Krikor Zohrab

Այրին

Ա

Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որուն մթությանը մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փողոցը իր քարաշեն ու բազմահարկ ապարանքներովը։ Փոշիի պես բարակ ու ասեղի պես սուր անձրև մը կու գար ու կը լվար ամայի և թափուր քարահատակը։ Կալաթա Սերայի պահականոցին դեմ, երկու կառապան՝ հապաղած անցորդ մը գտնելե հուսաբեկ՝ ցուրտեն պատսպարվելու համար իրենց կառքին մեջ կը մրափեին։ Մարդ չկար ու այդ աղմկալից փողոցի ժխորեն ուրիշ բան չէր մնացեր, բայց եթե առջի իրիկվընե ի վեր տեղացող անձրևին անընդհատ ձայնը իր հուսահատական միօրինակությամբը։ Հեռվե հեռու, ուղիղ ու լայն ճամփուն բոլոր երկայնությամբը, մութին մեջ կը տեսնվեր շարք մը կարմիր ու արյունագույն կետերու՝ որոնք կազերուն տամուկ ու դողդոջուն լույսերն էին։ Քազինոները, քաֆե շանթանները և ուրիշ զբոսավայրերը շատոնց գոցված էին, անոնց տեղ, հոս՝ մսավաճառի, հոն՝ կաթնավաճառի խանութ մը իր դուռը կը բանար, և մութուն ելլելու վարժվող այս խանութպաններու աշկերտները՝ դեռ նոր արթնցած, կես քուն, կես արթուն, կանթեղի լույսով գիշերեն կ’սկսեին իրենց օրական աշխատությունը։

Զայն ձուն չկար դեռ ու գիշերապահը տասներկու կu զարներ փողոցին հնչուն մայթին վրա։ Պատի մը տակ, մարդ մը` անշուշտ խաղատան մը մեջ ունեցածը չունեցածը կորսնցնելե ետքը, կծկտած էր լուսնալուն սպասելով, պառկելու տեղ մը գտնելէ հուսակտուր, վասն զի այս հյուրընկալ փողոցը ստակ չունեցողներուն համար չէ։ Ասդին անդին քուրջեր հավաքող մարդիկ, լապտեր մը ձեռքերնին, լռիկ ու գլխահակ, իրենց ուսի կողովը կը լեցնեին։ Բայց հետզհետե մութը իր խստությունը կը կորսնցներ, Կալաթա Սերայեն վար վաճառատուններուն մեջ ձայներ կը լսվեին ու քիչ քիչ անցորդներ երևան կ’ելլեին փողոցին մեջ։ Բանջարեղեններով ու կաթի ամաններով բեռնավորված ձիեր հանդարտաքայլ կու գային, կ’անցնեին վիզերնուն կապված զանգակներուն ձայներովը արթնցնելով քարուկիր շենքերուն արձագանքը։

Հիմա ալ լուսնալու մոտ էր ու Փերայի տուները կը ճշտվեին ստվերամած հորիզոնին վրա. ձայները երթալով կշտանային. խանութներու երկաթե փեղկերը կշարժեին . կանուխ ելլող սպասավորներ, պահապաններ, փեղկին մեջ բացված դռնակեն դուրս կ’ելլեին ու վաճառատուններու առջևի սալաքարերը կը մաքրեին խանութին ներսը ավլելե վերջը, բոկեղ , կաթ ու սալեպ վաճառողներ պոռալով կ’սկսեին իրենց առատվան առուտուրը, այդ ծառաներուն, բեռնակիրներուն ու պահապաններուն բերելով աժան գինով նախաճաշ մը. «բարի լույս»-եր կը փոխանակվեին դրացի մարդոց մեջ։


Բ

Մութին հետ ելավ Մարտիրոս. խանութը ավլեց, առջի օրվընե անկարգ թողված տուփերն ու ծրարները տեղը դրավ, վաճառատան մեծ ապակին սրբեց ու երկաթյա փեղկերը բացավ։ Քիչ մը վերջը ալ բոլորովին լուսցած էր, գործավորներ, արհեստավորներ, ամեն ազգե ու ամեն կարգե, Պոլիս կը դիմեին ու Մեծ Փողոցը կը զարթնուր, կը շարժեր այս անցուդարձով.կամաց կամաց խանութները կը բացվեին, ապակիները կը մաքրվեին, գրագիրներ իրենց պաշտոնին, կար կարող աղջիկներ իրենց գործին գլուխը կու գային։ Առտու էր։

Վեց ամսե ի վեր այս մաղազաին մեջ կ’աշխատեր իր հորեղբորը տեղ, որ տասը տարի իբրև բեռնակիր ու պահապան ծառայելե վերջ հայրենիք վերադարձած էր, Մարտիրոսը թողլով իր տեղը։

Տասնըինը տարու կար չկար.բարձրահասակ ու մենծ մենծի էր, ինչպես կ’ըսեին կիները, բայց իր թուխ ու գեղեցիկ դեմքը պատանության փափկությունը կը պահեր առնական դրոշմը առնելով հանդերձ.սևահեր ու սևաչվի էր. քաղցր, վեհերոտ և տղայական բան մը ուներ իր նայվածքը. լայն ու դուրս ցցված կուրծքը իր հզոր ու հպարտ իրանին բոլոր առավելությունները ցույց կու տար։ Կապույտ չուխայի ձեռք մը հագուստ շինել տվեր էին իրեն, որ աղեկ կը վայլեր իր կորովի ու առույգ մարմնին. ջլապինդ բազուկները հազվագյուտ ուժ մը պետք էին ունենալ, մինչդեռ կարճ ու ամփոփ փոխանին զանգապանը ազդրերուն հարուստ ու բարեձեւ լեցունությունը կհաստատեր։

Փերայի մեջ նորություն մը եղավ այս նորեկ պահապանը. կիները հիացան ու սքանչացան այս երիտասարդին վրա, որուն ամչկոտ համեստությունը նոր ու կանանց համար միայն հասկնալի հրապույր մը կու տար իրեն։

Վաճառատան համար ձգողության պատճառ մը եղավ այս պատանի մարդը.ինքը միայն չհասկցավ այն հետաքրքիր ու մանրախույզ նայվածքները, որոնց ենթակա էր. ամենքը համակրելի կը գտնեին զինքը ու չէին քաշվեր բացե ի բաց իր երեսին ըսելու այնպիսի անհավատալի համարձակությամբ մը, որուն վրա կը զարմանար։

Ամուսնացա՞ծ ես, կը հարցնեին իրեն ամեն կողմե։

Ու հաստատական պատասխանին վրա, որը կը ցավեր, որը կը ծիծաղեր. այս պոլսեցի կիները կատակը կը սիրեին.այնպիսի հիմար բաներ կը տեսներ, որոնց վրա հազիվ իր խնդուքը կը զսպեր։

Առանց բացորոշ բան մը գիտնալու, իր նրբամիտ դրսեցիի բնազդումովը կ’ըմբռներ սակայն, որ իր նպաստավոր ընդունելությունը ավելի վայելուչ մարմնին կը պարտեր, քան թե իր աշխատությանը։

«Փռենթան»-ի վաճառատան մեջ առջի օրերը Մարտիրոսի համար ապշության, զարմանքի ու սքանչացման օրեր եղան։

Այս բազմահարկ ու փառավոր շենքը, իր հազար ու մեկ բաժանումներովը, օձապտույտ սանդուխներովը, ճոխությամբը, հաճախորդներու անընդհատ հոսանքովը, պզտիկ, բայց երանելի քաղաքի մը ազդեցությունը ունեցավ իր վրա։ Առտվընե մինչև իրիկուն ոսկիներու, մեճիտիեներու հնչյունն էր, որ կու գար դրան մոտ դրված սեղանին կողմեն, ուր հատուկ պաշտոնյա մը տոմարներու վրա ծռած՝ անհավատալի գումարներ ժողվելու միայն զբաղած էր։

Հաճախորդներ, մեծ մասամբ կիներ, համարձակ, երեսնին բաց, ամեն ազգե, գլխավորապես ֆրենկներ, մինչև անգամ թրքուհիներ ու հայուհիներ, շպարված ներկված, միշտ գեղեցիկ ու ալ ավելի գեղեցիկ լինելու հետամուտ՝ կու գային անվերջանալի պահանջներով, վեճերով զբաղեցնելու բոլոր խանութը։

Ինքը՝ հոն կանգուն էր, շվարած, բան մը չհասկնալով այս տարօրինակ ու միջազգային լեզվեն զոր կը խոսեին և այս առուծախեն, որուն օգտակարությունը չէր ըմբռներ։ Հետո ինքն ալ վարժվելով քիչ– քիչ այս բուրդե, մետաքսե, ասվիե, շղարշե, թավիշե ծրարներուն, զորս մեկ օրեն մյուսը այս կանանց շրջազգեստը դարձած կը տեսներ, տակավ առ տակավ հասկնալով այս ամենը, ֆրանսերեն բառեր շարունակ լսելով ու սորվելով։ Պարապ չէին թողուր զինքը խանութին մեջ, անընդհատ տարուբեր այս բոլոր նյութերուն մեջ, զորս մեկ տեղեն մյուսը կը փոխադրեր մինչև իրիկուն։

Եվ գիշերը, երբ այս բոլոր ժխորը դադրեր ու մինակ մնար ընդարձակ խանութին մեջ, վարանոտ ու հետաքրքիր, կը խառներ, կը ջանար հասկնալ իր շուրջի բոլոր նյութերը։

Հոս ֆիլտեքոսե կամ մետաքսե կանացի գուլպաներ գույնզգույն, բանված, մինչև զիստը ամփոփելու չափ երկայն, որոնց ներդաշնակ շրջագիծը՝ մարմնին ճշտությամբ պատկանելու համար ձևված էր. անդին ճերմակեղեններ՝ սպիտակ ու նուրբ վուշե, որոնց իր համբակ մտքովը գործածության տեղ չէր գտներ.շապիկներ՝ երկար, լայն, թափանցիկ, փրփուր տանթելներով խառն, որոնք կուրծքը մերկ ձգելու քան թե ծածկելու համար պատրաստված էին.ուրիշ ճերմակեղեն հանդերձներ, կարվա՞ծ թե կարվելիք, չէր գիտեր, վասն զի է՛ ն անհրաժեշտ մասերը իրարմե անջատ ու բաց թողված կը տեսնվեին. ավելի անդին գլխարկներ, թռչուններով կամ ծաղիկներով զարդարուն, կոշիկներ տարօրինակ ձևեւերով, ձեռնոցներ, պախճավանդներ, ծնրակապեր այս վերջինները կը ճանչնար հայրենիքեն, և զորս երբեմն իր ծունկին վրա կը փորձեր վերջապես հազար խռովիչ ու հեշտավետ առարկաներ, մանավանդ դեղաբույր փոքրիկ ու զարդարուն շիշեր որոնք իր դրսեցիի դյուրագրգիռ քիթին համար ամենեն ախորժելի էին։

Բայց վերի հարկր ա՛լ ավելի զարմանքներու կը հանդիպեր. կար կարողներու սենյակին մեջ, մերկ, բոլորովին մերկ կին մը, ո՛ չ, կանացի փայտաշեն մարմին մը, ճշմարիտ ու կենդանի կարծվելու չափ ճարտարությամբ շինված, իր զմայլած աչքին կը պարզեր, հայտնի լրբությամբ մը, այն բոլոր թաքուն հրապույրները, որոնք իր նոր ամուսնացած երիտասարդի տենդագրգիռ արյունը կը բորբոքեին։ Ու մինչեւ լույս չէր քնանար, կանանց մարմնին համար մտածված, երևակայված, ստեղծված այս բոլոր խոսուն և գրգռիչ նյութերեն շրջապատված, որոնց բոլորին վրա, իբրև հրաշալի աշխարհի մը մեջ, այդ մերկ կինը՝ սեգ, խրոխտ, բայց միանգամայն կարծես թե անձնատուր ըլլալու պատրաստ, կը տի¬րեր իր մարմնին շլացուցիչ գեղովը։ Ու կանանց հատուկ, անոնց գաղտնիքներովը, հրսապույրներովը լեցուն այս քաղաքին մեջ անզգա պահապան մնալու դատապարտված՝ այս երիաասարդը կուրտ աքաղաղի տարօրինակ դեր մը կը ստանար։


Գ

Հայրենիքը, Զարդար, իր մանկամարդ կինը, կը սպասեր։ Իրենց սուրբ պսակեն ի վեր հազիվ մեկ երկու ամիս էրկանը երեսը տեսած էր, ու ստակ վաստկելու աննահանջելի հարկը՝ հեռավոր երկիրներ առաջնորդած էր զայն: Կը սիրե՞ր արդյոք այն երիտասարդը, որ իր ամուսինը եղած էր. այն կույր ու անտրտունջ հնազանդության մեջ, որ հայուհիներու բոլոր կյան¬քը կը կազմե այդ կողմերը, ո՛չ խորհելու և ո՛չ զգալու տեղի մնացած է. իրեն չէին հարցուցեր երբեք, թե կ’ուզե՞ր այն մարդը, զոր իրեն սահմանած էին. ինքն ալ չէր մտածեր անոր վրա. ո՛չ կատեր և ո՛չ կը սիրեր զայն մինչև իր ամուսնության օրը։ Եվ ամուսնութենեն ետքը ա՛յնչափ քի՜չ ատեն անցուցած էր հետը, այնչափ մտերմութենե զուրկ, որ գրեթե պաշտոնական եղած էին իրենց հարաբերությունները՝ միևնույն հարկին տակ բնակվող բազմաթիվ ազգականներու աններող նայվածքին տակ։

Այդ նոր ընտանիքին մեջ, ուր կը մտներ գլխավորապես ծառայության համար, ամենեն քիչ իր էրկանը կը պատկաներ. վասն զի կեսրոջը, աներին, մյուս ազգականներուն սպասավորությունն էր իր ավագ պարտավորությունը։

Այս գեղի աղջիկը գորովի և սիրո անսպառ գանձեր ուներ սակայն իր սրտին խորը, որոնք մեկ բառով, մեկ գգվանքով թերևս պիտի հայտնվեին։ Բայց ավանդությունը կար իր աչքին առջև, իր ամուսնին հորեղբայրներուն կիները կային, նույն իսկ իր կեսուրը կար դեմը, Պոլիս գացող մնացող ամուսիններու սպասելով, տանը անհատնում հոգերուն ու աշխատությանցը մեջ մաշելով ծերացած կիներ, հիմա գրեթե պառավներ, ճիշտ իրեն պես, նոր հարսի պես լռիկ ու խոնարհ՝ այդ մարդոց քով, որոնք հանկարծ, երկարատև տարիներե ետքը, հիշեր էին, թե այդ դժբախտներուն ամուսիններն էին իրենք ու հայրենիք վերադարձեր էին, այլևս աննպատակ ու անօգուտ դարձած ամուսնական կյանքը շարունակելու։

Ահա այս հեք, աղեբեկ ու կորաքամակ օրինակները կային իր առջև, որոնք ստվերներու պես անխոս՝ իր շուրջը կը դառնային, և Զարդար էրիկ կնկան ուրիշ տեսակը չէր երևակայած երբեք։

Չզարմացավ ուրեմն երբ կարգը էրկանը եկավ մեկնելու։ Իր մշտնջենապես կրավորական դերին մեջ գավառացի հայ կինը գանգատելու անգամ զորություն չունի.Պոլսեն թուղթ եկավ.հորեղբոր մը գալուստը իմացուցին ու Մարտիրոսի մեկնելու պատրաստությունները տեսան. հարսը՝ իր հոգածու ամուսինի պատրաստությամբը՝ երկու զույգ բուրդե գուլպա շինեց, մայրը ու մյուս ազգականները մեյ մեկ հիշատակ տվին ճամփորդին ու երկուշաբթի օրվան կարավանով մոտի գյու¬ղեն Պոլիս գացող ուրիշ երիտասարդի մը՝ Խաչոյին հետ ճամփա դրին զայն։ Զարգար մինչև իրենց արտը, որ ճամփուն կողմն էր, մեկտեղ գնաց ու վերջի պահուն, երբ հրաժեշտի ողջույններ փոխանակվեցան, արցունքի փախստական կաթիլ մը սահեցավ ինկավ հարսին աչքեն երիտասարդին ձեդքին վրա, այսչափ ահա այս բաժանման բոլոր սրտահուզությունը։

Մարտիրոսի մեկնելեն ի վեր հարսը իր բաժինը առած էր տան աշխատութենեն ու իր տեղը կեսուրը հանգստյան կոչված. հաց եփել, կաթ կթել, ջուր ու փայտ բերել իրեն կ’իյնար միշտ, ու երիտասարդ կինը՝ ագարակի կենդանիներու հատուկ հեզությամբը իր ծառայությունը կը կատարեր։


Դ

Փերայի Մեծ Փողոցին մեջ վաճառքի ահագին հակի մը անտանելի բեռին տակ ճնշված, քրտնաթոր, ճակատներուն երակները պայթելու չափ ուռած, հագուստնին պատառուն, ցեխոտ, չորս բեռնակիրներ, մեկը ծերուկ, այս տառապանքներուն տակ ալևորած, մյուս երեքը դեռ երիտասարդ, կ’անցնին հևալով։

- Խաչո՛,- պոռաց ձայն մը անոնցմե մեկուն։

Խաչո գլուխը դարձուց, մեծահարուստ վաճառատունե մը իր անունը տվող ձայնի տերը ճանչնալու համար։ Նոր լաթեր հագած գեղապանծ երիտասարդ մը, կապույտ լոդիկին մեջեն ցույց տալով վահանաձև կուրծքը, ածիլված, մաքուր, ֆեսը աջ կողմ ծռած քիչ մը, իր փոխանին փոթերը շտկելու զբաղած, վաճառատան դրան մոտ կեցեր ու իրեն կը ձայներ։

Բեռնակիրները արդեն ուժասպառ վար դրին իրենց բեռը. բայց Թաղապետության չավուշները ընդդիմացան. Փերայի Մեծ Փողոցը հոգնություն առնելու տեղ չէր.բեռնակիրները շունչ առնել կ’ուզեին և չավուշները թող չէին տար։

- Օլմազ,- կ’ըսեր սպիտակ ժապավեններով զարդարված ու մեջքը սուր կապած կես-լեզու հույն պաշտոնյա մը, որ անոնց մեծը կը թվեր։

Բեռնակիրները իրենց հայախառն թուրքերենով կը բողոքեին.

-Պիզիմտե ճանիմիզ յո՞խ մի՛. պե մարդ աստուծո, կը գոչեր ծերուկը։

Գլխարկավոր անցորդներ կը շրջապատեին զիրենք, կիները կանգ կ’առնեին վեճին պատճառը իմանալու հետաքրքիր։ Ու բեռնակիրները կը ծռեին իրենց տաժանելի խաչին տակը մտնելու համար նորեն։ Աղքատությունը հարստության դեմ կանգ առնելու իրավունք չուներ։

Մարտիրոս իր չորս հեմշերիներուն հեռանալը տեսավ.ո՜ւր Խաչոն, ո՞ւր ինք. և սակայն միևնույն գեղեն էին գրեթե, միևնույն տարիքը ունեին և միասին մեկներ էին երկրեն. Խաչոն ալ կայտառ ու հաղթամարմին տղա մըն էր, իր նշանածը թողած, ինչպես որ ինքն ալ իր կինը ձգած էր՝ ստա՜կ, միշտ ստա՜կ, հավիտյան ստակ վաստկելու համար։

Ինքը Փերա էր ու Խաչոն Ղալալաթիա մնացեր էր. մեկը լերան վրա, մյուսը ստորոտը, և կը թվեր, թե երբեք այդ ստորոտեն վեր չպիտի կրնար ելլել։ Մարտիրոս այս բաղդատությունը կ’ըներ մտքեն։

Աղեկ շահ կար իր ծառայության մեջ ու աղեկ հաճույք. հայրենի տան աղքատիկ ու միօրինակ կյանքը՝ լուսուն ճեղքվելուն հետ անհետացող անհաճո և անկարելի երազի մը տպավորությունը կը 'դառնար հետզհետե. այս բոլորովին իգական աշխարհին սեմեն ուր հազիվ ոտք կը կոխեր, ապագան փայլուն ու հիանալի կ’երևար. ֆրանսերեն սորվիլ կը սկսեր ահա ու մատամ կ’ըսեր տիկիններուն խոսած ատենը, վասն զի տիկիններուն հետ կը խոսեր. շարունակ փոքր ու մեծ ծրարներ կը տաներ անոնց տունը ու պախշիշ կ’առներ։

Հայտնի էր որ քիչ շատ ամենուն հաճելի սպասավոր մըն էր։ Ֆրանսուհի մը՝ արևելքցիներուն այս կատարելագործյալ տիպարին սիրահար, ու մանավանդ փերացի հայ տիկին մը ամենեն անակնկալ կերպով իր փոքրիկ ծառայությունները կը վարձատրեին, ու ինքը այս ներհակ, նախանձոտ ու ոսոխ հրապույրներուն մեջ կը վարաներ իր դեռաբույս պեխերը շոյելով։


Ե

Հայ տիկինը հարուստ վաճառականի մը ամուսինն էր. շարունակ հոդացավե տանջվող էրիկեն զզված՝ մոռցեր էր, որ այս ծեր բայց հարուստ մարդը աղքատութենեն դուրս հանած ու իրեն կին ըրած էր զինքը:

Այս հարստությունը՝ զոր ատեն մը աղքատության խոշորացույցովը տեսած էր՝ չէր փոխարիներ հիմա հիվանդոտ ու ալևոր մարդու մը կինը ըլլալու դժբախտությունը և այս առուտուրեն՝ որ իր ամուսնությունն էր՝ պարագաներուն ներածին չափ՝ զղջումը հայտնած էր:

Անկախ, ինքնիշխան, իր անսահման ազատությունը ի՛նչ բանի գործածելու շվարած՝ այս կինը ամեն օր Փերայի խանութներուն մեջ թափառիկ, մեծածախ արդուզարդի մտմտուքով զբաղած, ոչ ոք գտած էր մինչև այն ատեն իր արտակարգ բնավորությանը հարմար։ Շուրջը դարձող երիտասարդները միշտ մեծարանքով ու փայփայանքով վայելեր էին զինքը և սակայն այս թույլ ու վատ եղանակը չէր իր տարփատենչ երազը։

Հանկարծ օր մը իր հաճախած խանութներեն մեկուն մեջ երիտասարդ մը տեսավ առույգ, գեղեցիկ ու կոպիտ, որ ճիշտ իր փնտրած առնական տիպարն էր, և այն վայրկյանեն ան եղավ իր միակ կիրքը: Ալ չպակսեցավ այդ վաճառատունեն մանր մունր բաներ գնելու պատրվակով։ Անթիվ, անհամար ծրարներ կը ղրկեր տուն զորս Մարտիրոս հոժարափույթ կը տաներ, ու երբ պատահեր, որ իր մեծաճոխ շրջազգեստը երիտասարդին դպեր, կամ դրամ տալու առթիվ իր քնքույշ ու փափուկ ձեռքը անոր լայն, ամուր ու ջղուտ ձեռքին հանդիպեր, սարսուռ մը կանցներ իր մորթին վրայեն։

Երբեմն տունը կը գտնվեր ու մոռցված հանձնարարություն մը լսելու համար Մարտիրոս մինչև հանըմին երանավետ սենյակը կ’ելլեր։

Այսպես շարունակեց տիկինը ատեն մը, բայց հետո համրերությունը հատավ. վերջապես այդ գեղեցիկ համալը սեպելու մարդ չէր։ Բայց միշտ հնարամիտ Ճարտարությամբ իր տեսակցությունները կարգադրեց այս դրսեցի տղուն հետ, որուն անփորձ պարզմտությունը իր տարփանքին սաստկությանը չափ մեծ էր։ Կը զգար, որ հիմարություններ ընելու կարող էր անոր համար. ու թաղված գանձ մը գտնող ագահի մը պես իրեն միայն վերապահել ու հատկացնել կ’ուզեր զայն, մինչդեռ Մարտիրոս՝ որ իր լեռնցի մարդու բնությունը ձգելու ատեն ունեցած չէր, այս քաղաքի մարդոց ու կիներուն վրա հավասարապես կը զարմանար։

Եվ այս զբոսանքներուն մեջ մոլորված, հայրենի տնակին մեջ թողած օրինավոր ամուսինը չէր հիշեր այլևս. այն արցունքով գրված տողերը զորս հեք կինը իր ձեռքը կը հասցներ, անոր քարացած ու ապականած սիրտը շարժելու անկարող էին.ստակ կը ղրկեր որչափ որ ուզեին, բայց դառնալու խոսք մտիկ չէր ըներ։

Ու հեմշերիները, անդին, իրմե քայլ մը հեռու, խնայողությամբ ու զրկանքով ստակ հավաքած, մաս առ մաս կը վերադառնային հայրենիք, սիլանուն խավուշմիշ ըլլալու։


Զ

Ձմեռնամուտին, շրջակա գյուղերեն շատեր Պոլսեն դարձան եկան. ամուսիններ, նշանածներ ու աղջիկներ խնդացին. գյուղային ու ընտանեկան կյանքը իր բոլոր սուրբ ու մաքուր եռանդովը վերակենդանացավ:

Խաչոն այդ վերադարձողներեն էր. արտ մը ու զույգ մը եզ դնելու չափ ստակ ժողվեր ու եկեր էր. նշանած էր արդեն ու հարսնիքը չուշացուցին. Մարտիրոսի մեկ հորեղբայրը կնքահայր եղավ. ամենքը կը սիրեին Խաչոն. ուրախության, տոնի օր մը եղավ հարսնիքին օրը։

Զարդար հոն էր. իրեն ալ ճիշտ վեց տարի առաջ այսպես ուրախությամբ տոներ էին հարսնիքը. դրացի ու գյուղացի եկեր էին, այո՛ , ճիշտ այսօրվա պես հազար մաղթանքներ ընելու։ Բայց քանի մը օր վերջը էրիկը ձգեր գացեր էր զինքը ու ա՛լ չէր երևցեր, և իր առանձնությունն ու լքումը ամոթ մը կը թվեր իրեն՝ այս ցնծահույզ բազմության մ եջ։ Ետ դարձան. հետևյալ օրը իրենց ամայի տնակը բոլորովին մութ ու խավար երևցավ իր աչքին:

Գուցե տասներորդ անգամը ըլլալով սրտաբուխ ուխտով եկեղեցի վազեց ու տիրամոր պատկերին առջև արտասվելով իր խնդիրքը ըրավ.և տիրամայրը, արծաթե թագը գլխուն, ունկնդրեց իր սևցած ոսկեզօծ շրջանակեն, ինչպես շատերուն աղաչանքներուն էր ունկնդրած։

Ապա ձմեռը հասավ իր բոլոր սաստկությամբ, իբրև թե այս հայրենիք դարձողներուն հիշեցնելու համար, որ հարմար ժամանակին հասած էին հայրենի վառարանը։

Ու Պոլսեն լուրեր, տեղեկություններ կու գային գյուղե գյուղ անոնց վրա, որոնք այս աշնան չէին կրցած միասին դառնալ:Կարապետ հաջորդ տարին, իսկ Կիրակոս մյուսին պիտի դառնար։ Միայն Մարտիրոսի վերադարձին խոսքը չկար: Հետո ձյուն ու սառույց ամեն կողմ, ամեն ոք իր տան մեջ փակված, և այսպես տարի մը ևս լրացավ։


Է

«Փռենթան»-ի վայելչակազմ պահապանը աղեկ ճամփու մեջ էր: Մոլությունն ու ապականությունը սահուն զառիվայր մըն Է, որուն կեսին վրա կանգ առնել դժվար է:

Տարիները կանցնեին, միշտ ու ինքը, Փերայի փողոցներուն մեջ կը շրջեր թափառահած, միշտ մաքուր հագված, ածիլված, սև պեխերը ոլորուն ու հնդիկ իշխանի մը պես պահելով իր հայրենի զգեստները, որոնք իրեն այնքան աղեկ կը վայլեին։ Օր մը միայն, փորձի համար, եվրոպական զգեստներ հագած Էր և այն օրը ոչ ոք երեսը նայեցավ:

Հիմա Փերայի ամեն սովորությանցը, զբոսանքներուն մոլությանցը տեղյակ մեկն էր. բավական ատենե ի վեր ահա կվարեր գեղեցիկ ու առույգ հսկա մարդու դերը:

Այս կյանքը չէր կրնար տևել այսպես.իր ազդած հրապույրը կը ռամկանար.առջի հետաքրքրությունը կը նվազեր։ Նոր եկող պարզամիտ տղան չէր. բայց ի՞նչ օգուտ, հարուստ տիկնանց համակրությունը՝ ծառերուն վրա կեցող թռչուններուն պես անհաստատ է։

Իր պաշտպանուհին ճամփած էր զինքը, ու խանութին մեջ հին օրերու վաստակին տասներորդը անգամ չուներ. մոտան անցնելը այդ վաճառատան մեջ գտնվող բոլոր նյութերուն ճակատագիրն էր, և ինքն ալ այդ նյութերեն մեկը եղած էր բավական ատեն։ Սակայն վստահ ու հանձնապաստան ձև մը ստացեր էր ու իր երիտասարդության ատենեն մնացած վարժությամբ մը, եթե ոչ տիկիններու, գեթ կար կարողներու կամ ասդին անդին տուներու մեջ աշխատող սպասուհիներու մոտ հարգի էր։

Հանկարծ հայրենիքեն թուղթ մը եկավ, որ բռնի կը հիշեցներ իրեն մոռացած ու ոտնակոխ ըրած սրբազան պարտավորությունները.այն բարակ պահարանի մեջեն ելլող քառածալ թուղթի կտորը անխուսափելի պարսավ մըն էր ուսկից ակամա կ՚ ամչնար, այդ անզգա փոքրիկ սուրհանդակը ընտանի և անողոք մարդու կերպարանք կառներ և զինքը կը հանդիմաներ։ Որքան արժանի էր այս հանդիմանությանց. այն ատեն կը զղջար, ինքնիրեն որոշում կու տար երկիր երթալու. վաղանցիկ ու անհաստատ որոշում, զոր գործադրելու ույժը կը պակսեր իրեն։ Ու այսպես կը համոզվեր, որ Պոլիս մնալե ուրիշ միջոց չկար իրեն, ու ժամանակը կ’անցներ։ Օր մըն ալ զգաց որ տարիքը առնելու վրա էր. սպիտակ թելեր կ’երևային մազերուն մեջ.հայելին՝ ավերած ցուցուց իր դեմքին գիծերը։ Զարմացավ. ի՜նչ շուտ. երկու օր մտածեց ասոր վրա, հետո դարձյալ շարունակեր իր առջի ընթացքը։

Հարցնողներուն ա՛լ չէր ըսեր, որ ամուսնացած է. բավական ատենե ի վեր վաճառատունեն ալ ելած էր ու դրամի նեղություն ունեցավ։

Պարտիզակցի սպասուհի մը՝ վերջին մնացորդ իր նախկին հարաբերութ յուններուն, ավելցուցած բոլոր ստակը, իր չորս հազար ղրուշը կուտար իրեն, եթե զինքը կնության առներ։

Մարտիրոս բեռնակրություն ընելու ույժ և կամք չուներ. գործ մը բռնել կուզեր ու գործը առանը դրամագլխի չըլլար։ Ինքնիրեն ըսավ նաև, թե քանի որ երկիր չպիտի երթար, առանց կնոջ ապրիլը անկարելի էր։

Գաղտնի ու անձայն պսակվեր ան, գողերու պես, առանց պատրիարքարանին լուր տալու, բարեկամ մը հրավիրելու. ոսկի մը տվին քահանային ու խնդիր չմնաց։ Այս եղավ իր վարած կյանքին վերջավորությունը։


Ը

Հայրենիքը իր կինը կը սպասեր, ձմեռը ամառվան, ամառը ձմեռվան կը հաջորդեր, ու տարիները կանցնեին անփույթ ու անտարբեր իր թախծալից ու սգավոր կյանքին համար։

Պոլսեն թուղթերը ցանցառ և ուշացած կու գային. փոլոսները չէին վճարվիր ա՛լ ու աները իր նամակներուն մեջ կը սպառնար հարսը վռնտել երբոր երկրորդ փոլոսն ալ անվճար մնար. տանը մեջ ամենքը զինքը հանցավոր կը բռնեին էրկանը անտարբեր ընթացքին համար։

Գացողները կշարունակեին Պոլսեն դառնալ, ու պատանիներ կ’երթային պանդխտության տառապանքներուն պակասը լեցնելու մայրաքաղաքին մեջ։ Ոև թուղթերը կը ճամփեին գեղեն, բարևներե, ընտանյաց անդամներու ողջ առողջ ըլլալուն լուրեն և ստակ ղրկելու հավիտենական պահանջումեն բաղկացած։ Պատասխան չկար։ Հարսը՝ հիմա կատարյալ կին եղած կրնար երբեմն անկյուն մը քաշված արտասվել։

Ամեն կիրամուտքի եկեղեցի կերթար. կիսակործան ու գյուղին տնակներուն պես հին ու սևցած եկեղեցի մը, ուր պզտիկուց ի վեր գացած էր և ուր իր պսակը օրհներ էին։

Հոն, սուրբերու պատկերներուն դեմ զորս լուռ, բայց անաչառ վկաներ կը կարծեր իր ամուսնության, իր տառապանքը կը պարզեր ու ջերմեռանդ աղոթքներովը, որոնք հանդիմանության պես բան մը կը նշանակեին, պատասխանատու բռնել կ’ուզեր այս եկեղեցին իր խորանովը, մասունքներովը, բոլոր սուրբերովը, իր կործանած հույսերուն համար։ Սակայն այս հավիտյան բացակա էրկանը համար ըրած աղոթքները չէին փոխեր իր ճակատագիրը։ Այն ատեն հարկ կ’ըլլար համոզվիլ, բոլորովին հույսը կտրել այս ամեն ժամ սպասված ու ամեն ժամ ի դերև եղած վերադարձեն։

Գիտեր, ստույգ դիտեր ալ, որ ամուսինը չպիտի գար.բայց իրիկունը, առանց ուզելու, քայլերը կ’առաջնորդեին զինքը այն արտը, ուրկե վերջին անգամ տեսած ու Պոլիս ճամփած էր իր երիտասարդ էրիկը։ Հոն, կանգուն և առանձին, հեռուն տարածվող ընդարձակ ու հարթ դաշտին վրա պտտցնելով իր հետախույզ նայվածքը, Այրին դեռ կը սպասեր։

Be the first who will comment on this
Yatuk Music
Expromt
Arno Babajanyan

Expromt

Sea view
Sea view
Play Online