Hrant Matevosyan

Գրականության բաց դարպասներ. պաշարված ժողովուրդ

– Որպես գրող և Գրողների միության նախագահ, ինչպե՞ս կբնութագրեք գրական-ստեղծագործական այսօրվա վիճակը:
– Չեմ տարբերակում գրող և Գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանին: Չեմ կարծում, թե եթե Գրողների միության նախագահ չլինեի, իմ վերաբերմունքը, անհատականությանս յուրաքանչյուր տողն ամեն մեկի հանդեպ տարբեր էին լինելու: Ճաշակիս, անձնական համակրանքներիս վրա Գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանն ամենևին չի բռնանում: Հայացքս մնացել է նույնը՝ հայ գրականությունից մակարդակով տեքստ ակնկալող, ծարավից չկոշտացած իմ ընթերցողը նույնն է մնացել: Անուններ եմ զատում բանաստեղծության մեջ, նաև՝ արձակում: Դրամատուրգիայից այնքան էլ տեղյակ չեմ: Մանկական գրականության մեջ մնացել են դարձյալ սիրելի, գրեթե դասականության միտող Յուրի Սահակյանը և, թերևս, Երվանդ Պետրոսյանը: Արձակում՝ Լևոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան: Կարող եմ էլի անուններ տալ, բայց նրանք թող հոգուս խորքում նշմարելի մնան, անունները դեռ չեմ ուզում տալ. դժվար է գուշակություններին տրվելը: Ես իմ գուշակություններում ամբողջ հայ գրականության պատմության մեջ միակ անվրեպն եմ եղել, հիմա էլ չեմ ուզում սխալված լինել: Պոեզիայում կառանձնացնեմ Վիոլետ Գրիգորյանին և Խաչիկ Մանուկյանին:
– Ո՞րն է այսօր Գրողների միության դերը: Պնդում են, որ առաջ այն գրական մթնոլորտ էր ստեղծում... Կարո՞ղ ենք նույնն այսօրվա համար ասել:
– Այո, այն իսկապես կարողանում է գրական մթնոլորտ ստեղծել: Գրողների միությունը վիթխարի նշանակություն ունեցող հասկացողություն է: Այն բարոյաքաղաքացիական ինստիտուտ է, ազգի կայացման անբաղադրելի մասնիկը: Հայաստանում առաջինը Գրողների միությունը հայ ազգի մեջ գրականությանը քաղաքացիական կարգավիճակ տվեց: Ասել է թե՝ առևտրականներին, վաճառականներին, ռուսացողներին, ազգային և մշակութային կյանքից հեռու ժողովրդին ներքաշեց գրականություն: Գրականության մասին սկսեցին խոսել, շնչել Մանթաշովի, Փալանշևների տանը: Ազնվականություն եկավ գրականություն: 1500 տարվա ընթացքում գրականությունը ուշադրության արժանացավ, այլապես մեր ժողովուրդը, առևտրականների՝ այդպես էլ ուշքի չեկող ժողովուրդ էր մնալու: Ահա այս կարողացան մեր նախնիներն անել: Այսօրվա վիճակով Հայաստանի Գրողների միություն ասվածը շատ փխրուն ինստիտուտ է: Այսօրվա կյանքում իր նշանակությամբ, էությամբ, կենդանությամբ նշանակալի մի բան չէ, բայց իր կորստով նշանակալի մի բան կդառնա: Այս իմաստով է, որ և՛ գրական շրջանների, և՛ պետական, և՛ հասարակական վերաբերմունքով այս կառույցը պիտի գուրգուրվի, փայփայվի: Եթե Գրողների միությունը չլինի, շատ վատ բան կլինի:
– Այսինքն՝ կորստի վա՞խ կա:
– Այո, կա: Գրողների միությունն իր զորության տարիներին էլ (անցած 70 տարիները) նշանակությամբ մի մեծ բան չի եղել, բայց կորուստը վատ կլինի: Այն այսօր պետք է և՛ անցածների առջև պատասխանատվություն ունենա, և՛ չափանիշների ու բարոյականության անկման այս ժամանակներում կարողանա այսօրվա հասարակությանը գրականության չափանիշներ պարտադրել:
– Այսօր գրական ի՞նչ նոր որակներ են ստեղծվում, որ չեն եղել Խորհրդային Միությունում:
– Նորահայտ, նախորդ գրականությանն անծանոթ բացարձակապես ոչինչ չկա: Ամբողջը հասունացել և եկել է այնտեղից: Անցած ժամանակների մեղքը, թերևս, այն էր, որ նրանք կաշկանդված էին և բացահայտումների ազատություն չկար. այն հեղափոխության իրավիճակ էր առաջացնում: Հեղափոխությունները՝ փոխարեն ամենօրյա նորացում, թարմացում լինեին, պահածոյացվում էին, և այս պայթյունի վիճակը գալու էր: Եթե ասեմ, թե այսօր Գ. Խանջյանի կամ Վ. Գրիգորյանի մեջ այն որակն է բացահայտվում, որը բացարձակապես անծանոթ էր երեկվա մեր անուններին, այդպես չէ: Պարզապես մասշտաբների խոշորությունն է տարբեր: Պարույր Սևակն ասում էր. «Բանաստեղծությունը ժողովրդի համար չէ, ժողովրդի համար լոլիկն է, սմբուկն է, հացն է. բանաստեղծությունը էլիտար մի բան է»: Ահա այս մասսայական մշակույթ ասվածը, որն ամբողջ ճակատով գրոհեց, սա է նորությունը, որը նախկինում չէր եղել: Երեկ դարպասները փակ էին, և մեր հասարակությանը կամաց-կամաց վարժեցնում էին այն արժեքներին, որոնք առաջացել էին երկաթե վարագույրների այն կողմում. դա էլի մարդկային մոտեցում էր: Սակայն դարպասները փշրվելուց հետո միանգամից հասարակությունը հայտնվեց պաշարված, նվաճված վիճակում:
– Պետություն և գրող փոխհարաբերություններն այսօր ինչպիսի՞ն են: Ներկայիս նախագահը համեմատաբար հաճախ է կազմակերպում հանդիպումներ գրողների, մտավորականների հետ: Ինչպիսի՞ն պետք է լինի պետության վերաբերմունքը գրողների նկատմամբ:
– Հաճելի էր, երբ ՀՀ նախագահն, այնուամենայնիվ, այդ հանդիպմանը եկավ որպես մի քիչ Հրանտ Մաթևոսյանի, որպես գրականության մարդ, չնայած որ նա այնքան էլ գրականության մարդ չէ: Չեմ ուզում տրվել ընդհանուր, գլխավոր այն մտքին, թե երբ պետությունը չկար, պետությունն ապաստանած էր գրականության մեջ (դեռ Րաֆֆու, Աբովյանի ժամանակներից), թե ահա պետությունը և ազգը պարտական էին մեզ, երեկ ինքն էր մեզանում ապաստանած, այսօր էլ մենք պիտի ապաստանենք: Այդ մասին չխոսենք, բայց այդուհանդերձ, գրականությունը պետք է պետական հովանավորություն ունենա: Ազգային գրականությանը ազգային պաշտպանություն է անհրաժեշտ: Եթե որպես ազգ ուզում ենք մշակութային այս էքսպանսիային դիմակայել, համաշխարհային մշակութային համույթում լինել, հարկ է հնարավորինս լավ օգնություն և օժանդակություն դրսևորել գրողների նկատմամբ: Ճիշտ կլիներ, որ 20 գրող պետությունից թոշակով հովանավորվեր, որպեսզի նրանք կարողանային զբաղվել զուտ գրչով, որովհետև գրականությունն, այնուամենայնիվ, պրոֆեսիոնալ գործ է, դիլետանտի գործ չէ: Դիլետանտիզմն ամբողջը փչացնում է, չի կարելի դեպքից դեպք, հնարավորության դեպքում անդրադառնալ գրականությանը: Ամեն օր գրողին պետք է օժտել գրականությամբ պարապելու հնարավորությամբ, ապա սպասել որոշակի արդյունքի:
– Ինչպե՞ս եք վերաբերվում մեր քաղաքական անցուդարձին, մեր իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը:
– Նրանք բոլորը ես եմ: Պարտադրյալ այս նեղությունը, այս փակուղում, որի մեջ հայտնվել ենք, նրանք իմ ջղաձգություններն, իմ հերոսություններն են անում: Չեմ կարող ասել, որ որևէ մեկը ես չեմ: Եվ որևէ մեկի դեմ թշնամանքով չեմ կանգնում: Գիտեմ, որ ամբողջ ցավը, տառապանքը համազգային է, պարտադրված է և պիտի ասեմ, որ նրանք իմ մի մասն են, իմ եղբայրներն են: Թատրոն է. ոմանք այդ ֆարսի մեջ վատ են խաղում, ոմանք՝ լավ:
– Այսօր գրականությունն անուշադրության է մատնված, առաջ, փաստորեն, և՛ սոցիալական դժվարություններ կային, և՛ պատերազմ: Բայց մարդիկ, ընդհակառակը, հակված էին գրականությանը:
– Մշակույթ ասվածի անկման տագնապը մեզանից առաջ Արևմուտքն էր հնչեցնում, որովհետև թատրոնը վարագույրները ճեղքել և իջել էր փողոց, գրականությունը՝ նույնպես: Նույնը մեզանում կատարվեց: Կյանք չկար, կար Պարույր Սևակ: Պատմագրությունն արգելքի տակ էր՝ առաջանում էր Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը»: Պետության ղեկավարի, դիվանագետի, պատմաբանի պատասխանները պոեզիան էր տալիս և լայն հնչեղություն էր ունենում: Պարույր Սևակը և՛ Անդրանիկ զորավար էր, և՛ հայ դիվանագետ էր՝ ամեն ինչ էր: Ահա մեր հետաքրքրությունը և հասարակության էմոցիոնալ ծարավը հագեցնում էին բանաստեղծությունը, գրականությունը: Հիմա նույնը չէ: Թատրոնը հորդեց փողոց, այսպիսով կյանքը և գրքերը մնացին մի կողմ: Հրապարակը բաց է՝ Թումանյան ես ուզում, Սևակ ես ուզում, պոռնո ես ուզում՝ ամեն ինչ դուրս է եկել փողոց: Փողոցը թատերական հրապարակ է դարձել: Եթե ես երեկ համարձակորեն կարող էի իմ հատորը տպագրել 50 հազար տպաքանակով, որը երկու օր էլ գրավաճառատանը չէր մնա, այսօր մեծ համարձակություն է 500 օրինակով տպագրելը:
– Գրո՞ւմ եք այսօր:
– Անավարտ գործեր ունեմ, ուզում եմ անպայման ավարտել: Գրիչն իմ հացը, դավանանքը, ազատությունը, ընկերն է: Սպիտակ թուղթն այն միակ տեղն է, որտեղ ես երկիր կառուցողն եմ:
– Վանո Սիրադեղյանը և էլի շատերը միշտ ասում էին. «Եթե նորից Հրանտ Մաթևոսյանը գրի՝ կկարդամ»: Այլապես՝ չեն հետևում ժամանակակից մեր գրողների ստեղծագործություններին:
– Վանո Սիրադեղյանի պատասխանի մեջ ճշգրիտ մի բան է եղել. բոլոր ժամանակներում, գրքի համար ամենածանր ժամանակներում զորեղները պարտադրում են իրենց կարդալ: Զորավարի, մտերիմ ընկերոջ պես ընկնում են կողքդ և գալիս են: Զորեղ ընկերները: Յուրաքանչյուրս պետք է մեզանից կարողանանք կորզել այն մեծը, հզորը, առաջնորդողը, որն ընթերցողին չի լքի:
– Վանո Սիրադեղյանի հետ կապված իրադարձությունները Ձեր «թաքնված» թշնամիների բացահայտվելու լավագույն միջոցը դարձավ:
– Իսկապես, շատերն առիթ էին փնտրում: Ճիշտն ասած, իմ նկատմամբ դրսևորված մեծ սիրուց, լավ վերաբերմունքից շատ չեմ շոյվել, իսկ թշնամանքից բացարձակապես չեմ վախենում: Պարզապես գրողի, գրող մարդկանց վերաբերմունքն առ իրենց գրական ընկերը պետք է ավելի ընկերական լիներ: Վանո Սիրադեղյանի վերաբերմամբ, նրա գործի և այս դեպքերի կապակցությամբ վերաբերմունքը հատկապես գրական շրջաններում առնվազն տգեղ է եղել, ինչպես չի եղել նախորդ ոչ գրող նախագահի նկատմամբ: Եթե հանրապետության նախորդ իշխանություններին հանցագործներ ենք համարում, 11 հազար հանցագործից գրողները չպետք է առանձնացնեին իրենց շրջանակներին մոտ կանգնած մարդուն, թե ինչ է՝ Գրողների միության անդամ է եղել, և քարկոծեին հատկապես նրան, և ընդհակառակը: Եթե հանրապետությունը ծանր ճգնաժամային վիճակի մեջ է հայտնվել, ապա ոչ Վանո Սիրադեղյանի մեղքով, բոլորի՝ ովքեր վայելում են, ովքեր կան, ովքեր 11 հազար դղյակ են կառուցել: Չպետք է առանձնացնեն Վանո Սիրադեղյանին: Քարկոծում են նրան, որովհետև այսօր նա է բեմում: Մենք պարտավոր ենք մեր արտադրամասի, համայնքի տղային պաշտպանել:
– Ասում էին, որ Սիլվա Կապուտիկյանը մինչ հայտնի իրադարձություններն էր պատրաստվում դուրս գալ, և առիթը բոլորովին էլ դա չէր:
– Իսկ եթե ես էլ ասեմ՝ Գրողների միությունից դուրս եմ գալիս... Ս. Կապուտիկյանն, անշուշտ, ոչ շարքային ձայն է, բայց Գրողների միությունում ընդամենը մեկ ձայն է: Իսկ եթե ես էլ դուրս գա՞մ: Իսկ եթե ես վաղուց (60-ական թվականներից) չեմ ուզում այս Գրողների միության անդամ լինե՞լ, որտեղ ամեն հանդիպումը քարկոծման առիթ է դառնում, և որը ոչ մի անգամ ինձ չի պաշտպանել: Ես էլ նեղանալու հիմքեր ունեմ: Ինչո՞ւ պետք է նեղանանք իրարից: Արդյոք չպիտի՞ ներենք, հանդուրժենք յուրաքանչյուրիս գտնված տողը, գրած բառը: Գրականությունը դժվար բան է: Հազարավոր էջեր ենք լրացնում, և հազվագյուտ տեղերում կարելի է քաղագրություն անել: Գրականությունը սիրով, ներելով, հանդուրժելով է առաջանում, որպեսզի մեկս մյուսիս արձագանքը դառնանք: Պետք է անցյալը վերածնել և ապագան ոգեկոչել: Մեր վերաբերմունքն այդպիսին պետք է լինի, և ոչ թե թշնամանքի մթնոլորտ ստեղծենք և հասարակությունը պատառոտենք:
– Ոմանք ենթադրում էին, թե Դուք հրաժարական կտաք:
– Ես էլի հրաժարական կտամ, ես կհեռանամ այստեղից: Վաղուց եմ ասել՝ ես ամեն օր այստեղ եմ գալիս սպանդանոց քշվող անասունի պես, որևէ բարեխիղճ չինովնիկի ես կբերեմ այստեղ և այս պաշտոնը կթողնեմ, որովհետև իսկապես իմ կյանքն ափսոս է այստեղ:
– Դուք հրաժարական կտա՞ք այն դեպքում, երբ իմանաք, որ Ձեզ փոխարինելու է գալու մեկը, որը Գրողների միության գոնե ներկայիս նշանակությունը չի կարողանա պահպանել: Շատերի համար Գրողների միությունը Հրանտ Մաթևոսյանով է կարևորվում:
– Չէ: Այդ դեպքում դուրս չեմ գա: Նրանք ինձ տգեղ կռվի են բերում: Թող նրանք ինձ չստիպեն, որ իրենց ասեմ, թե իրենք ով են, իրենց գրած տողն ուր է, իրենք ինչ են: Թող ինձ տգեղ խոսակցությունների չբերեն: Ի՞նչ է, պիտի կողմնակի լինեի, որ կարողանայի հեռվից ասել, որ Գրողների միության 400 անդամ եք, 390-ը նույնիսկ դիմում գրել էլ չգիտի, և այդ դիմում գրել չիմացողները գան և այստեղ տնօրինություն անե՞ն... Կարող է հայհոյեմ ու գնամ: Եթե իրենք պատշաճ են համարելու, ասենք, Ռուսաստանի Պետդումային ողջույնի ուղերձ հղել և տակը գրել Հայաստանի գրողների միության նախագահ Ոմն Ոմնյան, թող գան:

Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ
«Ժամանակ», 23.02.1999 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March

Tracking Down Guiltless Doves
Tracking Down Guiltless Doves
Play Online