Hrant Matevosyan

Դիմանկար

– Ձեր ապրած կյանքում Ձեր կարծիքով ո՞ւմ համար եք առավելապես ճանաչելի:
– Չեմ էլ ջանում, դա իմ գործը չի, իմ խնդիրը չի:
– Ո՞ւմ միջոցով եք լրացրել ինքներդ Ձեզ:
– Հիմա արդեն շատ քիչ մարդիկ են մնացել: Տագնապը, թե իմ ընկերները ինձանից առաջ են գնալու, նախկինում էլ ունեի, թե եթե նրանք գնան, ես էս աշխարհում ով եմ ունենալու:
– Հատկապես ովքե՞ր էին:
– Գուրգեն Մահարին, Սուրեն Աղաբաբյանը, Համո Սահյանը, Սուրեն Բուրսալյան անունով մի սքանչելի սփյուռքահայ ընկեր ունեի, վերադարձավ Ամերիկա: Իր գնալուց հետո ես ինձ կոտրված զգացի: Նրանք ինձ համար միջավայր էին ստեղծում: Հիմա էլ մի քանիսը կան՝ Լևոն Հախվերդյանը, Հովիկ Հախվերդյանը, որոնց կարելի է կառչել այս կյանքում:
– Ինչպիսի՞ն էր Ձեր նախնական աշխարհընկալումը, ինչի՞ էիք ձգտում, ի՞նչ էիք ակնկալում, որ ձեռք չբերեցիք:
–Դեռ վաղուց դաժան իրականությունից խուսափող, իրեն մի այլ աշխարհում տեսնող վեհերոտներից էի և ապավինում էի գրականությանը, գրքերի երկրում հայտնվեցի և մտքերիս մեջ, փառք Աստծո, լավերը եղան: Հովհաննես Թումանյանի գյուտն ի սկզբանե էր:
Էս աշխարհի վրա լայն քայլելու համար լեզուներ պիտի սովորեի, համաշխարհային մշակույթի սիմվոլիկաները ի սկզբանելու, յուրացնելու, և ոչ թե զուտ տեղային, այլ ոչ թե սովետական գաղափարախոսության սիմվոլիկան, որ օտարված էր աշխարհից: Եվ իմ անլիարժեքությունը՝ քաղաքացու և մտավորականի, թերի կրթության և կուսակցականության արդյունք էր: Բոլոր դեպքերում, ես կուզենայի համաշխարհային գրականության մեջ մեծ ընտանիքի լիարժեք անդամը լինել, մեղքը նետում եմ դաստիարակության վրա:
– Ձեր ծնողներից ի՞նչ հատկանիշներ եք ժառանգել, որից կուզենայիք խուսափած լինել:
– Չէ, հիմա ասացիք, և հորս հիշեցի, մորս հիշեցի, նրանց անշահ աշխատասիրությունը հիշեցի: Նրանք էնցիկլոպեդիկ երևույթներ էին:
– Հնարավո՞ր է, որ Ձեր գրականությունն այսօր ինչ-որ տեղ ժամանակավրեպ համարեք:
– Ժամանակավրեպ բառը դուք իմ վրա օգտագործեցի՞ք: Բոլոր դեպքերում ամբողջը, ինչը շահի պաշտպանությանն է ուղղված եղել, չեմ ասի, թե ժամանակավրեպ է, եթե այդպես է, ապա գոնե ազնիվ է: Իմ հոր, իմ ծնողի, իմ ժողովրդի գյուղական մասն է, որ թշնամի էր հայտարարված, որ պիտի ճնշվեր, որ էսօր էլ ճնշվում է: Երաշտը գրոհել է ոչ թե քաղաքային առևտրականի, մյուս բոլորի, այլ հողի և գյուղացու վրա, ես, կարելի է ասել, նրանց խոսափողն եմ: Ես հակված եմ եղել իմ Աստծուն փնտրել նրանց մեջ: Շատ հնարավոր է, որ իմ ծնողներին ու գյուղին ես կպած լինեմ իմ գրականությամբ: Ես իրենց մեջ եմ տեսել և սիրել Աստծուն:
– Իսկ գյուղական նաիվությունն առկա՞ է Ձեր մեջ:
– Նաիվություն չէ, ես հավատավորություն կասեի, երբ հարյուր անգամ խաբվում ես և դարձյալ չես հավատում, որ խաբված ես:
– Ո՞րն է Ձեր գրականության առավելությունը: Ի՞նչն էիք ուզում փոխել աշխարհում, որ փոխվեց կամ չփոխվեց:
– Ուզում էի Հայոց երկրի համար ավետարան գրել:
– Ձեզ մարգարե՞ եք համարում:
– Եթե մարգարե չհամարեի, եթե ամեն մեկը իրեն մարգարե չհամարի, իզուր է գրիչ վերցնում:
– Հրանտ Մաթևոսյան գրո՞ղն է առավել սիրված, թե՞ մարդը:
– Իզուր եք տարանջատում: Այդուհանդերձ, ինձ բարևել են զուտ իմ գրականության համար:
– Այդ առումով Ձեզ մենակ զգացե՞լ եք:
– Ես միշտ եմ մենակ:
– Լինո՞ւմ են պահեր, երբ աշխարհի դեմ չարանում եք:
– Ես չեմ չարանում: Եթե չարանում ես, նշանակում է բավականին միամիտ ես: Ես հավակնում եմ մտածել, որ միամիտ չեմ: Աշխարհն էն է, ինչ որ կա, իմ կարծիքով չի:
– Ունեցե՞լ եք բարդույթներ, որոնցից աշխատել եք ձերբազատվել: Շատերն են շեշտում, թե բանավոր դժվար եք արտահայտվում:
– Իսկ ովքեր են հեշտ արտահայտվում: Ովքեր բլեֆներ են նետում, սովորած ֆրազներ: Ովքեր իրենք են մեծ քաոսից զատում իրենց բառերը, վրիպումներ են ունենում, նրանք պարտավոր են կակազել, ետ ու առաջ անել:
– Ինչի՞ համար եք ափսոսում:
– Իմ գրելու լավագույն տարիքը 25–35 տարեկանն էր. հենց էդ ժամանակ Մաթևոսյանը պիտի ապահովվեր նվազագույնը օրվա հացով և գրելու տեղով, հենց այդ ժամանակ ես դարձած կլինեի էն մարգարեն, էն գրողը, որ պիտի լինեի, բայց էն տառապանքը, էն ամենօրյա հացի հոգսը հրաշալի տարիքը ձեռքիցս տարան:
– Ինչո՞վ էին զբաղված Ձեր այդ տասը տարին:
– Գրաշար՝ մեկ, սրբագրիչ՝ երկու, հետո էլ խմբագրության աշխատող: Հետո՝ եղավ կինոինստիտուտը և կինոդասընթացները, որոնք իմ լավագույն տարիներն էին: Յոթ ամսվա ընթացքում ստեղծեցի այն, ինչ որ ինձ ազգանուն շնորհեց, նաև՝ միութենական ճանաչում: Եթե ես այդ 7 ամսվա փոխարեն 10 տարի ունենայի, ես իսկապես խոշոր գրող էի լինելու, և վաստակս ավելի մեծ էր լինելու: Գրականությունը հասկացած մարդու ձգտում է եղել իմ ճանա-պարհը և հար ընթացք դեպի արև: Ես իմ ամբողջ շարադրանքը չեմ համարում գրականություն, ես հասկացել եմ գրականության իդեալը և միշտ ձգտել դրան:
– Երբ երիտասարդ, հզոր գրիչ եք տեսնում, ի՞նչ զգացում եք ունենում:
– Երբ ուժեղ գրիչ եմ տեսնում, իմ մեջ արթնանում է ընթերցողը, որը պիտի վայելի: Երբ տկար գրիչ եմ տեսնում, դա կարծես թե իմ մահն է: Վերջին օրերի տպավորությունս ասեմ. «Վարդանանքը» վերընթերցելիս ես տեսա, որ Դեմիրճյանը 65-ամյա ընթերցողիս դարձրեց պատանի:
– Պատահե՞լ է, որ մերժվել եք կանանց կողմից:
– Եղել եմ շատ սիրահարվող, միշտ մեծահոգի կանգնած, կուրացած, ոչ մի թերություն չտեսնող: Չգիտեմ, դրանք իրենք են եղել, թե պատկերացումների Լեյլին:
– Ո՞վ է եղել Ձեր մեծ սերը:
– Կինս:
– Ասում են, որ իշխող խառնվածք ունի: Կարողանո՞ւմ եք Ձեր տիրույթները զերծ պահել կողակցի իշխանությունից:
– Էլ ինչ կին, որ իշխող չլինի, ինչ կին, եթե երեխա է բերելու, ամուսին է պահելու, տիրություն է անելու, իշխող չի լինելու: Այստեղ, իհարկե, զանգեզուրցու հատկանիշ կա, կամային աղջիկ է իմ կինը: Լավ անձնավորություն է:
– Ինչո՞վ գրավեց նա Ձեզ:
– Դժվար հարցեր եք տալիս: 6–7 տարեկանից ինչո՞ւ են սիրահարվում: Ո՞վ գիտի: Մազերն այնպես արեց, գցեց ականջի ետևը, սիրահարվեցի: Պարզվեց, ինքն էլ է սիրահարվել: Ես ինստիտուտ ընդունվեցի ուշացումով, ինքն իր կողքին ինձ համար տեղ էր պահել:
– Ի՞նչ խենթություններ ունեք:
– Խենթություններ չունեմ, ինքնավերահսկումը միշտ կա, խենթերին չեմ սիրում:
– Ձեր արտաքինը Ձեզ դո՞ւր է գալիս:
– Իմ արտաքինը ինձ դուր չի եկել: Դրա համար էլ այն փորձել եմ սրբագրել գրականությամբ, գրականությամբ ուժեղ լինել:
– Ինչպիսի՞ն կուզենայիք լինել:
– Լավ տվյալներ ունեի, գիտեք: Մարմնամարզիկի տվյալներ ունեի, ֆիզիկական զորության պակաս էլ չկար: Կուզենայի հասակս լիներ 1 ու 65՝ իմ 1 ու 77-ի փոխարեն: Ինչո՞ւ: Որպեսզի կրծքավանդակս լիքը լիներ, թոքերս հզոր, առողջ աշխատավոր մարդ լինեի, ութ ժամ կարողանայի նստել, աշխատել, կանգնեի, մեջքս շտկեի ու հոգնած չլինեի:
– Ինչպիսի՞ ծնող եք եղել:
– Իմ երեխաների վրա չեմ բռնացել: Երեխաներիս սիրել եմ, երբեմն էլ մտածել, որ քնելն ավելի կարևոր է, քան արթնացնելն ու դպրոց ուղարկելը:
– Ե՞րբ է Ձեր դեմքը պայծառանում, ե՞րբ եք ոգևորվում:
– Փոքր հաղթանակների դեպքում, երբ տեսնում եմ, որ շարադրանքս անկենդան չեղավ, մի բանի պետք է:
– Ո՞ր միջավայրում եք Ձեզ լավ զգում և խմիչքն ընկերակցում է Ձեզ:
– Վերջերս բավական շատ եմ խմում, իսկ էն ժամանակները փախչում էի խմիչքից: Սիրում եմ լավ որակի կոնյակ, տնական օղի:
– Այս աշխարհում ի՞նչն եք ամենից շատ փայփայում ու վախենում դրա կորստի համար:
– Իմ ու քո երեխաների միասնական ապագան եմ փայփայում, դրա համար եմ տագնապում, չեմ կարողանում այդ տագնապն ինձնից վանել:
– Կյանքից հրաժարվելու ցանկություն ունեցե՞լ եք, սիրո՞ւմ եք կյանքը:
– Եթե քաջ եղած լինեի, պետք է, որ վաղուց հրաժարված լինեի, բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի հոտ, որին որ գայլը կուտի: Գուցե սա ինքնախաբեություն է կամ գուցե ես ինչ-որ դեր եմ ստանձնում որպես մահից խուսափող մարդ...

Be the first who will comment on this
Yatuk Music
What will I do without you
Sayat Nova

What will I do without you

Self-portrait
Self-portrait
Play Online