Hrant Matevosyan

Վազգեն առաջին

Իրավ մեծերի համար դյուրին կյանք ու ժամանակներ չեն լինում, մահկանացուներիս անսահմանության մեջ մեծերն իրենք են պարագծում իրենց ժամանակը և իրենց անելիքը, և նրանց կյանքն ու ժամանակը լինում է դժվար կյանք, դժվար ժամանակ: Իրենց երկրային կյանքի ժամանակը նրանք պարագծում են՝ սահմաններ ու սահմանասյուներ ճանաչելով իրենց նախնիների կյանքն ու վարքը:
Այդպիսին էր Թումանյանի կյանքը, այդպիսին էին Կոմիտաս վարդապետի ու Չարենցի կյանքերը:
Այդպես ապրեց ու գործեց Ներսես Մեծ Աշտարակեցին, իր կյանքն այդպես պարագծեց ու լցրեց ազգային կենդանի բովանդակությամբ Վազգեն Մեծ Վեհափառը:
Ի՜նչ շիտակ, պայծառամիտ ու անվեհեր մարդ էր, ի՜նչ մեծ հայ էր, ի ծնե՝ ի՜նչ ավագ ու տեր էր. իր արթուն կենդանությամբ կարող էիր գլուխդ անվրդով բարձին դնել՝ միամիտ, որ տանդ տակով ջուր չի գնալու և գլխիդ դավադիր սուր չի խաղալու: Իր վարքն ու սոսկական ներկայությունն իսկ դարձնում էր չարակամներիդ հանդուրժող, հանդուրժողներիդ բարեկամ և քեզ կանգնեցնում բարեկամների հոծ բազմության մեջ:
Կեսարինը կեսարին տալով և Աստծունը Աստծուն՝ նա երբեք չհեռացրեց նրանց միմյանցից, այլ մերձեցրեց իրեն ու իր շնորհի մեջ միացրեց՝ այդպես չօտարելով ազգից այն, ինչը ազգի անկապտելի զորությունն է՝ ազգային միությունը:
Քառասնամյա իր թագավորությամբ՝ այս պատառոտվող Երկիրը, որ անվերջ ճաքեր է տալիս և ազգեր ու ժողովուրդներ է հեռացնում իրարից, միություններ բաժանում, ներկայից անցյալ հատում, ընտանիք ու եկեղեցի կիսում, քառասնամյա իր շնորհալի արքայությամբ երբեք չխորացրեց իր անդունդները մեր ազգի ու հայրենիքի տակ, և հակառակը՝ մենք երբեք, ուրիշ ոչ մի անգամ այսքան միակամ ու միաբան չենք եղել:
Երանի նրան, ով, նրա օրինակով, ինչպես որ ինքը մեր մեծ նախնիների օրինակով, ազգի միության խորհուրդն ու խորհրդանիշն է լինելու, և այր մարդու իր տիրական ներկայությամբ մենք իշխանաբար հպարտ, այրորեն զուսպ, զինվորաբար կորովի ենք մնալու, ինչպես որ էինք Վեհափառի կենդանությամբ, ինչպես որ Վեհափառի վարքն ու կերպարն էին պարտադրվում մեզ:
24 օգոստոսի 1994թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
You are Chinar
Komitas

You are Chinar

Church Karmravor of VII century
Church Karmravor of VII century
Play Online