Hrant Matevosyan

Մարդ, որ անվանում է ժամանակը

Երևանն իմ քաղաքն է՝ մաշկիս պես ծանոթ, մտերիմ, ցավագին իմը: Երևանն իմ քաղաքն է. ամենից շատ Երևանը սիրում եմ, երբ բացվում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկները՝ մուգ եղրևանիները, հետո ծաղկում են բարդիները, մի գիշերում, ու հաջորդ օրը քաղաքը պարուրվում է բարդիների կիսաիրական-կիսաանիրական մշուշով, ամենավերջում ծաղկում են փշատենիները: Ինչո՞ւ եմ գրում այս ամենը: Ի՞նչ կապ ունի հետագա շարադրանքի հետ: Թերևս՝ ոչ մի: Թերևս՝ ամենասերտ: Ուսանողական տարիներին նրան չեմ սիրել: Ասֆալտի վրա մեծացածիս համար նա բարդ ու խրթին էր. դժվար ընթերցվող գրականության խորագնա հաճույքը հեշտ էր փոխարինել օրընթաց դետեկտիվով, ճեպընթաց պոեզիայով և աշխարհիկ այլ գրերով: Տերյանը Թումանյանի մասին ասել էր, թե նրան շատ է սիրում, բայց նրա պաթոսն իր պաթոսը չէ: Ես Տերյանը չէի, բայց հաստատ «նրա պաթոսն իմ պաթոսը չէր»: Իմ բակում դեռ ծաղկում էին եղրևանիները: Հետո գալիս է ժամանակ, երբ դյուրահաս էջն այլևս չի կարդացվում: Փշատենիները ծաղկում էին, ու ես հասկացա, որ այո, մեծացել եմ ասֆալտի վրա, ոտքս գյուղ եմ դրել շքերթային ընթացքով, բայց «Թափանցիկ օրը», «Մեծամորը», «Կանաչ դաշտը», «Բաց երկնքի տակ հին լեռները», «Ծառերը»... ես եմ գրել: Ոչ քիչ: Ոչ շատ: Գրականությունը քաղաքի ու գյուղի չի լինում, գրականություն կամ կա, կամ չկա: Այս գրականությունը կա իմ մեջ, իմ սերնդի մեջ իր լավագույն կեսով, մեր լավագույն կեսով մենք այդպիսին ենք: Այդպես ենք կանգուն պահում մեզ ու մեր սարերը, և թող որ բեռնաձիեր ենք, այս կամ այն չափով, բոլորս, մեր վազքը մեր պարտքն է հաճախ, փոխարենը Ահնիձորում մեր աշխարհն է, աշնան մեր արևը, մեր խումհարը, Տաշքենդի հերն էլ անիծած, ու...

– Ձեր առաջին մուտքը Գրողների միություն:
– Տպարանում գրաշար էի, տպարան եկող բազում-բազմաբնույթ նյութերից ինձ համար, առանց հատուկ ճիգի, առանձնանում էին «Գրական թերթի» նյութերը. գրականությանը վերաբերող նյութերի շարվածքները ես էի անում: Ըստ երևույթին, լավ գրաշար էի, շարելիս նաև սրբագրում էի, և սրբագրիչներն ու խմբագրության աշխատողներն ինձ առաջին անգամ բերեցին «Գրական թերթ»: 20–22 տարեկան էի: Ավելի ճիշտ՝ երևի 20: Թերթում, հետո էլ ամսագրում աշխատանքի անցա, այստեղ իմ սիրելի մարդիկ էին՝ Հ. Սահյանը, Վ. Դավթյանը, Ա. Արիստակեսյանը, Հ. Ֆելեքյանը, մյուսները... Իմ աշխարհն էր: Ըստ էության, ԳՄ ներդրումը գրողի իմ կենսագրության մեջ դժվար է գնահատել: Սխալվելուց արժե վախենալ: Երբ ետ եմ նայում, շատ խանգարիչ հանգամանք է թվում, բայց եթե ԳՄ չլիներ՝ չգիտեմ ինչ կլիներ գրողի իմ կյանքը, պրոֆեսիոնալ գրողի՞ կյանք կլիներ, թե՞ գրականությամբ դեպքից դեպք զբաղվող մարդու: ԳՄ ներկայությունը դժվար է գնահատել այն պատճառով, որ բացակայության պատկերն իսկ սարսափելի է:
– Հովհաննես Թումանյանի «Վերնատունը» կարելի՞ է «Գրողների միություն» համարել:
– Թումանյանի «Վերնատան» առաջացումով բացվեց ու ծավալվեց հայ գրականության համայնապատկերն անցյալով, ներկայով, ապագայով: Ճշգրիտ պատասխանը սա է: «Վերնատունը» ծնեց Աբովյան ու Սայաթ-Նովա, տեսավ ու ընդգրկեց Խորենացու ժամանակները, գնահատեց Նարեկացուն, ընդունեց Տերյանին, ընթերցող լայն շրջան առաջացրեց իր շուրջը: «Վերնատունը» գրականության առջև հորիզոններ բացեց: Փաստորեն «Վերնատան» շնորհիվ գրականությունն ազգի, հասարակության մեջ քաղաքացիական կարգավիճակ առավ:
– Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում ՀԳՄ այսօրը նոր ժամանակներում, որ հիմնովին տարբերվում են նախորդ ժամանակներից, ո՞րն է այսօր ՀԳՄ առաքելությունը:
– Ես այն միամիտը չեմ, որ «Եղիցի լույսերը», «Ռեքվիեմները», Հ. Սահյանի պոեզիան... ուղղակիորեն կապեմ ԳՄ գործունեությանը, որպես թե եղել է ԳՄ, և գլուխգործոցներ են ստեղծվել: Ինձ համար սարսափելի է ԳՄ չգոյությունը: Երբ ես ազատ մարդ էի, շատ թե քիչ անկախ, հանրապետության հայտնի մարդկանցից, պառլամենտի անդամ և այլն, և այլն, նույնիսկ այդ դեպքում, նույնիսկ ազատ մարդուս համար ԳՄ բացակայությունն անկշռելիության ու գլխապտույտի զգացողություն էր առաջացնում: Դա և իմ զգացողությունն էր, և այն պատանու, այն աղջկա, որ կոչված է ու ճամփա է ընկել դեպի մեծագիր Բանի, բայց հասցե ու հանգրվան չունի, գնալու, կարծես թե, տեղ չունի: ԳՄ գուցե փարոս է, գուցե միրաժի խաբկանք, ես էլ չգիտեմ, բայց այն երեխան, որ կոչված է խանութպան չդառնալ, կոչված է գրականություն գալ, վստահ է լինելու, որ ինքն իր նախարարությունն ունի, իր գնալու տեղը, իր ճանապարհը որոշակի տեղ է տանում:
– Նշանակո՞ւմ է դա, որ ԳՄ այսօր կամավոր ստանձնելու է դայակի դեր, ինչ-որ տեղ տանելու, խնամելու, դաստիարակելու, փայփայելու առաքելություն:
– Ուզենք թե չուզենք՝ այո: Հասարակությանն օժտելու, խրախուսելու, պետությանն ու ժողովրդին օրիորդ պոեզիայի ու պարոն արձակի համար քաղաքացիական կարգավիճակ պարտադրելու, հաստատելու դեր: Գրականությունը արտադրություն է, արտադրություններից այս կամ այն մարզի չափ կարևոր, և ազգի ու իրենց իսկ զորությամբ շահագրգիռ ցանկացած իշխանություն պարտավոր է այդ արտադրության համար փոքրիշատե նպաստավոր դաշտ ստեղծել. մեզանում դա արվելու է, պետությունն անելու է ԳՄ միջոցով:
– Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պիտի լինի գրող–հասարակություն փոխհարաբերությունը, ո՞րն է գրողի տեղը հասարակության կյանքում:
– Այնուամենայնիվ, իրականությունն արտացոլողի, կյանքը հետազոտողի ու բացահայտողի պարտականությունից զատ ու վեր գրողի դերն է հասարակությունը ոգեղենացնել, հասարակությանն առաջնորդող կերպարներ ստեղծել: Աշխարհն առաջնորդում են կերպարները, աշխարհի ազգերը ճանապարհ են անցնում իրենց կերպարներով:
– «Դու խաչակիր պիտի լինես, մարգարե ու մարտիրո՞ս»...
– Այո: «Խարույկ ու խաչ պիտի ելնես ոչ իբր ստրուկ, այլ հերոս»: Բարձր է հնչում, այսօրվա մեջ նվաստացածներիս համար բարձր է հնչում, բայց պիտի հիշենք՝ ո՛ւմ որդիներն ենք՝ Խորենացու, Աբովյանի, Թումանյանի, ամբողջ դարաշրջաններ են կնքվել մեր անուններով. Խորենացու շրջան, Նարեկացու շրջան... Մենք սա չպետք է մոռանանք:
– Պարույր Սևակն ասում էր՝ բավական է թաքնվել Նարեկացու, Թումանյանի, Չարենցի թիկունքում: Ժամանակը պիտի գա ու հարցնի՝ դո՞ւք ինչ եք արել:
– Ճիշտ է: Եթե ասածիդ մեջ կշտամբանք կա, ընդունում եմ:
– Ասածիս մեջ տագնապ կա:
– Տագնապ և կշտամբանք, ընդունում եմ: Ե՛վ Թումանյանը, և՛ Չարենցն իրենց ժամանակի առջև ավելի բաց, խրոխտ, քաջ, իմաստուն եղան, քան մենք՝ մեր ժամանակի:
– Եվ՝ ավելի անպաշտպան:
– Ոչ, ավելի գիտակ, ավելի լայնահայաց՝ իրականությունն ընկալելու, ընդգրկելու, վերափոխելու: Այլ հարց է՝ որևէ բան կարողացա՞ն փոխել:
– Համաձա՞յն եք, որ նրանք ավելի շատ մեզ համար եղան ապագայի, քան՝ իրենց ժամանակի:
– Ոչ: Նրանք իրենց ժամանակի համար եղան: Եվ ինչքանով որ իրենց ժամանակը մեր ժամանակն է, այդքանով էլ մեզ համար էին: Նրանք եղան՝ ինչ եղան, և նրանց սերնդի գրողները՝ 1870-ականից մինչև 1920–30-ականի սերունդն ավելի քաջ ու բանիմաց էր, գործունյա, առաջաքայլ, քան մերոնք, որ ավելի վերապահ էին, ընկրկող: Տիրական նախաձեռնության ոգին ուրացել և երկրի առաջնորդությունը հանձնել էին ամբողջատիրության ստրուկներին: Մեղադրելի է, մեղադրելի չէ՞:
– Իշխանությունը չհանձնվեց կամավոր, վերցվեց պարտադրանքով:
– Այդպես չէ: Պետականություն էին մարդիկ գուրգուրել, ազգի փրկություն: Պետականությունը, շատ թե քիչ, տանելի ձև ստացավ, և բնական է՝ երկրի առաջնորդությունը տրվեց իշխանություններին: Գրողին վերապահված էր զարդագրողի դեր: Ինչպես միջնադարում, մանրանկարիչներին վերապահված էր աստվածաշնչյան գլխավոր տեքստերը միայն զարդագրել, մեզ այդպես տրված էր մանրանկարչի, լուսանցազարդարի դեր գլխավոր գաղափարախոսության: 70 տարվա ընթացքում դա էր վերապահված մեզ: Բայց հենց առաջին օրերից գրականությունն իրեն գտավ և նոր բովանդակությամբ կարողացավ լուսանցքը դարձնել հիմնական տեքստ. այսպես առաջացավ Չարենցը, այսպես ծնվեցին մյուս կոթողները, որ անվանեցին ժամանակը: Սոցիալիստական ռեալիզմով սոցիալիստական իրականությունը պատկերելու փոխարեն, մենք, այնուամենայնիվ, գտանք իրականությունն ու տվեցինք ժամանակի պատկերը:
– Արդյո՞ք այդ պատկերը միշտ էր իրական ու ճշմարտացի:
– Ազգերի, ժողովուրդների, ժամանակաշրջանների առաջնորդները գրողների ստեղծած պատկերներն են: Յուրաքանչյուր գրողի պարտքն է ստեղծել իր ազգին առաջնորդող կերպար: Եվ եթե այսօր հայ հասարակությունը գնում է այդ պատկերի ետևից, իր երգը չի երգում, իր խոսքը չի խոսում, դա հայ գրականության թուլությունն է: Նվազեցված դերով գրականությունը պռատ պատկեր է ստեղծել, և ժողովուրդը հիմա գնում է ոչ իր պատկերի ետևից, գնում է ամերիկացու կռած-կոփածի ետևից: Իր պաշտածը, իր կուռքը չէ, ի՛ր գտածը չէ, ի՛ր չափանիշներով չի ստեղծված: Դա մեր գրականության թուլությունն է:
– Գրող-կուսակցություն հարաբերության Ձեր պատկերացումը, գրողի կուսակցականության խնդիրն ըստ Ձեզ:
– Գրողը կարող է հրեշտակների և սատանաների բանակներ շարժել, բայց չլինել ո՛չ այս, ո՛չ այն բանակում: Ես դաշնակցական եմ, հնչակյան, ռամկավար, ՀՀՇ-ական և դաշնակցական չեմ, հնչակյան չեմ, ռամկավար և ՀՀՇ-ական չեմ, որովհետև, եթե, ասենք, դաշնակցական եմ՝ ինձնից դուրս են մնում մյուս կուսակցությունները, որոնք նույնպես ու նույնքան ազգային ու ընկերային կյանքի իրավունք ունեն: Եվ ուրեմն, ես այդ բոլորն եմ, բայց պարտավոր չեմ որևէ մեկի մեջ կաղապարվել:
– Բայց գրողը կարո՞ղ է կուսակցության անդամ լինել:
– Ինչո՞ւ չի կարող: Կարող է: Եվ փառք այն կուսակցությանը, որ իր մեջ կարողանում է ունենալ այդ համապարփակ մտքերի, հույզերի հսկաներին: Եթե որևէ կուսակցություն այնքան ընդգրկուն է, որ գրողի անկուսակցական համապարփակությունը կարողանում է իր մեջ պարփակել, սա խոսում է միայն այդ կուսակցության որակի մասին:
– Գրողը և պետականությունը, գրողի ազդեցությունը պետական քաղաքականության վրա, գրողի դերը պետություն–ժողովուրդ հարաբերակցության մեջ:
– Պետականության տեսիլը պատսպարվել, պաշտպանվել է մեր մեջ, ապավինել է մեզ: Հայոց պետականությունը հայ գրողի մանուկն է: Զգո Արշակունիներն ու Բագրատունիները հայ գրողի մեջ հիշվեցին, արծարծվեցին, բորբոքվեցին և վերածնվեցին որպես հայոց նոր պետականություն:
– Այսօր գրողն ինչպե՞ս կարող է ազդել պետական քաղաքականության վրա, արդյո՞ք միջնորդ օղակ դառնալով ժողովրդի ու պետության միջև:
– Թումանյան-չարենցյան քաջությամբ պետական այրերին մտավոր ու հոգևոր կոփվածք պարտադրելով: Չերչիլի մասին Քլինթընն ասում է. «Հակաֆաշիստական ճակատ ստեղծելու համար նա ոգեկոչեց շեքսպիրյան անգլերենի ողջ զորությունը»: Ես իմ քաղաքական այրերին ահա թե ինչով էի օժտելու:
– Իսկ գուցե գրողը պետք է ընդդիմադիր լինի ու ընդդիմախոսի՞ դիրքերից նպատակաուղղի քաղաքականությունը:
– Ուղղակիորեն, երբ հարկ է՝ նաև այդ:
– Հայ գրողների նոր սերնդի Ձեր բնութագիրը:
– Կյանքի առաջ բավական զգայուն, նոր արվեստի, նոր ժամանակների առաջ՝ բաց ու ընդունակ մարդիկ կան, նրանց հետ հույսեր եմ կապում. և՛ որպես ավագ, և՛ որպես ՀԳՄ նախագահ իմ հոգսը պետք է լինի մտածել նրանց մասին՝ նրանց մեջ տեսնելով երեկվա գրականության ու իմ անմահությունը:
– 80-ական թթ. շատ արվեստագետներ բողոքում էին, որ իրենց ստեղծածը հասարակությանը չի հասնում, վերակառուցման շրջանում այդ հնարավորությունը տրվեց, բայց պարզվեց, որ տպագրվելիք համարյա չկա: Ի՞նչ պիտի անել այսօր, որ վաղը «չհասկացված հանճարներ» չլինեն:
– Ծանր վիճակում ենք ոչ այնքան երեկվա սպանիչ գրական քաղաքականության պատճառով, որքան այն, որ ավարտվել է մի դարաշրջան և նորն է սկսվել: Նախորդը կարելի էր անվանել գրականության դարաշրջան, այլ խոսքով՝ գաղափարախոսությունների: Հիմա մտել ենք մի շրջան, որտեղ գրքին դժվար կացություն է վիճակված: Այս դժվարությանը գումարիր քայքայված ԽՍՀՄ-ի առանձնակի դժվարությունները, և, այսուամենայնիվ, հույս ունենանք, որ գիրքն ու գրողն իրենց կայուն տեղն ունեն, որ կա հաստատուն մի մեծություն, որ գիրք է ծնում, գիրք է ապրեցնում:
– Այդ պարագայում ո՞րն է քննադատության դերը, չե՞ք կարծում, որ ճգնաժամ կա քննադատության մեջ Ձեր ասած դարաշրջանների հաղթահարման առումով:
– Քննադատությանն ի սկզբանե մեծ տեղ է տրված: Այսօր, թերևս, այն ժամանակն է, որ գրական ուժերը կենտրոնացվեն քննադատության ասպարեզում: Նոր դարաշրջանը պետք է հաղթահարի առաջին հերթին քննադատությունը: Նույնիսկ կարող է լավ գրականություն չունենանք, լավ քննադատություն ունենալը պարտադիր է: «Սոս և Վարդիթերը» ազգագրականից զատ այլ արժեք չի ներկայացնում, Նալբանդյանի «Կրիտիկան» ստույգ արժեք է: Քննադատությունն այսօր պետք է որոշակի ճանապարհ հաղթահարի գրականության առջև, թեպետ այս երևույթների փոխպայմանավորվածությունը մեկը մյուսից ետ ու առաջ ընկնելու մեծ տարածք չի տալիս:
– Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտն այսօր համարյա անհասանելի է. հնարավո՞ր է կրթական նման համակարգի ստեղծումը Հայաստանում, եթե այո, ո՞ր կառույցների համագործակցությամբ:
– Նման համակարգի ստեղծումն անհրաժեշտություն է: Թերևս՝ համալսարանում: Բայց ճիշտը դրսի հետ կապը պահպանելն է. երիտասարդները պետք է դուրս գան, աշխարհ տեսնեն, փնտրեն, սխալվեն, գտնեն: Դրսի հետ կապերը կորցնել չի կարելի: Ելքը և՛ այստեղ, և՛ դրսում նման կապերի ու համակարգի ստեղծումն է:
– Հայաստանը և Դուք 2000 թվականին:
– «Երազում եմ ես լուսավոր մի գետ,
Մարմարյա տներ ափերին նրա,–
Շրջում են շուրջը չքնաղ աղջիկներ
Իմ կյանքի մասին պատմելով իրար»...
Ահա և՛ հայրենիքս, և՛ ես...

Երևանը նրա քաղաքն է: Նա դժվար մարդ է, և որովհետև նրա հետ է մշտապես այս երկրի ցավը, այս երկրի տագնապը, այս երկրի հույսը, անցյալը, ներկան, ապագան, նրա հետ դժվար է, առանց նրա՝ անհնար:
Գրականության մեջ դարաշրջանների հերթագայում է, և գրականությունն այսօր փորձում է գտնել իր նոր կարգավիճակը, նոր նշանաբառը, որով բացվելու են ապագայի դռները:
Եվ աշխարհի հազարամյա երկնքի տակ մի մարդ արթնանալու է, գուցե գիշերը, գուցե առավոտ վաղ, ու սպիտակ թղթի սառնությունը դառնալու է գայթակղության քար, սպիտակ թուղթը թվալու է անպաշտպան ու թույլ, աշխարհի բիրտ ուժի դեմ, սպիտակ թուղթը դառնալու է պատվար ու կռվան, որ այս քաղաքում նախ ծաղկեն եղրևանիները, հետո մի գիշերում՝ բարդիները, գարնան վերջում՝ փշատենիները: Աշխարհի հազարամյա երկնքի տակ այս մարդը դատապարտված է լինել իր ցեղի հանճարը, որովհետև առանց նրա ցեղը կկորցնի իր ճանապարհը, իր հոտը, իր գույնը, իր հիշողությունը, իր սահմանների մեջ չտեղավորվող իր պատմությունը, իր պարտությունները, ստորությունները, հաղթելու իր մոլեգնությունը, կռվելու իր կիրքը, սիրելու իր սերը... Այդ մարդն այսօր Հրանտ Մաթևոսյանն է, մարդ, որ անվանում է ժամանակը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն», 8.06.1996 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Artist's Studio, 1963
Artist's Studio, 1963
Play Online