Lazaros Aghayan

Անահիտ

Ա

Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝ Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին։

Մեկ անգամ Վաչե թագավորի միամոր որդին՝ Վաչագանը, որ մի նորահաս երիտասարդ էր, պալատի պատշգամբի վրա կռթնած նայում էր իրանց այդ ծառաստանին։ Եղանակը գարնանային էր և առավոտյան արևաբացին։ Աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները, կարծես խոսք մեկ արած՝ հավաքվել էին այդ ծառերի վրա, որ մի ընդհանուր նվագահանդես սարքեն և իրար հետ մրցեն։ Մինն իր սրինգն էր փչում, մյուսն իր փողը, բայց հաղթանակը խոսողն էր տանում։ Սոխակն էր այդ խոսողը՝ բյուլբյուլն Աղվանից, սիրահար սրտերի միակ մխիթարիչը։ Նա որ սկսում էր նվագել իր բյուրաղի քնարը, իսկույն լռում էին մյուսները և, ականջները սրած՝ նրան էին լսում և նրա դայլայլիկի բյուրավոր ելևէջներից դաս առնում։ Մինը սովորում էր նրա ծլվլոցը, մյուսը՝ նրա կլկլոցը, մինը՝ շվշվալը, մյուսը՝ սուլելը, և մեկ էլ հանկարծ ամենքը միասին, միախառն ձայնով սերտում էին իրանց սովորած եղանակները։

Արդյոք սրա՞նց էր ականջ դնում Վաչագանը այնպես լուռ, այնպես ակնապիշ։ Ոչ… Ուրիշ հոգս, ուրի՛շ ցավ կար նրա սրտումը. սրանք միայն սաստկացնում էին նրա ցավը և խոր տխրության մեջ ձգում նրան։

Այս տխուր մտմտուքից հանեց Վաչագանին նրա մայրը՝ Աշխեն թագուհին, որ այդ պահուն մոտեցավ նրան և, մոտը նստելով, հարցրեց.

Վաչի՛կ, ես տեսնում եմ, որ դու սրտումդ մի ցավ ունիս, բայց թաքցնում ես մեզանից։ Որդի, ասա՛ ինձ, ինչո՞ւ համար ես այդպես տխուր։

Մա՛յր, ճշմարիտ ես ասում, պատասխանեց որդին, աշխարհիս փառքն ու վայելչությունը աչքիս չեն երևում։ Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ։ Ասում են՝ Մեսրոպ վարդապետը կրկին եկել է Հացիկ, իր շինած վանքումը միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել, ուզում եմ ես էլ գնալ այնտեղ։ Մա՛յր, դու չգիտես, թե ինչքա՛ն լավ գյուղ է այդ Հացիկը։ Այնտեղի թե՛ տղերքը և թե՛ աղջկերքը այնպես սրամիտ, այնպես գեղեցիկ են, որ եթե տեսնես՝ կմնաս հիացած։

Ուրեմն, նրա՞ համար ես գնում Հացիկ, որ այնտեղ տեսնես քո սրամիտ Անահիտին։

Մա՛յր, դու որտեղի՞ց գիտես նրա անունը։

Մեր պարտիզի սոխակները բերին ինձ այդ համբավը։ Սիրելի՛ Վաչիկ, ինչո՞ւ ես մոռանում, որ դու Աղվանից թագավորի որդին ես։ Թագավորի որդին կա՛մ թագավորի, կա՛մ մեծ իշխանի աղջիկ կուզի և ոչ թե՝ մի գեղջկուհի։ Վրաց թագավորը երեք աղջիկ ունի, կարող ես ընտրել նրանցից որին կամենաս։ Գուգարաց բդեշխն ունի մի շատ գեղեցիկ աղջիկ, որ իր միակ ժառանգն է, իր հարուստ կալվածների միակ տիրուհին։ Սյունյաց իշխանն ունի դարձյալ մի շատ սիրուն աղջիկ, վերջապես՝ մեր հազարապետի Վարսենիկն ի՞նչ պակաս աղջիկ է. մեր աչքի առջև մեծացած, մեր ձեռքով կրթված…

Մա՛յր, ես արդեն ասացի, որ պիտի երթամ վանք, բայց եթե դուք ուզում եք, որ ես անպատճառ ամուսնանամ, ապա գիտացեք, որ իմ ուզածը միայն և միայն Անահի՛տն է…

Այս ասաց Վաչագանը և, ամոթից կարմրելով, վազեց դեպի պարտեզ, ինչպես մի ծանր բեռնից ազատված փախստական գերի…

Բ

Վաչագանի քսան տարին նոր էր լրացել։ Նա երկայնացել էր իրանց պարտեզի բարդիների նման, բայց շատ քնքուշ, դժգույն և վատառողջ էր։ Մանկությունից կրոնական կրթություն ստանալով մեծն Մեսրոպի աշակերտների մոտ՝ մտադիր էր իր վարդապետների օրինակին հետևել, քաշվել մի վանք, աշակերտներ պատրաստել և քարոզչության նվիրվիլ։ Բայց նրա այդ ձգտումը հակառակ էր իր ծնողաց կամքին, ըստ որում՝ ի՛նքն էր նրանց միակ զավակը, ի՛նքն էր Աղվանից թագավորության միակ ժառանգը։

«Որդյա՛կ իմ Վաչագան, ասում էր հայրը շատ անգամ, դու գիտես, որ իմ հույսը միայն դու ես, դո՛ւ պետք է մեր տան ճրագը վառ պահես, մեր օջախի հիշատակը՝ կենդանի։ Պետք է, ուրեմն, ամուսնանաս, ինչպես որ աշխարհիս օրենքն է»։

Որդին միայն կարմրում էր հոր այդ առաջարկությունը լսելիս և չէր իմանում՝ ի՞նչ պատասխան տա, ըստ որում՝ ամուսնության վրա նա չէր մտածել և չէր էլ ուզում մտածել։ Բայց հայրը նրան հանգիստ չէր տալիս, և նույն առաջարկությունը, ավելի գրավիչ խոսքերով, նա անում էր շաբաթը մի քանի անգամ։ Հոր այդ ստիպմունքներից ազատ մնալու և նրան ուշ-ուշ տեսնելու համար ինքն իրան որսորդության տվավ Վաչագանը, թեև զբոսասեր չէր, այլ՝ ավելի սիրում էր շարունակ տանը նստել և կարդալ։ Այնուհետև առավոտները վեր էր կենում շատ վաղ և ընկնում սար ու ձոր և երեկոները շատ ուշ ետ դառնում։ Երբեմն երեք-չորս օրով ուշանում էր և ծնողացը տարակուսության մեջ ձգում։ Շատ իշխանների որդիք ուզում էին նրան ընկերանալ և նրա հետ միասին ման գալ, բայց ինքը չէր հոժարում։ Նա հետը վերցնում էր միայն իր մտերիմ և քաջ ծառային՝ Վաղինակին, որ մի պնդակազմ և քաջառողջ տղամարդ էր, և իր հավատարիմ շունը՝ Զանգին, որ թեև դեռ լակոտ, բայց արդեն մի ահագին գամփռ էր։ Սրանց հանդիպող մարդիկը չէին իմանում, որ մինը թագավորի որդին է, և մյուսը՝ նրա ծառան, ըստ որում՝ երկուսն էլ միևնույն հասարակ որսորդի հագուստն ունեին հագած, երկուսն էլ՝ միևնույն նետաղեղը ուսներին և լայնաշեղբ դաշույնը կախած գոտիկներից, միայն պաշարի պարկը Վաղինակն էր կրում։ Շատ անգամ իջնում էին զանազան գյուղերում, և Վաչագանը, իբրև մի օտար մարդ, ծանոթանում էր գյուղացոց կյանքին, տեսնում էր նրանց ամենօրյա հոգսերն ու կարիքները, նկատում էր, թե ովքե՛ր են բարություն անում և ովքե՛ր՝ անիրավություն։ Հանկարծ շատ կաշառակեր դատավորներ հեռացվում էին իրանց պաշտոնից, և նրանց տեղ լավերն էին նշանակվում, շատ գողեր բռնվում ու պատժվում էին, շատ նեղության մեջ ընկած տներ ու համայնքներ օգնություն էին ստանում թագավորից՝ առանց իմաց տալու նրան իրանց նեղությունը։ Այսպես մի աներևույթ զորություն ամեն տեղ ամեն բան տեսնում էր և հոգացողություն անում։ Այս տեսնելով՝ ժողովուրդն սկսեց հավատալ, որ Վաչե թագավորը Աստծու պես իմանում է, թե՝ ո՛ւմ ինչ է պետք, և ո՛վ է պատժի կամ վարձատրության արժանի մի բան արել։ Էլ ոչ մի տեղ ո՛չ գողություն էր լինում և ո՛չ մի ուրիշ անարդարություն։ Բայց ոչ ոք չէր իմանում, որ այդ լավ փոփոխության միակ պատճառը թագավորի որդին էր։

Վաչագանի այս տեսակ թափառական ճանապարհորդությունը իր համար էլ ունեցավ լավ հետևանք։ Նա ավելի զվարթացավ և առույգացավ։ Նա սկսեց ավելի ուժեղանալ և ճարպիկանալ՝ քան թե առաջ էր։ Մոտիկից տեսնելով ժողովրդի հոգսերը՝ նա զգաց, թե ինչքա՜ն բարիք կարող է անել մի թագավոր իր երկրի համար, և սկսեց փոքր առ փոքր ճգնվելու միտքը թողնել։ Նրա սրտի սերն արդեն վառվելու հատկություն էր ստացել, հարկավոր էր միայն մի առիթ, մի շփումն, որ ցոլային նրա լուսափայլ ճառագայթները, այդ առիթը շուտով վրա հասավ։

Մեկ օր իրանց սովորական որսորդության ժամանակ Վաչագանն ու Վաղինակը հասան մի գյուղ և նստեցին նրա աղբյուրի մոտ, որ հանգստանան։ Շատ դադրած ու քրտնած էին։ Գյուղի աղջկերքը եկել էին աղբյուրից ջուր տանելու և հերթով լցնում էին կուժերն ու փարչերը։ Վաչագանը սաստիկ ծարավել էր։ Նա ջուր ուզեց, և աղջիկներից մինը լցրեց փարչը և ուզեց Վաչագանին տալ, բայց մի ուրիշ աղջիկ նրա ձեռքից խլեց փարչը և դարտկեց։ Ինքը նորից լցրեց, բայց էլի դարտկեց։ Վաչագանի թուքը ցամաքել էր, և անհամբեր սպասում էր, թե՝ երբ պետք է արդյոք իրան ջուր հասցնեն, բայց մեր անծանոթ աղջկա հոգը չէր այդ. նա կարծես խաղ էր անում, լցնում, դարտկում էր և այդ կրկնեց չորս-հինգ անգամ, միայն վեցերորդ անգամին տարավ, իրան անծանոթ որսորդին տվավ։

Վաչագանը երբ որ խմեց և փարչը տվավ Վաղինակին՝ ինքն սկսեց խոսեցնել աղջկանը և հարցրեց, թե՝ ինչո՞ւ նա իսկույն չբերավ ջուրը. չլինի՞ թե կատակ անել ուզեց կամ բարկացնել։ Աղջիկը նրան պատասխանեց.

Մենք սովորություն չունինք մի օտար երիտասարդի հետ կատակ անել, մանավանդ՝ երբ նա ջուր է ուզում։ Բայց ահա՛ ինչ էր իմ միտքը։ Ես տեսա, որ դուք դադրած ու քրտնած եք, իսկ այդ վիճակի մեջ սառը ջուրը վնաս է մարդուն, դրա համար ես գիտությամբ ուշացրի, մինչև դուք մի փոքր հանգստանաք և հովանաք։

Աղջկա խելոք պատասխանը զարմացրեց Վաչագանին, բայց գեղեցկությունն ավելի ևս հիացրեց նրան։ Նրա աչքերը խոշոր, թուխ-թուխ և վառվռուն էին, ունքերը՝ կարծես վրձինով քաշած, գլուխը բաց էր, և ծամերը փռված թիկունքի վրա, ճակատը՝ լայն, քիթ ու պռոշը՝ նկարածի պես։ Ոչինչ զարդ ու զարդարանք չուներ, հագուստը մի կարմիր մետաքսե շապիկ էր, որ նրա վայելչակազմ հասակը ծածկում էր մինչև ոտները, և մի ասեղնագործած բաճկոնակ, որով կոճկված էր նրա բարակ մեջքն ու լայն կուրծքը։ Ոտքերը բոբիկ էին, բայց նոր լվացված կաթնաղբրի ջրով՝ բամբակի պես սպիտակին էին տալիս։ Այսպես էր Անահիտի արտաքին կերպարանքը, բայց նրա դեմքի գծագրության, նրա աչքերի մեջ մի այնպիսի գրավիչ զորություն կար, որ իսկույն կախարդեց Վաչագանին և ապշեցրեց նրան։

Անունդ ի՞նչ է, հարցրեց Վաչագանը։

Անահիտ, պատասխանեց աղջիկը։

Ո՞վ է քո հայրը։

Իմ հայրը մեր գյուղի նախրչի Առանն է։ Բայց ինչո՞ւ ես ուզում իմանալ, թե իմ անունն ինչ է, կամ ով է իմ հայրը։

Ոչի՛նչ, հենց այնպես հարցնում եմ. հարցնելը հո մե՞ղք չէ։

Եթե հարցնելը մեղք չէ՝ խնդրեմ, դու էլ ինձ ասես, թե ինքդ ո՞վ ես, ո՞րտեղացի ես։

Սո՞ւտ ասեմ, թե՞ ճշմարիտ։

Ո՛րը քեզ արժան կհամարես։

Իհարկե, ես արժան կհամարեմ ճշմարիտը, իսկ ճշմարիտն այս է, որ ես հիմա չեմ կարող ուղիղն ասել, թե ես ով եմ, բայց խոսք եմ տալիս մի քանի օրից հետո հայտնել։

Շա՛տ լավ։ Շնորհեցեք ինձ փարչը, և եթե էլի ջուր եք կամենում՝ բերեմ։

Ո՛չ, շնորհակալ ենք. դու լավ խրատ տվիր մեզ, այդ կհիշենք միշտ և քեզ չենք մոռանալ։

Անահիտն առավ փարչը և հեռացավ։

Գ

Երբ որ մեր որսորդները ճանապարհ ընկած գնում էին դեպի տուն՝ Վաչագանը հարցրեց Վաղինակին.

Վաղինա՛կ, դու մեր Բարդումը տեսա՞ծ ես սրա պես գեղեցիկ աղջիկ։

Վաղինակը պատասխանեց.

Ես լավ չնկատեցի նրա գեղեցկությունը, իմացա միայն, որ իրանց գյուղի նախրչու աղջիկն է։

Չես նկատել, բայց լավ ես լսել։ Այդ նրանից է, որ քո ականջներն ավելի սուր են, քան թե աչքերդ, բայց քո սուր ականջները շատ սխալ են լսում։

Ո՛չ, սխալ չեն լսում, աղջիկն ի՛նքն ասաց, որ իր հայրը իրանց գյուղի նախրչին է։

Շա՛տ լավ, բայց դրանից ի՞նչ դուրս եկավ, ես կարծում եմ, որ այդ հանգամանքը նրա հրաշալի գեղեցկությունից ո՛չ մի մազ չպակսեցրեց և նրա արժանավորությունն ավելի ևս բարձրացրեց։

Ուրեմն դու, երբ որ թագավոր դառնաս, մի նախրչական շքանշան հնարի՛ր և նրանով բարձրացրու քո իշխաններին։

Նախրչական նշանն այնքան բարձր է, Վաղինա՛կ, որ կարելի չէ տալ ո՛չ մի իշխանի։ Այդ նշանը կարող են կրել միայն թագավորներն ու հայրապետները։ Դու չգիտե՞ս միթե, որ այն գավազանը, որ տրվում է թագավորներին և հայրապետներին՝ հովվական նշան է։

Հովվակա՜ն, բայց ոչ թե նախրչական։

Հովիվն ու նախրչին ինչո՛վ են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածացնում, իսկ նախրչին՝ ամեն ինչ. ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էշ, ջորի և մինչև անգամ՝ ուղտ։ Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրչության է նման, քան թե հովվի, ըստ որում՝ նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերի՛ց չէ բաղկացած, այլ՝ շատ տեսակ կենդանիներից։ Մի՞թե քեզ հայտնի չէ, որ Աստված ամենից շատ նախրչիներին է սիրել․ ի՞նչ են եղել Աբրահամ, Մոսես, Դավիթ, եթե ո՛չ մի-մի նախրչի։ Ո՞վ էր Աստծուն ավելի սիրելի՝ Եսա՞վը, որ մեզ նման որսորդ էր, թե՞ Հակոբը, որ նախրչի էր։ Իմ կարծիքով, նախրչի են եղել աշխարհիս բոլոր արդար մարդիկը՝ Աբելից սկսած մինչև այս գյուղի նախրչին, որ այսքան գեղեցիկ ու խելոք աղջիկ ունի։

Քեզ հետ վիճել կարելի չէ, իշխա՛ն․ քիչ էլ որ խոսեցնեմ, դու Մեսրոպ վարդապետի քարոզները կկարդաս գլխիս։ Թող գեղեցիկ լինի նախրչու աղջիկը. ասած է «Աչքի սիրածը տգեղ չի լինիլ»։ Բայց ես կարծում եմ, որ եթե այդ աղջիկը լիներ մի երկրագործի աղջիկ՝ դու չէիր ասիլ, որ Կայենը երկրագործ էր, բայց կասեիր. «Երկրագործ են եղել աշխարհիս բոլոր լավ մարդիկը՝ Ադամից սկսած մինչև այս գյուղի երկրագործը, որ մի այսքան սիրուն աղջիկ ունի»։

Վաղինա՛կ, մի րոպե թող քո սրախոսությունդ և ինձ ուղի՛ղն ասա. Անահի՞տն է գեղեցիկ, թե՞ մեր հազարապետի աղջիկ Վարսենիկը։

Ես կարծում եմ, որ իբրև իշխանուհի՝ հազարապետի աղջիկն է գեղեցիկ, իսկ իբրև նախրչուհի՝ այդ գեղջկուհին. մինը մյուսի տեղը չի բռնիլ։

Բայց ո՞րը կլինի ավելի խելոք՝ Անահի՞տը, թե՞ Վարսենիկը։

Ես ոչ մեկի խելքը չեմ չափել, բայց կարծում եմ, թե՝ Վարսենիկը շատ լավ գիտե, որ մեր Թարթառի ջուրը ոչ ոքի վնաս տված չէ՛, և այդ պատճառով՝ երբ որ դու նրանից ջուր ուզես, նա հարկ չի համարիլ քո Անահիտի պես նազ ու սազ անել և թուքդ ցամքած թողնել։

Վաղինա՜կ…

Հրամայի՛ր, իշխան…

Վաղինա՛կ, դու ինձ չե՜ս սիրում…

Իշխա՛ն, ես հասկանում եմ քո միտքը։ Ես տեսա, որ այդ առասպելական Անահիտի թերթևունքները նետերի պես ցցվեցան սրտիդ մեջ, բայց ցավում եմ, որ այդ վերքը քո մեջ պիտի անբժշկելի դառնա…

Վաչագանն այլևս չխոսեց և ընկավ մի խոր մտածության, մի երևակայական աշխարհի մեջ։ Լռեց և Վաղինակը։ Միայն Զանգին սովորականից դուրս ավելի ուրախ էր թռչկոտում ու խաղում, կարծես մի նոր որսի հոտ լիներ առած։

Դ

Նախընթաց դեպքից մի քանի օր անցած թագավորն ու Վաղինակը երկար խոսակցություն ունեին։ Խոսակցության առարկան Վաչագանն էր։

Վաղինա՛կ, ասաց թագավորը, դու մի փոքր երեխա ես եղել, որ մեր տունն ես եկել, ես քեզ հարազատ որդու պես եմ պահել։ Այսօր դու ինքդ որդու տեր ես և կարող ես զգալ, թե ի՛նչ է որդեսիրությունը։ Մեր Վաչագանը քեզ եղբորից չի զանազանում և միայն քե՛զ է հայտնում իր սրտի գաղտնիքը։ Դու պետք է իմանաս նրա միտքը և հայտնես մեզ, որ մենք մեր ձեռքից եկած հնարը գործ դնենք։

Վաղինակը պատասխանեց.

Հա՛յր թագավոր, Վաչագանն այնքան գաղտնապահ է, որ ինձ էլ չի բաց անում իր սիրտը, միայն այս վերջին օրերս ես նրա մեջ մեծ փոփոխություն եմ նշմարում։ Ես կարծում եմ, որ նա սիրահարված է Անահիտ անունով մի աղջկա վրա։

Ո՞վ է այդ Անահիտը։

Դա Հացիկ գյուղի նախրչու աղջիկն է։

Նախրչո՜ւ…

Այո՛։

Այդ նախրչու Անահիտը մի աստվածուհի պետք է լինի, ուրեմն, որ կարողացել է Վաչագանին այդպես կախարդել և կակղացնել նրա քարացած սիրտը։

Հայր թագավոր, ես միշտ փտնում եմ այդ աղջկանը, ծիծաղում եմ Վաչագանի վրա, բայց զուր է անցնում իմ աշխատությունը, և կարծում եմ, որ պիտի զուր էլ անցնի, ըստ որում՝ այդ աղջիկը ճշմարիտ որ մի աստվածուհի է. նրա գեղեցկությունը մի հիացք է, իսկ խելքի մասին հրաշքներ են պատմում։ Ասում են՝ գյուղի ծերերը նրա խորհրդին են դիմում ամեն դժվար հանգամանքներում։ Ո՛չ մի երիտասարդ նրա քաջությունը չունի, ո՛չ մի օրիորդ՝ նրա ձեռքի ճարտարությունը։ Նրան անվանում են «Անտառների թագուհի», ըստ որում՝ իր հոր նախրից երբ որ մի ապրանք է կորչում կամ գողացվում, նա իսկույն, մի կրակոտ ձի հեծած՝ սար ու ձոր է ընկնում և որտեղից լինի՝ գտնում բերում է։ Այս տեղեկությունները ես հավաքել եմ Վաչագանից ծածուկ և ոչինչ չեմ հայտնել, որ ավելի ևս չտաքանա, բայց ինչպես ես տեսնում եմ, նա առանց այս էլ նրանից ձեռք վերցնողը չէ։ Ես հույս ունիմ, որ ինքը եթե ձեզ չհայտնե, մայր թագուհուց չի թաքցնիլ։

Եթե այդպես է՝ ես կհայտնեմ մորը։ Շնորհակալ եմ, որ ինձ նախապատրաստեցիր քո տված տեղեկություններով։

Վաղինակը ճշմարիտ որ լավ նախապատրաստեց թագավորին։ Նա Անահիտի գովասանքը, իր կարծիքով, չափազանցության հասցրեց ավելի այն մտքով, թե՝ բան է, եթե որդու կողմից զիջում չլինի, գոնե ծնողաց կողմից լինի, որ Վաչագանի մուրազն անկատար չմնա։ Ահա՛ այս խոսակցությունից հետո էր, որ մայրն իմացավ որդու տխրության գաղտնիքը։

Ե

Թագուհին երբ որ իմացավ Վաչագանի վճռական խոսքը, թե՝ նա միայն Անահիտին կուզի և ուրիշ ոչ ոքի, հայտնեց թագավորին, որ իրանց որդին Հացիկ գյուղի նախրչու աղջկանն է հավանել, և պատմեց բոլորը, ինչ որ ինքը լսել էր։ Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ պալատի մեջ։ Բոլոր ծառաներն ու նաժիշտներն իմացան։ Մյուս օրը ամբողջ քաղաքը դղրդում էր այդ նոր համբավով։ Գյուղացիք ուրախացան, որ թագուհին իրանցից կլինի, և նրա օրով իրանք շատ բախտավոր կլինին։ Մեծ-մեծ իշխանները տխրեցան, թե՝ ինչո՞ւ թագավորի որդին ռամիկ նախրչուն իրանցից բարձր համարեց։ Վաճառականները ծիծաղում էին, թե՝ երևի թագավորի որդին խելքը կորցրել է, որ փոխանակ հարուստ օժիտով աղջիկ ուզելու՝ մի աղքատի աղջիկ է ուզում։ Պակաս չէին և սրախոս մարդիկ, որոնք այդ առիթով զանազան առասպելներ էին հնարում և պատմում սրան-նրան։

Ահա՛ թե ինչ էին ասում այդ սրախոսները.

Բաբի՛կ, ասում են՝ մեր թագավորի որդին նախրչու աղջիկ է ուզում, լսե՞լ ես…

Այդպես չէ, սիրելի՛ Սադոկ, դու սխալ ես լսել։ Այդ նախրչին իսկապես նախրչի չէ, այլ՝ թագավոր է, բայց որովհետև իր հպատակները բոլորն էլ անասուններ են, այդ պատճառով նրան նախրչի են ասում։ Հիմա մենք որ հիմար լինինք, մի՞թե դրա համար պետք է մեր թագավորին տավարած անվանեին։ Մեր թագավորի խնամացուն մի շատ իմաստուն թագավոր է. նա իմանում է բոլոր անասունների լեզուն, այդպես մեկ էլ Սողոմոն իմաստունն է եղել։

Ի՜նչ ես ասում… մի՞թե անասուններն էլ ունին թագավոր։

Ինչո՞ւ ես զարմանում։ Հապա չե՞ս լսել, որ ասում են՝ մորեխների թագավորը, օձերի թագավորը, մրջյունների թագավորը, մեղուների թագուհին։ Եվ մարդիկն էլ դեռ այն ժամանակն են սկսել թագավոր ունենալ, երբ նրանց խելքը անասունների խելքից բարձր չի եղել։

Ես այդ գիտեմ, բայց չեմ լսած, որ տավարներն էլ ունենան թագավոր։ Մեկ էլ, որ ասենք՝ օձերի թագավորը օձ է, մորեխներինը՝ մորեխ, բայց տավարներինը մի՞թե մարդ է։

Հապա մարդ որ չլիներ, էլ ինչպե՞ս աղջիկ կունենար, էլ ո՞ւմ կուզեր մեր թագավորի որդին, երևի մարդ է, որ աղջիկ ունի, և այն էլ՝ գիտե՞ս ինչպե՜ս աղջիկ. շատ գեղեցիկ և շատ իմաստուն։ Ասում են՝ այդ աղջիկը մարդու չի գնում, և դեռ հայտնի չէ, թե արդյոք մեր թագավորի որդուն կուզի՞, թե՞ ոչ։

Ի՜նչ ես ասում։

Հապա դու ի՞նչ ես կարծում…

Զ

Թագավորն ու թագուհին տեսան, որ չեն կարողանում Վաչագանի միտքը փոխել, մի երեկո խորհուրդ արին և վճռեցին, որ ընդունեն նրա ընտրությունը։

Թագավորն ինքը շատ բարի մարդ էր, նա սրտով հակառակ չէր ամենևին որդու ընտրությանը։ Նա մինչև անգամ ուրախ էլ էր, որ իր որդին բոլոր հպատակների վրա հավասար աչքով է նայում և մեկը մյուսից բարձր չի դասում։ Նա միայն վախենում էր, թե՝ միգուցե դրանով գոռոզ իշխաններին գրգռե իր դեմ։ Բայց երբ որ իմացավ, թե՝ գյուղացիք շատ ուրախ են այդ բանին, և Անահիտն էլ բարձր համբավ է ստացել նրանց մեջ, ի՛նքն սկսեց համոզել թագուհուն, որ հոժարի այդ բանին…

Մյուս օրը կանչեցին Վաղինակին, հայտնեցին իրանց հոժարությունը և, նրա հետ երկու պատվավոր և իշխան մարդ ևս դնելով, մեծամեծ ընծաներով ուղարկեցին Հացիկ՝ հարսնախոսության։

Երբ որ դրանք հասան նախրչի Առանի տունը՝ Առանը նրանց սիրով ընդունեց և շնորհավորեց նրանց գալը։ Անահիտը տանը չէր։ Հյուրերը նստեցին սրահումը՝ մի նոր գորգի վրա, որ Առանը փռեց իսկույն և ինքն էլ նստեց նրանց կշտին։

Խոսակցության նյութը ամենից առաջ դարձավ նոր գորգը, որ իր գեղեցիկ նախշերով, գույների պայծառությունով և գործվածքի նրբությունով գրավեց հյուրերի ուշադրությունը։

Այս ի՜նչ հրաշալի գորգ է, ասաց Վաղինակը, տանտիկինդ կլինի գործած, անշուշտ։

Ո՛չ, ես կին չունիմ, ահա հինգ տարի է, որ կինս վախճանվել է։ Այդ գորգը մեր Անահիտի գործածն է։ Բայց ինքը չի հավանում, ասում է՝ իմ ուզածիս պես դուրս չեկավ։ Մեկ նորը հինել է, ահա՛ այն ծածկված ոստայնն է, հույս ունի, որ այն պիտի իր ուզածի պես դուրս բերե։

Մեր թագավորի պալատումն էլ չկա մի այսպիսի զարդ, ասաց իշխաններից մինը, հետո դառնալով Առանին՝ ավելացրեց, շատ ուրախ ենք, որ քո աղջիկն այսքան շնորհալի է։ Քո Անահիտի համբավը մինչև թագավորի ականջն է հասել։ Եվ ահա՛ մեզ ուղարկել է քեզ մոտ խնամախոսության։ Թագավորը կամենում է, որ քո Անահիտը տաս իր մինուճար որդուն՝ Վաչագանին, որ իր թագաժառանգն է։

Իշխանը, այս առաջարկությունն անելով՝ սպասում էր, թե Առանը կամ չի՛ հավատալ, կամ թե՝ սաստիկ ուրախանալուցը վեր կթռչի տեղիցը։ Բայց Առանը ո՛չ այս արավ և ո՛չ այն, այլ՝ գլուխը քաշ գցեց և սկսեց ցուցամատը գորգի նախշերով սահեցնել։ Նրան այդ մտածությունից հանեց Վաղինակը՝ ասելով.

Ինչո՞ւ տխրեցիր, Առա՛ն եղբայր, մենք քեզ ուրախություն ենք բերել և ո՛չ տխրություն։ Մենք քո աղջիկը բռնի տանելու չենք։ Այդ կախված է քո միակ կամքից. եթե կուզես՝ կտաս, չես ուզիլ՝ չես տալ. մեզ հարկավոր է միայն, որ դու ուղիղն ասես, թե դու ինչպե՛ս կկամենաս՝ տա՞լ, թե՞ չտալ։

Իմ պատվական հյուրեր, պատասխանեց Առանը, ես շատ շնորհակալ եմ, որ մեր տեր թագավորը իր ճոխ պալատի համար իր ծառայի աղքատիկ խրճիթից մի զարդ է ուզում տանել։ Գուցե այդպիսի մի զարդ, ինչպես ասացիք գորգի համար, չկա նրա պալատի մեջ, բայց ճշմարիտն ասում եմ ձեզ՝ իմ ձեռին չէ տալն ու չտալը։ Ահա կգա ինքը, իրան կհարցնեք. եթե կհոժարի, ես ոչինչ չունիմ ասելու։

Հենց այս խոսակցության ժամանակ եկավ Անահիտը, որ իրանց այգումն էր եղել, ձեռին մի զամբյուղ խաղողով, դեղձով և տանձ ու խնձորով լիքը։ Գլուխ տվավ հյուրերին, որոնց մասին իրան իմաց էին տվել, որ քաղաքից եկած իշխաններ են, և զամբյուղը ներս տանելով՝ միջի եղածը դարսեց մի նոր կլեկած մեծ սինու մեջ և բերավ դրավ հյուրերի առջև։ Ինքը գնաց իր ոստայնի մոտ, վեր առավ նրա երեսից սավանը և սկսեց շարունակել իր կիսատ թողած գործը։ Իշխաններն սկսեցին նայել, որ տեսնեն՝ ինչպե՞ս է գործում Անահիտը, և մնացին ապշած նրա արագաշարժ մատների ճարպիկության վրա։

Անահի՛տ, ինչո՞ւ ես մենակ գործում, հարցրեց Վաղինակը, ես լսել եմ, որ դու աղջիկ աշակերտներ շատ ունիս։

Այո՛, ունիմ մի քսան հոգի, պատասխանեց Անահիտը, բայց որովհետև հիմա այգեկութ է, արձակել եմ։ Այստեղ էլ լինին, չեմ բանեցնիլ սրա վրա։ Այս մեկ հատը ես մենակ պետք է գործեմ։

Լսել եմ, որ դու քո աշակերտներին կարդալ էլ ես սովորեցնում։

Այո՛, սովորեցնում եմ։ Հիմա մեզանում ամեն մարդ պարտական է կարդալ գիտենալ։ Այս վերջին օրերս էլի եկավ ծերունի Մեսրոպը և սաստիկ պատվեր տվավ, որ ամեն մարդ կարդալ սովորե, որ ամեն մարդ ի՛նքը կարդա Ավետարանը և հասկանա։ Հիմա մեր հովիվներն էլ գիտեն կարդալ և միմյանց սովորեցնում են իրանց հոտն արածացնելիս։ Այժմ եթե մեր անտառները պտտես՝ բոլոր հաստ ծառերի կեղևները գրոտած կտեսնես։ Անցյալ օրը ես մի ծառի վրա տասը տուն սաղմոս կարդացի։ Մեր բերդերի պարիսպները, ժայռերի ճակատները ածխագրերով լցրել են։ Մեկը Ավետարանից մի տուն գրում է կամ այնքան է գրում, ինչքան անգիր գիտե, հետո մյուսներն են շարունակում։ Ահա՛ այսպես սար ու ձոր լցվել է գրերով։

Մեր մեջ ուսումն այդչափ տարածված չէ, ըստ որում՝ մերոնք ծույլ են, բայց ես հույս ունիմ, որ երբ քեզ տանենք մեր քաղաքը՝ դու մեր ծույլերին արիաջան կշինես։ Մի րոպե թող քո գործը, Անահի՛տ, և եկ այստեղ, քեզ բան ունինք ասելու։ Տե՛ս, ահա՝ քեզ համար ինչե՜ր է ուղարկել մեր թագավորը։

Վաղինակն այս ասելով՝ բաց արավ մի կապոց և նրա միջից հանեց ոսկի զարդարանքներ և մետաքսե հագուստներ։

Անահիտն այդ բաները տեսնելով՝ ամենևին չհափշտակվեց և չտեսի նման չզարմացավ, այլ՝ համեստ կերպով հարցրեց.

Կարելի՞ է արդյոք իմանալ, թե այդ պատիվն ինչո՞ւ համար է արել ինձ թագավորը։

Մեր թագավորի որդին՝ Վաչագանը, քեզ տեսել է աղբյուրին. դու նրան ջուր ես տվել, և նա քեզ շատ հավանել է։ Հիմա թագավորը մեզ ուղարկել է, որ քեզ նշանենք իր որդու վրա։ Ահա ա՛յս մատանի է, ա՛յս ապարանջան է, ա՛յս մանյակ է, սրանք կոճակներ են, մի խոսքով՝ քեզ համար են այս ամենն էլ։

Ուրեմն, իմ տեսած որսորդը թագավորի որդի՞ն է եղել։

Այո՛։

Նա շատ լավ երիտասարդ էր։ Բայց արդյոք գիտե՞ մի որևիցե արհեստ։

Նա թագավորի որդի է, Անահի՛տ, նրան ի՞նչ արհեստ է հարկավոր. ողջ աշխարհի տերը նա՛ է, ամենքն էլ նրա ծառաներն են։

Գիտեմ, որ այդպես է, բայց ո՞վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ի՛նքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած։ Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե՛ ծառա լինի, թե՛ տեր, թե՛ թագավոր և թե՛ իշխան։

Այսպես որ ասաց Անահիտը՝ իշխանները մնացին իրար երեսի մտիկ տալիս։ Նայեցին Առանին, տեսան, որ նա շատ հավան է աղջկա ասածին։ Հետո դարձան Անահիտին ու կրկին հարցրին.

Ուրեմն, դու թագավորի որդուն չպիտի ուզես միայն նրա համար, որ նա արհեստ չգիտե՞։

Այո՛, և այս ամենը, ինչ որ բերել եք, ետ կտանեք և կասեք, որ ես իրան շատ հավանում եմ, միայն թող ներե ինձ, որ ես ուխտ եմ դրել՝ արհեստ չգիտցող մարդու չգնալ։ Եթե կամենում է, որ ես իր ամուսինը լինիմ, թող նախ և առաջ մի արհեստ սովորի։

Իշխանները տեսան, որ Անահիտը հաստատ է իր ասածին, էլ չստիպեցին։ Նույն գիշերը մնացին Առանի տանը։ Անահիտը նրանց լավ հյուրասիրություն ցույց տվավ և մի թագավորի հեքիաթ պատմեց, թե ինչպե՛ս նա շատ արհեստներ է սովորել, հետո իր ժողովրդին էլ սովորեցրել և դրանով իր երկիրը շատ հարստացրել։ Իշխանները, տեսնելով, որ ճշմարիտ է Անահիտի ասածը, ամաչում էին, որ իրանք ոչ մի արհեստ չգիտեն, միայն Վաղինակն սկսեց պարծանքով ասել, որ ինքը շատ լավ ոսկերչություն գիտե, թե ինքն այդ սովորել է թագավորի պալատական վարպետից։ Մյուս օրը վեր կացան, գնացին և ինչ որ տեսել, լսել էին՝ մի առ մի պատմեցին թագավորին։ Թագավորն ու թագուհին երբ լսեցին Անահիտի վճիռը, շատ ուրախացան՝ կարծելով, թե Վաչագանը չի ընդունիլ նրա առաջարկությունը և ձեռք կվերցնե նրանից. բայց երբ կանչեցին իրան և հայտնեցին՝ նա ասաց.

Շատ ուղիղ է ասել Անահիտը. ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա, թագավորն էլ մարդ է, նա էլ պետք է գիտենա մի արհեստ։

Ուրեմն, դու հոժա՞ր ես մի արհեստ սովորելու, հարցրեց մայրը։

Այո՛:

Բայց ուղի՛ղն ասա, ինչո՞ւ համար ես ուզում սովորել. արհեստի կարևորությո՞ւնն զգալով, թե՞ Անահիտին արժանանալու համար։

Երկուսն էլ… ինչո՞ւ թաքցնեմ, պատասխանեց Վաչագանը և հեռացավ իսկույն, որ երեսի կարմրիլը ծածկե իր ծնողներից…

Թագավորը տեսավ, որ որդին հոժար է մի արհեստ սովորելու, խորհրդի կանչեց իշխաններից մի քանիսին, և նրանք միաձայն վճռեցին, թե՝ նրան վայելուչ արհեստը լավ դիպակ գործելն է, որ չկա իրանց երկրի մեջ և հեռավոր երկիրներից են բերել տալիս շատ թանկ գնով։ Մարդիկ ուղարկեցին և խորին Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ բերել տվին Վաչագանի համար։ Մի տարվա մեջ Վաչագանն այնպես սովորեց դիպակ գործելը, որ իր ձեռքով նուրբ ոսկեթելից մի բաճկոնացու գործեց Անահիտի համար և Վաղինակի ձեռքով ուղարկեց նրան ընծա։

Անահիտը, ստանալով այդ ընծան, ասաց.

Հիմա ոչինչ չունիմ ասելու.

Երբ կանճարանա,
Ջուլհակ կըդառնա։

Հայտնեցե՛ք թագավորի որդուն իմ հոժարությունը և իմ կողմից էլ իմ նոր գործած գորգը տարե՛ք նրան ընծա։

Վաղինակը վեր առավ գորգը և, ձին հեծնելով, շտապեց դեպի Բարդա, որ մի րոպե առաջ ավետե Վաչագանին Անահիտի հոժարությունը։

Սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել, և յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին։ Այդ հարսանիքը մի չտեսնված մեծ տոնակատարության պես եղավ բոլոր երկրի համար։ Գյուղացոց ուրախությանն էլ չափ չկար։ Նրանք ուրախանալու առիթներ շատ ունեին, նախ՝ որ շատ սիրում էին թագավորին և նրա որդուն. երկրորդ՝ որ Անահիտը նրանց մեջ մեծ համբավ էր ստացել, և նրա գթության վրա մեծ հույս ունեին. երրորդ՝ որ թագավորը հարսանիքի օրը հրաման էր հանել, որ երեք տարի ժամանակով գյուղացոց բոլոր հարկերը ընծայված լինին։ Եվ դրա համար էլ գյուղացիք երկար ժամանակ երգում էին.

Անահիտի հարսանիքին ոսկի արև փայլեցավ.
Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափվեցավ.
Մեր արտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցան.
Մեր հարկերը անհետացան, մեր ցավերը վերացան.
Շա՜տ ապրի Ոսկեծղին՝
Մեր մայր թագուհին…

Է

Անահիտի փառավոր հարսանիքին ներկա չէր Վաղինակը։ Մեկ օր թագավորը նրան մի հանձնարարությունով ուղարկեց Պերոժ քաղաքը, որ շատ հեռու չէր Բարդայից, և այն գնալն էր, որ գնաց. էլ ետ չեկավ։ Շատ հարց ու խնդիր եղան, ման եկան, որոնեցին, բայց Վաղինակը կորավ ու կորավ։

Վաղինակին որոնելու գնացող մարդիկ լուր բերին թագավորին, թե՝ անհայտ եղած մարդիկ շատ կան, և ոչ ոքի հայտնի չէ, թե ինչպե՛ս են անհետանում այդ մարդիկը և ո՛ւր են կորչում։

Թագավորը կարծեց, թե՝ երևի ավազակ գերեվաճառներ կան, նրանք են գալիս գողանում և տանում Կովկասյան լեռներում բնակող բարբարոս ազգերի մեջ վաճառում։ Ճարպիկ լրտեսներ ուղարկեց այն երկրները, նրանք գնացին, գյուղեգյուղ, քաղաքեքաղաք ման եկան, բայց ոչ մի հետք չգտնելով՝ ետ դարձան հուսահատ։

Վաղինակի այդպես անհետ կորչիլը մեծ ցավ պատճառեց թագավորին։ Նա ցավում էր ոչ միայն նրա համար, որ նրան որդու պես էր սիրում, այլև՝ նրա համար, որ իր երկրի մեջ մի այդպիսի անսովոր բան էր պատահում, և ինքը չէր կարողանում հետքը գտնել։

Այս դեպքից հետո շատ չանցած՝ թագավորն ու թագուհին վախճանվեցան, խորին ծերության հասած։ Բոլոր երկիրը սուգ պահեց նրանց համար մինչև քառասուն օր։ Քառասուն օրից հետո հավաքվեցին բոլոր քաղաքացիք և Վաչագանին իր հոր տեղը նստեցրին։

Վաչագանը, իր նախնյաց գահը բարձրանալով, ուզեց իր երկիրը այնպես բարեկարգել, որ էլ ոչ մի հոգի ոչ մի բանից դժգոհ չլինի, ամենքն էլ ուրախ լինին, ամենքն էլ՝ բախտավոր։ Իր ամենամոտիկ խորհրդակիցը Անահիտն էր։ Առաջ նրա հետ էր խորհրդակցում միշտ և հետո ժողովրդից խելացի մարդկանց հրավիրում խորհրդի և նրանց հայտնում իր միտքը։ Բայց Անահիտը այսքանը բավական չհամարեց, և մեկ օր նրա հետ սկսեց այսպես խոսիլ.

Տե՛ր իմ թագավոր, ես տեսնում եմ, որ դու քո երկրիդ մասին մանրամասն ու ստույգ տեղեկություններ չունիս։ Քո հրավիրած մարդիկը ամեն բան ուղիղը չեն ասում։ Նրանք քեզ միամտացնելու և ուրախացնելու համար ասում են՝ ամեն բան լավ է և կարգին, ամենքն էլ գոհ են իրանց վիճակից։ Ո՞վ գիտե, ինչե՜ր են լինում այս րոպեիս քո երկրիդ մեջ, որոնց մասին այդ մարդիկը ոչ մի տեղեկություն չեն տալիս քեզ։ Դու ժամանակ առ ժամանակ պետք է զանազան հագուստով ու կերպարանքով ման գաս երկրիդ մեջ, երբեմն աղքատի ձևով մուրացկանություն պետք է անես, երբեմն մշակի հագուստով պիտի երթաս նրանց հետ մշակություն անես, երբեմն՝ վաճառականություն, մի խոսքով՝ ամեն վիճակի մեջ էլ պետք է մտնես, որ ամեն վիճակի էլ մոտիկ ծանոթանաս։ Աստված ամենի համար էլ քեզանից հաշիվ է պահանջելու. դու նրա փոխանորդն ես քո երկրիդ վրա, պետք է ամենայն ինչ տեսնես, և ըստ այնմ քո անելիքդ անես։

Դու շատ ճշմարիտ ես ասում, Անահի՛տ, ասաց թագավորը։ Հանգուցյալ հայրս այդ սովորությունն ուներ, ինչ որ դու ասում ես. միայն ծերության ժամանակ է՛լ չէր կարողանում կատարել իր ուզածը։ Ես իմ որսորդության ժամանակ համարյա միևնույնն էի անում, բայց հիմա ինչպե՞ս անեմ. ես որ երթամ՝ ո՞վ կկառավարի իմ տեղս։

Ես ի՛նքս կկառավարեմ, և այնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանալ, որ դու բացակա ես։

Շա՛տ լավ. ես հենց վաղը կարող եմ ճանապարհ ընկնիլ։ Քսան օր ժամանակ եմ դնում, երբ որ քսան օրն անցնի, և ես չգամ՝ իմացի՛ր, որ ես կենդանի չեմ կամ մի փորձանքի մեջ եմ ընկել։

Ը

Վաչագան թագավորը, հասարակ շինականի հագուստով ծպտված, ճանապարհ ընկավ դեպի իր երկրի հեռավոր կողմերը։ Շատ բան տեսավ, շատ բան լսեց, բայց ամենից անցավ այն, ինչ որ նա տեսավ իր վերադարձին Պերոժ քաղաքումը։

Պերոժ քաղաքը, որ այժմ անհետացած է, գտնվում էր Կուր գետի ափումը։ Բնակիչները կռապաշտ պարսիկներ էին։ Կային և հայ քրիստոնյաներ, բայց շատ սակավ էին և չունեին ո՛չ քահանա և ո՛չ աղոթատուն։

Քաղաքի կենտրոնումը կար մի շատ ընդարձակ հրապարակ, որ քաղաքի շուկան էր. նրա չորս կողմն էին գտնվում բոլոր արհեստավորների և վաճառականների խանութները։

Մի օր այդ հրապարակումը նստած էր Վաչագանը, մեկ էլ տեսավ՝ ահա՛ մի խումբ մարդիկ են գալիս և բերում են իրանց հետ մի փառավոր և սպիտակ մորուքով ծերունի՝ աջ ու ձախ բազուկները բարձրացրած։ Ծերունին շատ ծանր էր գալիս. նրա առջև սրբում էին ճանապարհը և աղյուսներ դնում ոտների տակին։ Վաչագանը մոտեցավ մի մարդու և հարցրեց, թե՝ ո՞վ է այդ ծերունին։ Մարդը պատասխանեց.

Սա մեր մեծ քրմապետն է, մի՞թե չես ճանաչում։ Տես որքա՜ն սուրբ է, որ ոտը գետնին չի դնում, որ չլինի թե՝ մի որևիցե միջատ ընկնի ոտքի տակը և սպանվի։

Հրապարակի ծայրումը մի կապերտ փռեցին, և քրմապետը չոքեց նրա վրա, որ հանգստանա։ Վաչագանը գնաց նրա դիմացը կանգնեց, որ տեսնի՝ ի՞նչ է խոսում այդ մարդը կամ ի՞նչ է անում։ Քրմապետը շատ սրատես էր. նա էլ Վաչագանի վրա նայեց և, նկատելով նրա օտարական լինելը և առաջին անգամ իրան տեսնիլը՝ ձեռով արավ, որ գնա մոտը։ Վաչագանը մոտեցավ։

Դու ո՞վ ես, ի՞նչ գործի ես, հարցրեց քրմապետը։

Ես մի օտար բանվոր եմ, պատասխանեց Վաչագանը, եկել եմ այս քաղաքը մշակության։

Շա՛տ լավ, կգա՛ս ինձ հետ, ես քեզ գործ կտամ և լավ կվարձատրեմ։ Վաչագանը, գլուխ տալով՝ հոժարություն ցույց տվավ և գնաց կանգնեց նրա հետ եղած մարդկանց մոտ։

Քրմապետն իր մոտ եղած քուրմերին մի քանի խոսք փսփսաց, և նրանք ցրվեցան այս ու այն կողմ և մի քանի րոպեից վերադարձան այլևայլ պաշարներով՝ մշակների շալակը տված։

Երբ որ բոլոր քուրմերը եկան՝ քրմապետը վեր կացավ և միևնույն հանդիսով ճանապարհ ընկավ դեպի իր բնակարանը։ Վաչագանն էլ լուռ ու մունջ հետևեց նրան՝ ավելի հետաքրքրությունից շարժված, որ տեսնի՝ ինչո՞վ են զբաղված այդ քուրմերը, կամ ի՞նչ մարդ է քրմապետը, ի՞նչ բարեգործություններ ունի, որ այդպես սուրբի պես պաշտվում է։ Այսպես գնացին մինչև քաղաքի ծայրը։

Այդտեղ քրմապետը, օրհնելով ճանապարհ ձգող ջերմեռանդ կռապաշտներին, ետ դարձրեց, մնացին միայն իր քուրմերը և բեռնակիր մշակներն ու Վաչագանը։ Դրանք շարունակեցին իրանց ճանապարհը և, հեռանալով քաղաքից մոտ երկու վերստ՝ հասան մի պարսպապատ շենքի և կանգ առան նրա երկաթի դռան մոտ։ Քրմապետն իր գրպանից հանեց մի ահագին բանալի, բաց արավ դուռը և, ամենին ներս անելով՝ կրկին կողպեց։ Այստեղ Վաչագանը մի անսովոր սարսուռ զգաց՝ տեսնելով, որ այստեղից իր կամքով դուրս գնալու հնար չի ունենալու։ Վաչագանի հետ եղած մշակներն էլ առաջին անգամն էին մտնում այս շենքի մեջ։ Նրանք ամենքն էլ, իրար երեսի նայելով, սկսեցին փսփսալ, թե՝ ո՞ւր բերին մեզ այս մարդիկը։ Վերջապես, պարսպի կամարակապ ճանապարհն անցնելուց հետո, դրանց առջև բացվեց մի շատ ընդարձակ հրապարակ, որի մեջտեղը կար մի գմբեթահարկ մեհյան՝ մանր խուցերով շրջապատված։ Մշակների բեռները ցած դնել տվին այդ խուցերի մոտ, և նրանց՝ Վաչագանի հետ միասին, քրմապետը տարավ մեհյանի մյուս կողմը, այնտեղ բաց արավ մի նոր երկաթի դուռ և ասաց.

Գնացե՛ք ներս, այդտեղ ձեզ գործ կտան։

Նրանք մոլորվածի պես լուռ ու մունջ ներս մտան, և քրմապետն այդ դուռն էլ փակեց նրանց քամակից։ Այստեղ մեր օտարականները նոր ուշքի եկան, նոր աչք բաց արին և տեսան, որ մի ստորերկրյա ճանապարհի վրա են կանգնած։

Թ

Տղե՛րք, ի՞նչ տեղ ենք մենք, չգիտե՞ք, հարցրեց Վաչագանը։

Ես գիտեմ, որ մենք թակարդի մեջ ենք ընկել, է՛լ այստեղից ազատվելու չենք, ասաց մեկը։

Բայց չէ՞ որ այս մարդը սուրբ մարդ է, մի՞թե այդպես բան կանի, ասաց մի ուրիշը։

Ինչո՞ւ չի անիլ. երևի այս սուրբ մարդը գիտե, որ մենք մեղավոր ենք, սրա համար մեզ բերավ ձգեց իր քավարանը, որ մեղքներս ապաշխարենք։

Տղե՛րք, կատակի ժամանակ չէ, ասաց Վաչագանը։ Ես կարծում եմ, որ այդ դաժան ծերունին սուրբի անուն առած մի զարհուրելի դև է, և մենք կանգնած ենք այժմ նրա դժոխքի ճանապարհի վրա։ Տեսե՛ք՝ ինչպե՜ս խավար է, ինչպե՜ս մութ, և դեռ ով գիտե՝ ի՜նչ տանջանքներ կան մեզ համար պատրաստված։ Բայց ինչո՞ւ ենք քարացել կանգնել այստեղ. էլ հավիտյան բացվելու չէ՛ այս դուռը, եկե՛ք առաջ գնանք, տեսնենք՝ ո՞ւր է տանում մեզ այս անդառնալի ճանապարհը։

Այդ ճանապարհով բավականին առաջ գնացին, և հանկարծ նրանց աչքին մի ճրագի աղոտ լույս երևաց։ Գնացին դեպի ճրագը, և նրանց առջև բացվեց մի լայն քարահատակ, որի չորս կողմից լսվում էին խառնաշփոթ աղաղակներ։ Վեր նայեցին և տեսան, որ մի արհեստական քարայրի մեջ են գտնվում։ Դա շինված էր ցորենի հորի պես. վերևից սկսել էին փորել ժայռը, և որքան ցած էին իջել, այնքան լայնացրել էին, և այս կերպով միապաղաղ քարի մեջ շինել էին մի ստորերկրյա գմբեթաձև ընդարձակ սրահ։

Մեր կալանավորները մի կողմից՝ ապշած զննում էին անելանելի բանտը, մյուս կողմից՝ խլշած ականջ էին դնում, որ տեսնեն՝ որտեղի՞ց էին գալիս խառնաշփոթ ձայները։ Հենց ա՛յս միջոցին նրանց դիմացը երևաց մի ստվեր, որ հետզհետե մոտենալով ու թանձրանալով՝ մարդու նմանություն առավ։ Վաչագանն առաջ գնաց դեպի այդ ստվերը և բարձրաձայն կանչեց.

Ո՞վ ես դու, սատանա՞ ես, թե՞ մարդ. մոտեցիր մեզ և ասա՛, որտե՞ղ ենք գտնվում մենք։

Ուրվականը մոտեցավ և դողդողալով կանգնեց նորեկների առջև։ Դա մի մարդ էր, մեռելի կերպարանքով, աչքերը խոր ընկած, այտերը ցցված, մազերը թափված, մի մերկ կմախք, որի բոլոր ոսկորները համրվում էին։ Այդ կենդանի մեռյալը, սրացած ծնոտիքը հազիվ շարժելով, հեկեկալով ու կակազելով, ասաց.

Եկե՛ք իմ հետևիցս, ես ձեզ ցույց կտամ, թե ի՜նչ տեղ եք ընկել դուք։

Գնացին մի նեղ անցքով և մտան մի ուրիշ բույն. այնտեղ տեսան սառը գետնի վրա վայր թափված մերկ մարդիկ, որոնք աղեկտուր տնքոցով փչում էին իրանց վերջին շունչը։ Այդտեղից անցան մի ուրիշ որջ և այնտեղ տեսան կարգով շարված ահագին կաթսաներ, որոնց մեջ կերակուր էին եփում մի քանի մեռելագույն մարդիկ։ Վաչագանը մոտեցավ այդ կաթսաներին, որ տեսնե՝ ի՞նչ է նրանցում եփվածը, և երբ տեսավ, քստմնելով ետ քաշվեց և ընկերներին չասեց, թե ի՛նչ էր տեսածը։ Այդտեղից մտան մի ավելի երկար սրահ և այդտեղ տեսան զանազան արհեստավորներ խառնիխուռն աշխատելիս. մի քանիսը մի-մի բան էին ասեղնագործում, մյուսները նրանց կողքին մի-մի բան էին հյուսում, մի քանիսը կար էին անում, մյուսները՝ ոսկերչություն։ Այսպես հարյուրաչափ մարդիկ այստեղ աշխատում էին աղոտ լույսի տակ, ամենքն էլ մեռելի գույն առած։

Այս ամենը ցույց տալուց հետո առաջնորդող մարդը կրկին տարավ նրանց առաջվա սրահը և այնտեղ ասաց.

Այն դիվական ծերունին, որ ձեզ խաբել բերել է, մեզ ամենիս էլ նա՛ է բերել այստեղ։ Թե քանի ժամանակ է, որ ես այստեղ եմ, ինձ հայտնի չէ, որովհետև այստեղ օր ու գիշեր չկա, այլ՝ կա միայն մի անվերջ խավար։ Այսքանը միայն գիտեմ, որ ինձանից առաջ և ինձ հետ եկող մարդիկը կոտորվել են ամենքն էլ։ Այստեղ բերում են երկու տեսակ մարդիկ, արհեստավոր և անարհեստ։ Արհեստավորներին աշխատեցնում են մինչև իրանց մահը, իսկ արհեստ չգիտցողներին տանում են սպանդանոց, որ ես ձեզ ցույց չտվի, և այնտեղից բերում են այն խոհանոցը, որ դուք տեսաք։ Ահա մի այսպիսի զարհուրելի տեղ է այս տեղը։ Ծերունի դևը մենակ չէ, նա ունի հարյուրավոր գործակիցներ, որոնք ամենքն էլ քուրմեր են։ Այս դժոխքի վրա է նրանց բնակարանը։

Դու ա՛յս ասա՝ հիմա մեզ ի՞նչ են անելու, հարցրեց Վաչագանը։

Միևնույնը կանեն, ինչ որ մյուսներին։ Ով որ ձեզանից արհեստ գիտե՝ կապրի մինչև մեռնիլը, իսկ ով որ չգիտե՝ նրան կտանեն սպանդանոց։ Ես հիմա մեռելատանն եմ, ըստ որում՝ հայտնեցի, որ է՛լ աշխատելու ուժ չունիմ։ Բայց Աստված հոգիս չի առնում, երևի ուզում է ինձ լույս աշխարհի արժանացնել. և գիտե՞ք, ես հավատում եմ, որովհետև երազումս ինձ երևաց մի կինարմատ՝ գլխին թագաձև սաղավարտ, ձեռին երկսայրի սուր, մի հրեղեն ձիու վրա նստած, և ասաց ինձ. «Մի՛ հուսահատվիր, Վաղինա՛կ, ես կգամ շուտով և ձեզ ամենիդ կազատեմ»։ Ես վաղուց մեռած կլինեի, եթե այդ հրաշագեղ թագուհին ինձ հույս տված չլիներ. նրա տված հույսը իմ հոգուս սնունդ է տալիս, և ինչքան թույլ եմ մարմնով, այնքան ուժեղ եմ հոգով։ Ա՜խ, ի՛մ Վաչագան, որտե՞ղ ես, ինչո՞ւ ես մոռացել քո Վաղինակին…

Վաչագանը, որ մինչև այս ժամանակ մի թմրած վիճակի մեջ էր, և պատմողի խոսքերը միայն դնգդնգացնում էին նրա ականջի թմբուկը՝ առանց տպավորվելու մտքի վրա, վերջին խոսքերից սթափվեց նա իբրև մի խոր քնից և սկսեց հիշել երազի նման «թագուհի», «Վաղինակ», «Վաչագան» բառերը։ «Ուրեմն, սա մեր Վաղինակն է», մտածեց նա։ Այս մտածելով և ուշքի գալով՝ ուզում էր վրան ընկնիլ և գգվիլ, ուզում էր հայտնել, թե՝ ի՛նքն է Վաչագանը, բայց մեկ էլ չհավատալով իր ականջին՝ կրկին հարցրեց, թե ո՞վ է նա և ինչպե՞ս է ընկել այստեղ։

Վաղինակն իր պատմությունն սկսեց շատ հեռվից և Վաչագանին անծանոթ առարկայից։ Իսկ այդ միջոցին Վաչագանն սկսեց մտածել, որ լավ չի լինիլ, եթե ինքը հանկարծ հայտնե իր ով լինիլը, ըստ որում՝ մի այդպիսի հայտնություն, թե՛ ուրախություն և թե՛ կսկիծ լինելով՝ կարող էր սրի պես կտրել նրա կյանքի բարակացած թելը։ Այս պատճառով ընդհատեց նրա պատմությունը՝ ասելով.

Քո անունդ, ինչպես լսեցի, Վաղինա՞կ է։

Վաղինակ է, այո՛, Վաղինակ… ես մի ժամանակ…

Եղբա՛յր Վաղինակ, շատ խոսիլը քեզ շատ վնաս է։ Ապրի՛ր մինչև քո երազը կատարվի։ Ես հավատում եմ քո երազին և շնորհակալ եմ, որ հայտնեցիր մեզ։ Այսուհետև մենք էլ կապրինք այդ հույսովը։ Լավ կանես, որ քո մյուս արհեստակիցներին էլ հայտնես քո երազը։ Ես ինքս երազ մեկնող եմ, հավատացնում եմ քեզ, որ երազդ պիտի կատարվի տեսածիդ պես։ Բայց ահա ոտքի ձայն է գալիս, դու գնա՛ քո տեղը։

Ժ

Վաչագանի հետ եկածները թվով վեց հոգի էին։ Հարցրեց նրանց, թե արդյոք մի որևիցե արհեստ գիտե՞ն։ Մինն ասաց, որ գիտե կտավ գործել, երկրորդը դերձակություն գիտեր, երրորդը մետաքսագործ էր, մյուս երեքը ոչ մի արհեստ չգիտեին։

Վնաս չունի, որ դուք արհեստ չգիտեք, ասաց Վաչագանը, ես կասեմ, որ դուք ամենքդ ինձ արհեստակից եք, իսկ ես շատ լավ արհեստ գիտեմ։

Ոտնաձայնը, արձագանք տալով, հետզհետե մոտեցավ, և նրանց առջև կանգնեց մի դաժանատեսիլ քուրմ՝ հետն առած մի խումբ զինված մարդիկ։

Դո՞ւք եք նոր եկածները, հարցրեց քուրմը։

Այո՛, ծառաներդ ենք, պատասխանեց Վաչագանը։

Ձեզանից ո՞վ է արհեստ իմանում։

Մենք ամենքս էլ գիտենք, ասաց Վաչագանը, գիտենք շատ թանկագին դիպակ գործել։ Մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե։ Մենք մեծ գործարան ունեինք, բայց պատահմամբ կրակ ընկավ այրվեց, և մենք ընկանք պարտքի տակ ու խեղճացանք։ Եկանք քաղաք, որ մի գործ գտնենք մեզ համար, հանդիպեցանք մեծ քրմապետին, և նա մեզ բերավ այստեղ։

Շա՛տ լավ. բայց մի՞թե ճշմարիտ այդչափ թանկ կարժե ձեր գործվածքը։

Մեր ասածի մեջ սուտ չկա, չէ՞ որ պիտի ստուգեք։

Իհարկե, ես շուտով կիմանամ, թե՝ որքա՞ն ճշմարիտ է ձեր ասածը. հիմա ասացե՛ք՝ ի՞նչ նյութեղեն և գործիքներ են հարկավոր, որ ես բերեմ։

Վաչագանը հայտնեց մի առ մի, թե ինչ ու ինչ է հարկավոր։ Մի քանի ժամից հետո ամեն ինչ պատրաստ էր։ Քուրմը պատվիրեց, որ երթան արհեստատունը, այնտեղ աշխատեն և նրանց հետ կերակրվին։

Այնտեղ մեր գործը լավ չի հաջողիլ, ասաց Վաչագանը։ Մեզ հարկավոր է ջոկ և ընդարձակ տեղ, և այս տեղը ամենից հարմար է։ Մեր գործի նրբությունը պահանջում է առատ լույս, աղոտ լույսի տակ ոչինչ չենք կարող կատարել. իսկ ինչ վերաբերում է մեր կերակուրին, պետք է գիտենաք, որ մենք մսակեր չենք, սովոր չենք այդ կերակուրին. հենց որ միս ուտենք, իսկույն կմեռնինք, և դուք կզրկվիք այն մեծ օգուտից, որ մեզանից կարող եք ստանալ։ Ճշմարիտն եմ ասում, որ մեր գործի մի քաշը հարյուր քաշ ոսկի կարժե…

Շա՛տ լավ, ասաց քուրմը, ես ձեզ համար կուղարկեմ հաց և բուսեղեն կերակուր, դուք կունենաք և առատ լույս, բայց եթե ձեր գործը այնպես չլինի, ինչպես խոստանում եք, ես ձեզ ամենիդ սպանդանոց կուղարկեմ և սպանելուց առաջ ենթարկել կտամ չարաչար տանջանքների։

Մեր ասածի մեջ ոչինչ սուտ չկա. եթե ուզում եք մեր խոստացած շահն ստանալ, պետք է միայն կատարեք մեր ուզածը։

Քուրմը կատարեց իր խոստումը։ Նրանց համար ուղարկում էր սպիտակ հաց, կանաչեղեն, կաթ, մածուն, պանիր և զանազան չոր ու թարմ մրգեր։ Վաղինակն էլ մասնակցեց այդ սնունդին, մյուսներին էլ նշխարքի պես բաժանում էին ծածկաբար սպիտակ հացից, որ հաղորդության տեղ էր բռնում և կենաց հացի պես կենդանություն տալիս նրանց։ Վաղինակը նոր սնունդի ազդեցությունով հետզհետե կազդուրվեց և կենդանի մարդու կերպարանք առավ։ Վաչագանն սկսեց իր գործը և իր ընկերներին էլ իրան օգնական շինեց։ Կարճ միջոցում պատրաստեց մի կտոր շատ պատվական դիպակ այնպիսի նախշերով, որոնց եթե ուշադրությամբ զննեին և իմանային նրանց խորհուրդը՝ նույն դժոխքի պատմությունը պիտի կարդային նրանց մեջ։

Քուրմը եկավ, տեսավ պատրաստած դիպակը և մնաց հիացած։ Վաչագանը, ծալելով իր գործքը ինչպես պետք էր և հանձնելով քուրմին, ասաց.

Ես առաջ ասացի, որ մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե, բայց հիմա հարկավոր եմ համարում ասել, որ սա իմ ասածի կրկնապատիկը կարժե, ըստ որում՝ սրա վրա կան այնպիսի թալիսմաններ, որ հագնողին միշտ զվարթ և ուրախ կպահեն։ Այս կա միայն, որ հասարակ մարդիկը սրա գինը չեն իմանալ։ Սրա գինը կիմանա միայն Անահիտ թագուհին, և բացի նրանից ոչ ոք չի էլ համարձակիլ հագնիլ մի այսպիսի թանկագին գործվածք։

Արծաթամոլ քուրմը աչքերը չորս բաց արավ, երբ որ իմացավ դիպակի իսկական արժեքը։ Այս մասին նա խորամանկ քրմապետին ոչինչ չհայտնեց և մինչև անգամ ցույց չտվավ նրան։ Ուզեց, որ թագուհու տեսությանը միայն ի՛նքն արժանանա, և նրանից առած ավելի ոսկիքը ի՛նքը վայելի…

ԺԱ

Անահիտը Վաչագանի բացակայության ժամանակ լավ էր կառավարում երկիրը, և ամենքն էլ գոհ էին՝ առանց իմանալու, թե նա՛ է կառավարողը, բայց ինքը սաստիկ մտատանջության մեջ էր ընկել, ըստ որում՝ քսան օրից արդեն տասն օր էլ անցել էր, բայց թագավորը չէր վերադարձել։ Նա գիշերը հանգիստ չուներ. սարսափելի երազներ էր տեսնում և հանկարծ վեր թռչում։ Ամեն բան փոխվել էր նրա աչքումը, և ամեն ինչ մի անսովոր հատկություն ստացել։ Զանգին անդադար ոռնում ու վնգստում էր և, թագուհու ոտներն ընկնելով աղիողորմ կերպով կլանչում ու նրան ավելի ևս մտատանջության մեջ ձգում։ Վաչագանի ձին անընդհատ խրխնջում էր մայրը կորցրած քուռակի պես և, իր ախորժակը կորցնելով՝ օրեցօր նիհարում էր։ Մարի հավերը կանչում էին աքաղաղի պես, իսկ աքաղաղները, փոխանակ լուսաբացին կանչելու՝ երեկոյին էին ծկլթում փասիանի ձայնով։ Պարտիզի սոխակներն ընդհատել էին իրանց ծլվլոցը, և նրանց տեղ լսվում էր գիշերները բուերի վայունը։ Այլևս չէին քչքչում Թարթառի կոհակները՝ ուրախ-ուրախ թռչկոտելով, այլ, վա՜շ-վի՜շ-վա՜շ-վի՜շ անելով՝ անցնում էին պարսպի տակով տխուր ու տրտում։ Արիասիրտ Անահիտը մի անսովոր երկյուղի մեջ էր ընկել, և ի՛ր իսկ ստվերը նրա առջև վիշապի պես էր ձգվում։ Մի հասարակ թխկոցից, մի սովորական գոչյունից նա վեր էր թռչում և սարսռում։ Երբեմն ուզում էր կանչել իշխաններին և հայտնել նրանց թագավորի բացակայությունը և անհայտանալը, բայց վախենում էր, թե՝ միգուցե դրա հետևանքը վատ լինի, մի ապստամբություն ծագի երկրի մեջ և խռովություն ընկնի։

Մեկ առավոտ էլ, սաստիկ սրտնեղած, ման էր գալիս պարտիզումը, երբ իր ծառաներից մինը ներս եկավ և հայտնեց նրան, թե՝ մի օտար վաճառական է եկել և ասում է, որ մի երևելի բան ունի վաճառելու թագուհուն։ Անահիտի սիրտն սկսեց մի անսովոր կերպով տրոփել։ Հրամայեց, որ շուտով ներս բերեն այն մարդուն։

Ներս եկավ մի դաժան կերպարանքով մարդ, խոր գլուխ տվավ թագուհուն և արծաթե սինու վրա դրած մի ոսկե դիպակ դրավ թագուհու առջև։ Անահիտը վեր առավ, քննեց դիպակը և, ուշ չդարձնելով նախշերի վրա, հարցրեց գինը։

Իր կշռովը երեք հարյուր կշիռ ոսկի կարժե, ողորմա՛ծ թագուհի։ Ուզում եմ ասել, որ ինձ վրա այդքան է նստել միայն գործքն ու նյութը, իսկ աշխատանքն էլ թողնում եմ քո ողորմության կամքին։

Մի՞թե այդքան թանկ կարժե։

Ո՛ղջ լինի թագուհին, դրա մեջ կա մի այնպիսի զորություն, որ անգնահատելի է։ Դրա վրա եղած նկարները հասարակ նախշեր չեն, այլ՝ թալիսմաններ են, իսկ այդ թալիսմանները այն զորությունն ունին, որ դրա հագնողին միշտ զվարթ, միշտ ուրախ կպահեն։ Դրա հագնողը կյանքի մեջ տխրություն չի տեսնիլ։

Մի՞թե այդպես, ասաց Անահիտը և սկսեց բաց անել դիպակը և ուշի-ուշով զննել նրա նկարները, որոնք ոչ թե թալիսմաններ, այլ՝ ծաղկագրեր էին։ Անահիտը լուռ ու մունջ կարդաց նրանց մեջ հետևյալ խոսքերը.

«Իմ աննմա՛ն Անահիտ, ես ընկել եմ մի սոսկալի դժոխքի մեջ։ Այս դիպակ բերողը նույն դժոխքի վերակացուներից մեկն է։ Ինձ մոտ է և Վաղինակը։ Դժոխքը գտնվում է Պերոժ քաղաքից դեպի արևելք, մի պարսպապատ մեհյանի հատակում։ Եթե շուտ օգնության չհասնես՝ մենք կորած ենք հավիտյան։

Վաչագան»։

Անահիտը մեկ անգամ կարդալով չբավականացավ, երկրորդ և երրորդ անգամ էլ կարդաց, ըստ որում՝ իր աչքերին չէր հավատում. կարդաց և չորրորդ անգամ, միայն այս անգամ ոչ թե կարդում էր իսկապես, այլ մտածում էր, թե ինչ անելու է։ Աչքը ձգած գրերին՝ երկար մտածելուց հետո դարձավ դեպի վաճառականի հագուստի մեջ ծպտած քուրմը և ուրախ դեմքով ասաց.

Դու ճշմարիտ ես ասում, քո դիպակիդ նկարները ուրախացնելու զորություն ունին։ Ես այսօր շատ տխուր էի, բայց այս րոպեիս մի անպատմելի ուրախություն եմ զգում։ Իմ կարծիքով՝ այս դիպակը անգնահատելի է։ Եթե սրա համար իմ թագավորության կեսը պահանջեիր՝ ես խնայելու չէի։ Բայց գիտե՞ս ինչ կա, իմ կարծիքով՝ ոչ մի գործ կարող չէ իր գործողից ավելի զորավոր լինել։ Այսպե՞ս է, թե՞ ոչ։

Թագուհին ո՛ղջ լինի, քո կարծիքը շատ ճշմարիտ է. արարածը կարող չէ հավասարվիլ արարողին։

Եթե դու էլ գիտես, որ այդպես է, պետք է բերես ինձ մոտ սրա գործողին, որ ես վարձատրեմ նրան նույնպես, ինչպես և քեզ։ Դու էլ լսած կլինիս, որ ես արհեստին մեծ նշանակություն եմ տալիս և պատրաստ եմ ամեն մի լավ արհեստավորին նույնպես վարձատրել, ինչպես իմ ամեն մի քաջ զորականին։

Ողորմա՛ծ թագուհի, ես տեսած չեմ դրա գործողին և չեմ ճանաչում։ Ես մի վաճառական մարդ եմ, այս կտորը գնել եմ Հնդկաստանումը մի հրեայից, իսկ հրեան գնել էր մի արաբից, արաբն էլ՝ ո՞վ գիտե ումից կամ ո՛ր աշխարհից։

Բայց դու, կարծեմ, ասացիր, թե՝ գործն ու նյութը այսքան կարժե, և չասացիր, թե՝ ես այսքանով եմ գնել. դրանից երևաց, որ դու ի՛նքդ ես գործել տվել։

Ողորմա՛ծ թագուհի, ինձ այդպես էին ասել Հնդկաստանումը, ես էլ…

Սպասի՛ր, որտե՞ղ է քո Հնդկաստանը. այստեղից մինչև Պերոժ կլինի՞։

Ո՛չ, ողորմած տիրուհի, Պերոժը մեր կշտին է, իսկ Հնդկաստանը երեք-չորս ամսվա ճանապարհ է։

Բայց գիտե՞ս, եթե ես ուզենամ՝ կարող եմ քո Հնդկաստանը մինչև Պերոժ մոտեցնել։ Կարո՞ղ ես ասել ինձ, թե՝ դու ո՞վ ես, ի՞նչ տեղացի ես, ի՞նչ ազգից ես, ի՞նչ կրոնի ես, որտե՞ղ ես ծնվել, որտե՞ղ ես կենում, այժմ ի՞նչ գործի ես ծառայում։

Ողորմա՛ծ թագուհի…

Լռի՛ր, ես քեզ ողորմելու չեմ. քո բերած թալիսմաններդ ինձ հայտնեցին քո ով լինելդ։ Ծառանե՛ր, բռնեցե՛ք այս մարդուն և ձգեցե՛ք մթին բանտի մեջ։

ԺԲ

Վաչագանն իր ազատվելու մասին էլ ո՛չ մի կասկած չուներ։ Կամենալով ընկերների մեջն էլ ազատության հույսը սաստկացնել՝ դարձավ դեպի Վաղինակը և ասաց.

Եղբա՛յր Վաղինակ, մի երազ էլ ես տեսա բոլորովին քո տեսածի նման։ Ես այնպես եմ կարծում, թե՝ մենք հենց այսօր թե այս գիշեր պիտի ազատվինք։ Բայց գիտե՞ս ինչ կա, Վաղինա՛կ, մենք եթե այս խավարից հանկարծ լույս աշխարհ դուրս գանք՝ դրսի լույսը մեզ համար այնքան սաստիկ կլինի, որ մենք ոչինչ չենք տեսնիլ, և կարելի է թե՝ մեր աչքերը վնասվին էլ։ Այս բանը ես նրա համար եմ ասում, որ երբ դուրս գալու կլինինք և կտեսնեք, որ լույսը ծակծկում է կամ ոչինչ չեք տեսնում, փակեցե՛ք աչքներդ, մինչև քիչ-քիչ սովորեք։ Ես շատ եմ տեսել մթին բանտից դուրս եկած մարդիկ, նրանցից եմ իմանում։

Երանի՜ թե դուրս գանք միայն այս սպանդարանից, թեկուզ աչքներս կուրանա, վնաս չունի. բայց, վարպե՛տ եղբայր, քո այդ ասածդ մի բան ձգեց միտս, որ չեմ կարող չասել։ Մի անգամ ես ու թագավորի որդին որսորդություն անելիս իջանք մի աղբյուրի մոտ՝ շատ դադրած ու քրտնած։ Մոտակա գյուղի աղջկերքը շրջապատել էին աղբյուրը և հերթով լցնում էին իրանց ամանները։ Իշխանս ջուր ուզեց, աղջիկներից մինը լցրեց փարչը, որ բերի տա իրան, մի ուրիշ աղջիկ առավ նրա ձեռից փարչը և դարտկեց։ Հետո ի՛նքն սկսեց նորից լցնել, բայց էլի դարտկեց, և այսպես կրկնեց նա քսան թե երեսուն անգամ, սուտ չեմ կարող ասել, լավ միտս չէ։ Իմ բարկությունս սաստիկ եկավ, բայց իշխանիս շատ հաճելի թվաց աղջկա վարմունքը, մանավանդ, երբ նա ջուր բերելուց հետո հայտնեց, թե՝ իր միտքը չար չէր, այլ, տեսնելով, որ հոգնած ու քրտնած ենք, հարկավոր համարեց ուշ հասցնել սառը ջուրը, մինչև մենք փոքր-ինչ շունչ առնենք և հովանանք։ Հիմա քո ասածն էլ նրա ասածի նման է. և գիտե՞ք արդյոք, գուցե հենց այն ջուր տվող աղջիկն է այժմ մեր թագուհին։ Վաչագանը նրան տեսնելուց հետո է՛լ ուրիշ աղջիկ չուզեց. վճռաբար ասաց. կուզեք՝ նա՛ է, չեք ուզիլ՝ նա՛ է։ Թագավորը, ճարահատած՝ ինձ ուղարկեց նրա հոր մոտ հարսնախոսության, բայց աղջիկը չհոժարեց, թե՝ ես արհեստ չգիտցողին չեմ ուզիլ։ Ես այն ժամանակ մտքումս ծիծաղեցի, բայց էլի իշխանս իմացավ նրա խելացի միտքը և մի տարումը սովորեց շատ գեղեցիկ դիպակ գործել՝ բոլորովին քո գործածիդ պես։ Իսկ ես, երբ որ ընկա այդ դժոխքի մեջ, նոր իմացա նրա խոսքի նշանակությունը։

Բայց դու ինձ ա՛յս ասա, եղբա՛յր Վաղինակ, պատճառն ի՞նչ է, որ մենք թագուհուն ենք տեսնում երազներումս և ոչ թե թագավորին։

Ո՞վ գիտե, այդ բանը դու ինձանից լավ կիմանաս, ըստ որում՝ երազի մեկնողը դու ես և, ների՛ր ինձ, որ երեսիդ ասեմ, ասածիս մեջ կեղծավորություն չկա. դու իմ աչքումս մի շատ իմաստուն մարդ ես երևում. դու որ կարողացար դժոխքի արբանյակներից մարդու կերակուր ստանալ. դու էլի շատ բան կարող ես անել, և ես դեռ զարմանում եմ, որ մի հրաշքով հանկարծ չես չքացնում այս տարտարոսը և մեզ ամենիս փրկություն տալիս։ Եթե Աստված տա, որ մենք այս դժոխքից ազատվենք, ես հավատացած եմ, որ թագավորն իսկույն կկանչե քեզ և իր ամենամոտիկ խորհրդակիցը կանե։

Եվ այդ, իհարկե, քո շնորհիվ կլինի, ըստ որում՝ թագավորին ես ծանոթ չեմ։ Բայց ով գիտե, թե ինքը թագավորն ի՛նչ վիճակի մեջ է այժմ, գուցե նա էլ մի ուրիշ դժոխքի մեջ է ընկել և ինձ նման զարբաբ է գործում։ Բա էլ ո՛ր օրվան համար է ջուլհակ դառել։

Քո խոսքերդ խորհրդավոր են թվում ինձ… բայց չէ՜… ինչպե՞ս կարելի է, որ իմ Վաչագանին քո օրն ընկած տեսնեմ, լավ է, որ ես մեռնիմ այս րոպեիս։

Իմ խոսքերիս մեջ ոչինչ խորհրդավոր բան չկա, եղբա՛յր Վաղինակ, ես այն եմ ասում, ինչ որ սրտինս է։ Իմ կարծիքով՝ թագավորն էլ մեզ նման մի մահկանացու մարդ է, մեզ նման ամեն փորձությունների ենթակա։ Մենք հիվանդանում ենք, նա էլ է հիվանդանում. մեզ սպանում են, գերի են տանում, նրան էլ են այդպես անում։ Նա էլ է ջուրն ընկած ժամանակ մեզ պես խեղդվում, կրակն ընկած ժամանակ մեզ պես այրվում, նրա կերածն էլ է մի փոր հաց, այն էլ՝ գուցե ավելի դառն…

Այդ շատ ճշմարիտ ես ասում, վարպե՛տ եղբայր, բայց իմ կարծիքով՝ թագավորն այնքան խոհեմ պետք է լինի, որ ինձ նման լոկ հետաքրքրությունից շարժված՝ քրմապետի հետևից չերթա և ընկնի նրա դժոխքի մեջ։

Այդ մի՛ փորձանք է, եղբա՛յր Վաղինակ։ Մի՞թե թագավորը կարող է կարծել, որ սուրբ քրմապետը մի զարհուրելի դև է. մի՞թե նա կարող է կարծել, թե՝ կան այնպիսի մարդիկ, որոնք քստմնելի եղեռնագործությունը իրանց համար մի զվարճություն են համարում։ Չէ՛, Վաղինակ, աշխարհիս երեսին ոչ մի մահկանացու ազատ չէ փորձանքից. այս օրվան բախտավորը կարող չէ իմանալ, թե՝ վաղն ի՛նչ անբախտության մեջ պիտի ընկնի։ Բայց ուրիշ բան է, եթե վերահաս վտանգը առջևդ կանգնած երևում է իր իսկական կերպարանքով։ Խելքը գլխին մարդը երբ որ պատահում է մի վարար գետի՝ գլխապատառ ներս չի ընկնում, այլ փնտրում է նրա ծանծաղուտը։ Դու ինչ կուզես ասա՛, բայց մեր տեսած երազը ցույց է տալիս, որ թագավորը նմանապես ընկած է մի փորձանքի մեջ, և իմ սիրտն ասում է, որ նա կազատվի միայն այն ժամանակ, երբ որ կազատվինք մենք ինքներս։

Եվ, իհարկե, նա ի՛նքը կլինի ազատած մեզ իր դիպակագործության շնորհիվ։ Իմ սիրտս էլ ասում է, որ այս րոպեիս ես լսում եմ իմ թագավորի ձայնը. այդ ձայնը հենց առաջին անգամ լսելիս թափանցել է սրտիս մեջ։ Բայց արդյոք հավատա՞մ իմ ականջին, ի՞նչ կասես, ասա՛ ինձ կտրական։

Ո՛չ, ո՛չ, մի՛ հավատար. բայց հավատա՛ այն ձայնին, որ դրսից կլսես։ Ականջ դրեք, ահա՛ ձայներ են լսվում, կարծես դժոխքի դուռն է դղրդում, երևի փրկիչն արդեն մոտեցել է. իմա՛ց տվեք ամենքին, որ գան այստեղ պատրաստ կենան…

ԺԳ

Անահիտը, երբ որ բանտարկեց ծպտած քուրմին, իսկույն փչել տվավ պատերազմական փողերը։ Ահագին փողերի այդ հանկարծական որոտալը հայտնի նշան էր, որ մի մեծ վտանգ է պատահել աշխարհին։ Մի ժամ չանցած՝ բոլոր քաղաքացիք թափվեցին պալատի առջև և այդտեղ սկսեցին խռնիլ ու տատանիլ լճացած հեղեղի պես։ Ոչ ոք չէր իմանում, թե ի՛նչ է պատահել, ամենքը շնչասպառ միմյանց էին հարցնում և ոչ մեկից մի որոշ պատասխան չէին ստանում։ Հանկարծ պատշգամբի վրա երևաց Անահիտը՝ ոտից մինչև գլուխ սպառազինված և, դեպի ժողովուրդը դառնալով, այսպես խոսեց.

«Ձեր թագավորի կյանքը վտանգի մեջ է։ Այս րոպեիս իմացա, թե ի՜նչ տեղ է ընկել։ Նա գնացել էր իր երկրի մեջ պտտելու, որ ժողովրդի կարիքներն ու հոգսերն աչքովը տեսնի։ Չար մարդկանց է հանդիպել և ընկել է մի տարտարոսի մեջ։ Էլ ուրիշ բան չունիմ հայտնելու ձեզ առայժմ։ Ժամանակ չպետք է կորցնել։ Ով որ սիրում է իր թագավորին, ում համար թանկ է նրա կյանքը՝ շուտով ձիավորվի և գա իմ հետևից։ Մենք պետք է կեսօր չեղած հասնենք Պերոժ քաղաքը։ Ես արդեն պատրաստ եմ և ձեզ եմ սպասում։ Դե՜հ, գնացե՛ք և շուտով պատրաստվեցեք»։

Մի ակնթարթի մեջ ցրվեցավ ժողովուրդը, գոչելով՝ կեցցե՜ թագավորը, կեցցե՜ թագուհին, և մի ժամ չանցած՝ արդեն ամենքը զինված պատրաստ էին։ Քաջասիրտ օրիորդներն ու տիկիններն էլ, երբ որ իմացան, թե՝ թագուհին պիտի առաջնորդե զորքին, նմանապես զրահավորվեցին ու ձիավորվելով շրջապատեցին թագուհուն։

Մի կատարյալ հիացք էր Անահիտը սպարապետի զգեստի մեջ։ Կրակոտ ձիու վրա նստած, ոսկեզօծ զրահով պատած, մազերը սաղավարտի մեջ ամփոփած, լայնաշեղբ թուրը կապած, վահանը թիկունքին կախած։ Այս բոլորը նրա արեգնատիպ դեմքի և հրավառ աչքերի հետ մի ահեղ կերպարանք էին տվել նրան։

Երբ քաղաքից դուրս եկան տափարակ դաշտը, Անահիտը դարձրեց ձիու գլուխը և, այս ու այն կողմ քշելով՝ հրամաններ արձակեց և, մի քանի րոպեի մեջ կարգավորելով ամբողջ այրուձին, գոչեց բարձրաձայն՝ «հառա՜ջ», և ինքն առաջ անցնելով ասպանդակեց ձին և մի վայրկյանի մեջ աներևութացավ։ Հեռվից երևում էր միայն ձիու բարձրացրած թանձր փոշին, որ ամպի պես մինչև երկինք էր հասնում։ Երկու ժամից հետո նա իր հրեղեն ձիով կանգած էր Պերոժ քաղաքի հրապարակի մեջ մեն-մենակ։ Կռապաշտ քաղաքացիք, նրան երկնքից իջած մի նոր աստված համարելով՝ խուռն բազմությունով չոքեցին նրա առջև և գլխները մինչև գետին կորացրին։

Ո՞ւր է ձեր քաղաքապետը, գոչեց Անահիտը սպառնալից ձայնով։

Ծունկ չոքածներից մինը վեր կացավ և դողդողալով ասաց.

Ծառա՛դ եմ, այստեղի քաղաքապետը։

Դո՛ւ ես ուրեմն, որ այնքան անհոգ ես, որ չգիտես, թե՝ ի՛նչ է գործվում քո աստվածների բնակարանում։

Ծառադ եմ, ես ոչի՛նչ չգիտեմ։

Դու կարելի է թե չգիտես էլ, թե՝ որտե՛ղ է գտնվում ձեր տաճարը։

Ինչպե՞ս չգիտեմ, ծառադ եմ, շա՛տ լավ գիտեմ։

Առա՛ջ անցիր, ուրեմն…

Կես ժամ չանցած՝ ամբողջ քաղաքը գջլված գնում էր Անահիտի հետևից։ Երբ որ մոտեցավ մեհյանի պարիսպներին՝ քուրմերը կարծեցին, թե՝ ուխտավորների մեծ բազմություն է եկողը, շտապով բաց արին դուռը։ Բայց երբ ներս խռնվեց ժողովուրդը, երբ տեսան զրահավորված հրաշագեղ ասպետի սպառնալից դեմքը և իրանց ուշ չդարձնելը, մի անսովոր սարսափի մեջ ընկան։ Անահիտը մի րոպեի մեջ գտավ տարտարոսի դուռը և, դառնալով քաղաքապետին՝ հրամայեց.

Բաց արեք ահա՛ այս դուռը։

Մինչդեռ քաղաքապետի հրամանով մի քանի անձինք պատրաստվում էին կոտրատել դուռը, ծերունի քրմապետը, վերահաս վտանգը տեսնելով, դուրս եկավ իր մեհենական զգեստով, որ ժողովրդի վրա սարսափ ձգե և ետ մղե։ Երբ որ իր սպիտակ շուրջառը ձգած, քրմապետական երկճյուղ ու երկայն թագը գլխին դրած և գավազանը ձեռին դուրս եկավ ուռած ու փքված՝ ժողովուրդը ճանապարհ բաց արավ և ետ քաշվեց ահ ու դողով։ Նա մոտեցավ Անահիտին և պատգամախոսի ձայնով աղաղակեց.

Ի՞նչ ես ուզո՜ւմ, ի՞նչ ես անո՜ւմ, ե՜տ քաշվիր այդտեղի՜ց։

Անահիտը, բարկությունը հազիվ զսպելով, ասաց.

Ես հրամայում եմ, որ այս դուռը բացվի՛։

Ո՜վ է կարող հրամայել այստե՜ղ, բացի ինձանի՜ց։ Այս դո՜ւռը մեր սրբարանի դո՜ւռն է. այստե՜ղ է գտնվում մեր նախնյաց փոշի՜ն, այստեղ է մեր անշեջ կրակարա՜նը. տեսե՜ք ահա՜ այն ծո՜ւխը, որ մինչև երկի՜նք է բարձրանո՜ւմ։ Աստվածների բարկությունը մի՜ շարժեք։ Ցրվեցե՜ք, հեռացե՜ք, կորե՜ք, ինչպե՜ս եք համարձակվում ձեր պի՜ղծ ոտներով կոխոտե՜լ այս սո՜ւրբ վա՜յրը։

Քրմապետի ահեղագոչ սպառնալիքը սնապաշտ ժողովրդի վրա սարսափ բերավ. ամենքը կորագլուխ ետ քաշվեցին, բայց նրանց մեջ կային և քրիստոնյաներ, որոնք պինդ կանգնեցին իրանց տեղերը՝ կասկածելով, որ այդ ծածկարանումը մի սարսափելի գաղտնիք պիտի լինի թաքնված։ Նրանք միաբերան գոչեցին.

Բացվի՜, բացվի՜ այդ տարտարոսի դուռը։

Քրմապետը տեսավ, որ իր հրամանին ընդդիմացողներ կան, երեսը դարձրեց դեպի մեհյանը և, ձեռքերը մեկնելով՝ աղաղակեց.

Ո՜վ հզոր աստվածնե՜ր, ձեր սուրբ տաճարը պղծվո՜ւմ է, օգնությո՜ւն հասցրեք…

Այս ձայնի վրա մեհյանի դուռը բացվեց, և նրա միջից դուրս թափվեցին մի խումբ սպառազինված դաժանատեսիլ մարդիկ։ Սրանք քուրմերն էին, որոնք վերահաս վտանգը տեսնելով՝ անձնապաշտպանության էին պատրաստվել։ Քրմապետը հրամայեց նրանց, որ դուռը պահպանեն և ոչ ոքի թույլ չտան մոտենալ։

Անահիտի համբերությունը հատավ սաստիկ բարկությունիցը։ Դարձրեց ձիու գլուխը և, ետ նայելով՝ տեսավ, որ քաղաքի վրա ամպի պես փոշի է բարձրացած, իմացավ, որ զորքը մոտեցել է։ Այդ հանգամանքից ավելի ևս սրտապնդվելով՝ ուզեց ինքը մենակ վերջացնել ամեն բան և մի րոպե առաջ տեսնել իր Վաչագանին։ Ձախ ձեռքն առավ վահանը և, աջով սուրը հանելով, դարձավ դեպի քուրմերը և գոչեց.

Վերջի՛ն անգամ հրամայում եմ ձեզ՝ զինաթա՛փ լինել և բանա՛լ այդ դժոխքի դուռը։

Քուրմերը պատրաստվեցին դիմադրելու։ Անահիտի իմաստուն ձին իմացավ տիրուհու մտադրությունը, մի թեթև ասպանդակի հարված ստանալուն պես կոխկռտեց քավթառ քրմապետին և հարձակվեց քուրմերի վրա։ Կայծակի արագությամբ երեքի գլուխը թռցրեց Անահիտը և իսկույն ետ մղեց ձին։ Քուրմերը նրան շրջապատեցին և վիրավորեցին ձին։ Անահիտը պաշտպանողական դիրք բռնեց, բայց ձին իր հարձակմունքը շարունակում էր. նա միանգամից թե՛ առջևից և թե՛ հետևից էր հարձակվում և հարվածներ էր, որ տալիս էր աքացիներով։ Քուրմերը կռվում էին ամենահուսահատ և կատաղի կերպով։ Անահիտի կյանքը անխուսափելի վտանգի մեջ էր։ Այդ որ նկատեցին քրիստոնյաները՝ քուրմերի քամակից հարձակվեցին։ Քուրմերը շփոթվեցին և երեսները դարձրին, որ պաշտպանվին։ Անահիտը, օգուտ քաղելով այդ հանգամանքից, կրկին հարձակվեց և էլի մի քանի գլուխ թռցրեց և մի քանիսին ոտնատակ տվավ։ Կռապաշտները տեսան, որ քրիստոնյաներն օգնում են Անահիտին, կարծեցին, թե՝ կռիվը կրոնական է, իսկույն անցան քուրմերի կողմը և սկսեցին քարե կարկուտ թափել քրիստոնյաների վրա։ Այդ միջոցին Անահիտի սաղավարտը վայր ընկավ մի քարի հարվածից, որ դիպավ նրա ծայրին։ Նրա խիտ և երկայն մազերը փռվեցին և ծածկեցին ամբողջ կազմվածքը ամեն կողմից, բացի հրացայտ աչքերից։ Նրա այդ տեսքը մի նոր սարսափ ձգեց ամբոխի վրա, որոնք իրանց քարե կարկուտը դադարեցրին իսկույն։ Այդ հանգամանքից էլ օգուտ քաղեց Անահիտը, մի անգամ էլ հարձակվեց քուրմերի վրա և մի քանիսին մահացու վերք տալով գետին գլորեց։ Հենց ա՛յդ ժամանակ վրա հասան զորքի առաջապահ նիզակավորները օրիորդների և տիկինների հետ, և իրանց թագուհուն հուսահատ կռվի մեջ տեսնելով՝ միաձայն աղաղակեցին և հարձակվեցին քուրմերի վրա։ Մի րոպե չանցած՝ կենդանի մնացած քուրմերը փախան. ամբոխը ետ քաշվեց, և բաց հրապարակի վրա մնաց Անահիտը՝ շրջապատված քաջասիրտ օրիորդներով ու տիկիններով։ Քրիստոնյաներից մինը բերավ նրա սաղավարտը, որ ազատել էր ամբոխի ձեռից։ Անահիտն իջավ ձիուցը ողջ-առողջ, կարգավորեց իր մազերը և սաղավարտը դրավ գլխին։ Հրաման արձակեց, որ եկող զորքը շրջապատե մեհյանը, որի մեջ պատսպարվել էին բոլոր քուրմերը և ներսից դուռը փակել։ Հետո, դառնալով դեպի ամբոխը, ասաց. «Եկեք այստեղ կարգով կանգնեցե՛ք հանդարտ, որ տեսնեք՝ ի՛նչ կա ձեր սուրբ քրմապետի սրբարանումը», և հրամայեց դուռը կոտրտել։

Մի զարհուրելի տեսարան բացվեց ժողովրդի առջև։ Դժոխային որջից դուրս սողացին բազմաթիվ հոգիք, որոնք նոր գերեզմանից հանած դիակների էին նմանում։ Շատերը վերջին շնչումն էին և ոտքի վրա կանգնել չէին կարողանում։ Նրանց ուրախության լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը մարդու սիրտ էին կտրատում։ Ամենից հետո դուրս եկան Վաչագանն ու Վաղինակը՝ գլխները քաշ գցած։ Թագուհին ճանաչեց Վաչագանին և նշանացի արավ իր մարդկանցը, որ նրան տանեն իրան համար պատրաստելի վրանը։ Վաչագանը գնաց Վաղինակի ձեռքից բռնած, որ աչքերը խփած կույր աղքատի պես հետևեց նրան։ Մյուս բոլոր դուրս եկողներին հրապարակի վրա նստեցնելուց հետո Անահիտը հրամայեց զինվորներին, որ ներս գնան և ամեն բան, ինչ կա-չկա, դուրս տան։ Զինվորները մտան դժոխքի մեջ և այնտեղից դուրս բերին նոր մեռած մարդկանց դիակներ, նոր կտրած գլուխներ, կթոցներով լիքը մարդկային լեշեր, մարդամսով լիքը կաթսաներ, զանազան արհեստի գործիքներ և պարագաներ…

Կռապաշտները, որ արդեն ամոթահարված և քստմնած էին, այդ ծայրահեղ եղեռնագործությունը տեսնելով՝ է՛լ չհամբերեցին և բարձրաձայն աղաղակեցին.

Մե՜ծ է քրիստոնեից Աստվածը, դժո՜խք է մեհյանը, դևե՜ր են կուռքերը, սատանա՜յք են քուրմերը, կոտորե՛նք, ջնջե՛նք, սատկացնե՛նք սրանց…

Ո՛չ, ո՛չ, գոչեց թագուհին, սպասեցե՛ք, չմոտենա՛ք տաճարին, ձեռք չտա՛ք քուրմերին, նրանց պատժելու իրավունքն ի՛մն է։ Մեզ հարկավոր է նախ և առաջ այս թշվառների հոգսը քաշել։

Եվ սկսեց հարցնել ամեն մեկին առանձին, թե՝ նա ո՛վ է, ի՛նչ տեղացի է։ Մեկն ասում էր՝ իմ անունս Առնակ է, ես Բաբիկի որդին եմ։ Այդ անունը բարձր ձայնով կրկնում էր քաղաքապետը, և ահա՛ մի ծերունի մարդ դողդողալով մոտենում էր և հեկեկալով ասում. «Ո՞ւր է իմ որդիս»։ Երկրորդի մայրն էր լույս ընկնում և ուշաթափ ընկնում իր մինուճար որդու վրա, երրորդի քույրը, չորրորդի եղբայրը։ Շատ քչերը մնացին անտիրական, այդպիսիներին էլ թագուհին առավ իր խնամակալության տակ. դրանց թվումն էին և Վաչագանի արհեստակիցները։

Այդ թշվառներին տերվետեր անելուց հետո թագուհին կամեցավ անձամբ զննել քուրմերի սպանդարանը։ Քաղաքապետի և մի խումբ զինվորների հետ ներս գնաց և նավթավառ լուցկիներով զննեց նրա ամեն մի քունջ ու պուճախը։ Ո՛ր կողմը նայում էր, մարդկային արյունի հետքեր էր նշմարում և անհամար ոսկորներ՝ այս ու այն անկյունում թափած։

Այս զարհուրելի տարտարոսը կարճ ժամանակում գլուխ բերված բան չէ, ասաց նա քաղաքապետին, սրա վրա շատ տարի ու շատ մարդիկ պիտի լինին աշխատած, իսկ այդ մարդիկը մի անգամ այստեղ ընկնելուց հետո է՛լ լույս աշխարհք չեն տեսել։

Ողորմա՛ծ թագուհի, ես մեղավոր եմ, որ խիստ հսկողություն չեմ ունեցել, բայց մի այսպիսի բան իմանալու համար քո իմաստությունն ունենալու է։ Ամեն տարի միայն մեր քաղաքից, եթե քիչն ասեմ, հարյուր մարդ է անհայտացել, բայց ես միշտ կարծել եմ, թե՝ լեռնեցիք են գերի տարել։ Այդ գարշելի քուրմերին մենք ոչ միայն սուրբերի տեղ ենք ընդունել, այլև կարծել ենք, թե՝ դրանք շատ ժրաջան և արհեստասեր մարդիկ են, իրանց ձեռքի աշխատանքովն են ապրում և ո՛չ ժողովրդի հաշվով և արյունով։ Ո՞վ կկարծեր, թե՝ այն թանկագին հյուսվածքներն ու գործվածքները, որ դրանք ամենայն օր բերում էին շուկա վաճառելու, իրանց ձեռքի գործքը չի եղել, ո՞վ կկարծեր, որ մեր պաշտած քրմապետը մի կերպարանափոխված դև է եղել և անմեղ մարդկանց արյան ծարավի…

Վերջապես դուրս եկան այդտեղից և գնացին դեպի տաճարը։ Բախեցին տաճարի դուռը, որ քուրմերը բաց անեն և անձնատուր լինին, բայց ներսից ձայն հանող չեղավ։ Դուռը կոտրտեցին զինվորները և ներս գնացին, բայց ներսը մարդ չգտան, վերև նայեցին, և մի նոր տեսարան բացվեց նրանց առջև. բոլոր քուրմերը և քրմապետը կախվել էին առաստաղից և դեռ ճոճվում էին իրանց պաշտած հնդկացի կուռքերի դիմաց։ Երբ որ այդ մասին հայտնեցին թագուհուն՝ նա ասաց.

Այդ մահը շատ թեթև է դրանց համար, բայց վնաս չունի, թողեք այդպես մնան, միայն թո՛ւյլ տվեք ժողովրդին, որ ներս գնան և երկրպագություն տան իրանց սուրբերին։

Դրսումը ամբոխված և գրգռված մարդիկը հեղեղի պես ներս թափվեցին և կատաղի կերպով հարձակվեցին կուռքերի վրա և ջարդուփշուր արին իրանց երեկվան պաշտած աստվածներին։ «Ի՜նչ հեշտ են ջարդվում այս գարշելիները, մինչդեռ մենք կարծում էինք, թե՝ անհպելի և անմատչելի են», ասում էին շատերը։ Դուրս տվին բոլոր անոթներն ու սպասները, քարուքանդ արին խորաններն ու ծածկարանները, անթիվ ոսկի և արծաթ գտան, բայց առանց մի բան հափշտակելու և գողանալու՝ ամեն ինչ տարան թափեցին հրապարակի մեջ, թագուհու առջև. իսկ թագուհին կարգադրեց, որ քուրմերի բոլոր այդ ունեցած-չունեցածը բաժանվին դժոխքից ազատվածներին։ Երբ որ մեհյանի մեջ էլ ոչինչ չմնաց, ամեն ինչ տակն ու վրա արին՝ իրանց արդար զայրույթի վերջին մրուրը թափեցին խեղդամահ եղած քուրմերի գլխին։ Ցած բերին դժոխքի արբանյակներին և ամենքին կտոր-կտոր անելով դուրս նետեցին պարսպից, որ գազաններին լափ դառնան։

Մնացած անելիքը թագուհին հանձնեց իր հարյուրապետներից մեկին, իսկ ինքը գնաց իր վրանը, ուր նրան անհամբեր սպասում էր Վաչագանը։ Երկու սիրելիները նստեցին իրար կողքի և միմյանց նայելուց չէին կշտանում։ Վաղինակը մոտեցավ թագուհուն, համբուրեց նրա ձեռքը և, մյուս կողքին նստելով՝ սկսեց հեկեկալ մորը գտած երեխայի պես։

Դու ոչ թե այսօր ես փրկել մեզ, իմ աննմա՛ն թագուհի, այլ՝ շատ օրեր սրանից առաջ, երբ ես տեսա քեզ երազումս, հենց ա՛յդ զգեստիդ մեջ։

Դու սխալվում ես, Վաղինա՚կ, ասաց Վաչագանը, թագուհին այն ժամանակը փրկեց մեզ, երբ որ քեզ ասաց. «Ձեր թագավորի որդին արհեստ գիտե՞»։ Մի՞տդ է, որ դու էլ մի կուշտ ծիծաղել էիր։

Ա՜խ, ճշմարիտ է. ի՞նչ ասեմ։ Եվ ես, որ այն ժամանակը շատ անհավատ էի, միայն հիմա եմ սկսել հին լսածներիս հավատալ։ Մեսրոպ վարդապետը որ մեզ քարոզում էր, թե՝ «Եթե Քրիստոս դժոխք չիջներ, դժոխքը չէր կործանվիլ», ես նրա այդ ասածի վրա էլ էի ծիծաղում, բայց հիմա իմ թագավորն անձամբ ցույց տվավ, որ Մեսրոպը ճշմարիտ էր ասում։

Հանգստացի՛ր, Վաղինակ, այդ մասին մենք հետո շատ կխոսինք, ասաց թագուհին, նոր արդեն զգալով, որ ինքն էլ է սաստիկ հոգնած։

Ես ինչպես տեսնում եմ, քեզ նմանապես հարկավոր է հանգստանալ, ասաց Վաչագանը թագուհուն։ Դու հիմա հանգստացիր, մնացածը ես ինքս կհոգամ։

Թագուհին քաշվեց վրանի մյուս բաժինը, ուր նրա համար փափուկ փռվածք էին արել օրիորդներն ու տիկինները։ Այդտեղ նա հանեց իր զենքն ու զրահը և ուղարկեց Վաչագանին, իսկ ինքը, փռվածքի վրա թիկն տալով՝ ուզեց իբր հանգստանալ, բայց նրա երևակայությունն այնպես գրգռված էր, նրա սիրտը՝ այնպես վրդովված, որ հանգստանալ չէր կարողանում։ Մեկ՝ ուզում էր լիասիրտ ուրախանալ իր սիրելու ազատությունովը, բայց մեկ էլ՝ թվում էր նրան, թե դեռևս շրջապատված է կատաղի քուրմերով, և ինքը մե՛րթ հարձակողական և մե՛րթ պաշտպանողական դիրք է բռնում։ Մերթ ուզում էր իր արդար վրեժը հագեցած համարել, հիշելով, թե ինչպե՛ս էին թավալգլոր լինում դաժան քուրմերի գլուխները, բայց հանկարծ նրա առջև պատկերանում էին մարդամսով լիքը կաթսաները, և նոր արդեն սկսում էր ամբողջ մարմնով զինահարվիլ ու զարզանդիլ ու սարսռիլ… Ահի այս խառնիխուռն տպավորությունները նրանից շուտ չհեռացան, իսկ այժմ ավելի չարչարում, քան թե հանգստություն էին տալիս։

Վաչագանը շատ լավ գիտեր, որ Անահիտը ինչքան որ քաջ էր, նույնքան և փափկասիրտ էր։ Գիտեր, որ նա կարող էր վրեժխնդրության հոգվով վառված անխնա կոտորել իր թշնամիներին, բայց նրա քնքուշ սիրտը կարող չէր հեշտությամբ մարսել մի այդպիսի կոշտ գործողություն։ Այս պատճառով շտապեց Անահիտից առնել իր զենքն ու զրահը։ Նա լվացվեց, մաքրվեց, փոխեց իր հագուստը, հագավ զրահը, կապեց արքայական թուրը և, դուրս գալով վրանից՝ երևաց զորքին, որ նրա տեսությանն սպասում էր անհամբեր։ Հենց որ երևաց Վաչագանը և ողջույն տվավ՝ զորքն ուրախության աղաղակ բարձրացրեց։ Թագավորը հայտնեց նրանց իր շնորհակալությունը։ Այդ միջոցին քաղաքապետը եկավ թագավորի ոտներն ընկավ, շնորհավորեց նրա ազատությունը և հայտնեց, որ ճաշ է պատրաստել կանաչ դաշտումը զորքի համար։ Թագավորը հրաման տվավ զորականներին, որ երթան ճաշեն և ուրախություն անեն, իսկ ինքը գնաց Անահիտի մոտ, ուր արդեն օրիորդներն ու տիկինները ճոխ սեղան էին սարքել և թագավորի գալուն էին սպասում, որ հացի նստեն։ Այստեղ էր և Վաղինակը՝ փոխած իր հնոտիքը և գեղեցիկ հագուստով զուգված։ Այդպես գեղեցիկ և ուրախ ճաշ չէր արած Վաչագանը իր բոլոր կյանքումը։ Այն ուրախությունն ու զվարճությունը, որ անում էին օրիորդները, Վաղինակին էլ մի այնպիսի հոգեկան զմայլանքի մեջ էին ձգել, որ նա կարծում էր, թե՝ երանելյաց աշխարհի մեջ է և հրեշտակների հետ է խնդում, ուրախանում։ Անահիտն էլ ազատվեց հոգեմաշ ցնորքներից և մի բաժակ գինուց հետո ի՛նքն էր առաջնորդում օրիորդներին ու տիկիններին սրախոսություն անելիս։

Այսպես ուրախ ճաշելուց հետո փողերը նշան տվին, որ ժամանակ է ճանապարհ ընկնելու դեպի տուն։ Առաջ ընկան թագավորն ու թագուհին, նրանց կողքին օրիորդներն ու տիկինները, իսկ հետևից բոլոր զինվորները, որոնք միաձայն երգում էին մի ազգային հաղթական երգ։ Երբ որ հասան Պերոժ քաղաքի հրապարակը՝ բոլոր քաղաքացիք, մեծ ու փոքր, այր ու կին միաբերան աղաղակեցին.

Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ թագուհին, կորչի՛ն քուրմերը, կործանվի՛ն կռատունները, քրիստոնյա՜, քրիստոնյա՛ կուզենք լինել։

Թագավորը նրանց պատասխանեց, որ շուտով կգա հայրապետը և նրանց կմկրտե (և հիրավի՛, երկու օրից հետո եկավ Աղվանից Շուփհաղիշե կաթողիկոսը շատ քահանաներով և եպիսկոպոսներով և բոլոր պերոժցոց տարավ Կուրի եզրը, ուր մերկացան ամենքը և, սպիտակ սավանով սփածված, մտան գետը՝ փոքր մանուկներին գրկերն առած։ Կաթողիկոսը մկրտության համառոտ կարգը կատարեց և ամենքին հրամայեց երեք անգամ ընկղմվել ջրումը և դուրս գալ։ Այսպես լուսավորվեցին պերոժցիք քրիստոնեական լուսով։ Բայց մենք դառնանք մեր պատմությանը)։

ԺԴ

Երբ որ թագավորն ու Վաղինակը ողջ-առողջ տուն հասան՝ նրանց դիմավորեց Զանգին և, մերթ մեկի, մերթ մյուսի ոտներին փաթաթվելով, այնպես էր վնգվնգում, որ կարծես ամեն բան գիտեր, ամեն բան լսել էր։

Մյուս օրը բանտից հանեցին դիպակավաճառ քուրմին, որ դատեն հրապարակավ և դատապարտեն։ Երբ որ դատավորները ժողովվեցին և ուզում էին դատել նրան թագավորի ներկայությանը՝ Վաղինակը մոտեցավ և խնդրեց թագավորից, որ այդ դաժան ծերի կյանքն ու մահը իրան հանձնե։

Դու ինչպե՞ս ես ուզում պատժել սրան, հարցրեց թագավորը։

Այդ մասին ես ու Զանգին կմտածենք, պատասխանեց Վաղինակը։ Դրա մահվան կերպովը միայն կարող եմ թեթևացնել հիշողությանս մեջ իմ կրած կսկիծը։ Այն գարշելիները հեշտ պրծան, նրանց բախտին չպիտի արժանացնեմ սրան։

Բայց, Վաղինա՛կ, դու մոռանում ես, որ քրիստոնեին անվայել է վրեժխնդրությունը։ Ինչպես տեսնում եմ, դու սրան տանջել ես ուզում։

Ո՛չ, ես ուզում եմ միայն, որ դրա սև հոգին Զանգուն հանձնեմ և թողնեմ նրա կամքին, որ ինչպես ուզենա, այնպես հանե…

Տա՛ր, տա՛ր, շանսատա՛կ արա սրան, ասացին միաբերան դատավորները։

Թագավորն էլ չուզեց Վաղինակի խնդիրը մերժել։ Վաղինակը, քուրմի ձեռները կապռտած, տարավ մի ձորի մեջ և, այնտեղ բաց թողնելով, ասաց Զանգուն.

Զանգի՛, տե՛ս, սա է այն մարդը, որ ինձ քանի տարի տանջել է սոսկալի տանջանքով, ինձ այնպես բան է ուտեցրել, որ դու չես տեսել քո օրումը։ Զանգի՛, տանջի՛ր այս մարդուն, որ մի քիչ սիրտս հովանա։ Դե՛, գազա՜ն է սա, բռնի՛ր, կծի՛ր, պի՛նդ, պի՛նդ…

Զանգին մի ոստյունով հարձակվեց քուրմի վրա և, մի ակնթարթի մեջ բուկը հախռելով՝ խեղդեց և մռմռալով ետ քաշվեց իսկույն։

Ա՜խ, Զանգի՛, այդ ի՞նչ հեշտ պրծացրիր դու այդ անիրավին։ Մի՞թե ես քեզ այդպես ասացի։ Այդպես հո ո՛չ մի բարեգութ դահիճ չէր անիլ, ինչպես որ դու արիր։

Վաղինակը շատ զղջաց, որ Զանգուն դահճի պաշտոն տվավ, և թագավորին գանգատվեց, բայց թագավորը շատ ուրախացավ, որ Զանգին այնքան բարի է եղել։

* * *

Վաչագան թագավորի այս արկածքի լուրը տարածվեց բոլոր քաղաքներում և գյուղերում։ Այդ մասին խոսում էին մինչև օտար երկրներում էլ և ամենայն տեղ Անահիտի և Վաչագանի գովասանքն էին անում։ Ազգային երգիչները, գյուղեգյուղ և քաղաքեքաղաք պտտելով, այդ անցքի պատմությունն էին անում երգերով։ Ափսո՛ս, որ այդ երգերը մեզ չեն հասել, բայց ինչ որ արել են Վաչագանն ու Անահիտը իրանց աշխարհի համար, այդ բանը հեքիաթի ձևով պատմում են մինչև այսօր էլ։ Այդ հեքիաթի գլխավոր միտքն այն է, որ՝ «Թագավորի կյանքը արհեստն է փրկել»։ Այս լավ միտք է, և ինչ ժողովրդի մեջ որ գտնվում է մի այսպիսի սրբացած ավանդություն, դա ցույց է տալիս, թե ուրեմն՝ այն ժողովուրդը մեծ նշանակություն է տալիս արհեստներին, աշխատասիրությանը, որից գլխավորապես կախված է ժողովրդի բախտավորությունը։ Այդ բախտավորությունը ևս առավել ապահովանում է, երբ որ երկրի թագավորն ինքն անձամբ օրինակ է տալիս ժողովրդին և հովանավոր ու պաշտպան է դառնում արհեստին։

Եվ ճշմարի՛տ, մեր պապերը, որ շատ աշխատասեր և արհեստասեր էին, այդ անցքից հետո ևս առավել ուշադրություն դարձրին արհեստների վրա։ Ամբողջ աշխարհումը էլ ո՛չ մի հոգի չէր գտնվում, որ մի որևիցե արհեստ չիմանար, և շատ արհեստներ մեր աշխարհում մինչև վերին կատարելագործության հասան։ Աղջկերքը սովորում էին առհասարակ գործվածքներ անել. բրդից գործում էին զանազան գորգեր և շալեր, բամբակից՝ կտավեղեն, մետաքսից՝ նուրբ կերպասներ։ Կար, ձև, հյուսվածք՝ ամենը գիտեին։ Ամեն երկրագործ ի՛նքն էր շինում իր բոլոր գործիքները, իր գութանն ու սայլը, իր զենքն ու զրահը, իր պղնձեղեն ու կավեղեն ամանները, իր տունն ու կարասիքը։ Ամառը երկիրն էր գործում, ձմեռն իր արհեստը բանեցնում։ Եվ աշխատում էին ոչ թե ջոկ-ջոկ, այլ՝ խմբովին, միասին։ Տեսնելու բան էր, թե ինչպե՛ս գյուղի բոլոր առույգ երիտասարդները, ահագին կռանները ձեռքներին, զարկ զարկի հետևից կարկուտի պես թափում էին մի կտոր երկաթի վրա, որից ուզում էին մի խոփ շինել կամ կացին, կամ թուր և այլն։ Այսպես միասին էին հերկում իրանց դաշտերը և միասին հնձում արտերը։

Հոգևորականությունն այն ժամանակ մի ձրիակեր դասակարգ չէր։ Բոլոր վանքերը մի-մի գործարան էին, ուր պատրաստում էին ազնիվ մագաղաթ, գրում էին, կազմում էին և, բացի սրանից, իրանց բոլոր հագուստներն ու կարասիքը իրանց ձեռքովն էին պատրաստում։ Նրանք ասում էին.

«Ուսումն ու արհեստը պետք է այնպես հյուսված լինին միասին, ինչպես Վաչագան թագավորի դիպակը՝ իր խորհրդավոր թալիսմաններով»։

Կարող եք, ուրեմն, երևակայել, թե՝ ի՞նչ կլիներ մի ժողովուրդ այնպիսի հոգևորականների օրով, մանավանդ՝ այնպիսի մի թագավորի, ինչպիսին Վաչագանն էր, որ ժողովրդի զավակն էր, նրա հայրն ու եղբայրը։ Ի՞նչ կլիներ Անահիտի պես մի թագուհու օրով, որ երկրի համար դառավ հարազատ ու սնուցիչ մայր. և ահա՛ ինչ էր ասում ժողովուրդը Անահիտի մասին.

«Նա մեր գետերը ծածկեց լաստերով ու կամուրջներով, մեր ծովերն ու լճերը՝ նավերով ու նավակներով։ Նա մեր դաշտերը ողողեց ջրանցքներով ու առուներով, մեր քաղաքներն ու գյուղերը՝ սառն աղբյուրներով։ Նա մեր սայլերին հարթ ճանապարհներ տվավ, մեր գութաններին՝ ընդարձակ երկիր։ Նա կործանեց դժոխքը և մեր աշխարհը շինեց մի եդեմական դրախտ։ Կեցցե՜ Անահիտը, կեցցե՜ հավիտյան»։

Be the first who will comment on this
Yatuk Music
Yerevan etudes
Alexander Spendiaryan

Yerevan etudes