Ler Kamsar

Գրական շարժեր

Կոմունիստ բանաստեղծ Եղիշե Չարենցը, որ ասկե չորս ամիս առաջ օրիորդ Այվազյանին վրա մահափորձ կատարելուն համար երեք տարվա բանտարկության էր դատապարտվեր, բանտեն ազատվելու համար կուզե խելագար ձևանալ ու չի հաջողեր։ Սա շաբաթ մըն է քուն չունի. աջ կհայհոյե, ձախ կթքնե, արևելք կքանդե, արևմուտք կպղծե, անցուդարձողներուն ձևերը կկապկե, ուրիշի խոսքերը կկրկնե, ու առհասարակ ինքզինքը սաստիկ հիմար ցույց տալ կուզե։ Այս բոլորով մեկտեղ, Երևանի հոգեկան հիվանդանոցի գլխավոր բժիշկը չուզեր Չարենցին խելագարի վկայական տա` պատճառը հարցնողներուն հետևյալ պատասխանը տալով.

– Հայհոյելը, սրբություններու վրա թքնելը, պղծելը, քանդելը, կապկելը ու հիմարանալը խելագարության նշան չի կրնար սեպվիլ կոմունիստի մը համար, այլ նորմալ վիճակ և կուսակցական բարբառով «ակտիվություն» կկոչվե։ Կոմկուսակցությունը,– կավելցունե բժիշկը,– որ այսօր ամեն արտոնություն կվայելե, զրկված է դժբախտաբար խելագարվելու տեխնիքական հարմարություններե։

Ուրախալի բան։

Կնշանակե այս պետության օրոք «անկուսակցականները» ունին «հարմարություն» մը, որ կոմունիստները չունին` թող ըլլա խելագարություն։

Հարց։

Ինչո՞ւ «անկուսակցականները» չեն փորձեր օգտվել իրենց տրված սա «հարմարութենեն», ինչո՞ւ չեն խելագարվեր։ Ներկա բռնությունեն ավելի՞ն կսպասեն…

«Մահապուրծ օրագիր» 1926թ.

Մե՜ծ հաջողություն։ Չորս ամիս փնտռելեն վերջ, դատարանը գտավ վերջապես երեք բժիշկ, որք քննելով Եղիշե Չարենցին` խելագար գտան։ Չորս ամիս ամբողջ, ուրեմն, թշվառ բանաստեղծը համապատասխան բժիշկներ չգտնելուն համար, ստիպված էր խելոք մնալ…

Դատարանը վերոհիշյալ բժիշկներու քննության վրա, բեկանեց Չարենցին երեքամյա բերդարգելության վճիռը ու որոշեց երեք տարվա պարտադիր բժշկություն` Ռուսաստանի հանգստի տներեն միույն մեջ։

«Պարտադիր բժշկություն» թերմինը նորություն մը ըլլալով, բերնեբերան զանազան մեկնաբանություններ կստանա։ Շատերը այն կարծիքի են, թե «պարտադիր հիվանդություններուն» միայն կարելի է «պարտադիր բժշկություն» առաջարկել, վասնզի, կըսեն, դատարանի կամքեն անկախ սկսված հիվանդություն մը, իր կամքեն անկախ ալ, ուզած րոպեին կրնա առողջանալ։

Այսպես` ի՞նչ պիտի ընե դատարանը, պիտի պատժե՞, եթե Չարենցը անսաստելով իր որոշումը մեկ տարիեն ապաքինվե։

Իրավցնե, քիչ մը տարօրինակ է սուր ու սվիններով դատարան տանել մեկը ու վերջեն «պարտադիր բժշկություն» վճռել։ Ասիկա շատ նման է այն կատակին, զոր երբեմն ես կընեմ պզտիկիս հետ։

Հանկարծ, որպես թե սաստիկ բարկացած եմ, հոնքերս կիտած սոսկալի, աչքերս չռած զարհուրելի, ճակատս կնճռոտած անտանելի, մազերս խառնած, պիշ-պիշ նայելեն վերջ` «ես քո հոգուն մատաղ» կըսեմ ու կգրկեմ պզտիկիս…

* Այսօր Չարենցին տեսեր են ազատ, փողոցին մեջ պտտելու ժամանակ։ Երևի դատարանը երրորդ վճիռովը մը երեք տարվա պարտադիր ազատության է դատապարտեր Չարենցը…

«Մահապուրծ օրագիր» 1926թ.

Հայ բոլշևիկները Զապել Եսայանին Փարիզեն Երևան բերին, որ լծեն իրենց «շինարարությանը»։ Լծված է հիմա։ Ի՞նչ կընե` խորհրդային մարագին առջև կուտ կուտե և իրենց փառաբանող օրական երկու հոդված կածե «Երևան» թերթին մեջ, այն ժամանակ, երբ բոլոր հավերը օրական մեկ ձու միայն կածեն։

Ահա ինչ կնշանակե «ռացիոնալ կերակրումը»։

Միայն բոլշևիկները մոռցեր են ածած ձվերը բեղմնավոր դարձնելու համար` աքաղաղ մը տրամադրել իրենց հավին…

«Մահապուրծ օրագիր» 1926թ.

Պետական շենքեր կառուցող ճարտարապետները մեծ սխալ մը կգործեն, երբ նախահաշիվին մեջ այսքան տակառ ցեմենտ, այսքան գերան, այսքան կղմինդր կգրեն, մոռանալով պահանջել նաև հատ մը Վահան Թոթովենց։

Ենթադրենք ճարտարապետը քսան հատ խոշոր տուն է շիներ կամ մեծ ջրանցք մը, ի՞նչ արժեն այդ բոլորը, երբ Թոթովենց մը չունին, որ այդ մասին գրե «Խորհրդային Հայաստանին» մեջ։ Կառավարությունը խոմ տուն չի՞ շիներ բնակվելու համար, անիկա ինչ որ շինե, թերթին մեջ գրելու համար է։

Մեզի փափուկ քարե ու ամուր փայտե ավելի պետք են թոթովենցնե՜ր։ Զարկ պետք է տալ թոթովենցներու արտադրությանը, որք եթե կատարելագործվեն, օր մը կրնան այնքան ավտոմատիք դառնալ, որ արդեն չկառուցված ու չկառուցվելիք շինությանց համար ալ ներբող ու դրվատիք գրեն։ Շինարարության ձև մը, որ ամենեն դյուրին և ամենեն աժանը պիտի ըլլա։

«Մահապուրծ օրագիր» 1927թ.

Եղիա Չուբար։ Կոմունիստ շեյխ մը` մեկ լդրանոց փաթթոցով։ Սալավաթ։

Այսօրվա իր առաջնորդող հոդվածին մեջ անկուսակցական ինտելիգենցիային մանկապարտեզի մանուկներու տեղ կդնե` իր մանուկ խելքով։ Որպեսզի արտասահմանյան հակախորհրդային կառավարությունները առիթ չունենան շահագործելու մեր ինտելիգենցիայի ազգայնական մտայնությունը` կառաջարկե թողնել այդ գիծը ու միջազգայնական սկզբունքը դավանել` այդ բանին կոմունիստական կուսակցության օգնությունը խոստանալով։

… Ճիշտ այնպես, ինչպես ագռավը խրատ տա սոխակին` իր ձայնը փոխելու։

«Մահապուրծ օրագիր» 1928թ.

Մեծ խայտառակություն։

Հայաստանի Կենտգործկոմի կոլեգիայի անդամ և միաժամանակ գավառային գործադիր կոմիտեի նախագահ Հանեսօղլյանը, արքունի բանաստեղծ Եղիշե Չարենցը ու ֆինանսական կոմիսարի տեղակալ Կոստանյանը, կեսգիշերին հարբած, զուռնան առաջնին քեֆ են սարքեր փողոցին մեջ, քնած տեղը բռնաբարել ուզելով օրիորդի մը ու վար թափելով ու ոտներու տակ տրորելով խեղճ գյուղացիի մը խաղողի բեռը։

Սրիկայության դեմ օրենքներ ստորագրողը, ինքը` սրիկա։

Սա, հետաքրքիր է գիտնալ, «ա՞ջ թեքում է», թե` «ձա՞խ»։

Գուցե եւ թքում է։

Այո՛, թքում բոլոր այն բաներու վրա, ինչ որ սուրբ է։

«Մահապուրծ օրագիր» 1928թ.

Եթե ինձի հարցվի, թե աշխարհի ամենամեծ սուտն ո՞վ ըսավ`

– Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը,– պիտի պատասխանեմ։

Հոդված մըն է զետեղեր թերթին մեջ, որի մեջ կըսե, թե ուսուցիչները իրենց մտավոր պաշարը «Խորհրդային Հայաստան» թերթեն կքաղեն…

Նման սուտի մը համար, եթե ինձի ոչ թե ամսական 120, այլ 1020 ռուբլի ալ վճարելու ըլլային, չպիտի կրնայի ըսել։

Նախ և առաջ, այդ սուտն զուրցելու համար, առնվազն Իսահակյանի տաղանդն ունենալու է մեկը։

«Մահապուրծ օրագիր» 1928թ.


Դեմիրճյան Դերենիկը, որ ընդամենը հինգ տարի է գրեր իր կյանքին մեջ, և երեսուն տարի լռեր` այսօր Խորհրդային կառավարությունը փոխանակ անոր լռելու հոբելյանը կատարելու` գրելու երեսունհինգ ամյակը կտոնե։

Եվ շատ իրավունք ունի մեր կառավարությունը։

Մեզ մոտ բանաստեղծներու լռությունը շատ ավելի պետք է քաջալերել, քան խոսելը։ Ու եթե ես հարուստ ըլլայի` փառավոր հիսնամյակը կտոնեի մեր այն բանաստեղծին, որ խոստանար երբեք չգրել…

«Մահապուրծ օրագիր» 1928թ.

Երկու տեսակ աշակերտություն կա։ Առաջին տեսակը դասը կսերտե իր համար, երկրորդ տեսակը` վարժապետին համար։

Նկատե՞լ եք` ինչպես սա վերջին տեսակի աշակերտը, երբ դասը լավ գիտե, ի՜նչ միջոցներու կդիմե վարժապետին ուշադրությունը իր վրա գրավելու, որ հանի դա սը պատ մելու։

Կհազա, տեղեն կբարձրնա ու կնստե, հայացքը վարժապետի աչքին կսևեռե աղաչական, իսկ եթե մատ բարձրացունել արգելված չէ, մատը խորհտնտեսության ծառերու նման ցից կտնկե ժամն ամբողջ։

Երիտասարդ գրող Ստեփան Զորյանը դաշնակցության հասցեին ուժգին հայհոյանքներ էր սերտեր ու սա տարի մըն էր առիթ կփնտրեր ըսելու։

Առիթը ներկայացավ։

Ամերիկայի դաշնակցական օրաթերթը արտատպեր է իր մեկ գրվածքը։ Ու Զորյանը ելավ, մեկ շունչով հայհոյեց, «զզվեց» ու նստավ տեղը։

Տեղը նստավ, բայց աչքի ճոթով մի՜շտ հետևելով, թե այդ առթիվ խորհրդային իշխանությունը ի՜նչ թվանշան կդնե իրեն…

«Մահապուրծ օրագիր» 1930 թ.

Մեր պատվարժան գրողներեն Իսահակյանն ու Շիրվանզադեն, Փարիզեն խորհրդային իշխանության կողմեն Հայաստան են հրավիրված, ամսական 250 ռուբլով սոցիալիստ ըլլալու համար։

Պայմանն ընդունված է, և հիշյալ գրողները ըստ ռոճկացուցակի` փետրվարի 15-են արդեն սոցիալիստ են և խզեր են իրենց բոլոր կապերը ազգային շրջանակներու հետ…

Ահա այսպես կըլլա այն բոլոր գրողներու վախճանը, որոնք իրենց քարոզած «անկաշառութենեն» ու «մաքրութենեն» պատառ մը չեն կտրեր անդին դրեր, իրենց ծերության օրերը զարդարելու և պատվով մեռնելու համար։ Անոնց գրվածքներու մեջ բեռնակիրն անգամ օժտված է քանի մը հոգեկան առավելություններով, իսկ իրենք այսօր պիտի մեռնին հոգով աղքատ։

Ճիշտ է`»կոշկակարին կոշիկը հին կըլլա», ըսեր է առածը, բայց ըսե՞ր է` «կոշկակարը բոբիկ կըլլա»…

«Մահապուրծ օրագիր» 1931թ.

Պետական թատրոնին ռեժիսոր Գուլակյանը Շեքսպիրին «Մակբեթը» ներկայացուց ամբողջովին «բարեփոխված»։

Վարժապետ մը կատաղած, ներկայացման ավարտին սկսեր էր (միայն ստորոգելիներով) հայհոյել (ենթական զորությամբ հասկցնելու պայմանով) ու պոռալ… ականջիս։

– Աղբա՜ր, մենք եկանք Շեքսպի՞ր լսելու, թե Գուլակյան։ Այսքան անխիղճ փոփոխությո՞ւն կըլլա։ Լսվա՞ծ բան է, որ մեռած հեղինակի մը գործեր փոփոխության ենթարկվեն։

– Իզուր ես այդքան տաքացեր, բարեկա՛մս,– ըսի թևը մտնելով։- Փոփոխությունը այնքան քիչ է, որու մասին չարժե խոսել։ Շեքսպիրի հերոսներու արտաքինն ու զգեստները անփոփոխ էին։ Բոլոր անձերն բեմ ելան իրենց սեփական քիթերով, ականջներով ու աչքերով։ Կմախքը հերոսներու անփոփոխ էր ամբողջովին, փոխված էր միայն … լեզուն։ Այսքան պզտիկ բան, որու մասին չարժե խոսել։

… Եթե հանդերձյալ կյանք իրոք գոյություն ունի, և Շեքսպիրը անդիի աշխարհին մեջ կապրե տակավին, կերևակայեմ, թե ի՜նչ զայրույթով պիտի գա, Լենինին դուրս կանչե դժոխքեն ու անգլիական բոքսի հրավիրելով, քիչ մը «բարեփոխե» անոր կողերը, որ մյուս անգամ թույլ չիտա իր լեզուն Գուլակյանի ձեռքով «Մակբեթին» բերանը խոթելու…

«Մահապուրծ օրագիր» 1933թ.

Շիրվանզադեի մահվանը, Խորհրդային Հայաստանի կառավարության պետ Ա. Գալոյանը հայտարարեց, թե «Շիրվանզադեն մերն է» (ըսել ուզելով, որ դաշնակցությանը չէ)։

Բայց իմ կարծիքով սխալ հայտարարություն է սա, վասնզի գրողը ոչ թե կուսակցությանց մեջ կբաժնվե, այլ բացառապես իր ընթերցողներուն։

Եթե անգամ կուսակցությանց մեջ բաժնենք, ամենեն քիչը կոմկուսակցությանը կպատկանե։ Շիրվանզադեն գրած է մարդկայնորեն, մարդկային բաներու մասին։ Խորհրդային կուսակցությանը կրնա պատկանել գրողի մարմինը միայն, վասնզի վերջի ինը տարին կերցուց-խմցուց։ Սակայն, անդին 50 տարի ալ Բաքվի բուրժուազիան պահեց։ Միևնույն մարմինին մեջ կոմունիստն ու բուրժուան ինչպե՞ս կրնան միաժամանակ մաս ունենալ։ Չեմ հասկնար։

Համենայն դեպս, Շիրվանզադեն Խորհրդային կառավարությանը չի կրնար պատկանել։

Խորհրդային կառավարությունը այսօր կա, վաղը չկա, իսկ Շիրվանզադեն հավիտյան կապրի։

Երևակայեցեք` երեք օրվա կյանք ունեցող թիթեռը իր սեփականությունը հռչակե 1000 տարի ապրող փղին…

«Մահապուրծ օրագիր» 1935թ.

Ե՜ս էլ զարմացա։

Երեք ամիս առաջ, երբ Ստալինը մեռավ, մի երկու բանաստեղծ միայն ողբացին «Սովետական Հայաստանում» «մեծ առաջնորդի» մահը, հոնորարն առին ու աչքերը սրբեցին։

Ես կարծեցի, թե սրանով էլ վերջացավ ամեն բան։ Բայց ինչքան մեծ եղավ զարմանքս, բաց անելով երեք ամսվա «Սովետական արվեստ ու գրականություն» ամսագիրը։ Սովետահայ բոլոր բանաստեղծները, երեք ամիս շարունակ հավաքվելով այնտեղ, այնպիսի մի լաց ու կոծ են բարձրացնում, որ Աստված խնայի։ Ամսաթերթի չկտրված էջերից արտասուքը հեղեղի նման դուրս է հոսում, իր հետ քշելտանելով այն մի քանի հոդվածները, որոնք սակայն Ստալինի մահվան չեն վերաբերում։

Բանաստեղծների այն մասի ողբը, որոնք ասում են Ստալինը «մեռավ» և լաց են լինում` ես հասկանում եմ, բայց բանն այն է, որ «Ստալինը չի մեռել», «նա անմահ Է» ասողներն էլ «մեռածների» ուժգնությամբ ողբում են։

Եթե Ստալինը «չի մեռել», եթե «անմահ է», ինչո՞ւ ուրեմն ողբալ։

Ըստ իս, սա ոչ թե գրականություն է, այլ մի փառավոր դիակապուտ է։ Բանաստեղծներն Ստալինի կենդանությանը նրա կյանքովն ապրեցին, հիմա էլ նրա մահով են ուզում ապրել։ Եվ մահը որովհետև հավիտենական է, կարելի է անվերջ ապրել նրանով։

Նրանք պարզ ասում են. «Ստալի՛ն, քո հիշատակը երբեք չի թառամի մեր սրտերում»։ Ուրեմն, նշանակում է Ստալինի «հիշատակը», որպես սապատ իրենց կռնակներին դնելով, անվերջ պիտի բերանը բերեն, ուղտի նման որոճան ու ճամփա կտրեն գրական Սահարայում, կիզիչ արևի տակ, անօազիս ու անկյանք։

Ահա՛ քեզ մի վաճառաշահ դիակ, որն այսքան ստվար բանաստեղծների է կերակրում։

Հնում մեռելը թաղելուց առաջ լվանում էին և դրա համար առանձին կանայք կային, որոնք «մեռել լվացողներ» էին կոչվում։

Բայց Ստալինի դին այնքան լիզվեց սովետական բանաստեղծների կողմից, որ լողացնելու այլևս կարիք չի մնում…

«Կարմիր օրեր» 1953թ.
Be the first who will comment on this
Yatuk Music
Symphonic Images
Ghazaros Saryan

Symphonic Images

August, dated 1963
August, dated 1963
Play Online