Lazaros Aghayan

Քյորօղլին՝ ջաղացպան

Մեկ անգամ Քյորօղլու ծառաներից մեկը՝ Քաչալ-Համզան, փախել էր։ Քյորօղլին հեծավ իր հռչակավոր Ղռաթը և ընկավ Համզայի հետևից, որ բռնե նրան և պատժե։

Համզան դեռ շատ չէր հեռացել։ Նա ետ մտիկ տվավ ու տեսավ, որ հեռվից փոշի է բարձրանում, իսկույն գլխի ընկավ, որ Ղռաթի բարձրացրած փոշին է այն, ուր որ է՝ Քյորօղլին պիտի հասնե և բռնե նրան։ Հնար չկար փախչելու։ Նրա բախտից՝ նույն տեղը մի ջաղաց կար, վազեց մտավ ջաղացը, երես-մերեսը ալրաթաթախ արավ, շորերն էլ նույնպես, և այսպես կերպարանափոխված՝ դուրս եկավ կանգնեց ջաղացի դռանը։

Քյորօղլին ձին քշած եկավ և, Համզային պատահելով՝ հարցրեց, թե՝ այս նշանով մարդ չանցա՞վ արդյոք։

Ինչպես չէ, պատասխանեց Համզան, քո ասած նշաններով մի մարդ մտավ այս րոպեիս իմ ջաղացը։

Ուրեմն, բռնի՛ր ձիս, ասաց Քյորօղլին և իջավ ձիուց։

Ձին թողեց Համզայի ձեռքին, իսկ ինքը մտավ ջաղացը, տեսավ, որ այնտեղ ոչ ոք չկա, դուրս եկավ, որ բարկանա ջաղացպանի վրա, բայց կեղծ ջաղացպանը արդեն Ղռաթի վրա էր։

Անպիտա՜ն, ինձ խաբեցիր՝ բավական չէ՞, համարձակեցար հեծնել նաև իմ Ղռաթի՞ս, ասաց Քյորօղլին բարկությամբ։

Շատ մի՛ խոսիր, պատասխանեց Համզան, այժմ Քյորօղլին ե՛ս եմ, իսկ դու գնա՛ ջաղացպանություն արա. նայիր միայն, որ լա՛վ աղաս, կորկոտ չանես։ Այս ասելով՝ Ղռաթի գլուխը շրջեց ստահակ ծառան, և՝ այսօր ես անհայտացել, թե էգուց…

Քյորօղլին նոր գլխի ընկավ, որ փախչողը Համզան էր, բայց էլ ի՞նչ կարող էր անել։ Նա, քա՜հ-քա՜հ ծիծաղելով իր միամտության վրա, գլուխը թափ տվավ և մտավ ջաղացը։

Քյորօղլին սովորություն չուներ հուսահատվելու, այս տեսակ դեպքերը նրա միշտ ուրախ ու զվարթ տրամադրությունը չէին խանգարում։ Նա տեսավ, որ ամբարը լիքն է ցորենով, բայց ջաղացպանն ուրիշ տեղ է գնացել, ջուրը կապեց նավի մեջ, բա՛ն ձգեց աղորիքը։ Երբ որ չախչախն սկսեց իր ներդաշնակ չխչըխկոցը՝ Քյորօղլին նրան սազի տեղ համարեց և սկսեց երգել հետևյալ երգը.

Ա՜յ, Քյորօղլի, ջա՜ն Քյորօղլի,
Ա՜յ, Քյորօղլի, ջա՜ն Քյորօղլի,
Քեզ խաբեց Համզան, Քյորօղլի՛, հա՜յ, հա՜յ, հա՜յ.
Բայց որ դառել ես ջաղացպան
Կանչի՛ր, թող գա դան, Քյորօղլի՛, ջա՜ն,
Ջա՜ն Քյորօղլի, ջա՜ն,
Ջա՜ն Քյորօղլի։

Մարդուս բախտն է ահա այսպես,
Պտըտվում է ջաղացի պես.
Մեկ օր ահռելի վիշապ ես,
Մյուս օր՝ ջաղացպա՛ն, Քյորօղլի։

Բայց դու էլի Քյորօղլին ես,
Ժողովրդի սիրելին ես.
Թեկուզ ջաղացպան էլ լինես՝
Քեզ պատիվ կըտա՜ն, Քյորօղլի՛։

Թեև Ղռաթիցըդ զրկված՝
Բայց թուր ունիս վըրադ կապած.
Համզան ստրուկ, թոկից փախած,
Իսկ դու ազատ խա՜ն, Քյորօղլի՛։

Մոտըդ կանչիր հըսկաներիդ,
Հավատարիմ կտրիճներիդ,
Թող գան գտնեն փախած գերիդ,
Չըկորչի Համզա՛ն, Քյորօղլի։

Քյորօղլու ձայնը շատ ահեղ էր. այս երգը երգելուց հետո բարձրացավ ջաղացի տանիքի վրա և այնպես որոտաց, որ նրա ձայնը, սար ու ձոր դմբացնելով, հասավ մինչև Չամլիբել, ուր գտնվում էր Քյորօղլու անմատչելի բերդը։ Քյորօղլու կինը՝ Նիգյար խանումը, որ շատ սուր լսողություն ուներ, ամենից շուտ իմացավ, որ իր ամուսինը մի անակնկալ փորձանքի է հանդիպել։ Իսկույն իմաց տվավ քաջերին, որոնք մի ակնթարթում դուրս թափվեցին բերդից և հասան իրանց խմբապետին։ Դրանց մեջ նշանավոր էին Դամյուրջօղլին, Իսաբ-Ալին և Գզիր-օղլի Մուստաֆա-բեգը։ Երբ որ գնացին տեսան Քյորօղլուն ջաղացպանություն անելիս, Ղռաթը խլել տված՝ շատ ծիծաղեցին, և Դամյուրջօղլին մի երգով շնորհավորեց Քյորօղլու նոր արհեստը և նոր առուտուրը (որովհետև Համզան, Ղռաթը փախցնելով, նրա փոխարեն իր ջորին թողել էր նրա մոտ)։

Թող երգե Դամյուրջօղլին, տեսնենք՝ ի՛նչ է երգում և ի՛նչ ձևով.

Նոր վաճառական ես դառել,
Առըտուրըդ շնորհավոր,
Ձին տըվել ես, ջորին առել,
Առըտուրըդ շնորհավոր,
Ձին տըվել ես, ջորին առել,
Առըտուրըդ շնորհավոր, հոգի՜ս,
Առըտուրըդ շնորհավոր։

Ալյուրըդ ջորուն կըբարձես,
Բազար կըտանես կըծախես,
Դեղին ոսկիք կըհավաքես,
Առըտուրըդ շնորհավոր։

Քեզ կասեն՝ ուստա Առուշան,
Երբ կըլինիս լավ ջաղացպան,
Գըլուխ-գըլուխ շահադ կըտան,
Առըտուրըդ շնորհավոր։

Դամյուրջօղլի՛, շատ լավ կանես,
Որ Քյորօղլուն գովաբանես,
Ասեմ լավ վաճառական ես,
Առըտուրըդ շնորհավոր…

Դամյուրջօղլին այսպես երկար կշարունակեր, բայց Քյորօղլին նրան միջահատում է, ասելով՝ կատակի ժամանակ չէ. և ի՛նքն է սկսում երգել այլ եղանակով և ահեղ ձայնով․

Ծառաս փախել է մինչ Արաբըստան՝
Շո՛ւտ արեք, ուր որ է՝ փնտրեցեք բերեք,
Շլընքին զարկելով կապեք կռները,
Արաբ ձիու վըրա բարձեցեք բերեք.
Շլընքին զարկելով կապեք կռները,
Արաբ ձիու վըրա բարձեցեք բերեք։

Իր գործած հանցանքը դըրեք իր վըզին,
Որ չասեն՝ անմեղ էր, իզուր պատժեցին,
Մորթեցեք եզան պես, քերթեցեք կաշին,
Միսը մաս-մաս արեք, ջարդեցեք բերեք։

Քյորօղլին եմ ես, չեմ մնալ ջաղացպան,
Իմ Ղռաթին երբեք չի տիրիլ Համզան,
Գետնի տակն էլ լինի՝ հանեցե՛ք նրան,
Ձիու պոչից կապած՝ քաշ տըվեք բերեք։

* * *

Ինչ ասել կուզի, որ Քյորօղլու հրամանը շուտափույթ կատարվեց։ Քյորօղլուն պատահած այս արկածը պատմվում է և ուրիշ ձևով։

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Waterfall
Waterfall
Play Online