Krikor Zohrab

Մարապետը

Ա

Հազար ութ հարյուր ութսունչորսի սկիզբները վիրաբուժական պզտիկ գործողության մը համար Փերայի Գերմանական հիվանդանոցը տարին զիս։ Տասնհինգ օրի չափ պիտի մնայի հոն. այսպես հավաստեցին ինծի զիս տարած ատենին։ Իրոք, երեք ամիս մնացի այն տեղը։ Մաս մը հիվանդությունս պատճառ եղավ ասոր, մաս մըն ալ հոնկե դուրս ելլելու դժկամակությունս։ Լսվա՞ծ բան է հիվանդի մը, բժջկվելեն ետքը, հիվանդանոցին մեջ ապրելու փափագը։ Տղայության ատեն՝ դպրոց չերթալու համար սուտ հիվանդ ըլլողներ շատ են. բայց քաջառողջ երիտասարդի մը՝ ազատ ու աղվոր օդը ձգելով, անկողնի մը մեջ ամիսներով մնալու հոժարիլը շատ չի պատահիր։

Իմս այս տեսակեն էր. վերջիվերջո երևան ելավ իմ հիվանդությանս կեղծիքը. բազկերակիս կանոնավոր զարկը, կարմիր երեսներս ու գլխավորապես զորեղ ստամոքսի մը պահանջումները խոսք մեկ ըրին իմ հնարքս երևան հանելու համար. բայց ասոնցմե ավելի կարծեմ թե թուլբերանությունս էր, որ ամեն բան հայտնի ըրավ։ Այնպես որ օրին մեկը ըսին ինծի թե հիվանդանոցին մեջ մնալու պատճառ մը չունեի այլևս և թե հիվանդանոցը պանդոկ մը չէր։

Բ

Հիվանդանոց մտնելուս չորրորդ օրը, կարծեմ, վիրաբուժական գործողությունը կատարեր էին. քլորոֆորմին պարգևած անզգայության տակ՝ դանակի հոշոտումները չիմացա: Խելքս գլուխս եկած ատեն՝ երկարատև ընդարմացումե մը ելլող մարդու խոնջենքեն, վարանումեն զատ բան մը չկար վրաս: Եթե վերքս կապող ճերմակ լաթերը չըլլային, եթե քովս հսկող գթության քրոջ՝ շարժում չընելու պատվերը չլսեի, հիվանդանոց մտած օրես ի վեր վրաս փոփոխություն մը կատարված ըլլալուն չպիտի հավատայի բնավ։

Զգայությանս վերադարձին հետ սակայն պզտիկ ու խորունկ անհանգստություն մը, որ տակավ ցավի կփոխվի, կտրված պատռված միսերուս, ջիղերուս ցավը, սուր ու զայրագին բան մը, որ հետզհետե սաստ¬կանալով՝ հիմա անկողնեն դուրս նետվելու կմղե զիս: Կ'երևա թե ասի¬կա նախատեսված է արդեն, վասն զի գթության քույրը, որ քովես չէ բաժնվեր վայրկյան մը, կսրտապնդե զիս:

- Հիմա կ'անցնի, համբերե, տղաս, տեղեդ մ'երերար, որովհետև վերքդ կքակվի և շատ գեշ կ'ըլլա վերջը:

Ցավիս ավելնալեն՝ հեծեծանքս սենյակս կլեցնե, այնչափ որ գտնված տեղս չսեպելով՝ ձայնս ալ կբարձրանա ճիչերով ու աղաղակներով։

Սնարիս քով փայտե աթոռակի մը վրա քույրը նստած է, շարունակելով իր սփոփիչ խոսքերը, վարժ բերնով մը, գրեթե գոց եղած պար¬բերություններ զորս հարկավ, մինչև ինծի գալով, հարյուրավորներու ալ կրկնած է շարունակ.

- Հիմա պիտի անցնի, բան մը չէ ասիկա, ա´լ բոլորովին աղեկցած ես։

Աղեկցա՞ծ. ինչպե՞ս, երբոր ցավերս վայրագ ու ահարկու բան մը կ'ըլլային այս պահուս, այն աստիճան, որ անդիմադրելի փափագ մը կզգայի քակելու նետելու վերքիս կապերը ու մարմնիս խորեն, չեմ գիտեր ո´րտեղեն, քաշելու փրցնելու՝ զիս չարչարող միսերը ու գործարան¬ները բոլոր։ Անկողնին մեջեն պզտիկ մը երերալուս քույրը ուշադիր կսրդողեր։

- Մի´ շարժիր, ո´չ, այդ բանը չըլլար,- կ'ըսեր ոտքի ելլելով,- կսրդողիմ։

Գ

Երեսը նայեցա շիտակ մը՝ այս «կսրդողիմ»ին վրա, խե՞նթ էր, ի´նչ էր այս կինը, որ տառապանքիս զարհուրանքը չէր հասկնար բնավ։ Ան֊ հավատալի՜ բան. իր մեղրամոմի հատնումովը հատած, տժգունած դեմքին վրա տեսածս՝ կարեկցություն մը չէր, այլ հրճվանք մը կարծես. իր պզտիկ, ամփոփ և երկու դիեն վեր առնված բերնին ու շուրթերուն վրա ժպիտ մը, հայտնի ուրախության մը ժպիտը, կգծագրվեր ու կ'աղվորցներ զինքը։

Ցավիս տագնապներուն մեջ ու պոռալս շարունակելով հանդերձ, ուշադրությամբ կդիտեի զինքը իր կեցվածքին մեջ. այնքա՜ն տարօրինակ և անհարկի կգտնեի այս ցնծությունը իմ գլխուս վրա։ Նրբացողուն ծաղիկի մը կնմաներ, բարձրահասակ ու քիշ մը նիհարկեկ, վայրահակ սիրուն գլուխով մը՝ որուն վրա մարապետներուն ճերմակ գլխանոցը երկու թևերը բաց աղավնիի մը թառիլը կհիշեցներ։ Հստակ ու խոշոր աչքերուն մեջ թոնուտ երկինքի մը կապույտը կար։ Իր մութ կանանչ չուխայե շրջազգեստը հարկավ որևէ պերճություն չուներ, բայց անոր հասակին շքեղությանը կվայլեր այս պարզությունը և, քոռսե չդնելուն հակառակ, մեջքին նրբությունը աչքի կզարներ դարձյալ։

Պետք է հավատալ թե ցավիս սաստկությունը քիչ մը մեղմացած ըլլալու էր, քանի որ այսքան մանրամասն կրնայի այս կնոջ պատկերը վերլուծել։ Դեմքին վրա սակայն՝ ծավալող դեղնությանը հետ՝ չափահասության տարիներու աննշմարելի հպումը կար։ Ամենեն ավելի իր ուրախութենեն աղվորցած դեմքին արտահայտությունը զիս կգրավեր ու քիչ մը կզայրացներ։

Ցավ մը ունեցած պահուդ կ'ուզես որ դեմի մարդդ ալ ցավի ու կսկիծի մեջ ըլլա. վիշտը միակ ինչքն է զոր մարդս կհոժարի, մինչև անգամ կպահանջե, որ ուրիշին հետ բաժնեմ։ Եվ ահա իմ քովս կին մը որ իմ տառապանքիս առջև հրճվելու, ակնդետ սպասված հաճույք մը ըմբոշխնելու երևույթ մը ունի։ Զիս քաջալերելու համար լեզու թափած միջոցին ներքին ցնծությանը ցոլացումը կտեսնեմ այդ դալուկ երեսին վրա, ինչպես կանթեղի մը ապակիին գույնը որ ներսի լույսին վառելով հայտնի կ'ըլլա։

Սկիզբները այս տպավորությունս վերագրեցի իմ եսասիրությանս. դիմացինիս ինծի համավիշտ չլլալեն առաջ եկած դժգոհություն թերևս։ Ստույգը սա է որ անիկա իր խնամոտ հոգածոթյունը անպակաս կ'ըներ վրայես. վերքիս պատանքը փոխված օրերուն ներկա էր միշտ, ու իր ձեռքով կկատարեր դարմաններս։ Օր օրի վերքս կգոցվեր ու առողջությունս տակավ կվերադառնար. բայց այդ համեմատությամբ ալ մարապետին երեսեն անույշ ժպիտը կպակսեր, իրիկուն եղած ատեն լևռներուն ետին պահվըտող արևու ճառագայթի մը պես։ Հիմա առաջվան պես չէր կենար քովս և կվազեր ուրիշներուն քով, անոնց որոնց ցավագին աղաղակները, պատերուն հաստությունը ճեղքելով, մինչև ականջս կհասնեին երբեմն։ Ու վերադարձին իմ մոտս, ուրախության և հրճվանքի ժպիտը, այն՝ որ իմ ցավերուս ամենեն զայրագին միջոցին կ'ընդնշմարեի իր դեմքին վրա, կարծես թե շուրթերուն վրա էր, մարելու աներևութանալու կոչված ժպիտը՝ երբոր ինծի կմոտենար։

Դ

Քույր էմիլիեն, զիս խնամող մարապետը, քաջասիրտ հիվանդապահի համբավը ունի. բժիշկները մեկ հատիկ հռչակած են զինքը. ամենեն սարսափելի վիրահատությանց ներկա է ան. առանց խռովելու կատարելով իր պարտքը արյան ճահիճներու, միսերու, ջիղերու հոշոտմանց մեջ։ Ցավագին աղաղակներու, պաղատանքներու դիցուհին է ան կարծես։ Հիվանդ չկա որուն կսկիծի, անեծքի հեծեծանքը ունկնդրած չըլլա։ Ամեն տեղ է անիկա, ուրկե հեծեծանք մը կուգա. բայց գլխավորաբար էրիկ մարդոց մոտն է իր պաշտոնը, պահապան հրեշտակի պաշտոն զոր անվրդով արիությամբ մը կվարե:

Այս անվհատ տոկունությունը ի՞նչպես մտած է այս էապես տկար ու ավշային կազմվածքին մեջ, որուն՝ երեսին թափանցիկ ու անգույն ճերմակությունը, սպիտակ գլխարկեն երբեմն դուրս սպրդող մազերուն դեղին ոսկին՝ հայտարար նշաններն են։

Ապաքինությունս կանոնավոր կերպով առաջ կ'երթար և իրեն հետ երկար խոսակցություններու պատեհությունը կուտար ինծի։ Կթվեր թե ինքն ալ կախորժեր քիչ մը իմ հախուռն վճիռներես, որոնց մեջ եթե դատողությունը միշտ ուղիղ չէր, գեթ համոզումի անկեղծությունը կար, և ճշմարտազանցություններուս ներողամիտ լռությամբ մը կ'ունկնդրեր։ Երբեմն ընկերական խնդիրներու, հոգեկան փորձություններու, մարդոց ապագային վրա կճառեի, և այն ատեն լուրջ խոսակից մը կգտնեի դեմս։ Ուսյալ ու զարգացած մտքի տեր կին մըն էր, և այդ պահուն մարապետի կարգը ու սարքը կթոթափեր մեկդի, իր կարծիքը ազատ ու համարձակ հայտնելու համար։


Խոսակցության մեջ հայտնեց որ մյունիխցի ազնվական ընտանիքի մը զավակ էր. նկարել ու երգել ալ գիտեր, խնամված դաստիարակության մը ուրիշ բոլոր առավելություններեն զատ։ Ու զարմանքս կ'ավելնար գտնելով զինքր հոս՝ Պոլսո հիվանդանոցի մը մեջ՝ սպասավորելու, վերքերը կապելու, ցավեր դարմանելու ապերախտ աշխատության մը մեջ, երբ իրեն պես շնորհագեղ էակ մը ամեն կերպ երջանիկ օրերու արդար ակնկալությունը կրնար ունենալ. ու ճշմարիտ դյուցազնության մը հմայքը կ'ավելնար իր հազար տեսակ հրապույրներուն վրա։

Ինքզինքս պզտիկ ու շատ պզտիկ կզգայի անոր քով. հիմա իմ մեծաբանություններս կչափավորեի, և խորունկեն, սրտես բխող մեծարանքով մը կ'ողջունեի իր մուտքը իմ սենյակես։ Իր ճերմակ ձյունաթույր գլխանոցը լուսավոր պսակ մը կ'երևար աչքիս, և մտքովս կտեսնեի անոր տակ ոսկի մազեբուն ճաճանչները։

Հիմա բոլոր մտածմանս առարկան ան էր։ Հեռվեն՝ նրբանցքներուն մեջ քալելուն՝ իր թեթև ոտնաձայնը կճանչնայի։ Սենյակես ներս մտնելուն դող կ'ելլեի բոլոր մարմնովս ու երջանիկ էի միանգամայն։

Առջի խոսուն կատակասեր տղան չէի ալ, այլ թոթովախոս մանուկ մը և երբեմն ցնորակոծ սավառնումներով բանաստեղծ մը, երկու ծայրահեղոկթյուններ որոնց, իրոք, ճիշտ մեջտեղն է իմ տափակ նկարագիրս։

Իմ խնդիրքիս վրա՝ գիրքեր կբերեր ինծի կարդալու համար. մեկ հատը Շոփենհաուերի հատոր մըն էր, և այդ հատորին մեջեն սա պարբերությունը ցույց տված ինծի.

Աշխատիլ և տառապիլ ապրելու համար։ Ապրիլ՝ աշխատելու և տառապելու համար։


Ա՜յս էր բովանդակ կյանքը։

Սենյակս ձգել երթալուն, լույսը ու օդը կպակսեր հոնկե։ Ընդարմարած, մրափի մը մեջ կթաղվեի. կյանքս կդադրեր կարծես իր բացակայությամբը. և ժամերով իրեն վերադառնալուն կսպասեի, հատնումով մը, ուրիշ որևէ կամք ու իղձ չունենալով աշխարհիս վրա։ Պատուհանես, որ Մարմարայի բոլոր տեսքը կվայելեր, նայվածքս աննպատակ ու ան֊ տարբեր կսևեռեր դուրսի աշխարհին վրա. իմ բոլոր ուզածս, սիրածս հիվանդի սենյակս էր, իր ճերմակ՝ գրեթե աղքատիկ պատերովը, իր թափուր մերկությանը մեջ։ Այս կնոջ մոտ ապրիլ. այս էր բոլոր կյանքիս ըղձանքը։

Բժիշկները իմ առողջացած ըլլալս կհաստատեին. իրոք աղեկցեր էի, եթե հոգիիս քայքայումը չսկսեր, նոր հիվանդություն մը զոր քույր էմիլիեն իր թափանցող նայվածքովը պայծառ կերպով կտեսներ։

- Տղաս,- կ'ըսեր քովս գալով,- պետք է դուրս ելլել, քիչ մը օդ առնել, պտըտիլ։

Ես՝ համառությամբ կփակվեի սենյակիս մեջ, չուզելով մեկուն երեսը նայիլ, խոսքի բռնվիլ ասոր կամ անոր հետ, ժամանակս վատնել զուր տեղը, երբոր կրնայի զայն իմ միակ երազիս հատկացնել։

Ներսիդիես հիմա կխոստովանեի թե հիմարի պես կսիրեի այս կի֊նը որ հիվանդապահս էր, որուն ազգը, տարիքը, կրոնավորուհիի կոչումը, ամեն բան վերջապես կ'արգիլեին զիս որևէ հույս ունենալե սրտիս մեջ։ Այս անկարելիությունը ա´լ ավելի կսաստկացներ սերս։ Անջրպետին խորությանը չափ՝ հոն նետվելու փափագս՝ կ'ավելնար, վիհերու ձգողությանը, անոնց տված գլխու պտույտին պես։

Ե

Այնչափ ատենվան մեջ օր մըն ալ միտքես չանցավ բառ մը, ամենաչնչին ակնարկություն մը ընել իրեն՝ սրտիս մեջ արթնցուցած զգացումներուն վրա։ Առվեռին երգը ճիշտ իմ վրաս էր. բայց անիկա, Առվեռի սիրած կնոջմեն ավելի սրատես, քաջությամբ խոսքը բացավ ինծի.

- Տղաս,- ըսավ ինծի ցերեկ մը, երբ կստիպեի զինքը վայրկյան մը ավելի քովս նստիլ,- ես քու վիճակդ հասկցած եմ, հիմար ու անկարելի երազով մը կտառապիս…

Հանցավոր տղու մը պես շվարեր էի։

Ես մարապետ մըն եմ հոս ու դուն երիտասարդ մը որ, փառք աստուծո, բոլորովին աղեկցած ես և պետք է որ ա´լ չկենաս այս տեղը և մանավանդ միտքեդ հանես տղայական փափագները, որոնցմով զուր տեղը կտանջվիս…

Հանկարծ մեկդի ըրի ամեն վեհերոտություն.

- Ոչ թե մտքես, այլ սրտես պետք է որ քաշեմ հանեմ իմ երազներս,- պատասխանեցի անոր։

Եվ իբր թե այս մեկ խոսքովս ամեն բան հայտնած ըլլայի, պզտիկ մը ծակվելով վերքի մը բոլոր արյունը պոռթկալու պես՝ բոլոր տառապանքս դուրս թափեցի։

- Ինչո՞ւ այդքան կատարելություն ունիս վրադ,- ըսի իրեն,- եթե քու վրադ հիանալը, զքեզ սիրելը արգիլված է։ Ի՞նչ պիտի վաստկիս ամփոփված մնալով քու մինակությանդ մեջ որ լքումի մը կնմանի։ Ի՞մ ուզելովս էր որ սիրեցի զքեզ. երբե´ք. և հիմա որ կզգամ թե շատ ավելի ծանր հիվանդ մը եմ քան թե հոս եկած օրս, հիմա կվռնտես զիս, առանց գթության բառ մը ըսելու ինծի։ Պիտի ըսես և պիտի համրես ինծի բոլոր անպատեհությունները կամ անպատշաճությունները իմ սիրույս. այս բոլորը հազար անգամ ես ինքզինքիս թված եմ. կ'երդնում որ ես բան մը, բան մը չեմ ուզեր քենե. հիվանդ էի և հիվանդ եմ միշտ, ձգե որ քու քովդ ապրիմ հոս, առանց աղեկնալու հույսի, բայց գոնե առանց ալ մեռնելու հաստատ ստուգության մը։

Զ

- Մեռնելո՞ւ, ինե հեռու մնալուդ համար պիտի մեռնի՞ս,- պատասխանեց ինծի ժպտելով, ժպիտ մը՝ որուն մեջ դառնություն մը կար։- Չես մեռնիր, ապահո´վ եղիր. հոսկե դուրս ելլելուդ՝ երեք օր պիտի նեղվիս, ութ տաս օր ալ վրաս պիտի մտածես, տասնհինգ օրեն բավական սփոփված պիտի ըլլաս արդեն, և ամիսե մը՝ հիշատակ մը, անուշ ու աղոտ հիշատակ մը պիտի մնամ մտքիդ մեջ. գալ տարի դուն ալ պիտի զարմանաս զիս սիրած ըլլալուդ։

Ւմ ժխտական շարժումիս վրա՝

- Ես այդ սիրո արբեցությունները գիտեմ, շամփանիայի փրփուրին պես շուտով կսմքին։

Եվ հանկարծ այլափոխվելով, կարծես մերկանալով իր մարապետի խոժոռ երևույթը, իր ծանր ու լուրջ ասացվածքը, ամենեն հրապուրիչ, մոլորեցուցիչ կինը դառնալու համար և ամենեն դաշն ու վրդովիչ շեշտը դնելով իր ձայնին մեջ՝

- Որովհետև վաղը պետք է որ ձգես երթաս հոսկե ու պիտի երթաս. և որովհետև համակրելի ու սրտի տեր մեկն ես կամ այնպես երևցար, քեզի կրնամ ըսել, որ չեմ հավատար քու սիրույդ և ձեր բոլոր էրիկ մարդոց սերերուն։ Ես իմ անունս, ընտանիքս, հարստությունս, իմ քսան տարու երիտասարդուհիի բոլոր իրավունքներս զոհած մեկն եմ երիտասարդի մը, որ, քեզի պես, մեռնելու չափ սիրելու երդումներով խաբեց զիս։ Զիս ամուսնության ուզող շատ մը ազնվականներու առաջարկությունները մերժեցի, ծնողքիս թախանձանքին մտիկ չըրի ու փախստական գողի մը պես՝ գիշեր մը փախա հայրենի տունես, սիրականիս մոտ երթալու համար։ Ընտանիքս ուրացավ զիս, ինչ որ իր իրավունքն էր։ Ես փույթ չըրի ասիկա. երջանիկ էի զիս սիրող երիտ ասարդին քովիկը. Անիկա պզտիկ մը մտահոգ էր. իմ սիրույս կուրությա¬նը մեջ՝ սկիզբները որևէ կասկած չթունավորեց սիրտս, բայց վերջը տեսա, ձանձրության և զղջումի պես բան մը տեսա անոր վրա, ինծի հետ միացած ըլլալու զղջումը։

Զգացա՞ծ ես երբեք բարձր ու ամուր պատի մը փլչիլը վրադ, քարերուն հարվածները գլխուդ ու մարմնիդ վրա, զգայազիրկ ու անկենդան մնալդ անոր տակ։ Այսպես եղավ իմ զարթնումս։ Օր մըն ալ, մեկ¬դի ընելով ամեն կեղծիք, իմ սիրած տղաս ըսավ ինծի.

- Պետք է որ հաշտվիս ծնողքիդ հետ, այս աղքատությունը չի քաշվիր ալ:

Տարվան մը չքավորությունը բավական եղած էր հատցնելու համար այն անսպառ սերը որ մինչև գերեզման պիտի տևեր։

Ալն ատեն վերջին վարանումներս անհետացան . իր քովեն ձգեցի փախա, ինչպես տարի մը առաջ փախեր էի հայրենի տունես, իրեն վերադարձուցի իր ազատությունը, սուտ ու փուճ խոսքերով ուրիշ կիներ խաբելու ազատությունը։ Բայց այդ վայրկյանեն ապառաժի մը պես քարացավ սիրտս. կսկի՞ծն էր թե վրեժի գաղափարը որ հոգիս ամրացուց. ուխտ ըրի աշխարհքիս վայելքները ուրանալու. մարապետ եղա։ Աղքատի մը ուրիշին ողորմություն ելլել տալուն պես՝ ցավեր ու վիշտեր սփոփելու տվի ինքզինքս, երբ ես այնքան կարոտ էի սփոփանքի. քանի որ ինծի տրված չէր աշխարհքը վայելել, ջանացի որ ուրիշներ լիովին, առանց ցավի վայելեն զայն. իմ զրկումովս ուրիշներուն վայելքը շինեցի:

Բայց ասոնց ամենուն վրա ներքին ուրախություն մը ունեցա. մեկ հատ մը, բայց գերագույն ուրախությունը, զոր խոստովանելու արիությունը պիտի ունենամ. չեմ ուզեր ինքզինքս լավագույն ցուցնել քան ինչ որ եմ իրոք։ Հատկապես ուզեցի որ իմ պաշտոնս վիրահատներուն մոտ ըլլա, և այնպես ալ եղավ. ես կ'օգնեմ, կսպասավորեմ իրենց և այսպես հանդիսատես կ'ըլլամ մարդոց, այսինքն ձեր բոլոր տառապանքին, գալարումներուն. ձեր աղաղակներեն շինված այս ահարկու երա֊ժշտության ու նվագահանդեսին ունկնդիր ըլլալու վայելքը ունիմ օրվան ամեն ժամուն։ Էրիկ մարդոց ցավատանջ գոռում գոչումները մտիկ ընելով՝ իմ սրտիս զսպված ու անմռունչ ցավերը գոհացում կստանան, կմեղմանան։ Կ'ընդունիմ որ անգութ ու ոխերիմ գոհացում մըն է աս։ Ձեր ճիչերը, վայնասունները լսելու համար ուրեմն քիչ մը հոս եկած եմ. ուրիշ հիվանդապահ կին մը ինծի չափ անվրդով արիություն չպիտի կրնար ցույց տալ. ամենքը կշնորհավորեն զիս։ Ես, երբոր մինակ մնամ խղճմտանքիս հետ...

Հոս, քույր էմիլիենի ձայնը մարելու պես եղավ։

- Ինքզինքս կ'ատեմ։ Ահա այս տառապանքին հրճվանքովն է որ, դեռ հազիվ երեսուն տարեկան, ծերացած եմ։

Վայրկյան մը դադարե ետքը, տեսնելով իմ լռությունս՝

- Տեսա՞ր որ քու երևակայած բարձր հոգիդ չունիմ ես, որքա՜ն հեռու եմ անկե, ճիշտ հակառակը գուցե անոր։ Սիրվելու մեկը չեմ ես, այլ ճակատագրին բեռը տանող ոխակալ կին մը։

- Այս բոլոր ըսածներդ բան մը չեն պակսեցներ իմ պաշտումես,- ըսի իրեն,- ամենեն ըղձալի էակն ես աչքիս, ու կվախնամ որ հավիտ¬յան այդպես պիտի մնաս։

- Տղա´,- ըսավ ինծի։

Հետո անուշությամբ ու թող տալով որ ձեռքը բռնեմ ու շրթունքս մոտեցնեմ անոր՝

- Վաղը դուրս ելիր ասկե, հավատա՝ որ քիչ օրեն կ'անցնի այս բոլորը. քրոջ մը պես դարմանեցի քեզ, ենթադրե որ քույրդ եմ միշտ։ Ու եթե երբեք տարին մեյ մը քայլերդ այս կողմը առաջնորդեն քեզ, եկո´ւ երբեմն զիս հարցնելու։

Է

Սենյակես ելլելեն վերջը ի՞նչ գնաց ըսավ հիվանդանոցին մեծա¬վոր մարապետին։ Սա գիտեմ միայն որ հետևյալ օրը անդարձ կերպով որոշեցին իմ մեկնումս. դուրս ելլելու պատրաստություններս երկարցուցի, սպասելով որ վերջին անդամ տեսնեմ զինքը. բայց չկրցա տեսնել։ Եվ տարօրինա՜կ բան, իր բոլոր գուշակածները ելան. զինքը տեսնելու կարոտս մարեցավ տակավ. օրական զբաղումները, կյանքի պայքարը, սրտիս ամեն ծաղիկներուն պես, ճզմեց չորցուց և փոշի ըրավ այս երա¬զս ալ։

Բայց քույր Էմիլիենի հիշատակը մնաց մտքիս մեջ, գրքի մը էջե¬րուն մեջ մոռցված տերևի մը պես քիչ մը տժգանած։

Միայն, ինչպես որ ապսպրած էր ինծի, տարի մը վերջը, Թաքսի¬մի կողմերը պտտած մեկ օրս, հիվանդանոց գացի զինքը հարցնելու համար։

Հազիվ ամիս մըն էր որ տարափոխիկ հիվանդություն մը՝ ութ օր¬վան մեջ՝ առեր տարեր էր զինքը։

- Անոր պես հիվանդապահ մը չի գար մեյ մըն ալ,- ըսավ մեծավոր մարապետը գլուխը երերցնելով։

Այս եղավ իր բոլոր դամբանականը։

1900

Be the first who will comment on this
Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Fresno Tuesday October 3 1972 11 PM #1
Fresno Tuesday October 3 1972 11 PM #1
Play Online