Husik Ara

Պատարագը Սուրբ Խաչ եկեղեցում. Վանա լիճ` Աղթամար կղզի

Կղզին Աղթամար,
Սուրբ Խաչ եկեղեցին`
խեցին բաց մարգարիտ,
օրորվում է Վանա լճի ճոճքի մեջ`
ինչպես Աստծու ոգին էր շրջում ջրերի վրա,
երբ դեռ ոչինչը կար միայն:

-Քրիստոս Որդի Աստծու,-
պատարագը`
Տիրոջ շունչն է բաց խորանից խոսում
կամարների տակ,
որմնանկար պատերից ներս միջնադարի,
ու չխկում է առաջ, չխկում ետ
խնկի բուրվառը քահանան:

Ափերը բացել աղոթքին`
քրիստոնյա, մուսուլման ու արևապաշտ,
մոտիկ Հայաստանից ու Թուրքիայից
և Իրանից, Լիբանան ու Սիրիայից,
Արևելքից մերձավոր և հեռավոր Արևմուտքից.
Աստված մեկն է ու բացարձակ:

Պատարագն է խոկում, ներբողում,
որ թույլ են տալիս տարին մեկ անգամ
թուրքական դրոշների տակ:
Իսկ հաջորդիվ`
թանգարան է Սուրբ Խաչը.
դռները բաց ու փակ են տիրոջ առաջ:

Աստված ներսում է` ճերմակի մեջ,
դրսում թուրք ժանդարմներ սևազգեստ:
Տիրոջ մարմինն է նշխար
լեզվիս վրա`
Սուրբ հաղորդություն:

Իսկ ներքևում քաղաքն է Վան
արևելյան աղմուկով
ու մի քիչ փնթի:
Վաճառում են մրգեր, քաղցր ու չամիչ`
շարած սայլերին քառանիվ,
հենց փողոցում,
և հագուստներ դարսած իրար վրա,
ու թեյ` սամովարը դրած մայթին:
Սրճարաններ`
խորշանման արանքներում շենքերի,
ու նարգիլե,
և ռոք ու փոփ Արևմուտքից:

Գունագեղ, ազատ ու պորտաբաց,
և հիջաբ ու փարանջան հագած կանայք`
երկարափեշ ու սև:
Թուրք ու քուրդ
ու քանի՞ ծպտված հայ`
դավանափոխ ու վախվորած:
Եվ իջնում է
նամազը բարձր մինարեթից
քաղաքի վրա
խիստ կանոնիկ ու ժամ առ ժամ:

Հետքերն եմ փնտրում իմ նախնիների
այս քաղաքը հիմքից սարքած.
հին, շատ հին,
երբ խոսում էին սեպագիր լեզու,
որ լսում եմ անբառ ձայնի մեջ Մհերի դռան`
ժայռին փորված:

-Հե՜յ, ով կա,-
կանչում եմ
ավերակ Այգեստաններում…
Լսում են մեռյալները, բայց չեն խոսում:

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Karmravor
Karmravor
Play Online