Hrant Matevosyan

Իջևան մեր բոլորիս ճանապարհին

Սուրեն Աղաբաբյանը բանականության, հավատի, թանկ մարդկանց ու իր անձի արյան կորուստների տասնամյակներից էր գալիս և ապաքինության ոլորտների անխոնջ փնտրողներից ու ապաքինման միջավայրի ստեղծողներից էր, ստեղծողների մեջ առաջիններից, եթե ոչ ամենաառաջինը: Այդ նոր ու նորոգ, նաև իր ստեղծած միջավայրում նրա համար անսահմանորեն թանկ էին և երեկվա վայ-հերոսների ինքնանորոգման ջանքերը, և զոհերի վերածնունդը, և բոլորովին նորերի տվայտանքը. նա նրանց բոլորի՝ կարմիրների ու սպիտակների, հների ու նորերի նորոգ կռիվը չէր փնտրում, նա փնտրում էր նրանց միությունը մեկ միասնական ամբողջի մեջ, որ կոչվում է հայ մեծ գրականություն:
Տպավորիչ էր նրա և ահռելի աշխատասիրությունը, և գերզգայուն ընկալունակությունը, և հարադրող-վերլուծող միտքը, և վարքի քաջությունը, և փաստորեն սահման չճանաչող հիշողությունը՝ որ առանց գրքերի օժանդակության այնքան շատ քաղաբերումներ էր նետում նրա տեքստ, այլ խոսքով՝ գիտնականը նրա մեջ անբասիր էր,- բայց նա որպես մեծ սիրտ է տպավորվել, սիրտ՝ որ մայրական օջախի պես մի բան էր, ուր շուրջանակի հավաքվում էինք բոլոր որդիներս՝ առակավորներս ու անառակներս, ամոթով դարձածներս ու հաղթանակով վերադարձածներս: Եվ բոլորիս մեկ առ մեկ դեռ մեր օրորոցից նա գիտեր, և մեր մեղքերի համար հավասարապես ինքն էր ամաչում ու չտեսնելու դնում, և մեր հաղթանակների համար մեզանից առաջ ու մեզնից շատ ինքն էր ուրախանում: Անգամ հակառակորդի որևէ հաջողությունը նա չէր կարողանում ուրանալ կամ հակված էր բոլոր-բոլորիս մեջ հաջողության կարողություն տեսնել:
Գրականության մասին «լավ գրողները» հիմա էլ, փառք Աստծո, անպակաս են և թող միշտ անպակաս լինեն, քանի որ նրանք բոլորը նրա անհրաժեշտ գործն են անում, քանի որ գրականագիտության բացակայությամբ ինքը գրականությունն է սմքում ու չորանում: Բայց նրա լքած տեղը օրավուր լայնանում ու խորանում է՝ վերաճելով սև մի խոռոչի, որտեղից տեր ճշմարտության անունով արյուն է հոտում ինքը ուղղափառ անհանդուրժողականությունը: Նրա արածի ու անելիքի մեջ սա չկար, նրա միտքն ու մարմինը խորշում էին սրանից՝ այս հեշտից, այս ժխտումից, որ ծույլերի համար միակ հնարավոր անելիք է, իր համար այնինչ՝ դյուրին, մերժելի:
Ստեղծագործության ու ստեղծագործողի առջև պարտքի ու չունեցած մեղքի անթոթափելի ինչ-որ գիտակցությամբ՝ նա ընդառաջ էր նետվում բոլոր անեղծ բերաններին և բոլոր շրթունքները անպիղծ էր համարում՝ գալիս լինեին նրանք իրեն, թվում է, անհասու ապագայից թե անարդար մոռացության անցյալից, ասմունքող ու դերասան կամ նկարիչ լինեին նրանք թե բանաստեղծ կամ գրադատի հակումների որևէ ուսանող: Ըստ երևույթին՝ դա պարտքի զգացումն էր պատանի այն պոետի առջև, որ իր մեջ ու ինքն էր եղել և չէր ծնվել, չէր բացահայտվել: Այդ պոետին նա փնտրում էր բոլորի մեջ, ամենքի մեջ մաքուր գոյի այդ ներկայությանը նա հավատում էր:
Ծանր ժամանակների վկա և այս ծանր տարիների լուռ գուշակ, բայց երբեք ոգեկոչող՝ իր կյանքի գործում նա համադրում էր մեր երեկն ու մեր այսօրը, որպեսզի սերունդների հայրենիքը չհայտնվի խորթ ժամանակներում, որպեսզի անցյալը որպես բանդագուշանք չհայտնվի մեր այսօրում, որպեսզի մենք մեր տանը օտար չլինենք: Տնից անբացակա որդու, հայրենիքի կայուն բնակչի գործ էր նրա արածը, որը, ցավոք, չնայած իր և սերնդի համառ ջանքին, պիտի ավարտվեր այս ծանր փլուզումով, և հայրենիքը դարձյալ հայտնվեր կորուստների ժամանակներում: Կուտակված անցյալը պայթեցրեց ամբարտակները և սև հորձանքով խուժեց այսօր: Թերևս նորից ամոքումների ժամանակ հաջորդի, և գեղեցիկ մարդու իր կերպարը նոր անունով նորեն հաշտ ամբարտակներ քաշի հայոց գրականության մեր բոլոր ժամանակներն ու նրա բոլոր բնակիչներին՝ Չարենցին-Բակունցին-Մահարուն, Զորյանին ու Զարյանին, Սահյանին ու Սևակին, Շիրազին ու Դաշտենցին… նաև իրեն՝ արժանավորին, նաև իրեն՝ Սուրեն Աղաբաբյանին:

Be the first who will comment on this
Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Portrait of Ekaterina Davydovna Rotinova-Gurgenbekova
Play Online