Komitas

Մարգարիտ Բաբայանին (1907, Բեռլին)

Ձեր նամակն ինձ շատ ուրախացրեց: Շուշիկն իր «Րանգին ու հէքիարին» կստանայ այստեղից, իսկ «Շորորը»՝ այնտեղից...

Երկրորդ և աւելի կարեւորն է այս: Հայ եղանակները, ինչպէս նոցա ոգին պահանջում է, ներդաշնակելը որքան պարզ է, նոյնքան աւելի դժուար է, յետոյ, դեռ մենք՝ հայերս, պէտք է մեզ համար ոճ ստեղծենք ու ապա թէ յամարձակ առաջ գնանք: Ես դեռ ցարդ ստացել եմ ուրիշներից և այժմ նոր եմ սկսում (ըստ իմ հասկացողութեան և ճաշակի, նախապատրաստութեան ու պաշարի) հայ եղանակներին համաձայն ոճով դաշնակել: Ժամանակ է լինում, որ ես ընկղմած եմ կատարելապէս միայն հայ երաժշտութեան մէջ և ահա այն ժամանակ ես գրում եմ, ստեղծում եմ այնպիսի բան, ինչպիսին յարմար է մեր երաժշտութեան ոգուն. բայց լինում է և ժամանակ, որ, առանց իմ կամքի, ընկնում եմ մի այնպիսի երեւակայութեան շավղի վերայ, որ կամ հայկական չէ, կամ նորա կողքիցն է անցնում: Բայց և այնպէս, ես պիտի հասնեմ նպատակիս, նոյնիսկ, եթէ ամբողջ կեանքս իսկ վրայ դնեմ: Դորա համար շատ թանգ են իմ սրտակից բարեկամներիս իւրաքանչիւր, նոյնիսկ չնչին համարած կամ բծախնդիր նկատողութիւնները:

Սիրելի Մարգաիրտ,

Ես կատարեալ չեմ, ինչպէս բոլոր մարդիկ, բայց կատարելութեան ձգտող, նոյնիսկ այն դէպքում, երբ ես մերժում եմ մէկի կարծիքը, թէև մերժում եմ առժամանակ, բայց այդ ինձ մտածել է տալիս, թէ ինչո՞ւ այս կամ այն կտորը դուր չէ եկել մէկին կամ միւսին, և ես աշխատում եմ հարցը լուծել: Էլ տեղ չկայ: Շատ ու շատ սիրալիր բարևներ քեզ, Շուշիկին, Լուսիկին ու նորա մօրն ու հօրը, մայրիկին ու թոռնիկին, Արմենուհուն ու բժշկին: Ողջ լինէք բոլորդ էլ:

Շատ կուզէի իմանալ, թէ յատկապէս ո՞ր կտորները, ըստ Լուսիկի, անյաջող ու թոյլ կամ օտար են:

Ես կերթամ հոկտեմբերի 1-ին այստեղից:

Ձեր Կոմիտաս
Be the first who will comment on this
Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

April 28 1963 NYC
April 28 1963 NYC
Play Online