, պարոն Տաճիկ, մեր հարգանաց հավաստիքը և այլն»։

Այս նամակն ղրկելեն զկնի, նորեն պառկեցավ Հայաստանը, տեսնելու համար, թե սա անիրավ Անգլիան ե՞րբ պիտի գար վերջապես։

Այս անգամ երազին մեջ տեսավ Ֆրանսիան, որ Պողոս Նուբար փաշան գրկած փաղաքուշ ձայնով մը կըսեր։

-Ի՞նչ կուզես, Պողոս, Հայաստա՞ն, անկախ Հայաստա՞ն, լավ, լավ, համբերե, քեզի անկախ Հայաստան տամ... միայն Կիլիկիան չուզե՜ս։

Կիլիկիան ա՛խկ, թո՛ւ, Կիլիկիան փիս է, Անատոլիան աղվոր է։

Երկրորդ անքաղաքավարություն

Մինչ երազին մեջ տեղի կունենար վերոհիշյալ քաղաքական անցուդարձը, Տաճիկը անդին իրականության մեջ ճամփա կկտրեր։ Անիկա հասավ ու գրավեց Մամախութուն` գործելով երկրորդ անքաղաքավարությունը։ Եվ ժամանակ չտալով Հայաստանին զարմանալու, գրեց անոր այս նամակը։

«Ձերդ գերազանցություն, պատիվ ունեցա ստանալու ձեր նամակը, որով բարեհաճած էիք հայտնել, թե Մամախաթունն ու Կարինը մերը չեն. ես գրավեցի մեկը և պիտի գրավեմ մյուսը։ Ուրախ եմ, որ ձերը չեն, վասնզի երբեք չպիտի ցանկանայի որևէ տհաճություն պատճառել ձերդ գերազանցության, գրավելով որևէ բան, որ ձեզ է սեփական։ Ռուսը եթե կհարցնե` ուր է քաղաքներս, ըսեք Տաճիկը առավ։ Ընդունեցեք հարգանացս հավաստիքը` ձեր Տաճիկ»։

Այս նամակին Կովկասը հետևյալը պատասխանեց.

«Պարո՛ն Տաճիկ, երբ նախորդ նամակին մեջ գրեր էինք թե քաղաքները մերը չեն... գիտե՞ք ինչ, ճիշտը խոսած, Ռուսը մեզի էր տվեր ի սեփականություն՝ ուրեմն այդ քաղաքները մեզ է սեփական։ Արդ, հայտնելով այդ մասին` հույս ունենք թույլ կուտաք մեզի հուսալ, որ շուտով ետ կդարձվեն ձեր կողմե թյուրիմացությամբ գրավված զույգ քաղաքները։ Ընդունեցեք, պարո՛ն Տաճիկ, հարգանացս հավաստիքը և այլն»։

Այս նամակին վրա, Տաճիկը ամենայն սիրով թույլ տվավ անոր հուսալու, որ այդ քաղաքները ետ կվերադարձվեն. միայն թե... ետ չդարձուց։

Թե ինչ պատահեցավ հետո, այդ կտեսնենք հաջորդ գլխուն մեջ։

Լուրջ պատրաստություններ կամ

Կովկասը հանաք չի սիրեր

Երբ Տաճիկը գրավեց Մամախաթունը, Հայաստանը պառկած տեղը շոշափեց` տեսնելու համար, թե տե՞ղն են արդյոք իր քաղաքները։ Տեսավ պակաս կուգա։ Վեր թռավ, լվացվեցավ, պահարանին մեջ Ռուսեն մնացած ապուխտ, կոնյակ ու կոնսերվ կար, կերավ ու հետևյալ պատրաստությանց անցավ։

Նախ ըսեմ, որ հայի մոտ երկու տարի ի վեր հյուր էր իր եղբոր որդի Արևմտահայը։ Թեև ըսողներ կան, որ ասիկա հարազատ եղբայրն է հային, բայց ոչ, ասոնք նույնն են իրար հետ, ինչ որ նահապետական դարուն Աբրահամն ու Ղովտը... Հա, անիկա դարձավ Արևմտահային և ըսավ։

-Օգնե ինձի ինչով կրնաս, Կարինը ամրացնենք միասին։

Արևմտահայը պատասխանեց։

-Ես ունիմ անթիվ խորհուրդներ, կոմիտեներ, գործադիր մարմիններ, հանձնաժողովներ, մասնաժողովներ, որբախնամներ, կուզես նե համագումար մը կազմակերպեմ ասոնցմե, թող երթան Կարին կարծիք հայտնեն։

Գեշ չըլլար, մտածեց Հայը, երբ Տաճիկը տեսնե, թե քաղաքին մեջ համագումար կա և կարծիք կհայտնվի, չպիտի ուզենա խանգարել։

Կարնո մեջ կար 600 թնդանոթ անսպառ ռումբ և Տաճիկի ունեցածեն ավելի զորք, ուզենար նե ջարդուփշուր կըներ զայն. սակայն Հայաստանին նպատակը չէր կազմեր մարմնական պատիժներով խելքի բերել հակառակորդն, այլ կրթիչ միջոցներով, նուրբ ձևերով հասկացնել իր միտքը։

Այս պատճառով հրաման տվավ բերդապահ թնդանոթային գնդին, Տաճիկի երևալուն բնավ չկրակել, այլ դատարկ թնդանոթներու բերանները շեշտակի հառել թշնամուն աչքին մեջ, որ ամչնա ու քաշվի։

Հետո, Կարնո մեջ կար անսպառ մթերք, հագուստ և ուտելիք։ Հայաստանը մտածեց ներսեր փոխադրել զանոնք, դժբախտ պարագային Տաճիկին ձեռք չիյնալու համար։ Բայց որովհետև այդ անսպառ մթերքը կրելով չէր հատնիր, ուստի խնամատարական, եղբայրական օգնության, գյուղատնտեսական, զինվորական միության, որբախնամ և այլն կոմիտեներուն՝ թվով 68 կոմիտե, շտկեց ու Կարին ղրկեց, որ այդ մթերքները տեղնուտեղը ուտեն։

Մինչդեռ Հայաստանն այս պատրաստություններով էր զբաղված, Տաճիկը Մամախաթունին մեջ դարձավ իր խոհարարին և ըսավ.

-Դուն օջախը կպցուր, կերակուրը դիր վրան, ես երթամ Կարինն գրավեմ` գամ ուտեմ։

-Կուշանաս ջանըմ, կերակուրը կպաղի, - առարկեց խոհարարը։

-Դեռ կերակուրիդ սոխը չբրդած, ես հոս եմ։



Ահավոր ճակատամարտ էրզրումի տակ

Շարժման լուրը կայծակի արագությամբ Կովկաս հասավ։ Հայաստանը թունդ ելավ, անիկա հառաջ քաշեց իր ուժերը։ Ալ մտածելու ժամանակ չէր մնացեր. մաքրեց ու կարգի բերեց իր մարմիններն ու կոմիտեները. հայտնի եղավ, որ Արևմտահայը անպատրաստ էր համագումարին, վասնզի չէ հաջողած ուղղակի, գաղտնի ընդհանուր և հավասար քվեարկությամբ ընտրություններ կատարել։

Մեր ամբողջ ուժը կբաղկանար երեք հազար զինվորներե, 68 ուտիչ մարմիններե և 600 բաղաձայն թնդանոթներե, որք կոչված էին իրենց բարոյական ազդեցությունը ի գործ դնել անկիրթ թշնամու վրա։

Դրությունը այդպես էր, երբ Տաճիկը հրաման ըրավ իր զորաց՝ առաջ շարժվելու։ Անոր ուժը կբաղկանար 300 զինվորներե, որոց կառաջնորդեին նույն թվով շվաքներ առաջնին ինկած։ Խորամանկ Տաճիկը իր հարձակման ատենները դիտմամբ երեկո էր ընտրեր, երբ շվաքները երկար կըլլան ու ահարկու։

Երբ Տաճիկը Կարնո պատին մոտեցավ, 600 թնդանոթներ մեկեն... լռեցին։ Տաճիկը զարմացավ և զարմանքը թնդանոթներու լուռ հայացքներու տակ անկարգ քրքիջի փոխվեցավ։ Տաճիկը ուշքի եկավ ու նորեն հարձակվեցավ։ Մարտը բորբոքվեցավ, երկուստեք իրար վրա խոյացան անհնարին հարվածներով։ Կռվին հաջողությունը մեր կողմն էր դարձեր, երբ արևի տաք ժամանակ հանկարծ մեր զորաց շվաքները դավաճանությամբ կռվողներու ետևն անցան։ Այս դեպքը լքումն առաջացուց մերիններին մեջ և զորքը կռնակ դարձնելով փախավ։

Տաճիկը մեր թնդանոթներու տեղատարափ լռության տակ քաղաքը մտավ։

Այս ճակատամարտին մեջ մեզմե ինկավ 0,05 զինվոր, իսկ թշնամիեն ինկան այնքան, որքան իրենք հարմար սեպեցին։



Կովկասը սկզբունքով կորոշե

կռվիլ վերջապես

Այս անցքերուն զուգընթաց կատարվեցան կարգ մը դեպքեր, որ մեծապես ամչցուցին թե՛ Հայն, և թե՛ Վրացին։ Անոնք տեսան որ Տաճիկը թեև կժպտա` բայց հանաք չի ըներ։ Տաճիկը տեսնելով, որ Կովկասը իր հետ քրիստոնեաբար կվարվի՝ մեկ քաղաքը չտված հաջորդը կպարպե, սկսավ բոլոր քաղաքները գրավել։

Այսպես կարճ ժամանակվա մեջ առանց դժվարության գրավեց Վան, Խնուս, Ալաշկերտ, Կարաքիլիսե, Երզնկա, Մամախաթուն, Կարին, Քեոփրիքոյը Հայաստանեն ու բազմաթիվ ավաններ Վրաստանեն։ Այս բավական չէ։ Տաճիկն այս վարմունքեն քաջալերված, երեսն այնքան պնդացուց, որ չբավականանալով քաղաքավարի իրեն հրամցուցած քաղաքներով, սկսեց Կովկասի բոլոր հավնած քաղաքները ուզել։

Ասոր վրա Հայն ու Վրացին բարկացած որոշում կայացուցին, ոչ մեկ քաղաք առանց կռվի չտալ։

Բայց թող ներվի ինձ ըսել` թշնամին շատ էր պնդերես։

-Լավ, - ըսավ Տաճիկը, - կռվեք ապա տվեք, ես դեմ չեմ, միայն թե անպատճառ տաք։

Այս որոշումին համաձայն Տաճիկը Բաթումին մոտեցավ, պատի մը տակ կայնեցավ, որ գնդակներեն չվնասվի, ու խնդրեց Վրաստանեն, որ շտապեն շուտ-շուտ կռվեն ու քաղաքը հանձնեն, առարկելով, թե ինքը շտապ գործ ունի անգլիական ճակտին վրա։

Վրացին վեց ժամ հերոսաբար կռվեցավ, զենքը կախեց պատեն ու ձայնեց Տաճիկին։

-Տեսա՞ր, այսպես կկռվեն։ Դե հիմա հրամմե քաղաքն առ։

-Կուզես քիչ մըն ալ կռվե, - ըսավ Տաճիկը։

-Ո՛չ, բավ է, հոդ պատին տակ կրնաք պաղիլ։ Եթե դարձյալ կռիվ կուզեք` ներս եկեք, հանգիստ օր մը նորեն կռվի կելլենք, - պատասխանեց Վրաստանը։

Թշնամին երկու հարյուր զորքով Բաթում մտավ, դուռը կողպեց, վառարանը կպցուց ու ոտները հանելով սկսեց չորցնել (ոտը ծովն էր ինկեր)։

Այս հաջողութենեն քաջալերված, Տաճիկը լուր ղրկեց Կարս` թե դուք հոդ կռվեցեք, մինչև ես Արդահանն ու Սարիղամիշն առնեմ, գամ Կարսը գրավեմ։

Այս եղանակով գրավվեցան բոլոր քաղաքները, միայն Վրաստանը սխալվելով` Օզորգեթն առանց կռվի հանձնեց, որը շտկելու համար խնդրեց Տաճիկին քաղաքեն ելլել, ինքը մտնե` քիչ մը կռվե, ապա հանձնե։

Դեպքերն այսպես ընթանալով, կարճ ատենեն Կովկասյան եղբայրները սարսափով տեսան, որ իրենց քաղաքներն ամբողջովին ձեռքե կելլեն։ Ասոր վրա մայիսի մեկին ժողով մը գումարելով, նոր տոմարին գործածությունն ընդունեցին։ Ժամանակ մըն ալ նոր տոմարով հաղթվեցին, մինչև որ եղբայրներու բաժանումով հիմնական փոփոխություն մտավ անոնց ընտանեկան դրության մեջ։

Կովկասյան եղբայրները

կբաժանվին

Ոչինչ ավելի դառն բան կա պատմաբանի մը համար, քան պատմել այն սրտառուչ անջատումն, որ տեղի ունեցավ երեք եղբարց միջև (դուք լաց մի՛ լինիք, ես շատ եմ լացեր)։

Եթե չեք մոռացեր, պատմությանս նախորդ գլուխներեն միույն մեջ ես ըսի, որ Թիֆլիսը Կովկասի դահլիճն էր, և երեք եղբայրներն ալ հավասար իրավունքներ ու ելումուտ ունեին հոն։ Ամեն երեկո հավաքված Սպիտակ դահլիճին մեջ կարծիք կհայտնեին սիրով, եղբայրաբար։

Բայց այս օրերը երկար չտևեց։

Երեկո մը, երբ Վրաստանը եղբարց հետ քաղցր ու անուշ կզրուցեր,Գերմանիան դուրս կանչեց ու բան մը փսփսաց ականջին։

Երբ վերստին դահլիճ մտավ, Վրաստանն ալ այն ասուն-խոսուն Վրաստանը չէր։ Սմքած, խոժոռ, քիթը կախ, եկավ նստեցավ սեղանին առջև և ոչ մեկ հարցի չէր պատասխաներ։

-Ի՞նչ եղավ քեզ, տղա՛, - հարցուցին Հայաստանն ու Ադրբեջանը։

-Բան չէ։ Ես կբաժանվիմ ձեզմե։

-Բաժնվե, ես աթոռս կքաշեմ դահլիճին մեկ անկյունը և ինձի համար կխորհիմ, - ըսավ Ադրբեջանը։

-Չըլլար, աս տունեն պիտի երթաք, ասիկա իմս է։

Երկու եղբայրներ, Հայաստանն ու Ադրբեջանը նշանակալից իրարու նայեցան...

-Ինչպես... տղա՛, դուն մեզ կվռնդե՞ս մեր հորենական տունեն, - դարձավ անոր Հայաստանը։

-Ինչո՞ւ վռնդեմ, կըսեմ, գացեք ձեր տուները շենցուցեք. երեքս մեկ տան մեջ... մարդ չի կրնար շապիկ անգամ փոխել։

-Ծո՛, ապերախտ, - ըսավ Հայաստանը, - աս տունը ես իմ կռնակովս եմ շիներ ողորմած հորս հետ... թո՛ւ քո երեսին, տղա՛, մեղք չկար խեղճ հորս, որ կըսեր, ասիկա անառակ որդի է, ինձի չի սիրեր, բայց վերջեն մեծ ժառանգություն պիտի ստանա. վայ, վայ, վա՛յ... լավ թող այդպես ըլլա։ Ես կերթամ, - ըսավ ու դուրս ելավ դահլիճեն։ Երբ դուրս ելավ, տեսնողներ եղան, թե ինչպես արցունքի երկու կաթիլ երևացին Հայաստանի աչքերուն մեջ։

-Դե՛, դուն ալ ելիր, - դարձավ Վրաստանն Ադրբեջանին։

-Լսե, ծո, ես քեզի չեմ խանգարեր, ես հոս ինծի համար լուռ...

-Չեմ ուզեր, պիտի ելնես։

Ու որովհետև ասիկա կհամառեր ելնել, Վրաստանը երկու ծառա կանչեց, որոնք բռնելով անոր ոտ ու գլուխեն, դուրս նետեցին Ճերմակ պալատեն։ Ադրբեջանը կպոռար.

-Այ կարդա՛շ, ախր ամոթ է, այսպես չեն ըներ։

Այս կերպ պալատը պարպելով, դուրս ելավ, դուռը կողպեց, բանալին գրպանը նետեց՝ կերթար։ Սրահին մեջ, տեսավ, կծկված էր Հայաստանը, կուլար։

-Հադե՛, քալե, շուտ գնա Երևան, ես սրահն ալ կկողպեմ, - ըսավ Վրաստանը, հրելով իր վաղեմի եղբորը։

-Անաստվա՛ծ, ախր Տաճիկն Ալեքսանդրապոլն առեր է, ճամփա չի տար, է՜, սրտիդ մեջ գութ չէ՞ մնացեր։

Ու երբ Վրաստանը դուրս կելլեր, շատերը տեսան, թե ինչպես Հայաստանը բազկատարած դեպի երկինք նայեցավ ու շուրթերը շարժեց։ Անիկա անիծեց Վրաստանին։

Նույն երեկո Վրաստանը Ճերմակ դահլիճն ավլել տվավ, ճրագը վառեց ու ինքզինքին անկախ հայտարարեց։

Ասոր վրա Ադրբեջանն ու Հայաստանն ալ իբր ժառանագություն հասած քանի մը չուլ ու փալաս ուսերուն ձգած, իրենց տներն ինքզինքնին անկախ հայտարարելու կերթային։

Պահ մը թողունք Վրաստանին իր խրախճանքներուն հետ, մենք Հայաստանին դառնանք։

Տաճիկը, որ ամբողջ ժամանակ կատակ էր ըրեր կովկասյան եղբայրներուն հետ, առանց ուշք դարձնելու անոնոց նոր տոմարին, հին տոմարով գրավել էր ողջ երկիրը։ Երզնկայեն` Ալեքսանդրապոլ էր հասեր։ Կջոկեր, հայերեն չորերը լեցնելով մարագները՝ կվառեր, իսկ թացերը կղրկեր Էրզրում` չորացնելու։ Երևան գալուն չգիտությամբ կոխեց քնած երևանցոց ոտը, որ մինչև Սարդարապատ էր երկարեր։ Երևանը քնած տեղեն վեր թռավ և չգիտությամբ դիպավ Տաճիկին դնչին և քիչ մը ցավցուց, բայց վերջեն ներողություն խնդրեց, շոյեց ցավցած տեղը, ձեռքեն բռնեց, նստեցուց երկաթուղին և Երևան բերելով` Պարսկաստան անցուց։

Ի վարձք այս բանի, Տաճիկը Հայաստանին անկախություն պարգևեց, գաղթականությունը շրջականերեն Երևան լեցուց և ըսավ հայ կառավարության.

-Հսկե ասոնց վրա, թող կամաց-կամաց մեռնին, ես երթամ Բաքու գամ` քո վարձքը հատուցանեմ...

Հայաստանը թաղեց մեռելները որքան տեղ կար, երբ այլևս տեղ չմնաց, ելավ Ավետիս Ահարոնյանը Պոլիս ղրկեց, որ գերեզմանոցի տեղ խնդրե սուլթանեն։

Ժամանակի պատմիչը սապես կգծե Հայաստանին սահմանները։ Այն տարածությունը, կըսե, որ տվավ Տաճիկը հայուն, հին ատենները թագավոր մը կնվիրեր գիշեր մը իրեն աղվոր հեքիաթ պատմող աղախնին։Եվ վասնզի դիրքը դարիվեր էր, հաճախ, երբ մայր մը իր որդին գրկած Հայաստանի մեջ կքնանար, գիշերը տղան կոծալով Տաճկաստանը կգլորվեր։

Երկարահասակ մարդիկ պառկելու ժամանակ կզգուշանային ոտներն ըստ կարելվույն մեկնիլ, վասնզի քնած տեղը տաճիկ սահմանապահները կհանեին անոնց գուլպանները։ Ծխողները գլանակին մնացորդները ծխափողեն դուրս փչելու համար երեսնին դեպի Վրաստանը շուռ կուտային, որ չըլլա թե Տաճկաստան իյնալով զինադադարի խախտումն նկատվե, որուն Տաճիկն ակնդետ կսպասեր։

Այս անկախությունը, որ Տաճիկն էր տվեր, Հայաստանը կառներ ծածուկ տեղ կնայեր ու սիրտը կխառներ։ «Բայց հոգ չէ, կմխիթարեր ինքզինքը. եթե Տերը հաջողեց, Անգլիան ինձի նոր անկախություն մը պարգևեց, ասիկա կնվիրեմ իմ հավատարիմ դաշնակից եզդիներուն։ Թող տանին, անոնք ալ անկախ ըլլան, խեղճ են»...



Ի՞նչ է սերը

Սիրո մասին բանաստեղծները կըսեն, թե մարդս մեկ անգամ կրնա սիրել, սերը մեկ է, ինչպես մահը մեկ է։ Բայց ինձի անանկ կուգա, որ այս միտքն ավելի շատ ոտանավորի հանգերը տեղ բերելու համար է ըսված` քան ճշմարտության։

Եթե չեք մոռցեր, մենք մեր պատմության սկզբին ըսինք, որ Հայաստանը կսիրեր համաձայնության աղջիկներեն՝ Անգլիո։

Բայց հիմա պիտի տեսնենք, որ Հայաստանը համաձայնության տունը մտնելով, ինչ աղջիկ տեսավ` սիրեց։ Արտաքին գեղեցկութենեն ավելի անիկա օժիտի կմիտեր. աղջիկ մը կուզեր առնիլ, որ իր հոգուն խաղաղություն բերեր, իսկ երկրին` ինքնավարություն։ Ով այս բաները տալու խոստումներ ըներ անմիջապես մատնին կհաներ` անոր մատը կանցուներ։

1914 թվին Ռուսն ըսավ, թե հայուն ինքնավարություն կուտամ։ Այս խոսքերուն վրա վեց ժամ չանցած` Պետերբուրգ հասան հայուն խնամախոսներն, ըսելու, թե` կսիրեմ քեզի։ Սակայն երբ հայուն հայտնի եղավ, թե անիկա Հայաստանը կուզե առանց հայու` ատեց զայն և ճամփա ընկավ դեպի Փարիզ։ Երբ տեսավ Ֆրանսիա Կիլիկիա կուզե` ատեց զայն ու գնաց Անգլիո առաջ ծունկ չոքելու, իսկ երբ Անգլիա Ղարաբաղն ու Լոռին իրեն չտվավ, ատեց զայն և գնաց իր խոցված սիրտն Ամերիկային բանալու։ Ամերիկան խղճաց Հայաստանին, կաթ և հույս տվավ, և ատով ալ կապրի ան մինչև օրս։



Վերջաբան

Այդ օրեն անցեր է մոտ 365 օր։ Շատ բան է փոխվեր։

Կովկասյան եղբայրներն ալ հասեր են իրենց մուրազին և ծներ մանուկ հանրապետություններ, որք տակավին չեն կնքված։

Այս երեք մանկունք իրար հետ խաղցած ատեն, հաճախ կտոր մը հողի վրա կկռվեն ու վազելով կերթան Թիֆլիս նստող եվրոպացի դաստիարակին գանգատ։ Դաստիարակը «դե՜, խելոք» կմռմռա քթին տակ ու իր հաշիվներուն կդառնա։

Հայաստանն ալ հարուստ է հիմա ու շենության կողմե կրնա մրցիլ տանուտեր Խաչոյին տանը հետ։ Այսպես Հայաստանն իր դռնեն 1400 պաշտոնյա դուրս կհանե, 400 զինվոր, 7000 կոմիսար, 8000 լիազոր, 70 մինիստր, 70 մինիստրացու, 2 աշխատավոր, 3 աշխատանքի պաշտպանության կոմիսար, գանձարանի մեջ կեռա, եփ կուգա նոր թղթադրամը, մինիստրներու սնդուկներուն մեջ կպճպճան 7 տարվա հին... հաշիվները։ Իր հովանու տակ կգտնվին հսկա «Կոոպերատիվներու միությունը», որուն մեջ թաթերը լիզելով ելումուտ կընեն հազարավոր պաշտոնյաներ։ Սուճուխը կախ-կախ, տոլմաները թիթեղներու մեջ սեր կերգեն։ Սեր, գինի, երգ՝ ահա այն ֆակտորները, որոնք անհրաժեշտ են արևելյան իմաստով պետություն կազմելու համար։


1918թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphony N3
Avet Terteryan

Symphony N3

Church Karmravor of VII century
Church Karmravor of VII century
Play Online