Hrant Matevosyan

Հանուն գեղարվեստական մտքի

Մեզ գրապայքար, գրամրցակցություն է հարկավոր, բաց մրցակցություն, մրցակցություն բոլորիս աչքի առաջ, ընդդեմ և հանուն բոլորիս՝ և ընթերցողներիս, և գրողներիս, հանուն հանրապետության գեղարվեստական մտքի: Ավելորդ է ասել, որ գեղարվեստական միտք՝ նշանակում է միտք առհասարակ, գեղարվեստական մտքի բացակայություն՝ նշանակում է մտքի բացակայություն առհասարակ. Մարքսը գեղարվեստապես թերուսներին համարում էր առհասարակ թերուս, Լենինն իր մասնագիտությունը լիտերատոր էր նշում: Եվ ավելորդ է շեշտել, որ այս հանրապետության գեղարվեստական միտքը ետ է մնում, այս ժողովուրդը ետ է մնում հենց այն մարզում, ինչը կարծես թե իր եզակի կոչումը պիտի լիներ: Մեծ փիլիսոփաները, զորավարները, գործիչները լավ գրողներ են. ոչ թե նաև լավ գրողներ են, այլ մեծ փիլիսոփա-գործիչ-զորավար են շնորհիվ այն բանի, որ լավ գրողներ են:
Եթե հազար էջի վրա հիսուն հազար օրինակ տպված Մանֆրեդի Նապոլեոնը գրախանութում այդպես էլ չհայտնվելով վաճառվում է մի ժամվա մեջ և հիանալի Գարսիա Մարկեսը լավագույն դեպքում շփոթեցնում, վատագույն դեպքում անտարբեր է թողնում ընթերցողին, եթե կես (աշուղ,- այսինքն բառերն ինձանից, մեղեդին քեզանից, հռչակը ժողովրդից մեզ երկուսիս,- կես) աշուղ բանաստեղծը դեռ դահլիճներ է դղրդացնում և ոչ աննշան պաշտոնյաներից «Տյու մեր օրերի Չարենցն ես» մեծարվում, ապա ստիպված ենք նորից շեշտել, որ մեր ճաշակը ետ է մնում - ետ է մնում և այդ բանաստեղծի, և այդ դահլիճի, և այդ պաշտոնյայի, և առհասարակ բոլորիս ճաշակը՝ ովքեր կազմում ենք այս հանրապետության մեծ մեջլիս-հրապարակը:
Մեր բոլորիս կոչումն ու նպատակը, հաց ուտելուց հետո, Մոցարտ լինելը կամ ծնելն ու սնելն է, մարդկությունն ուրիշ բանի չի կոչված: Հաց մենք բոլորս այս կամ այն կերպ, բայց անպայման ուտում ենք, իսկ թե ինչքանով ենք պատրաստ կամ պատրա՞ստ ենք մեր միջի Մոցարտի համար դահլիճ կամ Մոցարտ լինել՝ այդ մի քիչ կասկածելի է: Եթե ազգային մշակույթ, ինչը որ մշակույթի միակ գոյակերպն է, լինելու մեր կոչումը շփոթվում ու կապվում է ազգայնականության, ինչը որ այս հողը երբեք չի ունեցել, վերարծարծման հետ, նշանակում է մեր մյուս Սարյանի, Չարենցի ու Կոմիտասի լինելությանն իզուր ենք սպասում, ավելի կոնկրետ՝ նշանակում է հանրապետության գեղարվեստական միտքը այբբենական շատ ու շատ ճշմարտություններ դեռ պիտի յուրացնի, չի յուրացրել, չի դարձրել ամենքիս ու բոլորիս ամենօրյա հացը:
Մեր տանը համաշխարհային գրականության ամենօրյա ներկայություն է հարկավոր, նրա շունչը ամեն պահի մենք պիտի զգանք: Խիղճ ունենանք և ասենք, որ դա առաջին հերթին հարկավոր է նրանց, ովքեր ռուսերեն չեն կարդում կամ վատ են կարդում - նրանց չպիտի զրկել, մենք այնինչ նրանց զրկած ու աղքատ ենք պահում. բայց նրանք ով են - նրանք մեր վաղվա օրն են, և մեր ընդամենը երեկվա հուշն ու փորձը ասում են, թե վաղվա մեր գրագետները նույնքան անգրագետ են լինելու, ինչքան մենք այսօր: Երկրորդ. այդ գրականության ամենօրյա ներկայությունը մեզ՝ այսպես կոչված գիտակներիս է հարկավոր, որովհետև ռուսերեն կամ մի այլ լեզվով կարդալ՝ դեռ չի նշանակում հայերենի աշխարհում իրեն հարուստ ու հզոր զգալ. մի այլ լեզվական աշխարհից գործը դեռ պիտի փոխադրվի՝ կորուստներով ու գյուտերով՝ հայրենի աշխարհ, այդ աշխարհում մշակութային փաստ դառնա և այդպիսով դառնա նաև հայ գրողիս համար զինանոց ու ասպարեզ: Նրանք՝ համաշխարհային գրականության այդ մեծերը, գալիս են ազգային գրականություններում չափանիշներ ճշտելու, չափելու և չափվելու նաև. նրանք գեղագիտական մտքի խթան են. Կյերկեգորի, Կամյուի, Կաֆկայի և շատ ու շատ ուրիշների ներմուծումից հետո միայն ռուս գեղագիտական միտքն սկսեց իր Դոստոևսկուն այլ լույսերի ներքո դիտել. մենք ողջերս և մեր մեծ նախնիներն սպասում են իրենց քննիչներին. այդ քննիչների հայացքի տակ է մեր մեծ նախակարապետն ասել՝ «թեպետ փոքր հովիտ ենք, բայց մեզանում էլ գրի արժանի մարդիկ ու պատմություններ են եղել»:
Մի խոսքով, պիտի մտածել բերելու մասին. տալու մասին թող նրանք մտածեն, ովքեր այստեղից տանելու են, ում մեր մշակույթն անհրաժեշտ է, մենք պետք է մտածենք համաշխարհային գրականությունը հայերեն ունենալու մասին: Մի խոսքով՝ մեզ ամենամսյա պարբերական է հարկավոր, համաշխարհային գրականության ամենօրյա ներկայություն, ինչը որ չկա, ինչը որ ղաչաղի անկանոն կրակոցներով այստեղ իրեն երբեմն հիշեցնել է տալիս ու չքանում անհայտ ժամանակով: Թե չէ՝ Մինաս ենք ծնում ու չգիտենք դա լավ է թե վատ, մինչև որ մի Կամենսկի չգա ու ասի թե լավ է. Մանսուրյան ենք ծնում ու դեռ լավ չգիտենք՝ լա՞վ է որ ծնել ենք. անվերաբերմունք՝ վատ շենքեր ենք կառուցում, վատ արձաններ ենք դնում և չգիտենք լավ են թե վատ:
Շատ պատմություններ ենք շարադրում և մեր արածի ճշմարիտ գնահատական այդպես էլ չենք ստանում, վախենում ենք մի քիչ ծուռ, մի քիչ ոչ էնպես գործերից: Իսկ մեզնից յուրաքանչյուրի համար շատ կարևոր է - եթե, ասենք Այթմատովի վերջին վեպը մենք գրած լինեինք՝ այստեղ կտպվե՞ր թե չէր տպվի, հայ գեղագիտական միտքը կզորե՞ր յուրացնել:
Պարբերական ենք խնդրում, պահանջում, աղերսում. էն էլ մեկը չէ, երկուսը՝ գրական-քննադատական մի ամսագիր և համաշխարհային-համասովետական գրականության՝ մի: Դրանց գոյությունը կստեղծեր գեղարվեստական մտածողության մի մթնոլորտ, ուր կարելի կլիներ սպասել իսկական գրական արժեքների և նրանց ճիշտ մեկնաբանման:

Be the first who will comment on this
Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

The reaper
The reaper
Play Online