Hrant Matevosyan

Կապույտ աստղերով սպիտակ ձին

Կապույտ աստղերով սպիտակ ձիու, և առհասարակ Իգնատի տնտեսության պատմությունն սկավում է 1953 թ. օգոստոսյան պլենումով. թույլատրվեց պահել երկու կով, մի քանի խոզ, մի երկու ոչխար։ Նաև ձի։ Թույլատրվեց՝ նշանակում է ձեռք բերվեց երկու կով և սպասում՝ չե՞ն թույլատրի երեքը, նաև չորսը, հին երկու ոչխարը գառներ տվեցին, գառները ոչխարներ դարձան, և ոչխարների թիվը ձգտեց հասնել տասի։ Թույլատրվեց՝ նշանակում է դռանը ղռղռաց մի բոլուկ խոզ։ Ձի նույնպես ունեցավ։ Կարգին տնտեսություն։ Ձին որ՝ հիանալի ապրանք էր։ Եվ առհասարակ ձին հիանալի ապրանք է, թեկուզ ամենաքոսոտը լինի։

Հետո շրջկենտրոնում հարմար գտան, որ Աթան և Ահնիձոր գյուղերը միացվեն Ստեփան Շահումյանի անվան մեկ սովխոզի մեջ։ Գյուղում իմացան այդ մասին։

Սովխո՞զն է լավ թե կոլխոզը։ Չէ, գիտենք, որ երկուսն էլ լավ են, բայց դրանցից ո՞րն է լավ։ Այնտեղ, Արարատյան ղաշտում, մի սովխոզ կա, շատ լավ են ապրում։ Ապա հայտնաբերեցին, որ այնտեղ, Արարատյան դաշտում, լավ ապրող մի կոլխոզ էլ կա։ Դե այնտեղ, Արարատյան դաշտում, բոլորն էլ լավ են ապրում, ամեն տուն սեփական մեքենա ունի։ Հը՞, սովխո՞զն է լավ, թե կոլխոզը։

Մի երկու տարի հարցուփորձ էին անում, դատում, վճռում, վճռածը դեն նետում, նորից դատում և՝

Սովխո՞զն է լավ, թե կոլխոզը։

Շրջկենտրոնից եկան հասարակական ժողովի՝ սովխոզացման օրակարգով։ «Չգիտենք, մեկ է, ուզում է սովխոզ լինի, ուզում է կոլխոզ։ Ինչ ուզում եք արեք, մեկ է, մեկ, մեզ համար մեկ է»։

Մե՞կ է։ Ո՞վ է համաձայն։ Համաձա՛յն։ Չկա՞։ Դե՞մ։ Չկա՛։ Ձեռնպա՞հ։ Բոլո՞րդ եք ձեռնպահ։

Չէ, դե ձեռնպահ չենք, ուղղակի... հա֊հա֊հա...

Ստեղծվեց սովխոզ։ Թույլատրվում է երեք ոչխար, մի կով։ Մնացածը՝ դալոյ... Հա՞վն էլ։ Հա՞վը. մի՛ կատակեք։ Իսկ ձի՞ն։ Ձին լուրջ էր։ Թողեցին դիրեկտորի հայեցողությանը։ Իսկ դիրեկտորը հայեցողություն չուներ, գցեց սովխոզների վարչության վրա։ Այնտեղ մի՛շտ և անպայման ունեն հայեցողություն. Կտրե՛լ։

«Կտրել» մի տեսակ՝ կտրել ամեն օր հինգ-վեց կիլոմետր ճամփա՝ աշխատանքի և իրիկունները ոտքերը քարշ տալ նույն հինգ-վեց կիլոմետրը։ «Կտրել» շատ է անլուրջ։ Լո՛ւրջ ձի՞ն։ Ձի՞ն... ախ, գրողը տանի ձիուն. մասնավորն ընդհանրապես կապիտալիզմ է ծնում... ձի՞ն... չգիտե՛նք։ Թողեցին դիրեկցիային։ Սա թույլատրեց, պայմանով՝ պետք է արոտավճար տալ ամիսը հարյուր ռուբլի։ Ամեն տուն մի ձի ուներ, ծախեց, մթերեց։ էժա՛ն, դեն ածին։

Իգնատը կապույտ աստղիկներով սպիտակ զամբիկը տարավ Քարինջ։ Այո՜, հենց նույն Քարինջը, որ գիտեք Սարյանի նկարից՝ «Քարինջը Թումանյանի լեռներում»։ Տվեց երկու ոչխարի։ Ձիուն շոյելով գնաց, ոչխարներին հայհոյելով եկավ։ Մտահոգ գնաց, լաց լինելով եկավ՝ բոլորովին չմտածելով, որ լացում է ոչ տիպական, ուշացած լացով։

Մի գիշեր, այդ ամիսուկես անց էր, կապույտ աստղիկներով զամբիկը դուրսը զգույշ խրխնջաց, կամաց դոփեց գետինը՝ իմաց տալով, որ ինքը եկել է։ Իգնատը դուրս եկավ։ Փաթաթվեց պարանոցին։ Խա՜լլռւ ջան... Քարաղ դրեց առաջը, զըն-նեց մեջքը։ Տրորվածք կար։ Խա՜լլու ջան... էն էշը ձի պահելն ինչ գիտի... էլ չես գնա, Խա՜լլու ջան... Ու սպիտակեղենով, մրսելով, մոլորված կանգնեց ձիու կողքին։

Ձին ծնելու էր, ցավի վրա էր փախել։ Ցերեկը բարձրացավ սարերը, որտեղ մանր խրխինջով տրտինգ էր տվել որպես քուռակ, որտեղ բեղմնավորվել էր։ Մի օր անց՝ ծնեց մի սիրուն քուռակ, ճակատն սպիտակ, ոտքերից մեկն սպիտակ, խուլուշխուլուշ ականջներով և զվարթ խրխինջով, ասես... արծաթե մանրադրամ էր թափում։

Իգնատը գյուղամիջից հեռախոսով քարնջեցուն հայտնեց, որ ձին սարերում է, էլ չի տա, թող գա ոչխարները տանի։ Քարնջեցին պատասխանեց բավական հին և բավական գռեհիկ խոսքով.

Կնիկս կտամ, ձին չեմ տա։

Եվ խոսքի տերն էր։ Եկավ տարավ։ Ինչքան խնդրեց, չզիջց։

Խաթրդ շատ է, բայց ձին չեմ տա։

Ձին չէր գնում, ետ-ետ էր նայում, խրխնջում։ Իգնատը նորից լցվեց։

Հետո Իգնատը ոչխարներից մեկը տվեց մի էշ առավ, սովորական մի էշ, երկար ականջներով ու երկար զռռոցով, որ դմբդմբում է կանոնավոր հաճախականությամբ։ Բայց տեսեք, թե ինչ ավանակային վիճակի մեջ էր ընկել խեղճ էշը. երկար ականջների համար՝ ծեծ, զռռոցների ժամանակ բերանը փակելու փորձ և ծեծ՝ զռռոցի համար առանձին, ձախողման համար առանձին։ Քարի գլխին ծեծ անզգույշ գնալու համար, ծեծից ձորը գլորվել ձորում ծեծ՝ գլորվելու համար, ծեծ նրա համար, որ գլորվելուց կաղին է տալիս։

Եվ ծեծ, երբ տերը հիշում էր, որ կապույտ աստղիկներով սպիտակ ձին ետ նայելով, դեպի սարերը խրխնջալով գնաց։

Հետո հաշտվեց.

Վատ էշ չի, սարից խոտը բարձեմ, մի անգամ թոշ ասեմ, մեկ էլ դռանը կկանգնի... Լավ էշ է... էշը լավ ապրանք է...

Be the first who will comment on this
Yatuk Music
Hoghushogh
Elen Yolchyan

Hoghushogh

Waterfall 1943
Waterfall 1943
Play Online