Hrant Matevosyan

Աշխարհում բոլորիս տեղը Հայաստանն է ցույց տալիս

«Դրօշակ»ի խմբագիր Ա. Վարդանեանի զրուցակիցն է
Հրանտ Մաթեւոսեանը

-Մեծ յոյսերու եւ դառն յուսախաբութեանց ժամանակը կ-ապրինք ազգովին. երազն ու իրականութիւնը միախառնուած են, իրենց հետ նաե՛ւ ցնծութիւնն ու վիշտը, ազատութիւնն ու սովը, կառուցումն ու աւարումը, հպարտութիւնն ու հայրենաթողութիւնը: Հայ քաղաքական միտքը կը դիմագրաւէ գերլարման մարտահրաւէրը: Հայաստանն ու հայութիւնը ելք կը փնտռեն. քսաներորդ դարու այս երկրորդ քննութենէն ձախող դուրս գալու իրաւունք չունինք: Մարտահրաւէրը ուղղուած է մանաւա՛նդ ազգային մեր իմաստութեան աւագ պահապաններուն՝ մտաւորական մեր ընտրանիին: Հայու Տեսակի վկայ Հրանտ Մաթեւոսեան ի՞նչ ուղի կը տեսնէ: Թէեւ ծաւալուն, զրոյցը ըստ ամենայնի արժանի է մէկ շունչով ընթերցումի:
Մեծ տեղաշարժեր եղան, շատ բան փոխուեց աշխարհի մեր մասում, եւ հիմա մի նոր գոյավիճակի մէջ ենք: Ո՞րն է ա՛յս օրուայ բնութագիրը: Մեր ընթացքի վկայագիր Հրանտ Մաթեւոսեանը ի՞նչ է տեսնում, ի՞նչն է կարեւորում, ի՞նչ ունենք ու ի՞նչ չունենք: Այս պաշարով ճամբայ կարո՞ղ ենք գնալ, ի՞նչ պիտի անենք, որ աշխարհում մե՛ր տեղը ունենանք, որ մեր տեղը ուրիշները ցոյց չտան:
- Երէկուայ օրով այդ հարցերիդ մի քիչ աւելի հեշտ էի պատասխանում, որովհետեւ մի տեսակ, փոխաբերական իմաստով, Աստծոյ պէս մի բան կար, ծանօթ այդ հարցերի պատասխանատուն Մոսկուան էր, եւ այդ ծանր հարցերը տեղնուտեղը, փառք Աստծոյ, տեղ հասցնողները կային՝ «չեկա»ն էր, մատնիչներն էին եւայլն, եւայլն: Այդուհանդերձ, մենք մեզ համարում էինք, ես ինձ համարում էի կայսրութեան քաղաքացիներից մէկը եւ կշտամբանք, թշնամութիւն, արմատական խնդիրների արծարծում, քննադատութիւն կարող էի անել ու յոյս ունէի, որ ահա հարցին պատասխանող կայ, Աստուած կայ՝ մի խօսքով: Եւ այդպէս խօսել ենք: Պայմանականօրէն ասած՝ մի տեսակ ձախ ուսիս վրայով ետ նայելով էի խօսում. կը լսեն՝ մի բան կ-անեն: Աստծոյ այսօրուայ չգոյութիւնը, ոտքերիս թէ մտքիս տակի կայսրութեան հիմնահողը, որի վրայ դատողութիւններ կարող էի անել, խօսել, քննադատել, այդ հողը մեր ոտքի տակից գնացել է, եւ ես սրտխառնուք ու գլխապտոյտի պէս մի բան եմ զգում. շատ ծանր վիճակ է ահա:
Լա՛ւ, եթէ նոյնիսկ հարցերի պատասխանը գտնեմ, ես կարողանալո՞ւ եմ ասել՝ ահա, այդ հարցերի պատասխանը կայ, հնարաւո՞ր է ասել: Ընդհուպ մինչեւ, ասենք, «Իմ Կիլիկիան» երգեմ, լաւ, որ ի՞նչ, պատմութեան հարցերը արծարծեմ, որ ի՞նչ: Եւ դժուար ես մտայ այս նոր ժամանակի մէջ: Դժուար հասկացայ, որ իսկապէս ոչ ոք ինձ իմ հարցերի պատասխանը չի տալու: Ի՛մն է, եղածը ա՛յս է, եւ ես, ե՛ս եմ հարցերիս պատասխանատուն, ինձ համար եմ պարզելու եւ ըստ այդմ որոշելու եմ իմ ապագայ ընթացքը:
Սա էսպէս՝ հարցերի պատմութիւնը: Եթէ կարճ ասեմ, եթէ կարճառօտ լինեմ, ի՞նչ եմ ասելու. հովիտներդ խլել են քեզանից: Այս «հովիտներ» բառի հետ յիշեցի. Աւստրիայում մի հարցազրոյցի ժամանակ ասացի՝ Աստուած ձեզ երկար պահի այս հովտում, այս Դանուբի հովտում առաջացել էք, ձեր պատմութիւնը այստեղ է ծաւալուել, այստեղ էք, կա՛ք: Մեր հովիտները մեզանից խլել են, հովիտները, դաշտերը խլել են, եւ ժողովրդի մնացածը քշուել է էս սարերի ծէրը: Աշխարհում այսքան գերխիտ բնակեցուած, այսքան նեղ պայմաններում ապրող ժողովուրդ չկայ: Սա փաստօրէն երկիր չի: Լինում է հո՛ղ, ժողովո՛ւրդ, պետութի՛ւն: Ուղղակի հող չկայ: Եթէ պատմութեան մէջ մի կարճ ժամանակ, մի 100-150 տարուայ ընթացքում այսքան ժողովուրդ այստեղ հաւաքուել-ապրել է, չի նշանակում, թէ այդ ժողովուրդը էս հողից է բարձրացել, եւ հնարաւոր է, որ այս հողը այսքան ծաղիկ սնի, այսքան մարդ ապրեցնի իր վրայ: Կայսրութեան մասն է եղել ուղղակի՝ ապրել է: Հիմա կայսրութիւնից անջատուած՝ իրականութիւնը, բիրտ իրականութիւնը յստակօրէն պարզում է. հների խօսքը քաղաբերելով՝ «Այծից՝ հայոց արքայ»: Իսկապէս, ինչպէս վայրի այծերը իրենց հովիտներից քշուեցին, քշուեցին-ընկան քարքարոտ լեռները, այծերի այդ վիճակում ենք՝ քշուած մեր միջնաբերդը: Կարող ենք պարծենալ, թէ այս լեռները մեր ամրոցներն են, սա այլեւս աննուաճ է, բայց այսպէս ողբերգականօրէն անջատուած, մեկուսացուած, թշնամանքով շրջապատւած երկիր չկայ, որը նաեւ հարստութիւն-հողեր չունի: Բնութագիրը սա է: Իրական վիճակը սա է:
Ի՞նչ ենք անելու: Թէեւ ամէն անգամ այդ հարցին անդրադառնալիս ես գիտեմ. պատերազմը՝ պատերազմ, կռիւները՝ կռիւ, քաջութիւնները՝ քաջութիւն, յուշերը՝ յուշեր, ազգային ոգին եւ ապագան՝ մի կողմ, բայց վերջին հաշուով այս ժողովուրդը, երկիրը այս հողի վրայ կարող է ապրել միայն համակցուած (ինտեգրացուած) տնտեսութիւնների միջոցով, հարեւան երկրների հետ առեւտուրով, յարաբերութիւններով: Եւ կարող է նոյնիսկ առաքելութիւն ունենալ իր շրջապատի աւելի թոյլ զարգացած երկրների մէջ: Ասենք թէ դրանք են՝ Արեւելեան Անատոլու-Արեւմտեան Հայաստանը, Իրանը, Վրաստանը, թէկուզ Ադրբեջանը եւայլն: Այսպէս՝ միայն մեր շրջակայ երկրների հետ համակցուած տնտեսութեամբ է հնարաւոր այս 3-3,5 միլիոն ժողովրդին այստեղ պահելը: Վիճակը դժուարանում է մանաւանդ, քանի որ այսօրուայ պայմաններում բացառւում է, բացարձակապէս բացառւում է մեկուսացումը աշխարհից՝ հոգեբանօրէն, մտքով կամ ֆիզիկապէս: Մտքով անգամ բացառւում է աշխարհից առանձնանալը: Պատմութիւնը քեզ շատ դառը ճակատագիր է պարտադրել, այդուհանդերձ քեզ տանող կերպարները, հայը այստեղից տանող կերպարները իր դառը ճակատագիրը չի, տարօրինակօրէն ամերիկեան, ռուսական, հզօր երկրների ապրելակերպերն են. ուզում ես լաւ ապրած լինես: Այսինքն՝ ուղղակի թաղուած ես աղքատութեան, անհեռանկարայնութեան եւ միւս բաների մէջ: Եթէ այլ տարբերակով գնայինք, կարողանայինք, ասենք, իսլամով դաստիարակուած չեչենների, միւսների պէս մի փակ տարածութիւն անել. մի ժողովուրդ՝ մի բռունցք, եւ իսկապէս մեկուսանալ, ինչը անհնար է, դարձեալ շատ դժուար էր լինելու: Այդ տարբերակը մեր տեսակի համար բացառուած է: Յիշիր թէկուզ միայն Սփիւռքը: Թէկուզ ամէն անգամ երբ Սփիւռքին շատ մեծ դեր էր տրւում, խաբկանքը տեղնուտեղը իրեն ցոյց էր տալիս, որ խաբկանք է, բայց այդուհանդերձ մենք աշխարհով մէկ փռուած ժողովուրդ ենք, կէսը դրսում է, կէսը՝ ներսում. մեզ համար Չեչնիա չէինք կարող սարքել, փակուել չէինք կարող:
Եւ՝ ահա: Բնութագիրը սա է, փաստօրէն՝ դժուար: Բայց սա բոլորը գիտեն, սա ի զուր է ասւում: Չեմ կարող մեղադրել, թէ ժողովուրդը դուրս է գնում, չեմ կարող մեղադրական կարդալ: Չնայած, գիտեմ, որ դարձեալ խաբող մի բան է, երբեմն մէջս մարտիկն է բարձրանում, զինուորն է բարձրանում եւ ասում է՝ կանգնե՛լ: Բայց ի՞նչ անել: Ջարդե՛լ, յաղթե՛լ, յետո՞յ: Լաւ, յետո՞յ: Ինձ տանող-առաջնորդող կերպարը ո՞րն է:
- Ասում էք՝ հող չկայ, երկիր չկայ, ազգի շարունակման համար կենսատարածքներ ազատագրելը ձեւ է, գուցէ գրաւելն էլ ձեւ է:
- Եթէ տարածքներ էլ չգրաւենք, Ղարաբաղը չզիջելը արդէն դարձել է կենսակերպ: Պարտադիր մի բան է չզիջելը գոնէ: Եւ այդ կէս միլիոն փախստական ժողովուրդը, որ քեզ համար կար, եւ դու հեռատեսութիւն ու զօրութիւն չունեցար Արցախում ապաստան տալ նրան, Ղարաբաղը դարձնել նրա իրաբնակ հայրենիքը: Ահա, այդ կէս միլիոն գաղթականների շահերը, սա էլ կարող է արծարծուել հիմա կամ այն ժամանակ տեղնուտեղը պիտի արուէր: Տեղնուտեղը այդ նոյն ժողովուրդը պէտք է բանակ դարձուէր ու ասուէր. ես փախստակայան չեմ, դու այնտեղ հող ունես եւ քո հողով արի իմ տուն: Ճի՞շտ է: Դու քո հողով արի: Դու այնտեղ ունեցուածք ես ունեցել, մօրէ-մերկ այդպէս դուրս քշեն... Դարերով-տարիներով, իրենց հետ հաւասար շէնացրել են, Բաքուի բերդը միասին են հիմնել: Ցիցիանովի մարմինը հայերն են իրենց գերեզմանոցում թաղել: Գլուխը կտրել-ուղարկել էին պարսից Շահին: Ահա՝ գիւղը կայ, բերդը կայ: Հայի գիւղը այն ժամանակ կար: Բնիկներն էին, իրաւատէ՛ր: Ահա՛. նրա՛նց բաժինը, նրա՛նց տարածքը: Ես չգիտեմ, ես շռայլ-շքեղ-մեծահարուստ մայրը չեմ Հայաստանս՝ թէ, ահա, եկէք-փախէք-եկէք, յոգնաբեկ ճայեր, կամ ես ինչ գիտեմ՝ ինչ, հալածուածներ, եկէք: Չէ: Դուք ձեր ունեցուածքով եկէք, դուք այնտեղ հող ունէք, եկէք ձեր հողին տէր կանգնէք, ես ձեզ պաշտպանելու եմ: Փախստականութիւն երեւոյթն էլ աշխարհի պրոբլեմներից է: Ռուսները որ նրանց վերցրել են, ինչո՞ւ են վերցրել, սա ի՞նչ բան է, ինչո՞ւ են նրանք՝ ռուսները կամ ամերիկացիները, փախստականի կարգավիճակ ստեղծել: Ի՞նչ է սա: Մարդկային մտքի նեղութի՞ւն ասեմ, ի՞նչ ասեմ: Այդ դէպքում կարող եմ մտածել, որ ջարդերը, մեծ գաղթերը յատուկ սարքւում են, ինչպէս Շահ Աբասը կամ Սուլթան Սուլէյմանն էին անում, գուցէ դա էլ ժողովուրդներ փախցնելու, ժողովուրդներ իւրացնելու ձեւ է. մի դէպքում գաղթեր կազմակերպելով, մի դէպքում՝ ջարդեր հրահրելով:
- Այսինքն՝ փախստականի միջազգային կարգավիճակը նաեւ այդ երեսը կարող է ունենալ:
- Կարող է դա էլ ունենալ: Վերջին հաշուով, եթէ էդ ժողովուրդը գնացել միջին Ռուսաստանն է շէնացնում, ես պիտի մտածեմ՝ ըստ երեւոյթին կազմակերպուած բան էր, որովհետեւ դրանից առաջ յօդուածներում գրում էին, թէ սեւահողային գօտին ամայացել, ժողովուրդը հարաւ է լցուել:
Հիմա ասում են՝ միայն տեսնես, թէ այնտեղ ինչ շինարարութիւն է գնում: Երկիր են ծաղկեցնում: Իսկ քո երկիրը... Երբ հնարաւորութիւններ կային, պիտի կարողանայինք երկիր լինել՝ Իսրայէլ կամ չգիտեմ՝ ինչ, ու էդ ժողովուրդին տէր կանգնել: Պիտի բանակ դարձնէինք եւ նրանց միջոցով, մեր միջոցով էդ ժողովրդի իրաւունքը իրենց իսկ հողի վրայ պաշտպանէինք:
- Իսրայէլի փորձը կար: Պետութիւն դառնալուց յետոյ երկիր եկածների նկատմամբ նրանց վարած յատուկ քաղաքականութեան օրինակը կար, իսկ մենք ուրիշներից չէ, մեր պատմութիւնից էլ դաս չենք քաղում: Բայց չնայենք պատուհանից դուրս ու վերեւից գնահատական չտանք, չդատենք, մեր հոգեբարոյական վիճակը արձանագրենք, այսինքն՝ անուն տալով Ձեր հոգեվիճակին, փորձենք բնութագրել մեր այսօրուայ վիճակը:
- Ես եթէ կարճ եմ ասում՝ չեմ ուզում պատմութիւն պատմենք, դա արդէն անցած փուլ է. երէկ մեծ տէրութեան քաղաքացիներն ենք եղել, հիմնահարցերը դարձեալ յետաձգել ենք՝ ազգային մտքի նեղութիւն կամ ծուլութիւն ենք ասում՝ մեր անելիքը չենք արել վերջին հաշուով: Եւ ըստ երեւոյթին հիմա, նոր վիճակներին, այս հինգ տարիներին մեր մէջ եղած այլասերմանը, վերափոխութիւններին տէր կանգնելով, այդ վիճակներից ելնելով՝ պիտի դատենք-իմաստաւորենք-աշխատենք: Նոր ենք մտածում. այսպիսի արտայայտութիւն էն ժամանակ իմ բերանից դուրս չէր գայ: Իմ հայրենակիցներն են բաքուեցիները, այն ժամանակ չէիր ասի, հիմա կ-ասես՝ նոր վիճակ է: Սա ապաստանարան չի, փախստակայան չի: Խնդրեմ՝ զէնքը ձեռքիդ արի, արի՝ միասին կռուենք քեզ համար: Քո հողով արի: Ես այդքան հարուստ չեմ: Քո հողով արի: Ես մերկեր չեմ ընդունում իմ տուն:
- Այո, բայց գոնէ սկզբում, այս վիճակը բնութագրող ամբողջական խօսքը ասուի: Ի սկզբանէ բանն էր... Դուք էք գրել՝ խօսքը հնչեց, կը կատարուի, գործողութիւնը չի կարող չյաջորդել: Թէ՞ դուք կայսրութեան մէջ իրացուել-աւարտուել էք: Այսօր անուն տալու համարձակութիւնը չէք ուզում վերցնել: Երէկուայ անունը տուել էք, այսօրուայ անունը ո՞րն է, այսօրուայ փաստի արձանագրումը ո՞րն է:
- Երէկուայ վիճակի այլանդակութիւնները ես գիտեմ: Ահա այդ նոյն դիմազրկուած, անշարժ, դատողութիւնների մէջ անհամարձակ, աննախաձեռնող հայ մարդն էր երէկուայ վիճակով եւ չկարողացաւ վիճակին իր անունը տալ, անունը բանաձեւել ու օրուայ վիճակից ելնելով՝ օրուայ քաղաքականութիւն անել: Ես այդքան էլ սիրահարուած չեմ երէկուայ վիճակին:
- Ձեր ամբողջ գործը վկայ է, որ սիրահարուած չէք:
- Եւ անընդհատ գիտակցօրէն ջանում եմ անպայման այդ երէկւայ համապատկերը չկորցնել: Այդ ծուլութիւնը, այդ չաշխատելը: Եւ իմ ելոյթներից մէկի մէջ էլ շատ յստակօրէն համադրեցի՝ էստեղի եւ էնտեղի հայը. իմը՝ նոյն ջանադրութեամբ, նոյն աշխատասիրութեամբ եւ աղքատութեան եզրին այդուհանդերձ: Երկուսի ճակատին էլ յաղթանակ կը կնքէի, մէկը ամերիկացի մեծահարուստ է, միւսն էլ մեր գիւղացի այսինչի տղան, որ ահա կայ միակ ծակ տաբատով: Երէկուայ հանդէպ քննադատական վերաբերմունքը իմ մէջ եղել է ու կը լինի եւ, չտայ Աստուած, որ յանկարծ դէպի ետ շարժում լինի: Ուղղակի մէջքս փշաքաղւում է, որ նայում եմ, թէ այս ժողովուրդը ինչպէս է հոսում դէպի երէկուայ օրը: Այսօրուայ մասին եմ ջանում դատել, առաջնորդող կերպարներս այսօր են, իմ տղաները ինձ սիրում են. դա կը լինի նախարար, զինուոր, թէ կոյր տղայ: Կոյր տղաներ են վերջին հաշուով, կոյր արծիւներ են: Կոյր մարդիկ են: Առաջին անգամ են բախւում ծանր իրականութեանը, առաջին անգամ են իսկապէս պատմութեան դէմ առ դէմ մենակ: Այդպիսի ծանր վիճակների առաջ թերեւս մէկ էլ անցեալին՝ 14 թուականի ամրանը, Դաշնակցութեան 8-րդ համաժողովի ժամանակ Ռոստոմին եւ միւսներին տեսայ՝ պատմութեան ծանր հիմնահարցերի առաջ ընկճուած ու ճնշուած կանգնած: Այդպիսի ֆիզիքական մենակութին ես զգացել եմ, երբ կնոջս հետ Անիի սահման էինք գնացել: Մեր տէրը ընդամէնը մի ռուս 18 տարեկան տղայ էր, որը, կարծեմ, ատրճանակ էլ չունէր: Մեր փառահեղ աւերակների տակ կանգնել էինք. այդպիսի անպաշտպանուածութիւն, այդպիսի զարհուրելի չպաշտպանուածութիւն: Չգիտեմ: Ասենք, թէ երէկուայ մարդն էր կանգնած այդտեղ:
Ընդհատւում է խօսքս եւ չի ստացւում: Վերադարձը չեմ ուզի: Երէկուայ վերադարձը նոյնքան սարսափելի է: Չի լինի նաեւ, իսկապէս չի լինի, դա ատաւիզմ է, ես ի՞նչ գիտեմ՝ մեռելահարցուկ է, չգիտեմ: Բայց մի ուրիշ բան գուցէ թէ կարող է էս դժբախտներին մէկ խելքի բերի, եւ էն լաւը, որ իսկապէս երէկուայ մէջ կար, որ իրողութիւնն էր եւ ինչ-որ մի բան տալիս էր մարդ անհատի արծարծման համար, գուցէ թէ դա ուշքի բերի, չգիտեմ: Բայց միւս կողմից էլ միշտ ջանքդ, մտածելու ճիգդ անտեղի է դարձնում այն գիտակցութիւնը, որ իրականացնելու համար մեքանիզմներ պիտի ստեղծես: Մեքանիզմները կա՛մ կարող են երկար ժամանակները առաջացնել, երկար ժամանակների մէջ առաջանալ, կա՛մ արկածախնդիր եւ շահագրգիռ ուժերի ձեռքին յայտնուեն: Այդ դէպքում դու կարող ես դառնալ ինչ-որ գործիք-զանգուած: Բանակային կազմաւորման մաս, կուսակցութեան մաս, ամբոխի մաս: Շատ վախենալու տեղ է: Իսկ միւս կողմից էլ, մեր բնաւորութեան մեծ բացն է գուցէ, որ ես ահա մեքանիզմներ, իրականացնելու միջոցներ հնարելու մէջ շատ խեղճ եմ ու չեմ կարող, փաստօրէն, երկու մարդու աշխատանք կազմակերպել կամ թէ չէ զուտ այս միտքը ծաւալելու համար մի հինգ լրագրողի, հինգ գրողի, հինգ երիտասարդ կարող ուժի լիցքաւորել, որ այս գաղափարը տարածուի: Նոյնիսկ այդ իմաստով ես անկարող եմ:
- Պարզ է՝ Հրանտ Մաթեւոսեանը մեքանիզմներ չի ստեղծելու: Բայց Հրանտ Մաթեւոսեանը խօսքն է ասելու: Վերադառնանք անցեալին, եթէ այն ժամանակ ձեւակերպուած-նպատակադրուած գործունէութիւն ունենայինք, այդքան ծոյլ չլինէինք, այդքան ապահովուած չլինէինք, այդ հիմքը մենք այսօր կ-ունենայինք եւ այս վիճակում չէինք լինի: Այսինքն՝ խօսքը Հրանտ Մաթեւոսեանը պիտի ասի, իսկ մեքանիզմներ ստեղծողները 100 տարի յետոյ, 50 տարի յետոյ, 10 տարի յետոյ կը գան - կը լինեն, չգիտեմ: Իր խօսքը Հրանտ Մաթեւոսեանը պիտի ասի: Հիմա այդ խօսքը ո՞ւր կը տանի, ի՞նչ կը դարձնեն այդ խօսքը, ինչպէ՞ս կը շահարկեն, ի՞նչ կ-անեն, դա արդէն իր խնդիրը չէ, ինքը իր խօսքը չասելու իրաւունքը չունի, չի կարող չասել: Ինքը խօսքի պատասխանատուն է, ինքը իր գոյութիւնը արդարացնում է այդ խօսքը ասելով:
- Մաշող կասկածը կայ նաեւ գուցէ իմ մէջ, որ լռում եմ: Լռում ես, որովհետեւ վստահ չես խօսքիդ ճշմարտութեանը: Կասկածները էդ ժամանակ իսկապէս քեզ մաշում են: Այլ դէպքերում թուացել է, թէ ուղղակի էդտեղ խօսքի կարիք չկայ. լուռ, գործնական աշխատանքի ժամանակն է: Դրա համար եմ մեքանիզմների մասին խօսում: Յետոյ իմ ասած թուացեալ խելացի ելքերը շրջանցուել են, մնացել են մի կողմ, եւ յետադարձ հայեացքով տեսել ես, որ դա էլ ելք չէր: Դա էլ, ուրեմն, խաբկանք էր, ելք չէր: Կոպիտ օրինակով ասեմ՝ ինչպէ՞ս կարող էր պատահել, որ սովետական բանակը, ռուսական բանակը Եւրոպայից այդպէս չհանէին: Բանակը պիտի թշնամի ունենայ: Բանակին սովորեցնում են ատամները կրճտացնել, թշնամիներ յօրինել, թշնամիների վրայ զինուել եւ անընդհատ հարուածողի դերի մէջ լինել: Ինչպէ՞ս կարող է թշնամի չունենայ, բայց բանակը պահի: Թշնամին բանակից հանեցիր, բանակը ոգին լքած՝ մեռած մարմին է դառնում: Հրասայլերը ինչո՞ւ պիտի Գերմանիայում մնային, երբ Գերմանիան բարեկամ երկիր է: Դանդաղ էլ չէին կարող հանել: Ասենք՝ տարին մի երկու տանկ, մի հարիւր զինուոր: Գաղափարը, գաղափարախօսութիւնը ոչնչացուել էր, եւ գաղափարախօսութեան հետ էլ պիտի ոչնչացուէր մարմինը: Եւ էս փլուզումը, խուճապը, էս դժբախտութիւնները, որ ասում ենք, պիտի լինէր հէնց էս ձեւով, ինչպէս որ եղաւ: Էս դէպքում արդէն, էս ճշմարտութիւնը գտնելուց յետոյ, արդէն ոչ մէկին չես կարող մեղադրել: Ո՛չ Գորբաչովին կարող ես մեղադրել, ո՛չ դեմոկրատներին, ո՛չ Ռէյգանին եւ ոչ էլ որեւէ մէկին: Հասունացել էր դանդաղ եւ էսպէս էլ պիտի լինէր:
- Համազգային կառոյցի խնդիրը: Հնարաւո՞ր է նման բան: Ձեր պատկերացումն ի՞նչ է: Որովհետեւ՝ մենք ի՞նչ ենք ունեցել. եկեղեցի ենք ունեցել որպէս համազգային կառոյց, որն այսօր իբրեւ ազգի կազմակերպման ամբողջական միջոց չի ծառայում եւ չի էլ կարող ծառայել: Բայց հնարաւո՞ր է նման բան, համազգային ինչ-որ կառոյց, պարտադիր չէ անպայման մարմին հասկացուի, ինչ-որ մի ընդհանուր միաւորող բան: Կարիքը կա՞յ դրա, անհրաժեշտութիւնը կա՞յ: Ձեր պատկերացումը: Եւ եթէ կայ նման բանի կարիքը, ի՞նչն է խանգարում: Տեսէք, այսօր խօսում ենք հայաստանցու եւ սփիւռքահայի տարբերութիւնների մասին՝ հոգեբանական, տնտեսական, ընկերային: Նաեւ ինչ-որ իմաստով տարբեր ժողովուրդներ են: Պիտի գնայի Աթէնք, Ռուբէն Յովսէփեանը լաւ ձեւակերպում արեց: Աղուան,- ասաց,- իսկ չե՞ս վախենում, որ գնաս Յունաստան՝ դառնաս սփիւռքահայ, յետոյ վերադառնաս էստեղ՝ դառնաս ախպար: Տարբերութիւնները կան ուրեմն, մինչեւ այստեղ: Բայց եթէ համազգային կառոյցի կամ ազգը կազմակերպող ուժի պատկերացումը կայ, այսօր խոչընդոտները, խանգարող բաները որո՞նք են: Այդ հնարաւորութիւնները մենք աւելի չե՞նք պակասեցնում: Գայթակղիչ է օրինակը հրեաների: Մեր տարբերակը չէ, ճիշտ է, բայց մեր տարբերակը հնարաւո՞ր է գտնել:
- Գայթակղիչ օրինակ է իսկապէս, բայց դա միայն հրեաների մենաշնորհը չհամարենք, որովհետեւ բոլոր մեծ ազգերը, իրապէս կայացած ազգերը ունեն այդ: Չկայ որեւէ ցեղ, ազգ, որ իր խօսքը չունենայ, բայց ունենայ իր տնտեսութիւնը, իր տնտեսական հզօրութիւնը: Ունի իր գաղափարախօսութիւնը, իր ազգային գաղափարախօսութիւնը եւ դրա հետ՝ իր տնտեսութիւնը: Յաճախ մենք էլ ենք խօսակցութիւնների-բաների մէջ մտածում-ձեւակերպում՝ մերոնք իրենց տալիս են կօշիկի առեւտուրի, նիւթական բարիքների կուտակման, բարեկեցութեան, չեն տալիս բանի աշխարհին, խօսքի աշխարհին չեն տալիս: Եւ ահա այդ պատճառով էլ միջազգային լրատուութեան ասպարէզում ոչ ոք ենք, մեր պատմութիւնը ոչ ոք չգիտի, մեր պատմութիւնը ոչ ոք չի ճանաչում: Ահա՛: Եւ նման դէպքերում մտածում ես՝ մտաւոր յետամնացութի՞ւն է, թէ՞ չհասկանալ: Թէ՞ Սասունցի Դաւթի պէս, ինչպէս էպոսում է, Դաւիթը ձեռքը առաջին հերթին ոսկուն գցեց եւ ոչ թէ կրակին: Հը՞: Բայց պատմողը նրա ձեռքը կրակին է տանում, ահա, որպէսզի փրկի: Ոսկուն պիտի գցէր կարծես թէ: Ու մի քիչ, կարծես, ազգի հետ այս իմաստով աշխատելու տեղ կայ:
Բայց հիմա՛ ես ինչ եմ ասում: Փաստօրէն ազգը, երբ ֆաշիզմի դէմ պայքար էր բացարձակուել, Գերմանիայի դէմ պայքար էր բացարձակուել, ազգը առաջին նուիրեալներից էր՝ յանուն Սովետական Հայաստանի, ընդդէմ ֆաշիզմի: Էդտեղ քարոզչութիւնը անպայման նշանակութիւն ունէր, միջազգային համերաշխութիւնը անպայման նշանակութիւն ունէր, բայց դրանք բոլորը չչափազանցնենք. քարոզչութիւնը, խաբկանքը գուցէ եւ կային: Հիմա ամէն ինչ արծարծւում է, արժէքները վերագնահատւում են, ամէն տեսակ յիմարութիւններ դուրս են տալիս, բայց իսկապէս վերցնենք էն ռացիոնալ միջուկը, իռացիոնալ-ռացիոնալը, որը իսկապէս յատուկ է մեր ազգին: Իրենց մայր հայրենիքի վրայ վտանգ էր կախուել. ամբողջ Սփիւռքը, ահա, կուտակուել էր, իրեն տուեց իր մայր հայրենիքը՝ ստալինեան Հայաստանը փրկելու, օգնելու: Ահա՛: Դա նաեւ տուրք էր Սովետական Միութիւն ասուած զօրեղ ուժին: Եւ իր ժամանակի մէջ էր՝ կոմունիզմի գաղափարն էր, բռնութիւնն էր, ֆաշիզմի վտանգն էր. էս ամբողջը երկիրը դարձրել էին շատ նկատելի մի բան, որին շատ հայեացքներ էին յառուած, Հայաստանն էլ դրա մի մասն էր: Եւ այդուհանդերձ դա տուրք էր ուժին: Շատ ցաւով եմ ասում, բայց երկրաշարժի ժամանակ ամբողջ համաշխարհային հայութեան խլրտումը, ուղղակի սրբապղծութիւն է հնչում իմ բերանից, բայց այդուհանդերձ տուրք էր, գնացք, ուխտագնացութիւն էր առ ոտքը Ռէյգանի եւ Գորբաչովի: Զօրեղների՛: Ահա, Ռէյգանը երեսը էս կողմ՝ Գորբաչովին դարձրեց, եւ համաշխարհային հայութիւնը շրջուեց դէպի Գորբաչովը: Սա ճշմարտութիւն է: Շատ ցաւալի է. մենք, ուրեմն, պակասաւոր ազգ ենք, որ առանց բռնութիւն, ահա, չենք կարողանում գիտակցել, թէ ինչ վիթխարի կորուստ կը լինէր Հայաստանի, թէկուզ՝ սովետական, վերացումը, բացակայութիւնը իւրաքանչիւր սփիւռքահայի, իւրաքանչիւր հայի համար: Մի՞թէ նրանք չգիտեն, որ իրենք չեն լինի, եթէ մենք չլինենք: Խօսքը կապերի մասին չէ, խօսքը նիւթական տուրեւառի մասին չէ: Խօսքը էն է, որ մեր ներկայութիւնը նրանց պահում է: Եւ նրանք այլ կը լինէին մեր բացակայութեամբ: Մայր հայրենիք չունենալու դէպքում նրանք բոլորովին այլ կը լինէին: Չգիտեմ՝ ինչպիսի՞ն կը լինէին: Ըստ երեւոյթին առանձին խոկումների ժամանակ իմ հարցի պատասխանն աւելի ճշգրիտ կը գտնեմ: Եւ էս գիտակցութիւնը բոլորիս պիտի գնայ, եւ աշխատանք իսկապէս պիտի տարուի: Եթէ դա էլ է խաբկանք լինելու՝ ամբողջ աշխարհն է խաբկանք, ամբողջ պոեզիան է խաբկանք: Սուրբ գրքից սկսած՝ ամբողջ բանաւոր խօսքը: Դրանք ամբողջն են վրիպակ: Մենք եթէ հիմա տրուենք էս վրիպանքին, եթէ էս խաբկանքի քարոզչութիւնը անենք, շատ մեծ խաբէութիւն չի լինելու աշխարհի մնացած բոլոր խաբէութինների համեմատութեամբ: Երեւի արժի նուիրուել, տրուել դրան: Եւ յետոյ էդ խաբկանքը կարող է իրական արժէքներ ստեղծել, իսկական մեծ արժէքներ ստեղծել: Դա վրիպանք չի լինի, Աստծոյ ճշմարտութիւնից շատ հեռու մի բան չի լինի, առանց այդ էլ ճշմարտութիւնը չգիտենք ինչ է: Ճշմարտութիւնից հեռու մի բան չի լինի: Եւ էն մարդկայինին, էն վերինին, էն մեծին, որին ձգտում են, էդ ինքնակայ ոգուց, նիրվանայից, էդ մեծ ճշմարտութիւնից հեռու մի բան չի լինի ազգային մեծ գաղափարի գոյութեանը տրուելը: Որովհետեւ հայի քո կեղեւը եթէ դու լքում ես, հայի քո գետտոն եթէ լքում ես, էդպիսի բան չկայ, համաշխարհային ասուած էդ բանը չկայ, որ տրուես նրան: Քեզանից մեծ բան չկայ: Ազգից, ազգային կառոյցից աւելի մի մեծ բան չկայ, որ դու տրուես նրան: Գուցէ վերեւում մի բան կա՞յ: Ասենք՝ Շեքսպիրը: Ասենք՝ Շեքսպիրների ազգը: Ասենք՝ կայ այդպիսի մի բան, բայց որպէս կառոյց, որպէս վերացարկում, Աստծոյ վերացարկում, էդպիսի մի ուրիշ բան չկա՛յ: Երբ քո տնից դուրս ես գալիս, տրուելու ես նեգրերի՞ գետտոյին, կորեացիների՞ գետտոյին, ճապոնացիների՞, գերմանացիների՞: Ո՞ւմ: Ո՞ր գետտոյին ես տրուելու, ո՞ր ցեղի մէջ ես մտնելու:
- Այսինքն՝ նրանց գետտոները կան: Նրանք ունեն իրենց ազգային գաղափարախօսութիւնները:
- Կան, ունեն: Նրանք առանց այդ էլ հակուած են քեզ իրենց մէջ չառնելու: Նրանք հակուած են իրենց մէջ փակուած մնալու: Եւ ճիշտ պիտի լինէր՝ դու վերադառնայիր դէպի քոնը, քո՛նը գտնէիր, քո՛նը պահէիր: 2000 տարի էդպէս է եղել, 2000 տարի էլ դեռ էսպէս է լինելու:
- Ստիպուած եմ այստեղ նախագահի երկու օր առաջուայ ելոյթից (այս զրոյցը տեղի է ունեցել 1994-ի ապրիլի 27-ին, Երեւանում) յիշեցնել այն հատուածը, ուր մերժում, կեղծ հասկացութիւններ է համարում ազգային համաձայնութիւնը, ազգային գաղափարախօսութիւնը:
- Դրան էլ կարելի է պատասխանել. միշտ, ամենահամապարփակ գաղափարներն անգամ ողջ ազգին չեն կարողանում հաւաքել մէկ եւ նոյն կառոյցի մէջ, միշտ էլ, ամենալայնախոհ կուսակցութիւնների գաղափարախօսութիւններից, ամենաազատախոհ կուսակցութիւնների ընդգրկումներից անգամ, վիթխարի զանգուածներ են դուրս մնում, որոնք ոչ մի ազգային բանի չեն տրւում:
- Բայց իր ասածի իմաստը այն է, որ մեր նպատակը, մեր ծրագրերը իրականացնելու միջոցները համամարդկային, ունիվերսալ արժէքներն ու գաղափարներն են, ինչը ընդհանուր է բոլորի համար, եւ ազգային առանձնայատկութիւն չունի:
- Համամարդկայինը իրացւում է հէնց ազգայինի միջոցով: Դու որպէս հայ, որպէս մարդ, դէպի մարդը որպէս ազգ ես գնում, դու որպէս մարդ՝ կաս որպէս ազգ: Մարդու քո անունը հայ է, դու որպէս ազգ՝ կաս որպէս մարդ: Կարծես՝ ձեւակերպումը գտանք: Յետոյ մի բան կայ. էդ գորշ սարսափը, առհասարակ էդ ապազգային դիմագիծը, ապազգայնացումը գուցէ մարդու քո բեռը թեթեւացնում է, բայց բոլոր դէպքերում մարդկութիւնը, բոլորը, էն երեխայի պէս, որ վախենում է պաղ գետը ցատկել, ահա մարդկութիւնը չի ուզում գնալ էդտեղ: Դրա հետ դու հաշուի պիտի նստես: Էդ գորշութիւնը: Ռուսները երէկ աւելի էին վախենում մեր ռուսանալուց, քան՝ մենք մեր ռուսանալուց: Ո՞ւմ է պէտք էդ գորշութիւնը: Ո՞ւմ է պէտք, երբ աշխարհը բազմազան չի, ո՞ւմ է պէտք, երբ փիրուզը բացակայուած է, գոյները բացառուած են, եւ՝ միասեռ, միատիպ, միալեզու գորշութիւնը ամբողջ աշխարհով մէկ տարածւում է:
- Միալեզու չասենք, ասենք՝ միագաղափար: Դեռ տարիներ առաջ, 1990-ին, «Հայք»ում էի աշխատում այն ժամանակ, այսպէս մի հարց էի ուզում ուղղել Ձեզ. լաւ, ի՞նչ բան է այս ժողովուրդը, հայ ժողովուրդ ասւածը ի՞նչ բան է, ինչո՞վ է տարբեր, իր մէջ եղածը՝ էպոսից, դրանից շատ աւելի առաջ ձեւաւորուած, արտաքին ազդակները, պայմանները թողնենք մի կողմ, ի՞նչ բան է: «Մեր բացառիկ տեսակը» հասկացութիւն կա՞յ: Բացառիկ է՛ն իմաստով, որ կողքինից տարբեր է, նա էլ է բացառիկ, կողքինն էլ է բացառիկ՝ իր տեսակով: Սրա հիմքերը՝ մշակութաբանական, գոյաբանական հիմքերը որո՞նք են, ինչպէ՞ս է սա ձեւակերպւում-ամփոփւում: Եւ նորից, մի քիչ էլի որոշակիացնելով, ազգային գաղափարախօսութեան մերժումը, փաստօրէն, ազգը որպէս հասկացութիւն մերժելը, որ ուղղութիւն է, գաղափար է, ի՞նչ վտանգ ունի իր մէջ: Դրան համարժէք պատասխան պիտի տրուի՞: Իր դիրքերից հանրապետութեան նախագահը արժէքներն ունիվերսալացնում ու անդրազգային գաղափարախօսութիւն է ձեւակերպում: Ինքը իր ուժը գիտի, իր լծակները ունի այսօր, հեշտ ասում-անցնում է:
- Հեշտ, բայց վճռական մարդու ասած մակերեսային խօսք է: Իսկապէս, մեզ համար շատ դժուար է հիմա այլ բանաձեւումներ գտնել, որոնք աւելի մօտ են ճշմարտութեանը: Ազգայինի ժխտումը հեշտ է նաեւ: Դա մտքի փախուստ է, մտքի փախուստ է ճշմարտութիւնը ճանաչելուց, ազգային ճակատագրից: Փաստօրէն, նախագահը նաեւ ապաւինում է միջազգայնականութեանը: Դա գեղեցիկ է, հասկանալի է: Եւ գիտեմ նաեւ իր նեղութիւնը: Ես գիտեմ նաեւ՝ մեր ամենավճռականները անգամ, ամենաազգայնականները ծանր վիճակներում, երբ ուղղակի թշնամին զուտ անկիւն էր քեզ խցկել եւ քեզ ոչնչացնում էր որպէս հայ, դու դարձեալ տրուել ես ինտերնացիոնալին եւ նրա մէջ մարդ ես փնտռել: Հիմա եթէ էդ նոյն վիճակի նեղութիւնից է գալիս, էդքանով ես հասկանում եմ: Բայց սա ճշմարտութիւնից հեռու է:
Հայ ժողովուրդ ասուածը... ասում ես՝ մեր մեծերի խօսքն ու գործն է: Ես էլ եմ էդտեղով գնում, չգիտեմ՝ տարօրինակ եմ գնում՝ էդ պատմութիւնից, գրականութիւնից լաւագոյն բաները, ժողովրդի դարերի աշխատանքը, որ մեզ էսպիսին են դարձրել, բջիջ առ բջիջ ստեղծել են մեզ իրենց պատկերով ու նմանութեամբ: Ահա՝ մէկ եւ նոյն իրավիճակի առջեւ մարդիկ ենք, հանդիպել ենք: Ինքը եղել է կիրգիզը, ես՝ հայը: Երկուսս էլ նոյնազօր ուժի գրողներ ենք: Կանգնել ենք նոյն իրավիճակի առաջ՝ իր արածը, եւ իմ չարածը: Ի՞նչ պատճառով է, որ ես չեմ արել, ինքը արել է: Կամ՝ ես արել եմ, ինքը չի արել: Ազգային կեղեւն է նրան սեղմած պահել, որ նա արել է, եւ ազգային պատեանը ինձ զսպել է, որ ես էսինչ բաները չանեմ: Ես համադրումներով եմ գրում, որ երկար աշխատանք է պահանջում, եւ մեր խօսակցութեան նիւթը չէ: Բայց «Խոնարհ աղջիկը» որտե՞ղ էր առաջանալու: Առաջանալու էր միայն էստեղ: Սասունցի Դաւիթը ինչո՞վ էր տարբերուելու միւս բոլոր-բոլոր էպոսներից: Աշխարհի ամենամարդկային էպոսներից մեր ամենամարդկայինը: Էդ ի՞նչ բան է: Քո հեքիաթը, քո ժողովուրդը... Երբեմն նաեւ մտածում եմ՝ բացարձակապէս չդաստիարակուած աղջնակների, փոքր երեխաների գցում ես գոյներով հարուստ մի սրահ: Տես, թէ երեխան որը վերցրած դուրս կը գայ: Քոնը, կարծես, մի այլ գոյն կը գտնի՝ ձեռքին դուրս կը գայ, պարսիկը մի այլ գոյն ձեռքին դուրս կը գայ: Թէ՞ դաստիարակութեան հարցեր են: Կասկածներ ունեմ, բայց չէ՛: Չէ, այնուամենայնիւ. սկզբից՝ մինչեւ հիմա: Քրիստոնէական դաստիարակութի՞ւն ասեմ, ի՞նչ ասեմ: Բայց՝ սկզբից մինչեւ հիմա, 1500 տարուայ ընթացքում, մէկ եւ նոյն հողի վրայ են շարուել բաներ, որոնք նոյնութեամբ կրկնել են իրար, եւ ուրիշ ազգերը չեն արել: Մեր կողքի վրացին չի արել: Մենք արել ենք, մենք էսպէ՛ս ենք արել: Վրացական կինոն ինչո՞վ է տարբերւում քո կինոյից: Էդ ինչո՞ւ նրանց կինոյի մէջ անընդհատ մի սուտ-կեղծիք կայ: Ողբացեալը քո ժողովուրդն է, նրանց կինոն է միշտ վերջանում ողբով: Տե՛ս, որոշակի հարցի վրայ կանգնեցի: Ողբերգութիւնը քո ժողովրդինն է, բայց էսօրուայ նրա առնական զսպութեանը, այրական զսպութեանը նայիր. էս մի գիծ: Քոնը ողբ չի ասում, քոնը էդպէս կական չի դնում: Քոնը մի քիչ այլ ժողովուրդ է, մի քիչ ուրիշ է: Կողքիններից տարբեր է, ռուսից տարբեր է, բոլոր-բոլորից տարբեր է: Հրապարակային ելոյթների ժամանակ ես իմ մօր օրինակը մի երկու անգամ բերել եմ: Բացարձակապէս պատահականօրէն էդտեղ յայտնուած կինը, ինքը՝ հազար ու մի գործի տէր, ռուսերէն ոչ մի բառ չգիտի, գիւղում տեսել է՝ մէկը եկել, քնապարկը բացել է քնելու, իսկ մայրս, որ կարծես ամբողջ գիւղի մայրը ինքը լինի, էդ օտար մարդուն, որ կա՛մ լրտես է Ամերիկայի ու Թուրքիայի, կամ՝ ես ի՞նչ գիտեմ ինչ, չէր թողնելու գիւղում ընկած, փաստօրէն փողոցում քնի, բերելու էր մեր տուն: Իմ անկողինը տուել էր նրան, ընթրիք էր դրել առաջը, առաւօտն էլ կապոց էր արել, ուտելիք էր դրել: Եւ ռուսերէն մի բառ գիտի միայն՝ «պաշյոլ» (կորիր), ասել էր՝ «պաշյոլ»: Էս միայն իմ ժողովրդի կինը կարող է: Ես որեւէ ռուս կնոջ կը պատկերացնե՞մ: Մի քիչ հայհոյանք եղաւ մեր գաղափարների, մեր մտքի մէջ ներկայ ռուս բարի, գեղջուկ կնոջը: Բայց փաստ է: Իմոնք այլ են, իմոնք բարի են: Մեր հայ կինը ոնց որ աշխարհի մայրը լինի: Մնձուրին սքանչելի դիտում ունի. երբ գետի մօտով պիտի անցնի, եւ լողացող կանայք ինչպէ՞ս են իրենց վրայ յանկարծ դուրս եկած տղամարդուն դիմաւորում: Քրդուհիները՝ ինչպէս, թրքուհիները՝ սագերի պէս ֆշշալով վրայ են քշում, իսկ հայուհիները ամօթխած կծկուել են. ամաչում են, որ իրենք մերկ են: Իսկ թուրքը, թրքուհին հէնց մերկ վրայ է քշում քեզ: Սպանե՛լու: Էդ բնաւորութեան գծերի համադրումը ցոյց է տալիս քո տարբերութիւնները: Եւ շատ-շատ բաների մէջ սա կարելի է անել: Չգիտեմ:
Իմ նկարիչը իր տաղանդով, յանդգնութեամբ քանի՞ անգամ է աւանգարդի եզրին կանգնել, որ ահա ինքը դա պիտի վերածի Սալվադոր Դալիի: Սալվադոր Դալիի կեանքը աւելի ողբերգական չի եղել, քան իմ Մարտիրոս Սարեանի կեանքը: Նա՛ պիտի անէր «Քաղաքացիական պատերազմը»: Սարեանը, կարծես, աշխարհի գուրգուրման պատկերն է անում: Իմոնք քանի՞ անգամ են աւանգարդը բացայայտելու եզրին կանգնել եւ քանի անգամ են ետ քաշուել: Որտե՞ղ պիտի զսպի իրեն եւ որտե՞ղ պիտի ցինիկ լինի: Փաստօրէն ես այդ ցինիզմը չունեմ: Իմ ազգային բնաւորութեան մէջ ես էդպիսի բաներ չունեմ: Արշիլ Գորկին, որ ահա արուեստի էդ խաչմերուկում էր, նոյնիսկ նա էլ ետ քաշուեց, երբ հարցը իր մօրը, քրոջն էր վերաբերում եւ միւսներին: Երբ նրա աւանգարդն ու սիւրռեալիզմը յարաբերում ես ուրիշների սիւրռեալիզմի հետ, իր մէջ քրիստոնէական էդ զսպութիւնը կայ, մի տեսակ տիրական ցեղ է մերը՝ ինքը ոչ մի բանի տէր չլինելով: Ուրիշ բան ասեմ. Շոլոխովի չորս հատորանոց վէպը եւ չորս հատոր էլ հայ գրականութիւնից կը վերցնեմ ու բառերը իրենց օգտագործման յաճախականութեամբ դուրս կը գրեմ. քանի՞ անգամ է նա գրում՝ կտրել, հատել, արիւն թափել, եւ քո գրականութեան մէջ քանի անգամ կը հանդիպես: Նոյնքան հանգուցային շրջանների քո գրականութեան մէջ, ըստ երեւոյթին, 2-3 մարդ կա՛մ սպանում են, կա՛մ չեն սպանում: Քոնը ուրիշ է: Կայսրութիւնների մէջ ընկած՝ իդէալիստների ցեղ էր, ազգ էր: Էս իր անհատապաշտութիւնը. գուցէ իր սեփական պետականութեան բացակայութիւնն էր դառնում մի տեսակ ազգային որակ, որ Սուլթանը իր օրագրութիւնների մէջ անիշխանականներ էր մեզ ասում, անարխիստներ էր կոչում: Բայց դրան չանդրադառնանք: Փաստն էն է, որ կայսրութիւնների մէջ, ճորտացուած երկրների մէջ՝ ճորտեր չէինք: Պետրոսից, Իւան Ահեղից մինչեւ այսօր ռուս ճորտերը կային ու կան, եւ իրենց երկրում թուրք ճորտերը՝ մինչեւ այսօր: Բանակների, ազգերի, պետութիւնների արանքում ահա մեր անհատականութիւնը պահել ենք: Համօ Սահեանի ձեւակերպած՝ հայ գեղջուկի ազնուականութիւնը: Հիմա, իսկապէս, անհատապաշտութիւնը ազգային ողբերգութիւն է դառնում, եւ մեզ հաւաքական ջանք է պէտք՝ միութեամբ-միասնութեամբ էս զարհուրանքի առջեւը կանգնելու, այսօրուայ էս ծանր փորձութեան դէմը առնելու, միասին լինելու, ուժ դառնալու: Կարգախօսդ միութիւնը պիտի լինէր, իսկ կոփուածքդ անհատապաշտութիւնն է եւ կարծես չի հաւաքւում: Բայց սրանք, ըստ երեւոյթին, ինքնակայ դատողութիւններ են կամ գուցէ ինքնակայ չե՞ն: Չգիտեմ:
Հայի, գոնէ էդպէս գնահատուած, նախաձեռնութեան ոգի ասուած բանն է եղել անհատը, եւ թերեւս մեզանում, կողքի ազգերի համեմատութեամբ, ամենաքիչն է եղել իշխանական, ամբարտաւան մօտեցումը ընկածին կամ ցածրին: Ախր, ես չեմ ուզում շատ սխալներ արած լինել: Մի կողմից երէկուայ այդ տիպերին եմ տեսնում-յիշում, որ ասում էին՝ հինգ մարդ եմ պահում: Հաւասար, մեկնարկային վիճակում ծնուել-եղել էին, եւ ուրեմն մէկը գործ էր երեւի կազմակերպում, ասում էր՝ հինգ մարդ եմ պահում, տասնհինգ մարդ եմ պահում, 2500 բանուոր եմ բանեցնում:
Մտածեմ: Շփոթուած վիճակիս եկել, ամենադժուար հարցերը տալիս ես: Իսկապէս իդէալը, արծարծուածը, որ փորձել եմ իմ գրականութեամբ մի քիչ գոնէ խօսել կամ գրականութիւնից դուրս, փորձից դուրս դատողութիւններում ուզել եմ հասկացնել, որ էդ պիտի լինէր անհատականութիւնը, նրա պաշտպանութիւնը ամբողջատիրութիւնից, փաստօրէն ամբողջատիրութեան գաղափարախօսութեան ճնշումից: Մարդու անհատականութիւնը կապանքների մէջ էր առնւում, եւ ահա արդիւնքը: Գուցէ ես մարդուն տեսել եմ 70 տարւայ ֆոնին, էն ժամանակների ֆոնին: Ճիշտ կը լինէր հարցերիդ գրաւոր պատասխանել եւ երկար, բայց գրականութիւնից օրինակներ բերելով եւ ինձնից քաղաբերելով ասեմ՝ ի՞նչ եմ գուրգուրել. «Խոնարհ աղջիկը», «Տիգրանուհին», Մնձուրու կերպարները: Եւ էսօր տրորուողը դա է: Հիմա, ասենք, հաշտուել ենք այդ վիճակի հետ. ե՛ւ պատերազմի վիճակի հետ, ե՛ւ սառնամանիքի, ցրտի, քաղցի, առուծախի, էս այլանդակութեան պայմաններում, էս թշնամական շրջապատման մէջ... Հիմա ես դա կործանո՞ւմ համարեմ, թէ՞ մարդուն էդքան խեղճ չհամարեմ՝ ամերիկեան գաղափարախօսութեամբ համակուած՝ մարդը անընկճելի է ասեմ: Նոյնպիսի հզօր գաղափարախօսական մեքենայ էլ նա է՝ իր բազմաթիւ ֆիլմերով ու մշակոյթով: Գուցէ արդէն հրապուրե՞լ է մեզ իր աշխարհով: Էստեղ էլ ես իսկապէս վախենում եմ, որ վրիպած լինեմ: Բայց վիթխարի կորուստ է գնում: Այլասերո՞ւմ համարենք: Մարդու վերապրո՞ւմ ասեմ, թռի՞չք ասեմ, յեղաբեկո՞ւմ ասեմ մարդու հոգեբանութեան մէջ: Ինձ համար դժուար է խոստովանել եւ երբեմն տեսնում եմ, որ հին մարդ եմ, նոր խօսքը վերաբերելու է նրանց, պատկանելու է նրանց՝ երիտասարդ սերունդին, գրողներին, նրանց, ում համար սա բնական վիճակ է, եւ երէկուայ մէջ շատ կենսագրութիւն չունեն: Որոշակի՝ էսօր Լեւոն Խեչոյեանի գործն էի կարդում ու շատ յաճախ երանի էի տալիս նրան. բաներ, որոնք ես էի կռահելու, միայն կռահելու էի, իր համար այբուբեն են: Բաներ, որ ես հրճուանքով որպէս գիւտ էի անելու, իր համար շատ սովորական ճշմարտութիւններ են: Իմ աչքի առաջ էս ամբողջը փլուզուեց իմ գուրգուրած կերպարների վրայ, որոնցից մէկը իմ հայրն էր, իմ խեղճ գիւղը, եւ դրա համար իսկապէս քիչ է մնում ուղղակի ողբասաց դառնամ աւանդական հայ գիւղի վրայ: Որը, եթէ ճիշտ ասեմ, շուտ էր մեռել:
- Դուք անունը տուեցիք, արձանագրեցիք:
- Ամէն անգամ թէկուզ եւ ինձ թւում էր, թէ այսօրուայ մասին եմ գրում, բայց այդուհանդերձ յարաբերութիւնս միջնադարի հետ էր: Դարաւոր կերպարների հետ էր: Ահա էս կերպարի վրայ էս փլուզումը եղաւ: Նրա նշանները էսօրուայ մէջ կային, էսօրուայ մարդիկ կային: Մարդիկ կան, որոնք էսօր փոխուած աշխարհից բան չեն հասկանում. ուղղակի համարիր սպանդանոց ընկած կենդանի: Բայց ժողովուրդ կայ, եւ ինչքան էլ զարհուրելի է, էս ամբողջ սիմվոլիկան չի հասկանում. էս խորհրդանիշները, էս քաջութիւնը, էս սպանդը, էս արեան հոտը, էս կործանումը, էս ունեզրկումը, էս անտարբերութիւնը... Նրանց համար սա ուղղակի բացարձակապէս անհասկանալի է: Իսկապէս, իմ գուրգուրած կերպարի գլխին, որից ես ջանում էի ձուլել իմ աստծուն, փլուզումը եղաւ, ուղղակի կայծակ ճայթեց: Այս է: Իմ մարդը դա էր, այդ մարդը ոչնչացաւ:
- Եթէ մենք ազգային նպատակ ենք իրականացնում, բայց չենք կարեւորում առանձին մարդուն որպէս ինքնին արժէք, հարիւրներով ուղարկում ենք մեռնելու, հարիւր հազարներով ուղղում ենք դուրս, արդեօք նոյն այդ նպատակը չե՞նք չէզոքացնում, չե՞նք վերացնում, հակառակ իմաստը չե՞նք տալիս դրան: Եթէ իբրեւ ժողովուրդ ուզում ենք իրացուել, իրականանալ, այդ ժողովրդի մի անհատին արժէք չտալով՝ չե՞նք արդեօք ազգի այդ նոյն իրացման ճանապարհը փակում: Հայ մտքի մէջ որքանո՞վ է մարդը արժէք:
- Փաստն այն է, որ տառապանքի ժամանակը ճայթեց: Աղէտը ճայթել է ժողովրդի վրայ, մեզանից իւրաքանչիւրի գլխին եւ, թւում է, գործով ենթակաների, կառավարիչների գլխին նաեւ: Մենք փաստօրէն կատարւում ենք, ոչ թէ կատարում: Եւ ուզած-չուզած միտքդ հաշտւում է էս մտքին՝ եղածը եղել է, ու երանի դիմացողին: Հաշտւելով ասում ես՝ սա էլ է մարդկային, սա էլ է պատմութիւն, սա էլ պիտի լինի, ու երանի դիմացողին, էս վիճակներից դուրս եկողին: Եւ մեզ պարոնի տեղ չդնենք, իշխողի, թագաւորի, ամենակարող Աստծոյ տեղ չդնենք: Ասենք՝ կայ, բացարձակ ճշմարտութիւն է. ի սկզբանէ Բանն է՝ խօսքը, բայց այդուհանդերձ մեզ ամենակարող Աստծոյ տեղ չդնենք, զօրավարների, իշխանների տեղ չդնենք եւ նրան՝ ժողովրդին էլ՝ զուտ մեր հօտի: Ահա, ուրեմն՝ նրան մենք խղճում ենք: Նրան էդքան չդիմազրկենք: Ժողովուրդները վերջ ի վերջոյ դարերի աշխատանքով են, որի մէջ ե՛ւ պատերազմը, ե՛ւ քաղաքականութիւնը, ե՛ւ տառապանքը, ե՛ւ նուաճումներն են իրենց սերունդների համար տարածութիւններ ապահովել, աշխարհագրական դիրքեր ապահովել եւ աշխարհում այսօր կան փոքրիշատէ լաւ վիճակում, քան մենք ենք: Փոքրիշատէ այսքան ազգային բարդոյթների մէջ չեն:
- Չեմ յիշում՝ ո՞վ, մէկը դիպուկ ասել է. «պատմութեան վերջնական արդիւնքը աշխարհագրութիւնն է»:
- Այո, շատ ճշգրիտ է ասուած, ժողովուրդների դարերի աշխատանքն է՝ արել են: Թուրք պետական միտքը, ռազմական միտքը արել է, իրենց համար աշխարհագրութիւն են ապահովել ու կան: Կարո՞ղ ես շրջափակել: Հիմա էլ աղէտը մեր գլխին ճայթել է, պիտի դիմանանք, աշխատենք: Նոյն աշխատանքը իմ թոռան վրայ էլ է դրուած, սերունդների վրայ էլ է դրուած, բոլոր-բոլորիս վրայ դրուած է: Է՛ս է: Եղել է: Պատմութիւնը պարտադրել է, տակից պիտի դուրս գանք: Մտածում եմ՝ իսկապէս հայ լինելը շահեկան լինէր իւրաքանչիւրի համար, հայ լինելը ապահովութեան պէս մի բան լինէր: Ինչպէս անգլիացի լինելը անգլիացու համար իսկապէս շահեկան մի բան է: Ահա, իսկապէս, մի բան մտածենք՝ հայ լինելը շահեկան լինէր, չգիտեմ՝ ինչպէս պիտի արուի: Աւելի ճիշտ կը լինէր միմեանց չվնասէինք: Հիմա գնում են, ի՞նչ ասեմ: Կողոպտել գնացել ես, ոչ միայն իմ ունեցուածքը, այլեւ երէկ քեզ վրայ թափուած մեր աշխատանքը: Նաեւ իմ մասն ես, միայն քո մարմնի մասը չես, բայց ինչպէ՞ս բացատրես:
- Պատասխանատուութեան հարցը: Ես իբրեւ հայ մարդ, իբրեւ պետական ծառայող, պաշտօնեայ, բանուոր, գրող-լրագրող, քաղաքական գործիչ, բժիշկ, երեսփոխան, ինչ ուզում ես՝ ասա՛, իմ անձնական ապահովութիւնը չե՞մ գերադասում, ինձ չե՞մ առանձնացնում, ինձ իրաւունք չե՞մ տալիս իբր մասնակցելով՝ չմասնակցել: Այսպէս ա՞զգ կը կազմակերպուի, այսպէս պետութի՞ւն կը դառնանք:
- Վերջին հաշուով իշխող միտքը կայ, եւ իշխող մարդկանց խումբը կայ: Դա կարող է փիլիսոփաներով սկսուել եւ խոշոր կազմակերպիչներով աւարտուել: Իսկ կորուստներ միշտ կը լինեն: Գետը չես կարող ամբողջը մի հունի մէջ վերցնել ու քշել: Բայց այդ ամէնը անելուն հետամուտ միտք կազմակերպելուց յետոյ, էդ միտքը բոլորիս գիտակցութեանը հասցնելուց յետոյ կորուստներն էլ նուազագոյն կը լինեն: Եւ վերադարձներ էլ կը լինեն: Ուրիշ բան է, որ ահա էսօր, մարտի ընթացքում իսկապէս պարտադիր է կողքիդ լինելը, պարտադիր է քո զօրեղ լինելը, բայց ընթացքի մէջ, երկար ժամանակի մէջ սա հասուն միտք է բոլորիս համար, որ կոչուած ենք մտքի աշխատանքով զբաղուել, կազմակերպչական աշխատանքով զբաղւել: Հասուն գաղափար է: Յետոյ նրանք՝ ազգը կազմակերպող ուժերը, կարող են շրջանառութեան մէջ դնել ամբողջ կամ գրեթէ ամբողջ ազգային էներգիան:
Լաւ, ի՞նչ անեմ: Ասենք՝ կոյուղագործ է կամ խեղճուկրակ փոքր խանութի տէր է, որ իր օրուայ հացը հազիւ է հասցնում կամ կարողանում է մի փոքր, ասենք, վեց ամսուայ հեռանկարային ապահովութիւն ստեղծել, ես նրա ինչի՞ց ուզենամ ամբողջ ունեցուածքը կողոպտել: Չէ՞ որ մի իսկապէս խեղճ քաղաքացին, որը ազգային գիտակցութիւնը չգիտէ, ես ինչպէ՞ս բռնանամ նրա վրայ: Բայց այնքան էլ սխալ չէ, որ Հիմնադրամի հարցի քննարկումների ժամանակ մի քանի անգամ «Ազգային տուրք» ձեւակերպումը հնչեց, կարծեմ՝ կաթողիկոսի բերանից: Ազգային տուրք. հայ ես՝ գլխիդ գինը տուր: Տալիս էիր, էդպիսի մի գլխագին Չինգիզ Խանին տալիս էիր, արաբներին տալիս էիր, Սուլթանին տալիս էիր, քո քրիստոնէութեան գինը վճարում էիր: Ահա, քո պատկանելիութիւնը վճարիր, հաստատիր դրամով, իսկապէս՝ քո գինը տուր: Ինչքանո՞վ է սա բռնութիւն: Հրեշտակի թեւեր չառնենք, ամէնեւին բռնութիւն չէ, հասուն գաղափար է, բայց էլի պիտի աշխատուի եւ յստակ բանաձեւ պիտի արուի: Մարդկային քո ձեւը, կեցութեան քո ձեւը հայ լինելն է, ազգութիւնն է:
- Տասնեակ հազարաւոր հայեր ռուսական քաղաքացիութիւն են պահանջում ու ստանում: Հայաստանում են ապրում, բայց օտարահպատակներ են: Անգլիան իր քաղաքացուն աշխարհի ցանկացած երկրի մէջ տէր է կանգնում, նրա ապահովութիւնը երաշխաւորում է: Կ-ուզէի Ձեր բերանից հնչէր՝ մեր պետութիւնը այդ պատասխանատուութիւնը պիտի ունենա՞յ արտերկրի հայութեան հանդէպ:
- Եթէ կարողանանք բացառիկ վիճակը բանաձեւել, որ նախադէպը չունի, բացառիկ վիճակը մեր փռուածքն է ամբողջ աշխարհով մէկ: Ուժը յարգել են միշտ: Միշտ էլ ուժը յարգում են. Մաքիաւելու խօսքն է: Աստուածային գաղափարներն էլ ուղղակի զէնքի սպառնալիքի տակ են ներարկուել ժողովրդին. Մովսիսականութիւնն էլ, Աղեքսանդրի գաղափարներն էլ, Նապոլէոնինն էլ, եւայլն, եւայլն: Եթէ իսկապէս ուժ գործադրուի, եթէ իսկապէս մեզանից ուժ ներկայացնենք: Եւ ներկայացնում ենք. եթէ աշխարհի մեծ ժողովուրդների մէջ չենք, փոքրերի մէջ էլ չենք՝ ո՛չ կարողութիւններով, ո՛չ քանակով: Ոչ էլ քո ազգութիւնը հալածւում է որպէս այդպիսին: Վախենալու բան չկայ, ուղղակի ինքնութեանդ տէր պիտի կանգնես հազար ու մի ձեւերով: Ռուսները կորչում են դրսում, ֆրանսիացիները չեն կորչում, կարծեմ, թուրքերը չեն կորչում, ինչ-որ չափով ձուլւում են-չեն ձուլւում: Կորուստներ կը լինեն:
- Մի շաբաթում, ոչ էլ 100 տարում չենք լցուելու 29,8-ի կամ 50 հազարի մէջ: Արտերկիրը մնալու է: Այդ պատասխանատուութիւնը պիտի ստանձնի՞ հայկական պետականութիւնը:
- Ես էդպէս էլ մտածել եմ. չեմ մտածել, թէ ահա գաղութները քայքայուելու եւ գալու-լցուելու են էստեղ: Այդ էլ երեւի այն պատճառով, որ չեմ ուզեցել նրանց փոքրիկ բարեկեցութեանը ձեռք տալ: Եթէ Եթովպիայի վիճակը առաջանայ, ինչպէս իսրայէլցիների համար Եթովպիայում առաջացաւ, ողբերգութիւնը պայթեց, եւ նրանք էնտեղի իրենց ժողովուրդին, գաղութին տէր կանգնեցին ու հրաւիրեցին: Էս հայրենիքը էդքան երաշխաւորի պէս մի բան պիտի լինի: Իրական կամ շինծու զօրութեամբ՝ թող դա լինի: Եւ գաղութներն էլ եմ հէնց այդպէս տեսնում: Բայց ազգային միութիւնը այդուհանդերձ պիտի լինի, եւ գործառոյթները այնուամենայնիւ պիտի բաժանենք: Պարտադիր չէ, ասենք, հայկական հրատարակչութիւնները էստեղ լինեն, եթէ էստեղ թղթի ծանր պրոբլեմներ ունենք: Պարտադիր չէ Հայաստանի դեսպանը անպայման Հայաստանից գնացած լինի: Տարբեր ձեւեր կան:
- Դուք մեծ կառոյցի պատկերացումն ընդունում եւ դրա մանրամասներն էք խօսում:
- Մեծ կառոյցի մանրամասները տեսնում եմ. ահա՝ ամառը ձեր երեխաներին բանակումի ուղարկէք էստեղ, թող Թուրքիայից էլ գան: Փոխադարձ բաներ կան անելու: Այսինքն՝ մենք հայցուորի վիճակում չլինենք, իրենք էլ՝ պարոնների. թէ ահա պիտի գան, ինձ համար տուն շինեն ու իմ տան ճակատին էլ իրենց անունը գրեն: Մենք էլ բաներ ունենք, որ իրենք չունեն: Միմեանց պակասները կարող ենք լրացնել:
- Կարող ենք: Լաւ մասնագէտը գնում է Ամերիկա, ամիսներով գործ չի գտնում, իրեն տալիս է առեւտուրի, բենզին լցնելու, փողոց մաքրելու: Հրեան է նրան գտնում, ասում է՝ ախր, դու փիլիսոփայ ես, լաւ ֆիզիկոս ես, ճարտարագէտ ես, արի այստեղ, ինձ մօտ քո մասնագիտութեամբ զբաղուիր, քո արժէքին համապատասխան վարձատրուիր: Ու հայ մարդը գնաց հայութիւնից, հրէական միջավայրում ու հրէականութեան համար ինքն իրեն դրսեւորեց: Բայց չէ՞ որ սա մենք պիտի անենք:
- Մենք անենք, բայց անգամ եթէ չկարողանանք, հրեայի մօտ էլ փորձենք հայ պահել. կամ Արգենտինայում, ասենք, հայկական միջավայրից դուրս մէկը ինտեգրացուելով մեծ կարողականութիւն ունի, նրան էլ հայ պահենք՝ իր միջավայրից չկտրելով:
- Ասենք՝ կարող ես հային հրեայի մօտ տեղաւորել ու աշխատանք տալ, բայց դո՛ւ անես այդ, եւ նա շարունակի կապը, որպէս հայ իրացուի նոյնիսկ հրեայի մօտ:
- Շատ խելօք միտք է եւ պէտք է արծարծուի: Տես՝ հրեան ի՛նչ է անում: Հրեան կարող է առճակատող երկու բանակների զօրավարները լինել, իրար դէմ լինել, եւ որպէս մարդ երկուսն էլ իրացուեն: Մէկը՝ որպէս ֆաշիստ, միւսը՝ հակաֆաշիստ: Երկուսն էլ որպէս մարդ կարող են լինել, ոչ մէկն էլ ճնշուած չի: Ուղղակի հոտ քաշելով իրարից հասկանում են, փոխադարձ հանդուրժման մի բան կայ, ինչն էլ պայմանաւորում է նրանց միութեան պատրանքը:
- Այս տարի տասներկու օսկար շահած հրէական ցեղասպանութեան մասին ֆիլմի օրինակը: Մեծ ռեժիսոր է, վաղուց էր օսկար ստացած լինելու, բայց պահեցին-ձգեցին՝ մինչեւ այդ թեմային անդրադարձաւ, ու՝ տասներկու օսկար միանգամից: Այդ ֆիլմի սցենարիստը հայ է. հայը օսկար շահեց հրէական ցեղասպանութիւնն արծարծելով: Հայը իրագործուեց այդ թեմայի մէջ: Թող լինի՛: Բայց լինելո՞ւ է, որ հրեան օսկար շահի հայկական ցեղասպանութիւնը ներկայացնող աշխատանքով:
- Եւ դրա համար էլ յաճախ բերանիցս թռցնում եմ՝ հրեաներից քաջութիւն սովորենք: Իսկ էդ քաջութիւնը գալիս է մտաւոր զօրութիւնից. ժողովողներ են՝ համաշխարհային միտքը հաւաքում են եւ քաջութիւն ունեն, հաւատաքննիչի՝ քննող-վերաքննող կարողութիւններ ունեն. ամէն ինչ քայքայել, ստուգել՝ սուրբ չես, նորից ստուգել, թերահաւատ Թովմասի պէս՝ վէրքդ կեղծ է: Այդպէս է, չէ՞: Անընդհատ հաւատաքննութիւն կայ: Էդ յանդգնութիւնը, հաւատաքննութիւնը իրենց մէջ կայ եւ եզակի նախանձելի մի բան է, եզակի համարձակութիւն է: Սարոյեանը էդ ցաւը, էդ համարձակութիւնն էր մեզ բերում, երբ ասում էր՝ հայ երեխայի աչքերից վախը իջեցնենք: Ոչ թէ լկտիութիւն, տգէտի լկտիութիւն տանք, այլ իմացութիւն եւ քաջութիւն: Սարսափելի է իր ազգութիւնը ծածկող հայը, իրենից վախեցող հայը, ահաւոր է: Սա պիտի ջախջախուի, եւ Սարոյեանը հրաշալի արտայայտութիւններ ունի: Այդ թեման իրենց մօտ, դրսի մեր խիզախ տղերանց, մարդկանց մօտ արծարծուող թեմա է եղել, եւ նրանք ստոյգ բանաձեւումներ ունեն: Յիշո՞ւմ ես՝ Մայքլ Արլէնի մասին ի՛նչ էր ասում. «Իր ազգութիւնը ուրացող մարդը չի կարող մեծ արուեստագէտ լինել»: Որովհետեւ ազգութիւնը քո ճշմարտութեան մասն է, քո ճշմարտութիւնն է: Եթէ այդ ուրացար, ո՞ւր ես գնում: Ի՞նչ է նշանակում՝ ծածկել: Քո մասն է, դու ո՞նց ես նեգրի քո սեւութիւնը ծածկում: Չե՛ս ծածկում, չի՛ ծածկւում, ո՞նց ես ծածկում, թէ դու հայ ես:
- Այսինքն՝ նեգրի սեւութեան չափ մենք էլ հայ ենք:
- Այո՛: Յատկանիշ է: Երէկ, երբ դեռ մաշկս, առհասարակ ընկալումներս կոյս էին, շատ վիրաւորական էի տանում. մոսկուացի Վալենտին Եժով ընկերս ասում էր՝ Մարիէտա Սերգեեւնա Շագինեանը մեզ՝ ռուսներիս ռուսերէն է սովորեցնում: Այսինքն՝ ի՞նչ ես եկել մեզ ռուսերէն սովորեցնում, քո մասին պատմիր: Ռուսութիւն անող որեւէ հրեայ չես գտնի: Հրեայ է ե՛ւ զուտ հրէական թեմաներով գրող հրեան՝ Շոլոմ Ալէյխեմ, ե՛ւ միւսները, որոնք հրէական թեմաներով չեն գրում: Հրէական թեման քաջութիւն է ուղղակի:
- Լաւ, գանք ամենադժուարին: Մեր պատերազմն է, մեր ազատագրական պայքարն է, մեր իրաւունքն է, պիտի պաշտպանենք մինչեւ վերջ: Բայց այս հակամարտութիւնը, շարունակուող ու նոր ծաւալներ ընդունող թշնամանքը ինչի՞ց է մեզ զրկում, ինչի՞ց է մեզ կտրում, մեր տեսակի, մեր հեռանկարի վրայ ինչպէ՞ս է ազդում:
- Սիրելի իմ Աղուան, շատ բանից է զրկում: Ուղղակի աշխարհից յետ ենք մնում 100 տարով: Թէկուզեւ յետոյ, Աստուած տայ՝ խաղաղութիւնը գայ, մեր մէջ հարիւր մարդասպան ենք պահելու: Արիւն կերած, հաշմանդամ եւայլն, եւայլն: Զարհուրելի բան է: Բայց պարտադրուած է, չէր կարող չլինել: Եւ էս ինչ են անում մեզ հետ: Թէկուզ, ասենք, ղարաբաղցիները աղուաններ են, թուրքեր են, հայեր չեն: Հարիւր տարի Ադրբեջանի կազմում է եղել անարդարացիօրէն, հարիւր տարի էլ անարդարացիօրէն թող մեր կազմում լինի: Էդպիսի մեծ ոտնահարո՞ւմ կը լինի, սադրա՞նք կը լինի ազգի դէմ. ուղղակի տեսակի աւերումն է: Տեսակդ են աւերում, քո մարդկային տեսակը հայհոյում են: Տե՛ս, ինչ ստրկացում կը լինէր, եթէ ազատ պայմաններում մեր դրսի տղաները իրենց տեսակին տէր չկանգնէին, խուսափէին: Էստեղ ամաչում են ասել, որ մենք հայ ենք, փաստօրէն ամաչում են: Ինչպէ՞ս կարող է պատահել, որ դրանց միջից միջազգայնական շարժման մասնակիցներ առաջանան: Ուղղակի խայտառակութիւն է, անամօթութիւն է: Եւ դեռ քեզ զուտ մեղադրեն, թէ դու գետտօ ես, յետամնաց ես: Քո տեսակն է հայհոյել, մօրդ արգանդն է հայհոյել, որ քեզ բերել է: Սիրիայո՞ւմ է, որտե՞ղ է, այդ անապատներով փրկած քեզ բերել է աշխարհին, որ գնաս քո տեսակից հրաժարուե՞ս, քո տեսակը դատապարտե՞ս: Սա ի՞նչ բան է: Աչքներիս առաջ՝ զրկուել, զրկուել, զրկուել... Բայց ուրիշ ի՞նչ: Ուսանողութեան տարիներիս սքանչելի Մօրուս Հասրաթեանը. սիսիանցի մարդ էր, մեծ գիտնական, Ակսել Բակունցի, Չարենցի ընկերը, էն ժամանակներից գալիս էր. ստոր գաղափարախօսական, վեր-գաղափարախօսական, արտա-գաղափարախօսական ընթացքը նա տեսնում էր: Եւ էդ ընթացքի դիտման մէջ՝ էն ժամանակ դեռ ասում էր, թէ հայը քաղաքի ժողովուրդ է, թուրքը՝ գիւղի: Թուրքը 10 երեխաներով՝ սարերում, հայը՝ գիտատեքնիկական առաջընթացի հետ: Սրանք եղել են, կան: Բայց իսկապէս էդ կենսական տարածքը, նուազագոյնը, քո բջիջի համար անհրաժեշտ կենսոլորտը խլել են քեզանից բացարձակապէս: Սա ուղղակի պարտադրուած է, ուղղակի անհրաժեշտութիւն է: Էդ անմարդկայնացումը, էդ բանը: Ղարաբաղը չի կարելի տալ: Սա ուղղակի՝ գնա՛ ոչնչացիր-վերջացիր: Նոյն թուրքը, եթէ զիջեցիր իրեն, քեզ չի բարեւելու, թուրքը ծիծաղելու է վրադ: Մի դէպքում ատելու է, միւս դէպքում ծիծաղելու է վրադ: Ծիծա՞ղն է լաւ, թե՞ ատելութիւնը: Եւ ասեմ՝ իւրաքանչիւր թուրքի մէջ, ադրբեջանցու մէջ քաղաքականութիւնից դուրս կայ նաեւ էն բանի գիտակցութիւնը, որ Ղարաբաղը քո՛նն է, իրենը չէ: Նախիջեւանի մասին դեռ չենք խօսում, Նախիջեւանը կարելի է վիճարկել: Երէկ ի՛մն էր, եւ ինքը շատ լաւ էլ յիշում է: Սա ուղղակի վախկոտութիւն է, ծուլութիւն է, որ ասում ենք, թէ այդպիսի հիմնահարց դեռ չկայ: Բայց Ղարաբաղը անվերապահ մեզ կը կանգնեցնի վաղւայ ուրիշ վիճակների առաջ եւ էն ժամանակ թուրքի հետ պատերազմի մասին խաղ էլ կասենք, բարեկամութեան մասին խաղեր էլ կասենք:
Ես գիտեմ՝ ինչ մեծ, վիթխարի կորուստ է եղել, ես գիտեմ, թէ ինչու է եղել: Ադրբեջանում եղբայրներ ունէի, իսկապէս եղբայրներ ունէի: Բայց՝ ոչ Ղարաբաղի հաշուին: Գիտեմ՝ վիթխարի կորուստ է, բայց շատ աւելի մեծ կորուստ Ղարաբաղը կը լինի: Էն ժամանակ պարզապէս քո ազգը էստեղ չի լինի, որպէսզի նա բարեկամ կամ թշնամի լինի: Ուղղակի չի լինի: Հիմա գոնէ որպէս թշնամի կաս, իսկ այն ժամանակ պարզապէս չես լինի: Դու աշխարհի համար գոյութիւն ունես որպէս Հայաստանի բնակիչ: Ես ամբարտաւանութիւն ունեցայ՝ Գրողների միութիւնում մի հանդիպման ժամանակ ասացի. Սովետ Միութիւնից մի քանի գրողների արտասահմանում տպագրել էին, քարտէզը տպել էին գրքի կազմին, թիւերով հեղինակներին ցոյց էին տուել վրան՝ 1, 2, 3... 7... Առաջինը կարող էր բելոռուսը լինել, երկրորդը՝ ռուսը, երրորդը ես պիտի լինէի: Բելոռուսի վրայ գրուած էր 1. Վասիլ Բիկով, Ռուսաստանի վրայ՝ 2. Վալենտին Ռասպուտին: Իմ 3-ը գրուած էր ոչ թէ իմ փոքր Հայաստանի քարտէզի վրայ, ուր տեղ էլ չկար, գրուած էր Ադրբեջանի վրայ:
Այդ օրինակը բերեցի ու ասացի՝ ես իմ գրականութեամբ աշխարհին ցոյց եմ տալիս Հայաստանի տեղը: Բայց փաստօրէն այդպէս չէ: Հայաստանն է իմ տեղը ցոյց տալիս: Մեզ բոլորիս Հայաստանը մեր տեղը ցոյց տուեց: Հայաստանը որ չլինի, մեր մռութին նայող չի լինելու:
- Իմ եւ քո ընկալումների միջեւ բացարձակապէս տարբերութիւններ չկան: Դաշնակցութիւնը նոյն բաներն է ասում, նոյն արժէքներն է պաշտպանում: Այդ արժէքները պահելու, ընդհանրացնելու, տարածելու մասին ի՞նչ կ-ասէիք: Ինչպէ՞ս թոյլ չտալ այդ արժէքների խեղաթիւրումը: Դաշնակցութեան դէմ քարոզչական մեծ արշաւ կայ դրսից: Կայ նաեւ դաշնակցական դարձածներիս «խորհրդային» հոգեբանութեան խնդիրը:
- Իսկ ազգայինի այլ ընկալումներ կա՞ն: Նախնական վերաբերմունքս, էսօր չփոփոխուող վերաբերմունքս, որովհետեւ էս տարիքում վերջ ի վերջոյ պահպանողական են լինում, այս է՝ իմ կարծիքով, միայն մի կուսակցութիւն էր լինելու, եւ զարմանում եմ, թէ ինչպէ՞ս կարող է պատահել, որ հնչակները այլ կուսակցութիւն լինեն, դաշնակցականները՝ այլ: Հայ ազգային կուսակցութիւն. ուրիշ կուսակցութիւն ես չեմ հասկանում: Ռամկավարները, միւսները... Երեւի մարտավարական միջոցների տարբերութիւններ կան, թէ ինչ կայ, այդուհանդերձ, ոչ էլ նայել եմ, ոչ էլ որեւէ ծրագիր մինչեւ վերջ կարդացել եմ, թերեւս՝ Դաշնակցութեան ծրագրից բացի, որը շատ լաւ ընկալելի էր ե՛ւ իր ընկերվարական, ե՛ւ իր ազգային գաղափարախօսութեամբ: Հէնց հայը պիտի միայն դաշնակցական լինի: Ես ուրիշ բան չեմ հասկացել, եւ որոշ կոմունիստների մէջ էլ գնահատել եմ հէնց թաքուն դաշնակցական լինելը: Այլ կերպ հնարաւոր չէր: Կամ գուցէ կոմունիստների վարքը՝ չեկիստի, մատնիչի, յարմարուողի վարքը ինձ բոլորովին այլ բան է ասել, ես դարձեալ չեմ հասկացել, որ այդ հայ մարդու մէջ դահիճ է նստած եւ ոչ թէ դաշնակցական: Էս միամտութիւնը նոյնպէս եղել է: Է՛ս է: Բայց միւս կողմից՝ Դաշնակցութիւնը «իդէա ֆիքս» չանել, որպէս ազատ մարդ ապրել, որպէսզի հնարաւորին չափ քիչ կորուստներ ունենանք ազգային բովանդակութիւնից: Նեղ կուսակցականութիւնը երբեք իմ գլուխը չի մտնում: Նեղ կուսակցականութիւնը՝ թաքուն ժողովներից, բիւրոների թաքուն որոշումներից սկսած: Գուցէ դրանք անհրաժեշտ են, բայց որ թէկուզ ինձնից առանձնանան-գնան իրենց ֆրակցիայով, քչփչան-գան, ես փշաքաղւում եմ: Բոլորին մէկ առ մէկ ճանաչում եմ, բոլորն էլ ինձ համար սիրելի մարդիկ են, բայց երբ երեքին միասին տեսնում եմ՝ ահա գնացին-առանձնացան, ուղղակի սարսուռ է գալիս վրաս էդ նեղացումներից: Ինչ մեծ տարածութիւն է նեղ կուսակցականութիւնից մինչեւ ազգային լայն բովանդակութիւնը: Այդ զարհուրելի մեծ ուժը, վիթխարի ժառանգութիւնը, ազգային էներգիան թողնում էին կոմունիստները մի կողմ եւ զուտ ուղղափառ կոմունիզմի էին գնում: Ազգային ժառանգութիւնը, անցեալը, ապագան, ազգային ամբողջ կեցութիւնը թողնում էին մի կողմ: Եւ երբ էդպիսի բաներ Դաշնակցութեան մէջ եմ տեսնում, ես ուղղակի զարհուրում եմ: Ազգային մեծ բովանդակութիւնը... Նիկոլ Աղբալեանը, Սիմոն Վրացեանը, միւսները: Ահա՝ Նիկոլ Աղբալեան-Չարենց կապը, ուշ շրջանի Դաշնակցութիւնը, երբ էստեղ Չարենցը հալածուած էր, էնտեղ հրապարակում էին թէկուզեւ հակադաշնակցական նրա ելոյթները, թունդ հակադաշնակցական ելոյթները: Լայնախոհութիւնը սա է: Չէ՞ որ դա ազգային բովանդակութիւն է, ազգային արժէք է, արուած գործ է. մէկ եւ նոյն տարածքի մէջ դարձեալ կենդանի մի բան է շարժուել, մեռեալ անապատ չի: Չի կարելի նեղմիտ լինել: Սարսռում եմ, երբ ասում են, թէ Գուրգէն Մահարու գործը մեզանում արգելուած է: Գիտես՝ քեզ արգելուած է: Է, շատ բարի, յետո՞յ: Պոռնոն էլ արգելուած է, այո՞: Եւ պոռնօ էլ պիտի նայել: Մարդը նախ զրկւում է ակունքներից մէկից: Շրջահայեաց, լայնախոհ մարդիկ պիտի լինեն, որպէս ազգային մի հատիկ կուսակցութիւն, որպէս պատմութեամբ պարտադրուած եւ ոչ թէ ինքնաներարծարծ: Ազգդ առաքելութիւն ունի: Այլ հարց, որ կարող են թոյն-խարանի պէս ասել, թէ մեր ամբողջ ճիւաղութիւնը սուլթան Աբդուլ Համիդի ճիւաղութիւնից է գալիս, որովհետեւ բռնաբարուածի իմ մշակոյթն էլ, իմ ազգն էլ, իւրաքանչիւրս էլ քէնով սեւացած ենք ծնւում, թշնամուն գրկած ենք ծնւում: Բայց պատմութեամբ պարտադրուած առաքելութիւն ունենք. մեր հայութիւնն է: Պատմութիւնը պարտադրել է, պիտի անենք: Լա՞ւ որակ է, վա՞տ որակ է, բայց անունս ցիգան է, գնչու է, իմ թափօրը պատմութեան մէջ էսպէս է գնում: Է՛ս է: Ես իմ ազգի տէրն եմ: Ահա՛, եթէ ազգի տէրն ես, վերցրու, խնդրեմ, լայն եղիր եւ վերցրու: Թումանեանը սխալ չէր, երբ դաշնակցական էր, Թումանեանը սխալ չէր, երբ դաշնակցական չէր: Ազատ թողնենք: Դաշնակցութեանը սխալ համարենք էն ժամանակ, երբ Թումանեանին դաշնակցական չհամարի: Եթէ Հռիփսիմէն ազգային տաճար չհամարի, եթէ զօրավար Անդրանիկի բռնկումը իրենը չհամարի: Էսպէս լինի, ճիշտը սա կը լինի: Կուսակցութեանը հանդուրժողականութիւն է պէտք, որ իրենը համարելով՝ Չարենցին «Էլեգիա գրուած Վենետիկում» գրելու ազատութիւնը տայ, չբռնանայ նրա վրայ: Որեւէ տիրան նրա գլխին չկանգնի ու ասի՝ ահա, կանոնի մէջ էդպէս գրած չէ, էդ ի՞նչ ես անում: Գրականութիւնը ազատութիւն է: Միջուկային ֆիզիկայից բարդ մի բան էլ դա է:
- Այսինքն՝ կուսակցութիւնը իր ներսում ու իրենից դուրս անհատին ինքնադրսեւորուելու լայն ազատութիւնը տայ, իր հարստութիւնը համարի ու ընդհանուր համազգային հանդուրժողականութեան մթնոլորտ երաշխաւորի:
- Այո՛: Նողկալի եմ համարում, ասենք, Սփիւռքում Շահնուրի գործի դատապարտումը, նողկալի եմ համարում եւ Մահարու դատապարտումը, հակամահարիզմը, նեղ կուսակցականութիւնը, երբ կարծես դիտմամբ իրենց հնարաւորութիւնները նեղացնում են, իրենց մեծ բովանդակութիւնը լցնում են մի ուրիշ բանով: Լայն մօտեցում է պէտք: Ուրեմն՝ նպատակը ահա ա՛յս պիտի լինի. Շամիլ է գրում: Ռուս ամենակայսերապաշտ գրող, կայսերական իր նկրտումներով ցարին հաւասարուող Լեւ Տոլստոյը Շամիլ է նկարագրում՝ Ռուսաստանի թիւ մէկ թշնամուն. արծուի հայեացքը վերեւից՝ Շամիլը իսկապէս բարձր լեռնական, մուսուլման եւ լեռնական մի ասպետ: Ու նկարագրած է իրենց թագաւորը: Նրա պալատն ու սրա պալատը: Պալատներն իրար հակադրուած են. նրա չինովնիկներն ու սրա գործնականութիւնը: Շամիլը՝ արծիւ, իր ցարը մի այլանդակութիւն է արած: Բայց իրերի ու երեւոյթների վրայ Տոլստոյի վերերկրային հայեացքը ռուսներին տուել է սքանչելի մի բան՝ ռուսական բովանդակութիւն, որով եւ ռուս գրականութիւնը կոչւում է ռուս գրականութիւն: Իր ազգը հարստացրել է դրանով: Լայնախոհութի՞ւն ենք ասում, ի՞նչ ենք ասում: Մեր գրականութեան մէջ էլ էդպիսի, ուրեմն, կարողութիւն եւ ազատութիւնն է հարկաւոր, որպէսզի աւելի մեծ բովանդակութեամբ օժտուի ազգային միտքը: Պատկերացրու՝ Հռիփսիմէի ճարտարապետը եթէ էդ ազատութիւնը չունենար, ի՞նչ էր շինելու: Աւելի առարկայական բաներ վերցնենք, ես ի՞նչ գիտեմ, եթէ էդ ազատութիւնը չլինի, կովը ո՞նց կը ծնի, կինը ո՞նց կը ծննդաբերի, կը յղիանայ: Բնական բաներ են պէտք: Եւ ՀՀՇի էդ անհանդուրժողականութիւնը, մասնաւորապէս Լեւոնի էդ անհանդուրժողականութիւնը ես չեմ ընդունում: Եւ էդպէս էլ չհասկացայ դրա ակունքը: Միւս կողմից էլ կուսակցութեան անհանդուրժողականութիւնը չեմ հասկանում: Էս ի՞նչ բան էր, որտեղի՞ց սկսուեց: Եւ եթէ վերլուծումների գանք, մէկնումէկը անպայման կը մեղադրուի: Եթէ ճշգրիտ վերլուծումների գանք: Բայց էսպիսի մի խոստովանութիւն կայ, մինչեւ էս ազատութիւնները, գաղափարները, կուսակցութիւնները գնում էին այլ հունով, իրական կեանքը գնում էր այլ հունով: Կարծես վրիպած էին, կարծես իրար չէին օգնում: Եւ մօտաւորապէս էդ խմորով ես մտայ էս օրերի մէջ: Եւ էդ իմաստով, ՀՀՇն, որ կուսակցութիւն չդառաւ, շարժում դառաւ՝ ընթացքի մէջ ճշգրտուելու, ինձ ճիշտ թուացին: Ինձ դուր եկաւ նաեւ, որ երէկուայ օրով Բէյրութում դաշնակցականները հայեացքների վերաճշգրտման էին գնացել, մի խօսքով՝ շարժման մէջ էին: Մի խօսքով՝ չկաղապարուել, ոչ միայն աւանդոյթներ, այլեւ ընթացիկ կեանք եւ յարատեւում: Բայց հաստ միջնապատ դնե՞լ միմեանց միջեւ... Ուրեմն, դուրս է գալիս խմբակցութիւն, այո՞, որեւէ խմբի անձնական շահեր, էսինչ կուսակցութեան հանդէպ միայն ու յատուկ թշնամանքով: Ուրեմն, իրենց իրական բովանդակութիւնը ուրիշ կարող է լինել:
- Սկզբում Շարժումը ի՛նչ մեծ ազգային բովանդակութիւն էր ցոլացնում, բայց ի՞նչ եղաւ յետոյ, ի՞նչ արեցին: Եւ հիմա երեւում է, որ առասպել էր, օտար ուժերը իրենց՝ արդէն բացահայտ գործակալներով հէնց սկզբից էին քայքայման սաղմը դրել ղեկավարութեան ու Շարժման մէջ: Ազգային բովանդակութիւնը արտաքին դրսերեւոյթ էր:
- Կարող եմ նաեւ մտածել, թէ նա ունի իր սեփական բովանդակութիւնը եւ անկախ դրանից իր ուղղութիւնը վերցրած նետ է, կրակուած նետ է, թէկուզեւ չգիտեմ՝ ինքնի՞ն մի բան է, ուրիշի՞նն է, արտազգայի՞ն է: Ինչքան արժէքաւոր բան սուզուեց-կորաւ, ինչքան բան կարելի էր փրկել: Բայց նաեւ մի քիչ առաջ գնամ, գերմանական բանակի օրինակն էինք բերում, էսպէս պիտի լինէր երեւի: Մի անգամ ուղղակի երեսիս խփեցին, ուղղակի շատ յստակ իրենց համար բանաձեւ էր: «Գնացէք ձեր Ամերիկայում, ասացի, յեղափոխութիւն արէք»: Դեռ շուտ էր, 89-ին: Հրեայ էր, ասաց՝ Ամերիկայում այդ յեղափոխութիւնը չի լինի, որովհետեւ Ամերիկայում ամէն օր է յեղափոխութիւն: Ուրեմն, ասում էր՝ դուք կաղապարուել էք, չէք շարժուել, եւ ձեզ մօտ է յեղափոխութիւն լինելու:
- Իմ մասին եմ դատում, վստահ եմ՝ նոյն վիճակում էք: Ինչ կատարւում է, առանց Ձեր մասնակցութեան է կատարւում, Դուք ազդելու որեւէ բան չունէք: Ճիշտ է, համընդհանուր յարգանք էք վայելում, Ձեր արժէքի գիտակցութիւնը կայ իշխանութիւնից կուսակցութիւններ-ժողովուրդ, բայց միեւնոյն է, Ձեր ներկայութիւնը որեւէ բան չի փոխում: Ինչո՞վ էք ապրում: Ո՞րն է Ձեր իմաստը այսօր: Ձեր մտածողութիւնը, գիտակցութիւնը, գաղափարները, դաւանած արժէքները, բարոյականութիւնը պէտք է որ իշխողների, նախագահի համար ուղղորդող մի բան լինէին ու չեն:
- Չէ, ռոմանտիկայի չտրուենք: Էդպիսի բան չի լինի: Ո՛չ Պուշկինը ցարի համար, ո՛չ էլ Չարենցը Միասնիկեանի համար, որի մօտ Մահարուն ուղարկում էր. «Գուրգէն, վազի՝ փող բեր»:
- Խանջեանի համա՞ր:
- Չէ, ոչ էլ Խանջեանի համար: Իշխանաւորները էդ բանը չունեն: Իրենց համար, վերջին հաշուով, գրողը, մտաւորականը ճիշտ տեղն է դրւում. ճիշտ դասական հեքիաթների նման՝ աշուղը միշտ իշխանաւորի ոտքի մօտ:
- Նախագահի ելոյթը յիշեցինք: Նա ազգային միասնութեան, ազգային գաղափարախօսութեան մասին էդպէս է մտածում, դուք՝ էսպէս: Դուք նաեւ նրա համար արժէք էք: Էս վիճակում Դուք ի՞նչ էք: Ձեր իմաստը ո՞րն է:
- Չէ, իսկապէս, աւելորդութեան գիտակցութիւնը կայ: Կարող ենք ասել, թէ ահա միջոցը պարապ զառանցանքով լցնում ենք: Միւս կողմից էլ՝ ուզում ես ուղղակի գործողութիւնների անցնես, ձեռքդ թրին տանես, կամ՝ խոփին, ես ի՞նչ գիտեմ: Ոչ էն ես անում, ոչ՝ միւսը: Ու էլի մնում է յոյսը Աստծուն դնել ու դառնալ իրականութեան առաջ, գալիք պատկերների առաջ: Սկսած գործը, կիսատ գործը էնքան շատ է, որ չես ուզում իսկապէս էս աշխարհից աննկատ հեռանալ եւ ուզում ես արածդ, տասը տարի առաջ խոստացածդ աւարտել, նոր գնալ: Էդ հարցը դարձեալ ձեր շրջանակներից տուել են: Ձեր շրջանակները դուք էք երեւի ձերը համարում, ես եմ ախմախի պէս համարում դեռ նաեւ իմ շրջանակը: Նա տուեց թշնամանքով, չեմ իմանում, թէ ինչ պատճառով: Բայց սա հարցիդ պատասխանը չեղաւ:
- Չեղաւ, չէ՛:
- Լաւ, ես ինձ պրեզիդենտ համարեմ, քեզ էլ համարեմ Հրանտ Մաթեւոսեան: Թէկուզ հայր ու որդի: Ես ու իմ հայրը: Նա իմ խօսքով չի գնում: Դա պատրանք էր: Շատ դէպքերում, եւ ամենագործնական դէպքերում, իմ կարծիքով, ճշգրիտ առաջարկներ են եղել, ես տեսել եմ, որ ոչ մէկը ինձ չի լսում: Ամէն մէկը իր արածն է անում: Առհասարակ մարդիկ լսելու կարողութիւն չունեն՝ իմ եղբայր Համօ Մաթեւոսեանից սկսած մինչեւ Լեւոն Տէր-Պետրոսեանն ու միւսները: Պատրանքների մէջ ենք եղել: Թուացել է, թէ դու Իսահակեանն ես, ահա կը գնաս Արութիւնովի մօտ... Արութիւնովները չեն լսում: Եթէ Վանոն լինէր ոչ թէ կրտսեր գրչընկերս, այլ ուղղակի զուտ ախպերս, դարձեալ ինձ նա չէր լսելու: Մէկ-երկու, ընդհակառակը՝ աւելի մտերմօրէն ասելու էր՝ զահլէս մի տար: Նրանք իրենց գործն են անում: Նրանց վրայ ազդելու ուրիշ կերպեր կան երեւի: Էդպիսով առաջանում է իմ մեկուսացուածութիւնը:
Բայց ուրիշ բան էլ կարող է խաբած լինի, որ ահա Սոլժենիցինը դարձաւ վերաձեւուող Ռուսաստանի ճարտարապետը, այո՞: Եւ նրան լսում են Ելցինն ու միւսները: Հիմա էլ կը գայ, եւ ահա իր վերահսկողութեան ներքոյ Ռուսաստանը դեմոկրատաբար կը վերաշինուի: Էդ կեղծիք է: Մի կարծիր, թէ էդպէս է: Սոլժենիցինը չի՛, միջազգային իմպերիալիզմի պարտադրանքն է: Ինքը՝ Սոլժենիցինը ուղղակի կատարող-գծագրողն էր:
- Պատրանքներ չունեմ: Բայց Ձեր իմա՞ստը:
- Իմ տարբեր պահերի զգացումները իմ ընկերները տարբեր կերպ արել են. հայհոյանք, եղբայրական քննադատութիւն, դարձեալ հայհոյանք, վերլուծութիւն: Շատ թէ քիչ՝ էդ վերաբերմունքները մամուլում, ե՛ւ «Երկրում», ե՛ւ միւս թերթերում, եղել են: Չեմ ասի, թէ դրանք ինձ խորթ են եղել, դրանք իմ վերաբերմունքներն են եղել. էդքանով ինձ համար հանդուրժելի: Բայց, այդուհանդերձ, ես ամենաանհրաժեշտն եմ համարել ոչ թէ քննադատութիւնը՝ նոյնիսկ ամենակոպիտ սխալների դէպքում, այլ՝ ի ցոյց ե՛ւ ընդդիմութեան, ե՛ւ իշխողների, ե՛ւ էդ խուլուքոռերի, ե՛ւ էս զարմացած-զարհուրած ժողովրդի, մի փոքրիկ, մի ամբողջական խօսք անել, մի կառոյց անել, մի անկիւն ապահովել, ուր մաքրութիւն կայ, որը շինութեան օրինակ է, կառուցելու օրինակ է եւ ոչ թէ քանդելու: Եւ չեմ ուզում դարձեալ օդը, մթնոլորտը լցնել զառանցանքով: Դարձեալ իմ զառանցանքով: Կը զօրե՞նք, կը կարողանա՞նք շինութեան օրինակը տալ: Իմ թերի, զսպուած, իմ ներսում աղաւաղուող խօսքը չի՞ դառնայ ընդհանուր զառանցանքի մի մասը: Թէ՞. եթէ զառանցանք է պարտադրուած, դու էլ եղիր զառանցանք, այսինքն արա՛, կատարուի՛ր: Քո տառապանքով, ճիչով, բողոքով լցրու: Լցնեմ՝ ի՞նչ անեմ: Պատրանք է, բայց, կարծես, իմ տարիքի ու վաստակի մարդը իրաւունք չունի էդ խելագարը լինելու ու օդը դարձեալ լցնելու խելագարութեամբ:
- Ո՛չ թունոտ քննադատութիւն, ո՛չ զառանցանք: Չորս կողմը չլսելու, չընկալելու մթնոլորտ է: Էդ կառոյցի, շինութեան օրինակը եթէ ոչ գործով, գոնէ խօսքով տամ, ասեմ: Իմ պատկերացրածը ասեմ՝ չեն լսելու, չեն ազդուելու, բայց իմ պատկերացրածը գոնէ խօսքով թողնեմ, պատրանքներ չունենք, բայց իմ տեսածին անուն տամ, բառի վերածեմ, ձեւակերպեմ: Ճիշտ Ձեր գործը անել: Անունը տալ. ես էսպէս եմ տեսնում, ես տեսնում եմ իմ առանձին ազգը՝ իր ազգային արժէքների համակարգով ու գաղափարախօսութեամբ, ազգային նպատակներով, ազգային կառոյցով: Այսինքն՝ մի բան փոխելու, մի բան շինելու ինձ վիճակուած իռացիոնալ հնարաւորութիւնը չզիջեմ, փորձեմ արդարացնել իբրեւ հայ առաջացած մարդու իմ գոյութիւնը, յետոյ վերջանամ:
- Այո՛: Փորձել առարկան նկարագրել, իրական վիճակը նկարագրել: Այս զրոյցն էլ այդ անել էր ուրեմն: Է՛սպէս համարենք:

«Դրօշակ», 11-24.08.1994 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

The invention of letters
The invention of letters
Play Online