Hrant Matevosyan

Մեր փրկիչն էլ, թշնամին էլ մեր մեջ են

Հնօրյա վիպերգը ողբում է. երեսս երկնքին արած ես ծնկներս գետնին խփեցի, ծկըլթացի ու որդի ծնեցի, հեռու տաք ժայռերում վագրը ոլորվեց, գալարվեց, ծկըլթաց ու կորյուն ծնեց. իմ կրծքի վրա ես իմ որդուն երգով սովորեցրի նայել ու աչքը չթարթել, հեռու տաք ժայռերի մեջ վագրն իր կորյունին սովորեցրեց նայել ու տղայի իր հայացքը չթեքել, որդիս զինավառվեց ու որսի ելավ, կորյունը հեռու տաք ժայռերում կանգնեց, պրկվեց ու որսի ելավ, նեղ կածանի վրա նրանք դեմ հանդիման ելան, որդիս նայեց կորյունին և կորյունը նայեց որդուս. տղայիս աղեղը ճայթեց, տղայիս տեգը վնգաց տաք ժայռերի մեջ, բայց որդիս նետով ու տեգով չէր հաղթելու վագրի որդուն՝ իր մատաղ կյանքով. կորյունը նայեց, պրկվեց ու ոստնեց, բայց նա մագիլով չէր հաղթելու որդուս՝ իր խիզախ կյանքով, իրարու կարմիր արեւ սևացրին հեռու տաք ժայռերի մեջ վագրի տղան ու իմ տղան, իրենց մայրերի խնդուն արևը մթնեցրին վագրի որդին ու իմ որդին. հիմա ես ինչ անեմ, ասում է, վեր կենամ բռնեմ հեռու ճամփան, գնամ գտնեմ կորյունի մորը և երկուսով ողբանք մեր կանաչ կտրիճների ողբը։
Իսկ ես ահա, իսկ մենք ահա - մեր երեսները հեռուներին դարձնելու, մեր ոտքը որոնումի ճանապարհին դնելու հարկը չունենք. ծույլ, կարկամ, վեհերոտ հայոց մեր բոլոր ժամանակներից զորական մեր կամքի նշխարները ժողովրդին ու ի մի կռողին, հաղթանակի ու ցնծության հրապարակը մեր հոգիներում ու մեր առջև բացողին, տասնամյակներով փնտրված ու մեր իսկ արյան ու ծուծի մեջ գտած մեր նոր Նժդեհին մենք ինքներս ենք սպանել։
Այդպես, սպանեցինք։
Մեր ծանծաղ մտքերի, մեր անքաջ հոգիների տղմուտներում կանաչած ճիվաղին մենք բաց թողեցինք հույսի և վստահության հրապարակի մեր տիրոջ վրա, որովհետև հույսի և վստահության հրապարակը մեզանում չի լինի, մենք ողբի ու գանգատների հրապարակն ենք, վստահ ապագայի հույսը ուրիշ մայրաքաղաքներում կլինի, օրինակ՝ Մոսկվա, օրինակ՝ Ամերիկա, օրինակ՝ Փարիզ, թեկուզ Ստամբուլ ու Տիզբոն. զինվորն ու զորավարը մեր ժամանակ մեր գլխին մեր մսից ու արյունից չի լինի, զինվոր ու զորավար կլինի երկնքով անցնող սպիտակ ձիավոր սուրբ Գևորգը և ոչ Վազգեն Սարգսյանը։
Սպանեցինք և դարձյալ կսպանենք, և անարև մեր մտքի, անքաջ մեր ոգու տղմուտը կկլանի նոր բարձրացողներին նույնպես, քանի դեռ չենք զորում մեր եղբորը մեզ թագավոր զորավար, մեզ՝ նրա հպատակ ու զինվոր, այս հողը մեզ հայրենիք տեսնել։
Սպանեցինք և այսօր կանգնած ենք մեր պայծառամիտ ու լավատես նախնիներից նրանց առջև, ովքեր մեզ սիրում էին, ովքեր մեզ բերել են, ոգու և մտքի մեր այս աղետից հետո, հետաքրքիր է, նրանք մեզ դարձյա՞լ կսիրեին, մեզ նրանք դարձյա՞լ կբերեին. հետաքրքիր է, իր հեռու Ֆրեզնոյից Սարոյանը դարձյա՞լ իր բաց սրտով, ինքներս մեզնից ու ուրիշներից չվախենալու, մեզ և ուրիշին սիրելու հորդորով կգար այս երկիր. Սարյանը մեզ ու այս երկիրը այնպե՞ս կտեսներ ինչպես տեսել է. Թամանյանը մեր այս բնակչի համար ա՞յս քաղաքը կբարձրացներ։ Եվ՝ հեռավոր գալիքի մեր թոռները մեզ սիրելո՞ւ են, մեզ կսիրե՞ն։ Մենք ինքներս Կարսաբերդի անկման խայտառակությունը հանձնել ենք ոչհայազգի զորահրամանատարին, մյուս խայտառակությունների գլխին ոչ մեր ազգի մի-մի հրեշ ենք կանգնեցրել և մեր ծույլ մտքով որոճում ենք, թե մեր փրկիչն էլ, թշնամին էլ մեզնից հեռու մի տեղ են։
Հիմա արդեն, վերջապես, կարողացանք տեսնել, որ մեր աղետների և ժամանակակիցն ենք, և գործուն մասնակիցը, և մենք մեզ սիրելի չենք։

Be the first who will comment on this
Yatuk Music
Expromt
Arno Babajanyan

Expromt

The knight woman
The knight woman
Play Online