Husik Ara

Միայն քո սերը կարող է ասել

Երկիրը ձգում է ամեն բան
և բերում ներքև,
քո սերը միակն է երկրի վրա,
որ ձգում է ինձ և տանում է վեր:

Միայն քո սերը կարող է ասել`
ուրացի՛ր քո հավատը,
և ես կուրանամ,
թո՛ղ քո տունը
և ես կբաժանեմ իմ ունեցածը
ու կհետևեմ քեզ:
Չեմ ուշացնի հանձնել հոգիս, կամքս
և ինքնությունը իմ,
եթե պահանջես`
դավաճանի՛ր քո ես-ը:

Այդ քո սերը կարող է ասել`
մոռացի՛ր հայրենիքդ,
և ես չեմ վիճարկի,
չեմ երկմտի
ու չեմ մտաբերի ուրիշ աշխարհ,
որ դուրս լինի քո սահմաններից:

Քո սերը միակն է երկրի վրա,
որ կարող է ձգել ինձ
և ինձնից վանել ամեն բան.
իմ ընկերոջը,
մերձավորին,
իմ ընտանիքը,
և այդպես կիսատ ու պակաս`
ինչպես ոչինչ,
դարձնել ամբողջ ու կատարյալ:

Ինձ կարող է սպանել շատ բան,
բայց կարող է կյանք տալ
քո սերը միայն.
ասել` վե՛ր կաց,
և ես ետ կգամ ստվերների աշխարհից
միս ու արյուն առած,
որովհետև այդպես է գրված ինձ համար:

Երկիրը ձգում է ամեն բան,
բայց երկրի վրա դու ես
և ուրիշ ոչինչ:

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphonic Panel "Armenia"
Ghazaros Saryan

Symphonic Panel "Armenia"