Hrant Matevosyan

Փոխհատուցենք հոգևոր արժեքներով

Ցանկություն ունեի, որ թարգմանական ամսագիր ստեղծվեր և ամեն ամիս հայ ընթերցողը աշխարհի գրականությունից տեղեկություն ստանար, նորություն իմանար։ Մեր գրական վարպետության վրա էլ կազդեր, գրողին կբարձրացներ, կձգեր։ Այս ընթերցողը մեր «մենաշնորհը» չէր մնա, ընթերցողների պահանջները կմեծանային։ Արձակի մասին է խոսքս, բայց սա կարելի է տարածել նաև պոեզիայի վրա, թեև սա առավել քմայքոտ մարզ է։ Գրական քննադատության ամսագրի անհրաժեշտությունը ևս խիստ զգացվում է. քննադատների ջոկատը պետք է ընդլայնվի և ուժեղացվի. գրողի ոչ մի տողը չպետք է մնա առանց վերաբերմունքի, մինչդեռ գրական արտադրանքի զգալի մասը մնում է քննադատությունից դուրս։ Այս գործոնները կնպաստեն մեր գրականության ուժեղացմանը։
Ստեղծվել է Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպը, որը, դժբախտաբար, հեղինակը չի հասցրել արտագրել, խմբագրել, մաքրագրել, վերանայել։ Անկախ դրանից, հայրենասիրական լիցքի հետ միասին, նաև գեղագիտական հեռանկարային լիցքի գործ է։ Միֆի, պատմության, լեգենդների վերարծարծման, ժողովրդի ոգու ընկալման, հողի և գրողի, ժողովրդի և գրողի հարաբերությունների ճիշտ ընկալմանն օգնող գործ։
«Մարութա սարի ամպերը» կարդացի և Մուշեղի կորստյան ցավը առավել խորությամբ զգացի։ Անկրկնելի հեղինակ էր։ Հրաշքի պես տղա էր։ Բայց մեր գրականությունը կունենա շատ սերունդների նոր «զորակոչիկներ»։ Վաղվա օրը լցնող անուններ էլ ունենք։ Արձակի մեջ նշենք Մերուժան Տեր-Գուլանյանին, Վանո Սիրադեղյանին։
Անշուշտ, նվաճումներ կան, անուններ, գործեր, բայց կարծես այն հույսերը, որ տարիներ առաջ ավագները կապում էին իմ սերնդի հետ, լրիվ չարդարացրինք։
Հնարավոր է, որ իմ անբավականությունը բխում է մեր իրականության, մեր ժամանակի մեծ պահանջներից։ Մենք պարտավոր ենք ավելի լավ գրել, ավելի խոր գրել, որովհետև մեր ընթերցողը քաջատեղյակ է աշխարհի դասական և ժամանակակից գրականությանը։ Պետք է նկատի ունենանք գրականության համաշխարհային մակարդակը, այլապես ընթերցողին տանուլ կտանք։ Պետք է մեր ուրախությունն ու ցավը կարողանանք պարտադրել աշխարհի չորս ծագերի ընթերցողներին, ինչպես նրանց գրողներն են իրենցը մեզ հաճախ պարտադրում։ Համաշխարհային գրականության հայացքի տակ մեր խնդիրները, որ ամենից լավ մենք գիտենք, մեր խնդումը, մեր տագնապները, հեռանկարները պետք է բարձրացնենք բոլորին հուզող մակարդակի։
Մենք հաճախ իրականությունն առանց բանաստեղծական թևերի ենք բերում գրականություն՝ իրականության և գրականության արանքից փաստորեն հանելով արվեստագետի կոչումը։
Գրականությունը պոեզիայի թևերով թևավորված, պոեզիայի մակարդակի բարձրացված իրականությունն է։
Հաճախ էլ, ցավոք, մեր մեծ նախնիների ստեղծած թևավոր, ոգիավոր արժեքները փորձում ենք վերախմբագրել։ Մի խոսքով, սրբագործված գրական կերպարների վրա ենք ձեռք բարձրացնում։ Չի կարելի։ Մինչդեռ մեղավորս կարծում եմ, որ գրական ճշմարիտ արժեքը այնպիսի բան է, որի առաջ բոլոր դռները բացվում են։ Արվեստի երդվյալ թշնամին անգամ իսկական գրական արժեքի առջև չի կարող տեղի չտալ։
«Մեր վազքը» և «Ծառերը» թեև նոր են տպագրվել, բայց դրանց ծնունդը նախորդ համագումարից առաջ է եղել։ Այս ընթացքում տառապել եմ կիսատ մնացած գործերիս վրա, որոնցից դեռևս գրեթե ոչ մեկը վերջնականապես ավարտված չի. պետք է վերանայվի, խմբագրվի։
Կուզենայի վստահությամբ կարդալ ընկերներիս գործերը՝ հավատացած լինելով, որ առաջին հաջողված էջին հաջորդելու են ուրիշ լավ էջեր։ Կուզենայի, որ այդպես էլ ընկերներս մտածեին իմ գործերի մասին։ Նրանց ձախողումներն իմն են, քանի որ նույն լեզվի, նույն մշակույթի մշակներն ենք, միևնույն գործն ենք անում։
Վախով, տագնապով եմ նայում Հայկինոյի ամեն մի նոր գործը. ազգային կերպարը, որի ստեղծմանը լծված է մեր կինոն, պակասում է էկրանից։ Ասածս վերաբերում է նաև երաժշտության, ճարտարապետության, նկարչության և հոգևոր մյուս բնագավառներին։
Սարոյանն ասում է՝ ոչ ոք չպիտի մտածի ¥գիտնա¤, որ իր հետ չեմ։ Ավելի պարզ՝ գրողը բոլորի մեջ պիտի լինի։ Է՛լ ավելի պարզ՝ գրականությունն այն է, որ յուրաքանչյուր մարդ կարդում և իրեն հասցեատեր է զգում, խորհելով՝ «Ի՛մ մասին է»։
Մենք պետք է այս բանին ձգտենք։
Հայաստանը արդյունաբերական, տնտեսական, գիտական արժեքներ է արտածում։ Պետք է արտածի և մշակութային արժեք։ Պատկերավոր ասած, մեր տուֆը մեծ սիրով են տանում։ Ցանկալի է, որ գրական գործերի նկատմամբ ևս կարողանայինք առաջացնել նույնարժեք պահանջարկ։
Տխուր բան է համաշխարհային մշակույթի սպառող լինելը. պիտի նաև արտահանել։
Մեր դարը թարգմանությունների դար է։ Անողոք բան կա սրա մեջ։ Թարգմանությունների այս մրցակցությունը դաժան մի պայքար է։ Մշակութային պարտությունը հավասար է հոգևոր պարտության։
Համագումարը կարող է ազգային արժեքների նկատմամբ բարձր, խիստ պահանջների և բարյացակամության այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ժողովրդի տված արժեքները մենք կարողանանք փոխհատուցել հոգևոր նույնպիսի գանձերով։

Be the first who will comment on this
Yatuk Music
Recalling
David Balasanyan

Recalling

Vardanank
Vardanank
Play Online