Hrant Matevosyan

Մեր քույրը, մեր թարգմանիչը, մեր բարեկամը

Փակվել է ամեն հայի առջև միշտ բաց մի դուռ, մարել է թրթռուն մի գոյություն, փլվել է փխրուն սրտով Աստծու մի արարած - Պրահայում վախճանվել է Լուդմիլա Մոտալովան՝ մեր քույրը, մեր ընկերը, մեր խրախուսիչը։ Ինքը Պրահա էր շշնջում, ինքը շշնջում էր Պրահա, ինքն առհասարակ շշնջում էր, թվում է չէր համարձակվում բարձրաձայն մտնել հայերենի մեջ և երկյուղած հարգանքով շշնջում էր հայերենի կողքին, ինքն այնինչ վաղուց էր հայերենի, հայ գրականության ու հայոց պատմության ամենախոր խորքերում։ Բարեխղճությունը նրան հասցրել էր իր առարկայի խորքերը, և առարկան նրան դարձրել էր իր ջատագովը։ Նա սկսել էր որպես չեխերենի համար աշխատող հայագետ, նա ավարտեց որպես չեխ հայրենասեր և հայ հայրենասեր։ Նա չգիտեր, որ ավարտում է, ասում են գրամեքենայի մեջ կիսատ է եղել մեր մասին մի հոդվածի էջը։ Նրա օջախում կարելի էր սիրտ ջերմացնել, նրանից կարելի էր հայերեն սովորել և հայրենասիրություն սովորել։ Պետությունների ու ծովերի վրայով իր ժողովրդին նա սիրտ ու ձեռք էր պարզել տալիս մեզ՝ մաքուր եղբայրությամբ։ Մեր կորուստները նրանն էին, մեր կորուստներից նա գունատվում էր և մեր հաջողություններից շառագունում։ Նրա նմանները հայոց սպանդի տարիներին խիղճ էին աղերսում գահերն ի վեր, Դեր-Զորում սպեղանի էին դնում վերքերին ու սրտերին, մենք թերևս նրանց փրկածն ենք, իսկ նա նրանց հազվագյուտ հետնորդն էր, նա պարզապես նրանցից մեկն էր նոր պայմաններում։ Նա գիտեր ինչից ինչ է մնացել և այդ պատճառով էր կենդանի մեր հանրապետությունը նշխարք նրա համար։ Նշխարք, որով նա ուզում էր օժտել իր ժողովրդին, հարստացնել իր չեխերենի մշակույթը։ Եվ որովհետև նա, թերևս միայն ինքն էր հաղորդվել հայ այն ամենին, ինչը մի բառով կարելի է հայացի անվանել, և որովհետև քմայքոտ, խուսափուկ, անորսալի այդ հայացին մի այլ լեզվի մշակութային գանձարան փոխադրելը մեկ մարդու և ամեն մարդու բան չէր, իսկ ինքը միայն մեկ էր՝ մի Մոտալովա, նա աշխատում էր մոլեռանդ նվիրվածությամբ, նա ջանում էր իրենով փոխարինել այն շատերին, ովքեր նրա խոր, իրոք ոսկրածուծային համոզմամբ, պետք է լինեին, պարտավոր էին լինել, սակայն չկային - ամբողջը թողել էին մի Մոտալովայի՝ փխրուն մի աղջնակի հույսի։ Եվ փխրուն այդ աղջնակին նա տանջում էր չեխ քաղաքացու և գրականության պատվախնդրի իր վերցրած բեռան տակ։ Նա գրականությանը հավատում էր ինչպես երանելի այն ժամանակներում, եթե այդպիսի ժամանակներ իհարկե եղել են, երբ ինչպես գրվում այնպես էր արվում, երբ գրվում էր պարզապես մարդկանց բաց սրտերին։
Ինչ տարիքում էլ մեռնեն՝ այդպիսի մարդկանց մահը միշտ է վաղաժամ։ Նրանք կյանքին շատ են հարկավոր, կյանքն այդպիսի մարդկանց քաղց է զգում։ Նա անհրաժեշտ է նաև այս պահին՝ մեր քրոջ, մեր թարգմանի, ջերմ մի երկրում, իր իսկ կարճ ու լիքը կյանքով մեր սերը ջերմացրած փոքրիկ մի երկրում մեր դեսպանի՝ Լուդմիլա Մոտալովայի կորուստն զգալ կարենալու համար այն խորությամբ, ինչ խորությամբ ինքն էր զգում Սևակի ու Մինասի մեր կորուստը, ինչպես որ ինքն էր դողում մեզնից յուրաքանչյուրի ու մեր բոլորիս կյանքի համար։

Be the first who will comment on this
Yatuk Music
Shooshiky
Komitas

Shooshiky

The violinist
The violinist
Play Online