Hrant Matevosyan

Հրանտ Թամրազյան

Հայրենի երկրի հանդեպ շնորհակալության խոր զգացումով այսօր մենք իրեն ենք վերադարձնում իր ծնածն ու սնածը, մեր ժամանակներում երկար տասնամյակներով կայունորեն իր հաստատածը՝ մեր գրականության, մեր բարոյագիտության, մեր քաղաքագիտության, մեր վարքի գերագույն գլխավոր օրենսդրին՝ գրականության հիրավի ակադեմիկոսին, ողջ հանրապետությունում գրականության դասատուների 40 տարվա ուսուցչապետին՝ Հրանտ Թամրազյանին:
Նրան, որ ճամփա էր ընկել ինկվիզիցիայի խարույկից հանած «Գիրք ճանապարհին» ծոցում և երդումը պատանի սրտում՝ թե այդ գրքի համար ինքը դեռ լավ օրեր է բերելու, թե իր ժամանակներում հավատաքննություններ չեն լինելու, իսկ եթե լինեն՝ իր ընկերներն ու ինքը և որևէ իրական արժեք խարույկի չեն տրվելու:
Իր ընկերները՝ ասել է Սուրեն Աղաբաբյանը, Հակոբ Սալախյանը, Վահագն Դավթյանը, Լևոն Հախվերդյանը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, Սերգեյ Սարինյանը, Սերո Խանզադյանը, Հրաչյա Հովհաննիսյանը և ոչ շատ ուրիշներ՝ մարտիկ ու պոետ սիրելի մի սերունդ, որ իրեն կոչել էր իր ժամանակը ամայի անապատ չթողնելու, ապագայի առջև սևերես չկանգնելու առաքելության. առաքելություն, որ այսօր - ո՛չ այս բաց շիրիմի առջև, ո՛չ այս մեծ բացակայումի առիթով, այլ ամբողջ հայ մշակութային հորիզոների առջև - պետք է համարել լիովին հաջողած, և նրա առաքյալներին՝ պարզերես ու հաղթանակած:
Հրանտ Թամրազյան անունը իմ սերնդի և իմ կյանքին հյուսվել է Գուրգեն Մահարի անվան հետ միասին. ինքն ու Վահագն Դավթյանը միասին, ինչպես որ իրենց ողջ կյանքում էին միասին, խնամքոտ գուրգուրանքով մի հատորի մեջ ի մի էին բերել արձակ ու չափածո Մահարիի փոքրիշատե ա՛յն արժեքավորը, որ նա ստեղծել էր նախաաքսորյան վայրիվերո ժամանակների իր վայիվերո կյանքում. հետո նրանցից մեկի կարճ վերարկուն էր պատսպարել այդ բարձրահասակ մաշված մարդուն: Դա լավ գիրք և լավ վարք էր:
Գուրգուրոտ սիրո այդ վերաբերմունքով էր կանգնած Հրանտ Թամրազյանը ողջ հայոց մեր պատմության ու հայ գրականության անդաստանների առջև՝ Խորենացուց մինչև մերօրյա գրականություն ու պատմություն, առասպելյալ զրույցներից մինչև իրեն ու մեզ լավ ծանոթ կյանքն ու մարդիկ, և հակառակը՝ նրա հակակրանքը բաց չարության ու քամահրանքի էր հասնում ամենայն օտարի ու օտարոտիի, պռատության ու սիրողականության հանդեպ, հանդեպ այն ամենի, ինչը գոնե մի քիչ նման չէր իր կուռքին, իր աստծուն: Իսկ իր աստծու պատկերը հյուսել, իր կուռքը նա ծեփել էր անվանի ու անանուն մեր բոլոր նախնիների աճյուններից՝ իր ծնողի, իր և իր որդիների պատկերով, և այն հեռավոր տարիների չարենցյան հրկիզված Գրքի պատգամով՝ թե
Մեռյալների մոխիրն է ամենապինդ կիրը,
Ամենապինդ շաղախը և առհավատչյան,
Եվ նրանով է դառնում երկիրը - երկիր,
Եվ ժողովուրդը - ժողովուրդ, և գալիքը - անճառ գալիք:
Հիրավի, Հրանտ Թամրազյանը երկիր էր ստեղծել, երկիր էր ստեղծում, որ բնակեցված էր իր նման խիզախ, խելացի ու խելամիտ, իր նման անսեթևեթ ու բարձր մարդկանցով, և իր երկրի սահմանին ինքը կանգնած էր իրական տիրակալի վստահությամբ: Հեռացող, անցնող յուրաքանչյուր մեծի հետ մենք ամբողջ աշխարհներ ենք կորցնում: Վիկտոր Համբարձումյանի անցքի հետ, այդ գերաստղի անցումի հետ՝ մենք տիեզերք կորցրինք, մենք երկինք կորցրինք, վաղուց արդեն մենք երկինք չենք նայում, մենք այնտեղ աստղ չունենք, Մարտիրոս Սարյանի անցնելու հետ, Մինաս Ավետիսյանի անցնելու հետ թուլացավ ու խամրեց աշխարհի ու մեր իսկ հետաքրքրությունը նկարչության մեծ աշխարհի հանդեպ, ասել է՝ դարձյալ աշխարհ կորցրինք: Վարդան Աճեմյանի անցնելու հետ՝ դարձյալ նույնը...
Չտա՛ Աստված, որ հայոց մեր հողը անպատվախնդիր լինի այնքան, որ Թամրազյանի սերնդի, Հրանտ Թամրազյանի՝ իրեն անցնելու հետ նոր ժամանակները չօժտի մարդու, գրականագետի ու գրականության պատմաբանի նրա տիպով՝ գիտնականի ու զինվորի, զինվո՛ր գիտնականի, տիրոջ ու մշակի, մշա՛կ տիրոջ տիպով, այլապես մենք դարձյալ աշխարհ ենք կորցնելու, ինչպես Սարյանի, Համբարձումյանի, մյուս մեծերի կորստի հետ, ու թերևս ավելին, որովհետև աստղագիտությունից առաջ, նկարչությունից առաջ երկիրը հայրենիք է խոսքով, իսկ խոսքին լիցք են տալիս Հրանտ Թամրազյանները, որ ավաղ քիչ են և ափսոս, որ հեռանում են:

Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

Worker Next to the Well
Worker Next to the Well
Play Online