Hrant Matevosyan

Գրականությունը մասին չէ

Գրականությունը միայն մեկ հասցե ունի, ավելի ճիշտ՝ պետք է միայն մեկ հասցե ունենա՝ Երևան, Պուշկինի փողոց 3, Հրանտ Իգնատի Մաթևոսյանին, և մի փոքրիկ երկտող՝ «Կարդա, սիրելի Մաթևոսյան, այստեղ դու վրացի ես, այստեղ դու քար ես, այստեղ դու իշխանուհի ես, այստեղ դու Հիտլերն ես»: Եթե ես կարդում ու ասում եմ իմ մասին չէր, այլ իմ պատկից հարևանի կամ արյամբ հարևանի՝ այսինքն իմ եղբոր, ուրեմն դա ճշմարիտ գրականություն չէ և վերադարձվում է հեղինակին, գտնում է թե չի գտնում, դա կարևոր էլ չէ, բայց որ իր հասցեն գտնելու վրա մի որոշ ժամանակ չարչարվում ու անհետանում է՝ դա արդեն հաստատ է: Որսի սքանչելի տեսարանում ես ինձ Դանիլ եմ զգում ու գելխեղդ Կարայ, մեծագլուխ գայլ ու Նիկոլայ Ռոստով, ծեր իշխան ու Նատաշա Ռոստովա - բոլորը հավասարաչափ, բայց ինձ ամենահարազատը Կարայ շունն ու Դանիլն են: Եվ շատ եմ ուզում իմանալ թե հետո ինչ եղավ Դանիլին՝ որ իշխանուհի աղջիկների ներկայությամբ ուժեղ կարմրում էր: Դանիլը ծառա Գերասիմ անունով հետո մի ուրիշ տեղ է երևում՝ «Իվան Իլյիչի մահը» վիպակում. ատամները դարձյալ սպիտակ են, վերնաշապիկը դարձյալ մաքուր սպիտակ է, մաքուր առողջություն է բուրում, թե հոգում ինչ կա՝ Տոլստոյը չի ասում - չի՞ կարողանում, չի՞ ուզում, վախենո՞ւմ է: Վախենում է. Իվան Իլյիչի իշխանական ճերմակ ոտքերը նա իր ուսից վաղը շպրտելու, թքելու ու ձեռքը հրացանին է տանելու: Մի քանի դար առաջ այդ Դանիլի-Գերասիմի անունը Թերսեդևս, ազգությունը հույն է եղել, Հոմերոսից ճակատին վախկոտ ու ապստամբ խարան է ստացել. Տոլստոյը հիմա սրբագրել է իր մեծ նախնուն՝ ցույց տալով ու ապացուցելով, որ նա նույնպես, համարյա թե մեզ պես մարդ է - վախկոտ ու ապստամբ չէ կամ վախկոտ ու ապստամբ է ինչպես մենք: Այդ միավորի, այդ դարերով ճնշված ու ստորացվածի. այդ դարավոր մունջի, համարյա թե անասունի, այդ Ադամի մարդկայնացման, դիմանկարի ամբողջացման հաջորդ շտրիխը արդեն մենք ենք քաշելու՝ սովետական երկրի արվեստագետներս՝ այդ լուռ անասունի զավակներս, նույնն է թե մեր ինքնանկարը մենք ենք անելու և ոչ այլ մի ուրիշը: Ասացին մեր այսինչ քննադատը հայեցակետային այսինչ խոշոր առարկությունն ունի Ուիլյամ Ֆոլքների դեմ. ես Ֆոլքների երկրպագուն եմ, բայց ներքնապես այնպես էի պատրաստ առարկության, որ չլսեցի էլ առարկողն ով է և ինչ է առարկում - միանգամից հառնեց իմ առարկությունը՝ լուռ մուլատների, ջորիների, նեգրերի, ֆերմերների այդ ի՞նչ սև ֆոն է պատի նման կանգնած. ես սա ասում եմ չնայած «Վաղը», «Կարմիր տերևներ», «Մոնթը» և շատ ու շատ սքանչելի պատմվածքների առկայությանը, այդ ի՞նչ անմարմին ստվերներ են վիսկի բերում, դատարկ գավաթներ տանում ու չքանում այդ սև, լուռ ֆոնի մեջ: Այդ ֆոնը, այդ չլուսավորված խոռոչը իրականության մեջ կա, երբևէ պատմության մեջ խոսելու ու շարժվելու է կամ ամենևին էլ չի խոսելու ու չի շարժվելու - մեզ համար կարևոր է՝ որ նա գրականության մեջ խոսի ու շարժվի, նրան խոսեցնելը, նրան շարժելը, նրա ձայնն ու թափը լինելը առաջին հերթին մեր՝ բանվորների ու գյուղացիների զավակներիս պարտքն է: Ես որպես անձնական վիրավորանք եմ ընդունում այդ սև խոռոչների գոյությունը գրականության մեջ, ինձ թվում է իմ հայրը մնաց այնտեղ - իմ հայրը, իմ պապը, ես, իմ զավակը, իմ ժողովուրդը, մեր տառապանքն ու մեր բարոյականությունը: Վաթսուն տարի է նրանց մասին ու նրանց անունից խոսում ենք, բայց շա՞տ անգամներ ենք եղել նրանց ձայնը - Մելեխովի ու Լևինսոնի գոյությամբ հանդերձ՝ շատ քիչ անգամներ: Հաճախ թվացել է, թե ժամանակն ու իրականությունը անմնացորդ փոխադրել ենք թղթին, և դա արդեն դարերի համար է, բայց մի կամ մի երկու տասնամյակ հետո երևացել է, որ կեղծիք ու թատրոն - թամաշա էին և իրականությունը ու ժամանակը, և, դժբախտաբար, նրա գրականությունը. մարդիկ իրենց կոչման մեջ չեն եղել և իրենց ձայնով չեն խոսել ոչ իրականության մեջ, ոչ էլ, ցավալիորեն, գրականության մեջ, ասելիքն ու անելիքը հուշողը չկա, մարդիկ այնինչ դեռ բեմահարթակին են և չգիտեն այլևս ինչ անեն ու ինչ խոսեն: Այս իրավիճակում ահա ինձ իսկական խիզախում է թվում Վասիլի Շուկշինի գրականությունը և ծանր՝ նրա անժամանակ կորուստը. նրա մարդիկ լինում էին, այլ ոչ թե դեր էին կատարում, կլինի այդ դերը հեղինակային հանձնարարություն թե մի այլ: Ուրիշ հեղինակներ ու ձեռքբերումներ նույնպես կան, բայց ես ուզում եմ ավելի հաճախ տեսնել այդ մոլեկուլի, այդ միավորի ինքնակա ֆիքսացիան, երբ հեղինակային դիրքորոշումը վերաբերմունքայինից առաջ զուտ ֆիքսող է, այսինքն ասում է այս այսպես է: Դա բոլորիս ձգտումն է, բայց ինչ-որ տարածություն մեր հերոսների միջև անընդհատ մնում է, մեզ անընդհատ թվում է թե պետք է կերպավորենք ոչ թե ինքներս մեզ, այլ հանքագործներին, կոլխոզնիկներին, մեզանից դուրս գտնվող արարածների, այստեղից էլ մեր հիացումը նրանց հերոսական աշխատանքով՝ որ ինքներս իբր չէինք անի, մեր ներողամիտ խղճահարությունը նրանց հոգեկան կամ մի այլ աղքատության հանդեպ: Դա հին և նույն աղայական վերաբերմունքն է կյանքին այն դեպքում, երբ ինքներս ոչ աղա ենք, ոչ էլ այաթոլա. մենք ինքներս ժողովուրդն ենք և պետք է գրականության մեջ նույնպես ժողովուրդը լինենք: Լավագույն դեպքերում մեր գրականությունը մասին է լինում, մասինն այնինչ գրականություն չէ, մասին է: Հարկավոր է հաղթահարել այն անջրպետը՝ որ ընկած էր հեծյալ Պուշկինի և Հայոց աշխարհի միջև, անջրպետը նեղացվեց Պլատոնովի «Թաքր» նովելով, Այթմատովի գրականությամբ, բայց դեռ կա, ևս մի երկու քայլ է հարկավոր, և այդ դեպքում մենք կարող ենք Համո Սահյանի ճշգրիտ բանաձևումով ասել.
Ես նրա ջանքն եմ առեղծվածային,
Առեղծվածային տանջանքն եմ նրա:

Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առջև,
«Հայագիտակ» հրատ., Եր., 2004թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

Garden in Sochi
Garden in Sochi
Play Online