Husik Ara

Սիրո խոսք քաղաքին

Տարածությունը ամփոփվում է մեր աչքերի մեջ,
և ժամանակը մեր կենսագրության չափով է դառնում.
մինչդեռ ծաղկատերև շղարշների տակ
փոթորկվում են մանրամասները անկորագիծ մարմնիդ`
որպես չգիտակցված գեղեցկությունը եկող ժամանակի,
վերադարձող քաղաք՝ արևավառ ու թխարյուն մուլատուհի,
և քեզ գիտենք մաս-մաս ու ամբողջական մերկություն:
Նախ մութուլույս մեր հիշողությունն է քո մեջ,
թափառական ու անտանիք գիշերները քնահարամ.
մենք երկար ենք փնտրել, մեր կորցրածի մեջ
քաղաքներ կան և շատ ժամանակ,
մինչև հասկացել ենք, որ գրկի մեջ արտասվելու աղջիկը դու ես,
զգացմունքների քաղաք՝ թխարյուն կրծքերով արևելուհի:
Մեր դիմանկարն ես խնամքով փայփայում`
չկորցնելով գիծն ու կորը, աղվամազն անգամ,
որոնց մոռացել ենք մենք վաղուց.
մեր միշտ երազն է քո մեջ`
որպես ապագայի հիշողություն,
որ ամեն անգամ ետ նայելիս գտնում ենք նորից:
Մենք քո պոետն ենք, դու՝ ներշնչանքը մեր,
և Բաբելոնի սիրահարված զինվորի նման`
ինչպես հազար ու էլի շատ տարի առաջ,
մեր խռովքն ենք բանաստեղծորեն գրում քո պատին,
որ ընթերցեն խոստովանությունն այդ
մյուս ու բոլոր հազար տարիներին.
«Երևանը մեծ քաղաք է, բայց մենակ եմ ես,
որովհետև դո՛ւ ինձ հետ չես»:

Be the first who will comment on this
Yatuk Music
Melody
Arno Babajanyan

Melody

Old Tbilisi
Old Tbilisi
Play Online