Hrant Matevosyan

Ի սկզբանե սքանչելի է մարդը

Արձակագիր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Հրանտ Մաթևոսյանին ՍՍՀՄ պետական մրցանակ շնորհելու առիթով մեր թերթի թղթակից Անժելա Հովհաննիսյանը հանդիպեց գրողին և խնդրեց իր խոհերը կիսել «Սովետական Հայաստանի» ընթերցողների հետ:

– Հարգելի Հրանտ Իգնատի, Դուք պեղում եք փոքրիկ Ծմակուտը և Ձեր գտածոն, որ մարդն է, գնում-միանում է մարդկության մեծ ընտանիքին: Ինչպե՞ս է Ձեզ ներկայանում «գրականություն–մարդկություն» բանաձևը:
– «Ի սկզբանե էր բանն»՝ ասված է Սուրբ գրքում: Խոսքը սկիզբն է ամեն ինչի: Մարդու պատմությունը սկսվում է խոսքից: Խոսքը կարգավորեց տիեզերական քաոսը՝ նրանից զատելով և անվանելով լույսը, մութը, աստղը, մարդը, խոտը: Խոսքը տիեզերական առեղծվածի բանալին է. ահա ինչու առաջարկված բանաձևի «գրականություն» բաղադրիչը ինձ ներկայանում է որպես մեծագույն պատասխանատվություն մարդկության առաջ: Մշակույթը երկիր է ստեղծում, ժողովուրդ է ստեղծում, և կարծում եմ (համոզված եմ), որ պատերազմ սանձազերծած երկրի մշակույթը նույնպես մեղսակից է մարդու քայքայման այդ եղկելի գործին. ուրեմն այդ մշակույթը ինքնամաքրումի կարիք ունի: Եթե այսօր կա հայկական սփյուռք, պատճառները չեն սպառվում միայն լեռնաշխարհի աշխարհագրությամբ, նվաճող ցեղերով և այլն, և այլն. պատասխանատու է նաև մշակո՛ւյթը, ուրեմն ինչ-որ տեղ թերացել է կատարել հավաքող, համախմբող-ամբողջացնողի իր դերը:
Գրականության կերպարները ժողովուրդ են առաջնորդում, և եթե ես այսօր ինձ լավ եմ զգում, չեմ հավատում պատերազմին, ապա նաև այն պատճառով, որ այսօրվա գրականության «կտրվածքը» պատերազմ չի նշում, գերիշխանության ախտ չի նշում. վերցրեք ցանկացած՝ հայ, ռուս, ֆրանսիական, անգլիական գրականությունը: Այնտեղ չկա ոչինչ, որ քայքայի մարդկային միջուկը: Հայ գրականությունը, որ համաշխարհային գրականության մեջ արժանավոր փայատեր է իր էպոսով, Խորենացիով, Նարեկացիով, Աբովյանով, Թումանյանով, Չարենցով, ընդգծվում է ինքնահատուկ մի ալտրուիզմով: Սա մի երկրի և ժողովրդի ծնած գրականություն է, որը հավերժորեն ասպատակվել, անիրավվել, տրոհվել է: Մեր ազգի յուրաքանչյուր զավակ կորուստի ցավ ունի, և թվում է մենք պետք է դառնայինք «չար ուժը Աստծո դրախտում», սակայն տեսեք, թե ինչ ներդաշնակ է ծփում ողջ հայ գրականությունը, տեսեք, թե ցավով ծանրաբեռ մեր մեծ անունները ինչպիսի հոժարությամբ են ստանձնում տիեզերքի ցավը, ինչպես համերաշխ են մարդափրկության խաչը կրելիս:
Հիշենք, թե որտեղ է ծնվել Վիլյամ Սարոյանը և ապա ուր՝ Մարտիրոս Սարյանը և կամ՝ Թումանյանը, Թորամանյանը, դժվար է տեսնել նրանց կապող աշխարհագրական կամուրջները, սակայն նրանց ասելիքը միևնույն մերանով է մակարդված. ասելիքը Մարդն է՝ որպես բացարձակ արժեք, գերմեծություն, պատասխանատվությունը նրա ճակատագրի, խղճի, ազնվության համար: Լսենք մեր երգը, Կոմիտասի՛ն լսենք, լսենք հայ պոեզիան, հայացքներս հառենք Հռիփսիմե տաճարին՝ նպատակը սերն է մարդու հանդեպ, մարդափրկությունը: Մեծ Սարյանը, որն իր բոլոր բջիջներով ներծծել էր եղեռնի սարսափը, նկարում էր հողը բեղմնավորող ուժը, նրա ծաղիկների կատաղի պայթյունին ոչ մի խորշակ չի սպառնում: Սարյանը չնկարեց Չարը, աշխարհի հրաշքը չեղծեց կործանումի պատկերներով, նրա լույսը ծավալվում է արդար, ավետաբեր: Համեմատեք հայ ժողովրդական «Տերն ու ծառան» հեքիաթը թաթարական տարբերակի հետ. մերում փոքր եղբայրը գոհանում է պայմանով որոշված վարձը ստանալով, թաթարական տարբերակում խաբելով առևանգում և իր հետ տանում է նաև հարուստի կնոջը: Հապա Պեպոն՝ խաբված, անիրավված, խռովված Պեպոն ընդամենն ասում է՝ «Թո՛ւ քու նամուսին, աղա Արութին» և իր դատը համարում է տեսած: Այդպես է մեր ողջ մշակույթը՝ միշտ հետամուտ խղճի դատին: Կարծում եմ չափազանց ճշմարիտ է սահմանել մեր արվեստի էությունը Թորոս Թորամանյանը. «Ուրիշ ազգերի արվեստների գեղեցկությունը հուզիչ է, հաճախ գրգռող և խռովիչ, իսկ մեր արվեստի գեղեցկությունը անդորրող է, հանգստացնող, հայեցության տանող»:
Ինձ ուղղակի խենթացնում են մեր էպոսը, հեքիաթները, մեր ապստամբ, աշխարհաթող Փոքր Մհերը, որը քարայրից դուրս կգա, երբ ցորենը դառնա քանց ընկույզ մի և գարին՝ քանց մասուր մի. բայց չէ՞ որ սա ժողովրդի Կտակն է: Եվ ի՜նչ հավատավոր են էպոսը պատմողները, հավատում են առասպելին, դիցին, սիրում են, ներում են, խոնարհ են, քաջ են... Ամեն տարի պարտադիր կարդում եմ, ընտանիքիս անդամներին պարտադրում եմ կարդալ. այնքա՜ն գեղեցիկ է այդ բոլորը:
– Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է կապվում Ձեր «գիրը» հայ և համաշխարհային գրականությանը:
– Տասնչորս տարեկան տղա էի, ուժեղ չէի, բայց քանի որ այդ պահին 8–11 տարեկանների մեջ էի, ուրեմն ամենաուժեղն էի, և մաճկալը հերկը տվեց ինձ, ինքը գնաց որսի. հիմա էլ ականջներիս մեջ է ինչպես էր գութանի տակ հողը ղռռում. վերևում լուսինն էր, լուծի վրա՝ երեխեքը. մե՛ր հունձն էր, մե՛ր հողն էր, վարում էինք... Լծան վրա տղերքը ննջում ու մեկ-մեկ հասած տանձի պես կաթում էին: Դրանք բոլորն էլ հետո կարգին մարդիկ դարձան: Անխտի՛ր բոլորը:
Տարիներ առաջ գյուղում համարձակություն ունեցա հնձի գնալ: Հիմա թուլացել եմ (էս խմելը, ծխելը, սուրճը): Ես հնձում եմ, տեսնեմ մի մարդ բլրին կանգնած ինձ է նայում: Կանգնել ու նայում է: Ամաչում եմ իմ հնձելուց, բայց հնձելով մոտենում եմ, մոտենում եմ, տեսնեմ՝ մի երեխա.
– Բա ո՞նց ա որ համ չես կարում հունձ անես,– ասում է,– համ էլ պապիրոս ես քաշում:
– Արի հաց ուտենք,– ասում եմ:
– Հացս չորացել ա, կարում չեմ կոտրեմ, միրգ չունե՞ս: (Սարում հացը քամուց շատ շուտ չորանում է): Իրիկունն ի՞նչ ես անելու,– ասում է:
– Գնալու եմ գյուղը:
– Պա՜... Կգաս մոտս, հերս էստեղ չի, համ էլ ընկեր կըլես:
Իրիկունը գնացի տղայի մոտ: Հայրը երեք օր է 150 գլուխ հորթը հանձնել է վեց տարեկան տղային, ինքը գնացել հիվանդի ետևից: Այդ երեկո եկավ: Եկավ՝ թեթև, մի թեթև, հազիվ զգալի շոյեց տղայի գլուխը:
– Համբերի, հաց կտամ,– ասաց:
Տղան կախվեց թարեքից, բարձրացավ, շապիկը քշտած, պորտիկը բաց՝ թարեքից իջեցրեց մեղրով ամանը, դրեց երկու ոտքերի մեջ՝
– Ջուր տուր,– ասաց հորը: Ու մինչև հայրը ջուր կբերեր՝ ընկավ մեջքին, մի թույլ մնչաց, քնեց: Քնե՜ց անուշ... Գիտեմ, որ սա տղամարդ է, իրեն կպահի, ինձ էլ կպահի, եթե 150 գլուխ հորթը պահում է:
Սրանց մասին է իմ գիրը:
Հայրս 77 տարեկան է, հունձ է անում: Աշնան թաց օրերին թե մի կեսժամյա արև եղավ՝ պիտի հնձի: Գիտի, որ հնձածը անձրևներից փտելու է, բայց քանի որ այս րոպեին արև է, խոտը հնձելու է՝ պիտի հնձի: Իր համար չի հնձում, կոլխոզի: Իր օգուտը այստեղ ուղղակի չի, միջնորդված է, բայց ուղղակին խո՛տն է, արև՛ն է, խի՛ղճն է: Իգնատ հորս մեջ է՜ն ոտքով գնալու ժամանակներից սովորություն կա՝ որտեղ ճամփին ընկած քար տեսավ, պիտի մի կողմ գցի. կարևոր չի իրե՞նց գյուղի ճամփին, Աշտարակի՞ ճամփին, Երևանի՞ ճամփին... ճամփին ընկած քար է՝ պիտի մի կողմ գցվի: Սա երկրի՛ տիրոջ արարք է, հողի՛ տիրոջ, քարի՛ տիրոջ:
Մի օր Սահյանն ասաց՝ երկու արտի միջնակում ձի արածեցրած կա՞ս... Ու հիշեցի՝ սոված տղա էի, ինձ տվեցին շրջկոմի քարտուղարի ձին՝ թե տար արածացրու: Ձին ուտում էր, ձին ուռչում էր, ես կշտանում էի: Այդպես է: Ձիուն սիրում ես, ձիու հետ էլ ամեն բան սիրում ես – կենդանի գեղեցկություն է:
Մարդը պարապությունից փչանում է: Ամեն անգամ նայում եմ մեքենայի անիվների տակ ավերված հողին և հիշում եմ պատերազմի տարիների մեր ցորենը: Հեկտարից ութ ցենտներ ցորեն էինք ստանում, ոլոռոտ, վատ ցորեն էր, մենք կիսաքաղց ապրում էինք և համարյա բոլոր ութ ցենտներն էլ ուղարկում էինք ռազմաճակատ: Այդ ցորենի կողքին մարդ էր աճում: Այդ մարդը անասունը չէր գցի հարևանի արտը, կոլխոզի արտը, դրանք հերկող-ցանողներ էին, մի բան գիտեին վերջնական՝ հողին չի կարելի խաբել: Այդ ոլոռոտ արտի կողքին սքանչելի ժողովուրդ էր աճում:
Մենք այդ գեղջկությունը կորցրինք. հիմա հողի մարդը ձեռքերը քամակին դրած՝ նայում է, թե ոնց է մեքենան իր գործը անում, հիմա հա՛ց ենք նետում աղբանոցները: Հա՛ց:
Ինչ որ գրել եմ՝ իմ աշխարհի, իմ ճանաչած մարդկանց մասին է, երբեմն անունները փոխում եմ (նեղանում են), մեկ-մեկ էլ չեմ փոխում (հիմա էլ ջոկ են նեղանում): Ինձ համար յուրաքանչյուր իրական մարդ ավելի թանկ է, քան բոլոր տեսակի վերացարկումները, որովհետև վերացարկումներից են գոյանում գումարտակները. այսքան մարդ է զոհվել: Յուրաքանչյուր իրական մարդ դարերի աշխատանք է, հազար տարվա գոյացություն, ծմակուտցի ցանկացած մարդու մեջ շեքսպիրյան ողբերգություն կա, շիլլերյան ճախրանք, տոլստոյական մաքրություն, էլ ինչո՞ւ պիտի մարդ հորինեմ, կյանք հորինեմ: Ես իմ երկրի լուսանկարիչն եմ, վավերագրողն եմ և ինձ լիուլի բավարարում է եղած կյանքը:
– Ինչի՞ց կուզենայիք փրկել ծմակուտցի և ոչ-ծմակուտցի մարդուն:
– Հավակնոտ այն մշակույթից, որ բանակներ է գումարում, իր իդեալները զենքով տանում ուրիշի երկիրը, փաթաթում մարդկանց վզին, կարծես մարդուց էլ մեծ իդեա կա: Հիշենք և նզովենք Ալեքսանդր Մակեդոնացուն, Նապոլեոնին, Հիտլերին: Սարսափելի բան է, երբ այդ համաճարակային «իդեաները» մեծ ազգերի մեջ են բռնկվում: Իմ երկրի և իր գաղափարախոսության հետ նույնախոհ՝ ես իմ առաքելությունը տեսնում եմ մարդու հանդեպ, յուրաքանչյո՛ւր մարդու, կոնկրե՛տ մարդու հանդեպ հարգանք հարուցելու մեջ:
Ի սկզբանե սքանչելի, ողբերգական, հերոսական մարդու հանդեպ:

«Սովետական Հայաստան», 22.11.1984 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Spartacus - Adagio
Aram Khachatryan

Spartacus - Adagio

Self Portrait
Self Portrait
Play Online