Hrant Matevosyan

Գուրգեն Մահարի

Հանձին Գուրգեն Մահարու (1903-1969) այլ ժամանակներում մեր գրականությունը մի ականավոր սիրերգակ էր ունենալու: Եվ թեկուզ այս ժողովրդի ու իր հազարամյա գրականության համար դժվար է փնտրել ու մանավանդ գտնել այլ ժամանակներ, քանի որ Խորենացու դարերից սկսյալ առ այսօր այս ժողովուրդը ապրել է միայն մի՝ գոյության կռվի ժամանակներում, բայց Մահարին կարողանում էր, որպես թե այդ հենց այդպես էլ պետք է լիներ, որպես թե կյանքը միայն այդ է որ կա, իր ժողովրդի ու իր կյանքից շատ ու շատ բաներ անտեսելով հրապարակ բացել էր ներսի ոսկեգանգուր պոետի համար: Դրան՝ մեր բոլորիս ներսի այդ Մոցարտին ոսկեգանգուր պոետ անվանենք կամ մերկ սրինգը ձեռքին սրնգահար կամ անառակ որդի կամ գտնենք մի այլ անուն այդ պատանու համար, որ տան հոգսերից իրեն հեռու է պահում որպես մատաղ արջառը լծից՝ սարսափահար խույս է տալիս հորենական տան թշվառությունից և երբեմն, որպես վկայություն իր երկնային կոչման և կարծես ի հեճուկս հորենական տան անմխիթար վիճակի, սրնգի մաքուր անքեն, անհոգ մեղեդի է ելևէջում հորենական տան անմխիթար վիճակի վրա և կարծես ի հեճուկս այդ վիճակի: Մահարին այդպիսին էր, Մահարին այդպիսին էր միշտ և ամենուր, այնքան, որ նրա հասակակիցներից մեկը, որ այդ իրավունքը ուներ, նրան թեթև կշտամբանքի նման մի ծանր դիտողություն արեց. «Ընտրածըդ նյութին համեմատ ոճդ շա՞տ չի երջանիկ»: Իսկ «ընտրած նյութը» իր ու իր հայրենիքի ծանր կյանքն էր՝ մեր ցեղասպանությունը: Նրան, այո, ծանր կյանք էր պարտադրվել, այս երկնքի տակ ապրված թերևս ամենածանր կյանքը. գենոցիդ՝ բոլորի և յուրաքանչյուրի սպանություն, որի կոնտեքստում մազապուրծ գաղթն ու հայրենիքի հավիտենական կորուստը բախտավորություն էին, այդ երեսուներեքամյա բանաստեղծի տասնյոթ տարվա անհուշ բանտ ու աքսոր, և այս դեպքում արդեն բախտավորությունը աքսորն էր, որի մասին կարողանում էր նույնիսկ ժպիտով պատմել, այս մի 10-15 տարվա արագ ու ջղային աշխատանք երկու թշնամու արանքում, որոնցից մեկը անդրշիրիմյան բռնակալի մոտենալով ահագնացող ոտնաձայնն էր և մյուսը՝ բկի թունավոր խպիպը: Նա պարտավոր էր իր դաժան ժամանակի տարեգիրը լինել և եղավ: Իր խառնվածքի մարդու համար դա իսկական հերոսություն էր: Եղեռնի և դիկտատուրայի մարդակերների ժամանակը հայ գրականության մեջ խորապես իր գրչով է նշված, գրչով մի մարդու, որ այլ ժամանակների և այլ կյանքի համար էր ծնվել.- «Մանկություն, Պատանեկություն և Երիտասարդության սեմին», «Այրվող այգեստաններ», «Չարենց», «Ծաղկած փշալարեր» և վիպակների-պատմվածքների մի շարք, որ մենք «սիբիրյան» ենք կնքում:

Be the first who will comment on this
Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

Support us! Buy our art based products from online shop