Hrant Matevosyan

Երկու խոսք

Հայոց այս անվերջ 1915-ի՝ սումգայիթյան այս սև ժանտախտի բռնկման առաջին օրը Վանո Սիրադեղյանը մի երկու րոպե նստեց մեր տանը և ինձանից գնացքների բազում կառաշարեր պահանջեց.
- Զանգիր ցեկա, ժողովրդին հարևան հանրապետությունից հանենք։
Տունը դեռևս իմ տունն էր, չէր դարձել բոլոր կողմերից դիտվող ու ոչինչ թաքցնել չզորող ակվարիում, վերջին ճիգով՝ ես դեռ ես էի, դեռ ակվարիումի ձկնիկ չէի, Վանոն կիսով իմ հին Վանոն էր՝ ուղղամիտ, բռնկուն, ի ծնե զինվոր, այլ ոչ մշակ, և ուրեմն զինվորաբար անպաշտպան ու բոլոր ցրտերի առաջ մորե ի մերկ, և կիսով արդեն որդին ու վկան էր մի իրականության, որ անցանկալի էր, բայց կար, այլև տիրական բնույթ էր առնում։
Համամիութենական, այլև համաշխարհային հնչեղության ձայն՝ ես, իհարկե, իմ ամենազոր բերանն իսկույն շարժեցի, և աշխարհի բոլոր ծայրերից կապույտ գնացքների կառաշարեր զնգզնգացին դեպի սև դժոխքի բերանը։ Լույս, արդարություն, վստահություն և մարդկայնություն էին տանում։ Ուղեկցորդների մեջ, իհարկե, Անատոլ Ֆրանսն էր, գեներալ դը Գոլի բարձր կերպարանքը երևաց, թուրք գրողները իրենց աղջնակների հետ ընդառաջ էին ելնում ծաղիկներով ու երգերով, Քրիստոսի ու մարգարեների պատկերները ցոլացին, «Ինտերնացիոնալը» թևածում էր բոլոր ճանապարհների ու սահմանների վրա... Բոլորը, ամեն ինչ գնաց կաշկանդվեց ու լռեց սև երախում։
Խոսքիս ահա կատակի երանգ տվեցի, բայց դույզն-ինչ չի փոխվում ոչ գույնը, ոչ էլ կշիռը ծանր ու սև այն պտուտահողմի, որ կուտակումն էր բոլորիս հոգիների չարության, որ թուրք քաղաքական այրերի ձեռքով սանձվել ու Վաթան էր կնքվել և մղվում էր հայակերության ասպարեզ և որ փլվելու էր ամենքիս ու ամեն ինչի վրա։ Հայերեն՝ ծռի, ռուսերեն՝ դուռաչոկի վստահությամբ ահա կռվի ելանք բազմագլուխ մի հրեշի դեմ, որի մոտավոր պատկերն անգամ չգիտեինք և որի վերջը մեր իսկ վերջն էր, որովհետև բազում գլուխներից գոնե մեկը մեր իսկ ուսերին էր։
Վանոն ինձնով ի՞նչ էր փորձում՝ իմ և «իմ ցեկայի» տիրոջական զգացումի չա՞փը, ի՞նչ էր ստուգում, որևէ բան փորձո՞ւմ էր, թե՞ ինձ նման ինքն էլ շփոթված էր խուճապահարույց ծավալներից այն իրականության, որ բանակային կանաչ պատյանը պատռել էր առայժմ թուրք խեղճ մի քաղաքում և բարձրանում ու պատյանը պատռելով՝ հառնում էր հսկայածավալ երկրի ողջ մակերևույթով մեկ։ Շատ ավելի՝ վերջինը, շատ ավելի՝ շփոթված էր։
Հետագան ճշտեց. կյանքի ու հրապարակի տերերը բոլորը (բոլորս) փախ֊չելու, բոլորս ծակուծուկերն էինք մտնելու, Վանոն չէր փախչելու։ Վանոն կանգնելու էր հրապարակում և իր ամեն ժամով ու ամեն օրով հաստատելու էր մի բան. «Այս է այս ժամի իմ հայրենիքը, և ես տեր եմ»։
... Ձեռաց ապրած ու վռազ բացակայած վարորդ մի հայրենակցի պատկերը իրենից՝ Վանոյից է անցել Վանո Սիրադեղյանի պատմվածք և այդ կարճ ու դիպուկ պատմությունից բազմապատկված ելնում է որպես շատերիս ու բազումներիս պատկեր, բազումներիս, որ կոչված էինք այսպես չապրել, բայց դատապարտված ենք ապրել այսպես։
Կույր, անհանգիստ, բնազդային, կարելի է ասել ոչ-մտավոր, այլ զուտ մարմնավոր, ասես կենդանական մի ծանր ջանք է հատկանշում Սիրադեղյանի կերպարների վարքը՝ ջանք դեպի գոն ու գոյի բարոյականությունը, որպես թե դեռ չկան և ուզում են իրենց կայացնել, որպես թե դեռ չեն ստեղծվել և ձգտում են իրենք ստեղծել իրենց։ Այդ համառ, կույր, անվերջ ձգտման մեջ նրանք տապալվում ու նոր անուններով հառնում են նոր գործերում՝ նորից տապալվելու և նորից ձգտելու չգոյից դեպի գո, անասունից դեպի մարդ։
Հին, հարյուրամյա խոսքով՝ Վանոն, ոչ կոչված էր լինել ողբերգակ, գուցեև ակնառու, ստիպված է հայոց մեր վայ-կյանքի հրապարակում քարշ տալ ողբակրի իր դերը, և փառք Աստծու, որ իր նման ոչ քիչ կոմեդիանտներիս մեջ ամենախրոխտը դարձյալ իր կեցվածքն է, ամենաուշը ինքն է ընդունելու պարտությունը մեր բոլորիս։
Այս Հրանտ Մաթևոսյանը ես եմ՝ գրեթե տասը տարի առաջ։ Տասը տարի անց՝ այս գրքի հրապարակման առիթով կարդացի իմ խոսքը և թերթեցի ամբողջ գործը, և հիմա հավելում եմ.-
1988-ին գրիչը ցած է դրել ի՜նչ խնամքոտ ու անվրեպ ձեռք, ճշմարիտ պատմումի ի՜նչ տիրական դեմք է ետ քաշվել գրականությունից, գորովի ի՜նչ հայացք է կտրվել երեխաների ու կենդանիների, ծերերի ու պարմանիների, կանանց ու տղամարդկանց մեր բազմությունից, որ գորովի, սիրող, ներող, մեզ, ինչպես որ կանք, այդպես ընկալող այդ հայացքում երբեք, ինչքան էլ մեզ կորցնենք, ինչքան էլ աղարտվենք ու աղավաղվենք, չենք տպվելու որպես ամբոխ, որովհետև մենք մայրեր ենք՝ իր մայրը, եղբայրներ ենք՝ իր եղբայրը, փոքրեր ենք՝ իր տղեկությունը, հայրենիք ենք՝ իր ապրելու, հաստատվելու, հանգչելու միակ տեղը, և վերահաս ժամանակի քաղաքական միտքը տասներկու տարի առաջ ի՜նչ անվրեպ է եղել՝ իր անցյալի մեր հարյուրներից ու հազարներից ընտրելով նրան, որ զորում է կեղծիքը խոտանել՝ լինի այդ կեղծիքը իրողությամբ ծանրացող կյանքի թե գրական իրականություն, ով կարողանում է իրեն չկաշկանդել ոչ անդիմադիր պայմանականությամբ գրական իրականության («Դե բան է՝ զրուցում ենք, էլի») և ոչ էլ համոզիչ ներկայությամբ կյանքի իրողության («Դե կյանք է՝ ենթարկվում ենք, էլի»), այլև իրեն հարատև երթուդարձի մեջ է պահում վերացարկումի և իրականի միջև։
Սա իհարկե վերադարձի հորդոր չէ մեր գրչեղբորը. դա կլիներ նրանց ցանկությունը, ում խաղաղ պատենավորումին նրա ներկայությունը խանգարում է. և հակառակը՝ հորդոր է ամրանալ քաղաքականության մեջ, որովհետև պատենավորումն այդտեղ՝ մեր բոլորիս դրաման դարձնում է համազգային ֆարս։

Be the first who will comment on this
Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

Student from Delhi
Student from Delhi
Play Online