Lazaros Aghayan
Քյորօղլին՝ կալանավոր
Քյորօղլին գող չէր և ո՛չ ավազակ, այլ՝ մի ինքնագլուխ իշխան, իսկ այդ անկախությանը հասել էր նա իր անվեհերությունովը և քաջագործություններովը։ Նա չէր հափշտակում և կողոպտում, այլ՝ հարկ ու մաքս էր առնում և չտվողներին անխնա պատժում։ Բայց Իրանի թագավորը նրան համարում էր ավազակ, այսպես էին ճանաչում նրան և սուլթաններն ու խալիֆները, որոնց կարծիքը Քյորօղլու համար նշանակություն չուներ, նա այսպես էր դատում.
«Եթե հարկ առնելը մեղք է՝ ինչո՞ւ իրանք առնում են։ Եթե հնազանդելը լավ բան է՝ ինչո՞ւ իրանք ինձ չեն հնազանդում։ Իրանք զոռով ու բռնությամբ են տիրում աշխարհին, ես էլ իրանց պես կվարվեմ։ Այս բարբարոս ավազակները իրանց աչքի գերանը չեն տեսնում, բայց համարձակում են իմ աչքումը շյուղ գտնել։ Իրանք իրանց ավազակ չեն համարում, չնայած որ նույնիսկ Աստուծո փառքն են հափշտակում, իսկ ինձ՝ Աստուծո ամենախոնարհ ծառայիս, համարում են ավազակ»։
Այսպես է դատում Քյորօղլին՝ իբրև բնության պարզ որդի, որի գլուխը լցված չէր զանազան կանխակալ կարծիքներով։
Բայց ամենայն օր գանգատ ու բողոք էր, որ անընդհատ հասնում էր Իրանի թագավորին, որին հանդիմանում էլ էին, թե՝ եթե դու ես մեր թագավորը, ազատիր մեզ Քյորօղլու ձեռից, որ քեզ ծառայենք, իսկ եթե ոչ՝ մենք կամա-ակամա պիտի Քյորօղլուն հպատակվենք, նրան ծառայենք։ Եվ ահա ինչ էին ասում իրանց գանգատներում Քյորօղլու մասին։
– Նա,– ասում էին,– թալանում է քարավանները, գերի է տանում հարուստ վաճառականներին և մինչև մեծ փրկանք չի առնում՝ բաց չի թողնում։
Գյուղացիներին ոտքի է կանգնեցնում իրանց խաների ու բեգերի դեմ, կոտորում և կոտորել է տալիս կալվածատերերին ու տերության կապալառուներին, և այսպիսով իր կողմն է գրավում երկրագործ ժողովրդին։ Կոտորում է հարկահաններին և հավաքած հարկերը բաժանում չքավոր գյուղացիներին։
Շատ անգամ կտրում է գյուղացոց հարաբերությունը քաղաքացոց հետ, ուտեստի պաշարը թանկացնում, և մինչև քաղաքներից մեծ վճար չի առնում՝ հարաբերության կապը չի արձակում։
Քրիստոնյաներին առանձին պաշտպանություն է ցույց տալիս և նրանց պաշտպանությունը գտնում ամեն տեղ։
Որտեղ մի կարգե դուրս քաջ տղամարդ կա՝ գնում է Քյորօղլու դրոշակի տակ մտնում։ Որտեղ մի փախստական և մահապարտ կա՝ նրա հովանավորությանն ու պաշտպանությանն է դիմում։ Այսպիսով նա կազմակերպած խումբեր ունի երկրի բոլոր ամուր տեղերում։ Բոլոր անմատչելի բերդերին տիրելով՝ ամենի վրա իր անունն է դրոշմել։ Բոլոր խումբերն իրար հետ սերտ կապ ունին, և հարկավոր դեպքերում միմյանց օգնության են հասնում։
Ամեն հավատի ու ցեղի մարդ կա նրա խմբի մեջ, բայց մի անգամ այդ խմբի մեջ մտնելով՝ ոչ մի հավատի չեն ծառայում, ամենքն էլ միապես դառնում են անհավատ և ծաղրում ամեն հավատ։ Չեն ընդունվում միայն այն մարդիկը, որոնք որևէ քաջությունով իրանց հայտնի չեն կացուցել, կամ որևէ դժվար հանձնարարություն և փորձ չեն կատարել։ Ինքը պաշտելու չափ սիրում է ամեն մեկին և ամենի հիմար կամքը կատարում՝ նույնիսկ իր կյանքը վտանգի տակ դնելով։ Բոլոր սիրահարներին իրանց մուրազին է հասցնում՝ բերելով նրանց սիրո առարկան։ Ինքն էլ ամեն մի բերդում մի առանձին սիրուհի ունի։ Իրանց սիրուհիները փակված չեն պահվում, նրանք պարտավոր են զինավարժությամբ պարապել, ձիավարություն գիտենալ և, հարկավոր դեպքերում՝ քաջությամբ կռվել։ Այս կերպով ահա նա հավաքել է երկրի ամենագեղեցիկներին, որոնք հմայվածի պես անձնվիրություն են ցույց տալիս նրան և, անհավատ լինելով՝ նրա՛ն միայն հավատում ու սիրում։
Քյորօղլին ամենից շատ վնաս էր հասցնում Իրան աշխարհին։ Այդ ատելությունը ժառանգական էր, հորից որդուն անցած։ Բայց Քյորօղլուն ժամանակակից Իրանի թագավորը մի վեհանձն մարդ էր։ Նա, երբ որ լսում էր Քյորօղլու քաջությունը՝ մտքումն ասում էր. «Եթե ես թագավոր չլինեի՝ ամենայն ուրախությամբ Քյորօղլու քաջերից մեկը կդառնայի, նրա պես ազատ կյանք կվարեի»։ Այս պատճառով նա ահագին զորքով (մոտ երեսուն հազար հոգուց բաղկացած) ուղարկեց իր ամենից փորձառու զորապետին՝ Բոլի-բեգ անունով, և պատվիրեց նրան, որ Քյորօղլուն կալանավորե՝ պաշարելով այն բերդը, ուր որ նա կլինի։ Սպանելու հրաման չտվավ, ընդհակառակն՝ ասաց, որ եթե Քյորօղլուն սպանես՝ քեզ կախաղան կբարձրացնեմ. եթե քաջ ես՝ նրան պետք է բերես ինձ մոտ ողջ-առողջ։
Իրանի թագավորը չէր ուզում զրկվել Քյորօղլու պես մի անվանի հերոսից, և ուզում էր նրան իր մոտ տանել և նրանով հաղթել իր արտաքին թշնամիներին։ Բոլի-բեգը նախ պիտի աշխատեր զանազան խոստումներով Քյորօղլուն հրավիրել շահի մոտ, իսկ եթե այդ չհաջողեր՝ միայն այն ժամանակ պիտի գործ դներ իր ահագին բանակի ուժը։
Քյորօղլին այդ ժամանակ գտնվում էր մեր երկրումը, որ Իրանի իշխանության տակն էր։ Երբ էր այդ ժամանակը՝ հայտնի չէ, և ոչ էլ տեղն է հայտնի որոշակի։
Թագավորի մտադրությունը Քյորօղլու մասին թեպետ անկեղծ էր՝ նա, անշուշտ, մեծ պատվի կհասցներ Քյորօղլուն, բայց Քյորօղլին ավելի լավ էր համարում Հայաստանի հովասուն լեռներում ազատ ավազակ համարվիլ, քան թե շահնշահի եռապարիսպ պալատում նույնիսկ շահ լինել, ուր մնաց, որ ինչքան էլ մեծ իշխան լիներ՝ դարձյալ շահի ստրուկը պիտի համարվեր։ Լինել հպատակ, թեև հազար ու մեկ շքանշանով զարդարված՝ ատելի էր բնության ազատ զավակին։
Քյորօղլին սովորություն ուներ շատ անգամ ծպտած ման գալու։ Նստում էր մի էշի կամ ջորու վրա, աշըղի հագուստով (աշըղները ջոկ հագուստ ունեին հնումը), սազը մեջքից կախած, առանց որևէ զենքի և, գյուղեգյուղ թափառելով, զանազան տեղեկություններ էր հավաքում, և ըստ այնմ իր զգուշությունը գործ դնում և անելիքն անում։ Մեկ անգամ էլ հենց այսպես ծպտած ժամանակ լսում է, որ Բոլի-բեգը եկել է մեծ զորքով և բանակ է դրել Թոնա գետի մոտ։ Եկել է ոչ իբրև զորքով պատերազմ, այլ՝ իբրև մի ցեղապետ իր ժողովրդով ամարանոց, իր հետ բերել է և իր կանանցը։ Բոլոր հարյուրապետները ևս բերել են իրանց գերդաստանը, որով կազմել են մի թաթարական օրդու։ Իրանց հետ ունին նաև ոչխար, տավար, ուղտեր և ամենայն ինչ։ Իհարկե, այս ավելորդ բաներն այնքան շատ չէին, որ իսկույն չիմացվեր, թե՝ սա մի խաշնարած ժողովրդի չվումն չէ մի տեղից մյուս տեղ, այլ՝ պատերազմական նպատակ ունեցող մի բանակ է։
Քյորօղլին, առանց երկար մտածելու, իր ջորին քշում է ուղիղ դեպի այդ բանակը, որ կշռե նրա որպիսությունը։ Հենց որ նրան տեսնում են, իբրև աշըղի, ամեն մեկն իր կողմն է քաշում և հրավիրում, բայց Քյորօղլին ոչ մեկին չի լսում, քշում է ջորին և իջնում է զորապետի վրանի առջև։ Բոլի-բեգը շատ ուրախանում է և հրամայում է նրան՝ ցույց տալ իր շնորհքը, զվարճացնել իր խաղերով, և եթե գիտե՝ Քյորօղլու խաղերիցն ասե։ Այս առաջարկությունից օգուտ քաղելով՝ Քյորօղլին ասում է հետևյալ խաղը, մեղմացնելով իր ահեղ ձայնը, որ չճանաչվի.
Ո՞վ կաք այս բանակում իմ ծանոթներից,
Շուտով իմ քաջերին մի լուր հասցըրեք.
Թող հարձակվեն ամեն կողմից խմբերով
Ինձ էլ մեկ վահան ու մի թուր հասցըրեք.
Հասեք, շուտով հասեք,
Մի լուր հասցըրեք։
Ասացեք՝ եկել են դեղնած բոստանչիք,
Արխաջրով փորերն ուռած թուլուղչիք,
Սուր չը տեսած, բանից փախած փինաչիք,
Եկեք այս խեղճերին առողջացըրեք.
Հասեք, շուտով հասեք,
Մի լուր հասցըրեք։
Չեն ճանաչում արծիվն ագռավի շորում,
Չորս կողմից ծաղրում են ու կտցահարում,
Քյորօղլուն բռնելու թակարդ են լարում,
Եկեք սրանց գլխում մի խելք մտցըրեք.
Հասեք, շուտով հասեք,
Մի լուր հասցըրեք։
Քյորօղլու խաղի միտքը լավ հասկացան նրա բարեկամ լրտեսները և շտապեցին լուր տանելու նրա քաջերին։ Բայց Բոլի-բեգը ևս կասկածի եկավ, թե՝ սա ինքը չէ՞ արդյոք Քյորօղլին, և հարցրեց.
Աշը՛ղ, այդ խաղը ե՞րբ է ասել Քյորօղլին։
Քյորօղլին պատասխանեց.
Մի՞թե քեզ հայտնի չէ, խա՛ն, որ փադիշահը քանիցս անգամ ուզեցել է կալանավորել Քյորօղլուն. մեկ անգամ էլ Բոլի-բեգին է ուղարկում մեծ զորքով։ Քյորօղլին աշըղի հագուստով պատահմամբ ընկնում է նրա բանակը, ուր և ասում է այս խաղը, որով իմաց է տալիս իր քաջերին, թե ուր է ընկել ինքը, և նրանք էլ գալիս են ազատում։
Այդ Բոլի-բեգը չի լինում, աշը՛ղ, այլ գուցե՝ Վելի-բեգը լինի եղած։ Բայց դու ա՛յս ասա, ինչո՞վ ես հաստատում, որ դու ինքդ չես Քյորօղլին, որովհետև ինքդ քեզ մատնում ես՝ խոստովանելով, որ Քյորօղլին երբեմն ծպտելով՝ աշըղություն էր անում։
Խա՛ն, հենց այդպես էլ հարցրել է Բոլին, և տեսեք՝ Քյորօղլին ի՛նչ է պատասխանել.
Ինչով ուզես, Բոլի՛, ես երդում կուտեմ,
Որ ես մի խեղճ հայ եմ և ոչ Քյորօղլին.
Երկինք, գետինք, Աստված վկա կըկանչեմ,
Որ ես մի խեղճ հայ եմ և ո՛չ Քյորօղլին.
Հայ եմ, հա՜յ, հարա՜յ,
Հայ եմ, ուղիղ հայ։
Հայի ճեռին դու չես տեսնիլ սուր ու թուր,
Այդ բանն արգելել է մեր մեծն Այսմավուր,
Թեկուզ գլխիս թափես հազար թուք ու մուր՝
Ես մի անբախտ հայ եմ և ո՛չ Քյորօղլին.
Հայ եմ, հա՜յ, հարա՜յ,
Հայ եմ, ուղիղ հայ։
Եթե թուրը ձեռին Քյորօղլուն տեսնես՝
Հավատա ինձ, Բոլի՛, դու կըսարսափես,
Թեպետ սազ էլ ունի, երգում է ինձ պես,
Բայց ես մի խեղճ հայ եմ և ոչ Քյորօղլին.
Հայ եմ, հա՜յ, հարա՜յ,
Հայ եմ, ուղիղ հայ։
― Սպասի՛ր, աշըղ,– ասում է Բոլին,– այդ իմ հարցի պատասխանը չէր։ Ես իսկական Բոլի-բեգն եմ և ո՛չ Ալին կամ Վելին, և հիմա ուղղակի հարցնում եմ քեզ. ինչո՞վ ես ապացուցանում, որ դու Քյորօղլին չես։
– Խա՛ն, ես այդպես չհասկացա,– պատասխանեց Քյորօղլին,– ես հենց իմացա, թե դու Բոլի-բեգի հարցումը տվիր, ես էլ՝ Քյորօղլու պատասխանն ասացի։ Եթե ինձ վրա կասկած ունիս, որ մտքովս անցնել չէր կարող, ուրեմն՝ լսի՛ր իմ պատասխանը։
Քյորօղլին ուզում էր միայն զբաղեցնել Բոլի-բեգին, մինչև կհասնեն իր քաջերը, բայց և այնպես՝ նա այլևս չի ուզում իրան նվաստացնել և հայտնում է, թեև մութ կերպով, որ ի՛նքն է Քյորօղլին և ունի հայկական ծագումն.
Ես մի Ջալալի եմ, անունս է Ռուշան,
Հորս անունն է Խոր, մորըս Խորիշան.
Արհեստով աշըղ եմ, ինչպես տեսնում եք,
Որ ես Քյորօղլին չեմ ահա՛ ձեզ նշան։
Կանչում եմ նշան նշան,
Պատմում եմ նշան նշան,
Մարդն ունի մարդու պատկեր,
Շունն էլ ունի շան նշան։
Եթե իրավ ես լինեի Քյորօղլին,
Իմըս լիներ նրա թուրը, նրա ձին
Այն ժամանակ կըտեսնեիր, Բոլի-բեգ,
Որ Քյորօղլուց պակաս քաջ չէ Խորօղլին։
Չեմ թաքցնում խոր եմ խոր,
Իմ թշնամուն խորեմ խոր,
Աղբյուրի պես բարակ եմ,
Ծովի նման խո՛ր եմ, խո՛ր։
Քյորօղլին է իմ սիրելին, իմ խանը,
Ես նրա երգիչն եմ, նա՝ իմ պաշտպանը,
Նրա ահեղ ձայնը միայն լսելով
Դողում, զարհուրում է ողջ Պարսկաստանը։
Վախ չունիմ մահ ու ահից,
Ազատ եմ մահու ահից,
Մարդիկ մահով չեն մեռնում,
Այլ միայն մահու ահից։
Խորօղլին եմ, ոչ մի բանից ահ չունիմ,
Ինքս մեծ իշխան եմ, թեև գահ չունիմ,
Թող ողջ լինի միայն իմ ղոչ Քյորօղլին,
Սուլթան ու խաներից ոչ մի շահ չունիմ։
Չեմ սիրել խան ու սուլթան,
Կատեմ իշխան ու սուլթան,
Խան կա՝ մի խան չարժե,
Սուլթան կա՝ անուս-ուլ-թան։
Այս երգից հետո Բոլի-բեգն ասում է.
– Աշը՛ղ, իրավ որ դու քուրդ ես ու քրդավարի էլ խաբում ես ինձ։ Եթե դու Քյորօղլին չես, այլ՝ Խորօղլին, այդ ինձ համար միևնույն է, երկուսդ էլ վտանգավոր եք։ Ես Խորօղլուն կբռնեմ, թող Քյորօղլին գա նրան ազատե։
Այս ասելուց հետո Քյորօղլու ոտները կապել է տալիս, ուզում է կապել տալ և կռները, բայց Քյորօղլին խնդրում է, որ կռներն ազատ թողնեն ու սազը ձեռքիցը չառնեն, ասելով.
– Խա՛ն, այս շատ մեծ պատիվ է, որ ինձ տալիս եք. ասած է՝ «Մեկ օրվա խանությունն էլ է խանություն», դուք մեկ օրով ինձ Քյորօղլի եք շինում, թույլ տվեք, ուրեմն, Քյորօղլու խաղերիցն ասեմ ձեզ համար, մինչև կբռնեք իսկական Քյորօղլուն և խեղճ աշըղին կազատեք։
Եվ Քյորօղլին սկսեց բուն Քյորօղլու ահեղ ձայնով հետևյալ խաղը.
Բոլի՛, նամազդ արա, մեղքերդ քավի,
Հրես որտեղ որ է՝ քաջերս կըգան.
Դագաղըդ շինել տուր, պատանըդ կարի,
Հրես հոգիդ առնող դևերըս կըգան.
Եկե՛ք, քաջեր, եկե՜ք.
Էլ մի՛ ուշանաք։
Մեկ կա՝ հազար արժե, հազար կա՝ ոչ մին,
Ամբողջ բանակովդ չարժես իմ մեկին.
Գերանդիով, թոփուզներով ահագին,
Հրես կացնով ջարդող գիժերըս կըգան.
Եկե՛ք, քաջեր, եկե՜ք.
Էլ մի՛ ուշանաք։
Քյորօղլուս աթոռն է անառիկ Սասուն,
Հսկաներիս թիվն է մինչև քառասուն.
Լացե՛ք գլուխներըդ, ո՛վ դուք անասուն,
Հրես ձեզ պատառող վագրերըս կըգան.
Եկեք, քաջեր, եկե՜ք.
Էլ մի՛ ուշանաք։
Քյորօղլու ահեղ ձայնից ոչ միայն մարդիկ սարսափեցին, այլև բոլոր անասունները որոնք կարծեցին, թե՝ առյուծ է մռնչում։ Սաստիկ վախեցավ և ինքը՝ Բոլի-բեգը, բայց ինքն իրան անհոգ ձևացրեց՝ չուզենալով հավատալ, թե՝ նա ի՛նքն է Քյորօղլին։ Այս միջոցին Քյորօղլու աչքը պատահմամբ ընկավ դեպի վարագույրը (որի հետևը ծածկված էին Բոլի-բեգի կանայքը և ծակուծուկերից նայում էին Քյորօղլուն ու հիանում) և, մեկի սիրունիկ աչքերը տեսնելով, մոռացավ իր քաջերին և սկսեց իր երգը դեպի նույն գեղեցկուհին դարձնել.
Ամպերում թաքնված, իմ սիրո՛ւն արև,
Մեկ՝ փայլում ես, մեկ էլ՝ ծածկվում խավարում.
Վանդակի մեջ դրված սոխակի նման,
Մեկ՝ երգում ես, մեկ էլ լռում ու տխրում.
Ինչո՞ւ, հոգի՛ս, ինչո՞ւ,
Ինչո՞ւ ես տխրում։
Արևազուրկ ծաղիկ, անջուր, թալկահար,
Վարդ, դու կուզես քեզ մի բյուլբյուլ սիրահար.
Ագռավ մարդըդ քեզ անում է կտցահար,
Գիտե, որ դու իրան սրտով չես սիրում.
Ինչո՞ւ, հոգի՛ս, ինչո՞ւ,
Ինչո՞ւ չես սիրում։
Քյորօղլուս պես մի քաջի ես դու արժան,
Որ դրախտ դարձնեմ այդ կյանքըդ դաժան,
Դու կըլինես իմ սիրուհիս անբաժան,
Այժմեն իսկ իմ հոգին քե՛զ եմ նըվիրում.
Հավատա՛ ինձ, հոգի՜ս,
Քե՛զ եմ նըվիրում։
– Լռի՛ր, հանդուգն,– բղավեց Բոլի-բեգը խանդոտությունից կատաղած և հրամայեց կապոտել Քյորօղլու կռները։ Քյորօղլին ոչ մի ընդդիմություն ցույց չտվավ։ Նա այդ բոլորը մի կատակ էր համարում, իսկ նրանց թոկերը՝ իր համար մի սարդի ոստայն։
Քյորօղլու ձեռք ու ոտքը կապռտելուց հետո մի թոկ էլ վզիցը կապեցին և Բոլի-բեգի հրամանով տարան Թոնա գետի ափը, որ նրան ընկղմեն գետի մեջ՝ առանց խեղդելու, այլ՝ այնքան ընկղմեն և հանեն, մինչև ուժից ընկնի իսպառ և ուղիղը խոստովանի, եթե ինքը ճշմարիտ Քյորօղլին է։
Գետափին ձիաներ կային օրուգ տված։ Հենց որ մոտեցավ այդ ձիաներին՝ թոկերը կտրտեց, իր տանողներին քարերի պես շպրտեց գետի մեջ, իսկ ինքը մի ոստյունով թռավ մի լավ ձիու վրա և, անթամք ու անսանձ ձիու գլուխը երկու ձեռքով իր ուզած կողմն ուղղելով՝ դուրս պրծավ բանակից։ Այս անակնկալ դեպքի վրա ամենքն էլ շփոթվեցին ու շշկլվեցին, բայց մեկ էլ որ տեսան՝ հեռվից մի թանձր փոշի բարձրացած վազում է դեպի իրանց այնպես արագ, որ կարծես նրան մղում էր մի ահեղ փոթորիկ, բոլորովին սարսափի մեջ ընկան։
Այդ թոզն ու դումանը բարձրացրել էին Քյորօղլու քաջերի ձիաները, որոնք գալիս էին սրարշավ, և նրանց տրոփյունի ձայնը արդեն մինչև բանակն էր հասնում։ Բոլի-բեգը, որ Քյորօղլու կողմից հարձակվելու հույս չուներ բոլորովին, և ո՞վ կհամարձակվեր մի փոքրիկ խմբով ամբողջ բանակի վրա հարձակվել, շուտով պատրաստվեց դիմադրելու։ Բայց ի՞նչ օգուտ։ Եկողները հազարներից ընտրված մի-մի դյուցազն էին, և իրանց քաջության համեմատ մի-մի սարսափելի մականուն ունեին՝ շքանշանի տեղ ստացած, ինչպես՝ Վարազաթուր, Գայլաբերան, Փղակնճիթ, Վագրաճանկ, Առյուծաթաթ, Անսասան, Զարհուրելի, Ասլանբալա (առյուծի ձագ), Քյարքյադան (մի եղջերու), Ազրայիլ (չար հրեշտակ), Ղրխազան կամ Ղրխղռան (քառասունին ջարդող)։ Քյորօղլին չուներ ոչ մի մականուն, բայց երբեմն անվանվում էր Հաստընչացք և Ահեղաձայն։
Քյորօղլին արդեն նստել էր Ղռաթի վրա և ձեռքն առել իր վահանն ու թուրը։ Նա գալիս էր ամենի առջևը։ Բանակին մոտեցան թե չէ՝ այնպես հարձակվեցան, ինչպես ժիր հնձողները հասած արտի վրա, և սկսեցին հնձել անխնա։ Ձիավորները հնձում էին, իսկ ձիաները ոտնատակ տալիս, կալսում։ Հնար չկար դիմադրելու, զորքը երեսը շրջեց և փախուստ տվավ։ Փախավ և Բոլի-բեգը, բայց նրան շրջապատեցին և կալանավորեցին։ Քյորօղլին ազատեց նրան, միայն կանայքն առավ ձեռիցը և բաժանեց իր քաջերի մեջ վիճակով, ինքը չառավ ոչ մեկին, որ իր Նիգյարի սիրտը չպակսեցնե։ Բացի Նիգյարից, որին սիրում էր բոլոր սրտով, ուրիշ կին չուներ, թեպետ կարծում էին, որ նա շատ կանայք է պահում։
Այս փառավոր հաղթությունից հետո, երբ որ վերադարձավ տուն, Քյորօղլին մի փառավոր խնջույք տվավ, երգելով պատմեց Նիգյարին բոլոր անցքը և անուն-անուն գովեց իր քաջերին՝ մեկ-մեկ թվելով ամեն մեկի արածը։ Նիգյարն էլ, ի նշան շնորհակալության, մի ահագին բաժակ լցնում էր գինով և իր ձեռքով տալիս ամեն մեկին։ Գերի ընկած սիրուն տիկիններն էլ շատ ուրախ էին, որ, գերվելով, ազատվել են իսկական գերությունից, և փոխանակ ամենքը միասին մի վատուժ մարդ ունենալու՝ հիմա ամեն մեկը միայնակ կունենա մի հերոս։
Մեր քաջերն իրանց խնջույքը վերջացրին հետևյալ պարզ երգով, որ երգեցին ամենքը միատեղ՝ մի ուրախ եղանակով.
Հայրը պատերազմ գնաց,
Որդին ծածուկ հետևեց,
Հոր գլխին սուր պըսպըղաց,
Որդին նրան ազատեց։
Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա-րա՜խտ։
Հայրը որդուն գիրկն առավ,
Նրա ճակտից համբուրեց.
Որդին թուրը ձեռքն առավ,
Հոր թշնամուն խորտակեց։
Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա-րա՜ խտ։
Մայրը շատ ափսոսում էր
(Որդին էր դեռ պատանյակ),
Նրա համար հյուսում էր
Թարմ ոստերից մի պսակ։
Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա-րա՜ խտ։
Որդին եկավ հաղթական,
Հետն էլ բերավ դեռահաս
(Իր մոր համար օգնական)
Մի գեղեցիկ նորահարս։
Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա-րա՜ խտ։
Մայրը եփեց ձըվածեղ,
Ուտեցըրեց երկուսին.
Հետո շինեց փափուկ տեղ,
Պառկեցըրեց միասին։
Այ բա՜խտ, դրա՜խտ,
Դրա-րա-րա-րա՜ խտ։
Աշըղները երբ որ պատմում են այս արկածը և վերջացնում՝ սովորաբար մի խրատական կամ ծիծաղաշարժ խաղ էլ իրանցից են ասում կամ նույնիսկ՝ Քյորօղլու ասածներից ուրիշ դեպքում։ Իբրև օրինակ՝ բերենք հետևյալ խաղը.
Ով որ ձուկ բռնել չըգիտե՝
Կարթի պատիվն ի՞նչ կիմանա.
Խըխունջներից գոհ եղողը
Թարթի պատիվն ի՞նչ կիմանա.
Ո՞վ է տեսել փայտից մաշա
Կամ բոշայից դառած փաշա։
Ով սիրում է փտած հինը՝
Չի հասկանալ նորի գինը.
Քուչեքն ընկած թեթև կինը
Մարդի պատիվն ի՞նչ կիմանա։
Քուրդը չի սովորիլ փեշակ,
Պղպեղը չի դառնալ մեխակ,
Ագռավը, որ դառնա սոխակ,
Վարդի պատիվն ի՞նչ կիմանա։
Սուտ չէ Քյորօղլու ասածը,
Նրա երգածն ու խոսածը.
Փալասներում մեծացածը
Զարդի պատիվն ի՞նչ կիմանա։
Աքաղաղը չէր հավանում սոխակին։
– Կուզե՞ս,– ասաց,– հարցնենք ավանակին։
– Ո՛չ, ո՛չ,– պատասխանեց սոխակը,–
Ես ավելի հավան եմ քո՛ ճաշակին…