Hrant Matevosyan
Գրականությունը նոր ժամանակներում
1. Պետական հովանավորությունից զրկված և «շուկայական» տարերքի մեջ հայտնված գրականությունն այժմ ունի այն անսահմանափակ ազատությունը, որի մասին գրողներից շատերը երազում էին: Նրանք այժմ կարող են գրել ինչի մասին կամենան և ինչպես կամենան: Չկան գաղափարական և թեմատիկ պարտադրանքներ: Սակայն ասպարեզում չկան այն բարձրարժեք, մնայուն գեղարվեստական գործերը, որոնք պիտի տային մեր ժամանակի լիարժեք պատկերը: Հայ գրականությունն ապրում է ճգնաժամային վիճակ: Ինչո՞վ եք բացատրում դա: Ինչպե՞ս եք պատկերացնում հայ գրականության հետագա գոյատևումը և զարգացումը նոր պայմաններում:
2. Անկախության ծայրահեղական բացարձակեցված ըմբռնումը մեզ, ըստ էության, մեկուսացրեց ռուսական մշակույթից: Ձեր կարծիքով ինչպե՞ս է անդրադառնում այդ մեկուսացումը հայ գրականության և ընդհանրապես մշակույթի վրա և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հետագայում:
3. Ի՞նչ եք մտածում գրականություն–գաղափարախոսություն հարաբերության մասին: Գրականությունը պետք է լինի քաղաքական-գաղափարական պայքարի մասնակի՞ցը, թե՞ անտարբեր դիտողը: Արդյոք վերջին դեպքում գրողը չպիտի՞ հրաժարվի այն բանից, ինչը մենք անվանում էինք գրողի «քաղաքացիական դիրքորոշում»: Կարելի՞ է ասել, թե ներկայումս կա գրականությանը և առհասարակ մտավորականությանը քաղաքական-հասարակական կյանքից մեկուսացնելու, այդ կյանքում նրանց դերը նվազագույնի հասցնելու միտում:
1. «Ոդիսականը» մեզ «հուշկապարիկ» հասկացություն է հասցրել. սրանք կնոջ ձայնով հմայում-տանում էին զինվորներին: Որպեսզի ուրիշի հմայող ձայնը չմտնի քո մեջ, պետք է խցանես ականջներդ, ինչպես Ոդիսևսը խցանել տվեց իր զինվորների ականջները: «Շուկայական» հարաբերություններ մենք չենք երազել, մենք բարեփոխումների կարիք ենք զգացել Խրուշչովի ժամանակներից սկսած: Նորոգման կողմնակիցներ ենք եղել: Որպեսզի հեղաշրջումներ չլինեն, հարկավոր է, որ ամեն օր վերափոխումներ լինեն: Հիմա մենք անկառավարելի վիճակի մեջ ենք: Այսօր մենք մեր խոսքը չենք ասում, մեր երկրի մեջ չենք ապրում, մեր ուղեղով չենք մտածում, մենք ապրում ենք ուրիշի սահմանած կարգերում, հմայված ենք հուշկապարիկի երգով: Մենք ընթանում ենք ուրիշի կուրսով, մեզ ուրիշ ճանապարհով են տանում: Եվ ոչ միայն մեզ՝ գրողներիս, այլև ամբողջ հասարակությանը. իմ երեխաների սեղանի գիրքը ես չեմ՝ հեռուստատեսությունն է, զանգվածային մշակույթը: Ժողովուրդը օտարվել է իր մշակույթից: Երբ դեռ կայուն պլատֆորմի վրա էինք, գրողները այս վտանգի մասին ահազանգում էին: Կապուտիկյանը մի բանաստեղծություն ունի, թե ինչպես «փոփ» երգի տակ Կոմիտասի ձայնն է խեղդվում: Տագնապը վաղուց կար:
Շատերիս լռությունը գուցե թե այն պատճառով լինի, որ տագնապահար մեր կանչերով կամ աղաղակներով նորից կարող է լցնենք հրապարակը: Պղտոր ձայների այս հեղեղը, աղտոտված այս մթնոլորտը մեր ձայներով չհագեցնենք, որովհետև զայրույթը վերջին հաշվով ոչինչ չի տալիս. ժխոր է, ժխորային լռություն բացարձակապես, և ուզում ես մեկուսացած լինել: Միևնույն է, հրապարակ էլ նետվես, ոչինչ չի լինելու: Ուզում ես մեկուսանալ և քո գործը անել, քանի որ այնուամենայնիվ մեզանից մի քիչ անկախ է կյանքի ընթացքը, մինչև որ ինքը հանդարտվի, և արժեքդ հրապարակ բերես:
Երեկվա պետականության պայմաններում առաջացած պրոֆեսիոնալ գրաքննադատության իշխող բարձունքն ենք կորցնում, համակարգը ցրիվ է գալիս, «շկոլա» ենք կորցնում՝ գիտական մակարդակ, մտքի ռեժիմ: Մշակույթ ասվածը նույնպես ռեժիմի պտուղ է՝ պատմվածքը, վիպակը, պիեսը, թատրոնը, կտավը, երգը... նույնպես ռեժիմ են ուզում, ռեժիմի մեջ կայանալ, ինչպես պողպատը առաջանում է ռեժիմի մեջ...
Ազգային գրականությունը մի բան է, որ ազգի հետ կվերանա, այնպես որ տագնապելու բան չկա: Հիմա, երբ մենք դժգոհում ենք պետական հովանավորությունից զրկված լինելուց (կարող եմ դժգոհություններով լեցուն մի երկու զառանցանք էլ ես հրապարակ բերել), ես հարցը նաև ինձ եմ տալիս. ես ի՞նչ անեմ, որ այսինչի գործը հրապարակ գա, որ պետական հովանավորություն ունենա, որ չարչիներից, նավթագողերից կախված չլինի: Ես պատասխանը չգիտեմ և լռում եմ: Լևոն Տեր-Պետրոսյանը ի՞նչ անի: Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հաշվով շատ ավելի կարևոր գործերի է կոչ-ված կամ պարտավոր առաջին հերթին: Վանաձորից Ալավերդի տանող ճանապարհը փակվել է, երեկվա հաշվով՝ կոպեկներ են պետք, չեն գտնում... Աղքատ, զրկված երկիր է, երկիր չի, փաստորեն երկիր չի, ուղղակի պիտի ընդունենք, որ երկիրը երկիր չի, որովհետև երկիրը պիտի ունենա հող, վրան ապրող ազգ, որպեսզի ձևավորվի որպես պետություն: Ապրում էինք, որովհետև իմպերիայի մի մասն էինք, ինտեգրացված տնտեսություն կար, տալիս էինք, առնում էինք, աշխատում էինք... Այսօր պետական հովանավորության վրա ռեալ հույս դնել չի կարելի, քանի որ պետությունը լրիվ քայքայված ընտանիքի մի անդամն է ու ոչ հարուստ անդամը՝ բնական պաշարներով, չունի այն հնարավորությունները, որ մշակույթ հովանավորի: Մշակույթը այնքանով է պահվում, որքանով որ հասարակության յուրաքանչյուր անդամը, եթե նկատի չունենանք ներկա պայմաններում հարստացողներին. մշակույթը նույն թշվառ վիճակում է, կիսում է ազգի թշվառ վիճակը, դրանում արտասովոր ոչինչ չկա:
Գրականության զարգացման ընթացքի վրա կասկածողների վրա պետք է կասկածել: Գրականությունը կա: Անցյալի փորձն էլ՝ 15–23–25 թվերին մշակութային գիգանտներ ծնվեցին: Հիմա եթե գանգատվենք, տարիքավորներս պիտի գանգատվենք, որովհետև շատ թե քիչ մեր տանելի պայմանները ստեղծել էինք, նվիրումով, «բարձր մակարդակով» մեր տեքստերը ստեղծում էինք: Հարցը ոչ թե մեր բարեկեցությանը, մեր սոսկ գոյությանն է վերաբերում, բայց, պիտի խոստովանեմ. ուժեղ եղիր՝ ապրիր, դրամ հիմա ինչի են տալիս՝ օրվա հացի – գրողի քո խոսքն ահա օժտիր հացի անհրաժեշտությամբ, և ժողովուրդը քեզ չի լքի: Դժվար է, բայց այս է: Ավագներս հազիվ թե դիմանանք այս ծանր ցնցումին, բայց ահա երիտասարդություն կա: 1915–25-ի մեր, 1928–32-ի ամերիկյան ճգնաժամերին «մեծ երիտասարդություն» կար, հիմա էլ պիտի հուսալ, որ կա այդ երիտասարդությունը: Երեկ մի քանի անուն էին, հիմա գրել կարողացողները տասնյակներ են, լրագրային հոդվածների մեջ ի՜նչ լավ մակարդակ է ստեղծվել, սա անպայման որակ է դառնալու, և թերևս նույնիսկ վերաճի մի ժանրի, որ ամերիկյան գրականության մեջ կոչվում է «Նոր ժուռնալիզմ». դա ըստ էության փաստագրությունն է. մեր այս օրերը նույնությամբ իրենց արտագրելու աննախադեպ հնարավորություն են տալիս – տիկին Մակբեթի անդունդից բարձրանալով գնա մինչև Համլետի համբարձում, որ Մոնթե Մելքոնյանն էր...
Գրականության ճգնաժամի մասին խոսում էին դեռ 60-ական թվականներին, երբ Մահարին կար, երբ երիտասարդություն էր եկել, Միության գրական հրապարակում բազմաթիվ հիանալի գրողներ կային, և միայն Հայաստանի գրականության մեջ Վարդգես Պետրոսյանը 15 Հրանտ Մաթևոսյան էր տեսնում: Այդ ժամանակ էլ էին ասում՝ գրականության ճգնաժամ է:
Գրականություն կստեղծենք ու կլինի: Գրականությունը նյութական միջոցների ներդրում է պահանջում: Հիմա այդ միջոցները չկան, բայց ուժեղները գրականություն ստեղծում են և իրենց ճանապարհն էլ կբացեն ու հրապարակ կգան: Ափսոս գրաքննադատությունը: Գրաքննադատությունը պետք է վարձատրվի, պետք է պետականորեն խրախուսվի: Գեղարվեստագաղափարական վերլուծության չափանիշների, ազգային ու մարդկային իմիջի պահպանման, արժեքների արծարծման աշխատանքը վերապահված է նրանց, դա նրանց հացն է, դրա կարևորությունը պետք է հասկանանք, եթե ուզում ենք ազգ կոչվել:
Այսօրվա գրականությունն իսկապես կանեն նրանք, ում մաշկը և ռունգերը ավելի նուրբ են, ովքեր արյան և դաժան աղքատության հոտն առել են, այն տարիքին են, ինչ տարիքի էր Չարենցը 15-ին: Ես էլ, ավագներն էլ մեր գործը կշարունակենք, իսկ պատմության վճռելիք հարցը կլինի՝ դրանից մի բան կմնա թե չի մնա: Մի քիչ սառը նայենք մեզ, մի քիչ կողքից նայենք, մեզ ողբի չտանք, վերջիվերջո ավագ ենք:
2. Հիմա մեզ ինչքան էլ կարևորենք, առանձին շատ դժվար է: Մեկուսացվածությունը բերել է ժողովրդի արտահոսքի, և ինչքան ուզում ես վայնասուն արա, միևնույն է:
Բայց կարո՞ղ էինք չանջատվել, չմեկուսանալ կարո՞ղ էինք: Առողջ բանականության անունը առայժմ չտանք, չանջատվելը եթե հնարավոր լիներ՝ գոյելու սոսկական բնազդը մեզ կպահեր Միության մեջ: Չպահեց: Նշանակում է պետք է հեռանայինք: Ապա մի եղբայրական գիրկընդխառնության հեղձուկն ու սրտխառնուքը հիշենք, ապա մի հիշենք ողջ երկրի դիմազրկությունը, ամբողջ ազգեր ու ժողովուրդներ, 300 միլիոնանոց մի ողջ հասարակություն՝ աշխատելու, ապրելու, աշխատելով ապրելու իրենց բնական պարտականությունը միմյանց վրա էին գցում, բոլորն ամենուր դավաճանում էին իրենք իրենց ու միմյանց: Միմյանցից, այո, պիտի հեռանայինք, մեզ թարմ օդի տայինք, մեզ գետնեինք և երեսներս դարձյալ միմյանց դարձնեինք: Հիմա այս դարձի մեջ ենք, հասարակարգի ու մեծ երկրի քաղաքացու առաքինություններից ու առավելություններից մի բան կորցրած, կորուստներից մի դաս առած, մի բան անշուշտ գտած, ասենք նախաձեռնության ու աշխատանքի ոգին, դարձյալ միմյանց կգանք և... վատ չի լինի: Կորուստ չհամարենք այն, ինչից արժեր իսկապես ազատվել – իրենք՝ հայցվորի ու ապստամբի մեր ներկայությունից, մենք՝ դատախազի իրենց ծանր շնչից: Ազատությունը մեզանում և իրենցում կբացահայտի ու կկայունացնի՞ Աստծու մարդուն՝ կհարաբերվե՞նք որպես ազատներ, չի՞ բացահայտի ու չե՞նք դիմանա մեզ համար անսովոր այս նոր ռեժիմին՝ երկուստեք կկործանվենք, և լավ կլինի, որ կործանվենք: Բայց իմ Թումանյանի, իրենց Պուշկինի, Չարենցի ու Աստաֆևի, Տոլստոյի ու Սարյանի և ուրիշ ու ուրիշ շատերի բավական ստվար «ազատանու գունդը» երաշխիք է, որ կփրկվենք ու կապրենք Աստծո մարդու մեր կյանքերը:
Արևմուտքի այսօրվա քաղաքատնտեսական առաջատարությունը նշվել է նախ Բանի, ուրեմն գրականության առաջատարությամբ: Պարտվում է նախ մշակույթը, ապա միայն երկիրը: Մի քիչ խանդով ես վերաբերվում, որ, ահա, այն հասարակությունը, որին քո նախորդները, նույնիսկ դու ինքդ, վերապահորեն եք վերաբերվել, գրականության մեջ գագաթների է հասել: Մեր կաշկանդվածությունը, մեր փակվածությունը խանգարել են, որպեսզի հարաբերվենք «դրսի» աշխարհին, Նոբելով պսակվել են ամերիկացիները և ուրիշները (այստեղից՝ միայն նրանք, ովքեր այլախոհ են եղել): Մենք հիմա կրկնում ենք իրենց երեկվա վիճակը, դեռ շատ հեռու ենք, բայց որքան էլ մի ազգ գամված լինի ուրիշ ազգերի, միշտ զատվելու հույս է պահում. քո ազգային արժանապատվությունը թույլ չի տա, որ դու ամերիկացի դառնաս, նույնիսկ շեքսպիրյան մշակույթի մեջ ձուլվես, կորչես: Վերադարձի ընթացքը առաջացնելու է նոր թումանյաններ, հին Թումանյանի նորովի արծարծումներ:
3. Ինչպիսի գաղափարախոսության պիտի հարի գրո՞ղը. եթե ազգայնական է՝ գրականություն չի, եթե կոմունիստական է՝ գրականություն չի, եթե հումանիստական է՝ քաղցրալորձ է, եթե բուրժուական է՝ գրականություն չի, եթե հարող է՝ գրող չի, այլ քարոզիչ: Գրողից պահանջվում է միաժամանակյա ներկայություն թվարկված և դարձյալ շատ ու շատ կետերում, կրկնում եմ՝ միաժամանակյա ներկայություն այդ բոլոր դիրքերում ու բոլոր մարդկանց մեջ, իսկ դրանցից որևէ մեկին հարելը գրողին դիրքավորում է միայն մեկ կետում, ինչը արդեն պատյան ու վերջ է: Սովետական գրականության մեռյալ վիթխարի զանգվածը ձեզ ապացույց, հակասովետական նույնքան մեռյալ գրականությունը՝ նույնպես:
«Գրական թերթ», 04.10.1994 թ.