Hrant Matevosyan
Աշնան արև
Աշնան երեկոյի մեջ ինքը ջրից գալիս էր։ Դույլերը ծանր էին,
ինքը դեռ աղջնակ էր, հազիվ աղջիկ էր. դույլերը բերում֊բերում ու
ցած էր դնում։ Տատը գլխին շալ էր փաթաթել, թևերի տակով
տարել ու մեջքի վրա կապել էր, ինքը գյուղական տիկնիկի նման էր։
Բարակ զգեստը չէր տաքացնում, սառն էր, դույլերը ծանր էին, բայց
իր մեջ թաքուն մի ուրախություն կար, և այդ ուրախության
պատճառը Արզումանյանների տղան էր, որ հեծանվով պտտվում էր
իր շուրջը, քշած առաջ էր ընկնում, գնում հեռանում էր, գալիս
պտտվում էր իր շուրջը, ետ էր ընկնում և դարձյալ գալիս պտտվում։
Երեկոն մի տեսակ խուլ էր, ուրիշ ձայներ չկային, միայն հեծանվի
թույլ խշշոցն էր ու հեծանվի աղոտ լույսը։ Դեռ չէր մթնել, հեծանվի
լապտերը լուսավորում էր միայն ինքը իրեն, բայց Արզումանովների
տղան ուզում էր աղջնակին դուր գալ և լապտերը վառել էր, և
աղջնակին դուր էր գալիս, աղջնակի մեջ կանացիական ինչ-որ
ուրախություն կար։ ճանապարհի երկու կողմում այգիների
ցանկապատերն էին, ճանապարհը դատարկ էր, միայն իրենք էին,
ապա հեռու կեռմանում ճանապարհ ելավ ու օրորվելով եկավ իր
խմած եղբայրը։ Այդ ժամանակ իրենք հասել էին իրենց բակի
դռնակին, և Արզումանովների տղան պտույտից դուրս նետվեց ու
սլացավ դեպի ճանապարհի հեռուները, իսկ ինքը մտավ բակ։
Ինքը բակ մտավ սագը գրկած փոքր եղբայրը մեծ եղբոր
ետևից էր ընկել, և մեծ եղբայրը սարսափած փախչում ու պտտվում
էր ծառերի արանքում, ուզում էր մոր մոտ վազել, բայց մոր մոտ
օտար մարդիկ կային, ամոթ էր։ Նրանց մայրը և իր մերացուն
բակում կանգնած էր ձեռները կրծքին խաչած՝ իր հորաքրոջ
բացճակատ պայծառ Ներսեսի և անծանոթ մի մեծագլխի դեմ, որը
ճիպոտի ծայրով խաղում էր կոշիկի քթի հետ, սև էր, ամաչկոտ ու
տգեղ։ Իր հորաքրոջ տղային ինքը սիրում էր, դույլերն ինքը ցած
դրեց ու գնաց ձեռքով բարևեց, հետո ձեռք էր մեկնում սևագլուխ
տգեղին և այդ ժամանակ հասկացավ, որ Ներսեսը նրան ուրիշ
նպատակով է բերել։ Ինքը պաղեց մնաց ու ատեց Ներսեսին, և այդ
ժամանակ բակի դուռը ետ խփվեց ու բակ մտավ իր Ոսկան խմած
եղբայրը, և ինքը նրա մոտով բակից դուրս նետվեց, վազեց տատի
տուն։ Հեծանիվը քշած՝ իրեն ետուառաջ էր անում Արզումանյանների տղան, բայց ինքը նրան տեսնում ու չէր հասկանում։
Ինքը տատի գոգն ընկավ, իրեն թաքցրեց տատի գոգում, և իր
միակ թաքստոցը տատի գոգն էր։ Ինքը հիշում է՝ որ ինքն ասում էր.
«Մեծագլո՜ւխ, սև՛, գե՛շ»։ Ինքը թաղվել էր տատի գոգում, ինքն
ուզում էր չքանալ տատի փեշերի մեջ, ինքն ահա–ահա կորչում էր
տատի գոգում։
Գե՛շ... սև՛... մեծագլո՛ւխ... խե՛ղճ...
Հետո, տատը երգ էր լացում ու իր մազը սանրում էր, և այդպես
առանց շալի ու մի շորով՝ ինքը բարակ աղջիկ էր, մի տարվա շիվի
պես, և տատի երգը անտառում լքված որբի մասին էր. «Պախրեն
կգա ծիծ կտա՜»։ «Պախրեն կգա ծիծ կտա՜ա»։ «Պախրեն կգա ծիծ
կտա՜աա»։
Քամին կգա օրոր կանի... նանի, որբուկ ջան, նանի... Պախրեն
կգա ծիծ կտա։
«Պախրեն կգա ծիծ կտա», երգում էր տատը և իր մազը
սանրում, իսկ բաց դռան մեջ կանգնել էր Արզումանյանների տղան
և նայում ու աչքերը թարթում էր։
Մերացուն ափսոսում էր ժակետն իրեն տալ. գլուխը պահարան
էր կոխել, Իշխանի հարուստ տանը մի ժակետ էր ջոկել, թաքուն
շուռումուռ էր տալիս ժակետը, հետո արդեն բացեիբաց էր
համեմատում ժակետը աղջկա հետ և ժակետն ափսոսում էր։
Ոսկան հարբած եղբայրը այգու ծառը բռնած անշարժ Էր,
որովհետև եթե շարժվեր՝ կընկներ։ Իշխան հայրը թախտին աչքը մի
րոպե կպցրել Էր, որպեսզի քիչ հետո վրա ընկներ մի որևէ գործի, և
փոքր եղբայրը կարողացավ հոր գրպանից մի բան թռցնել, դա երևի
փող էր, որի կեսն իր համար ծոցում թե որտեղ թաքցրեց, իսկ կեսը
բռան մեջ պահած՝ մորից թաքուն ուզում էր քրոջը տալ տան մեջ
կատվի պես դեսուդեն էր սահում, կարողացավ իբր մորից թաքան
կողքով անցնելու պես քսվել քրոջը, բայց նրա մերը և իր մերացուն
տեսել էր, եկավ խլելու նրա ձեռքից, բայց նա սեղանի տակով դուրս
պրծավ տնից։ Մի բան Էլ երևի նրանց միջի խեղճն ու խղճավորն Էր
ուզում քրոջը տալ՝ վախլուկ եղբայրը, որ վիզը ծռած մի կողմ էր
քաշվել և մորից վախենում Էր։ Իշխան հայրը օձի կծածի պես վեր
թռավ որևէ գործ գտնելու և անցնելու հետ ժակետի մասին կնոջը
բան ասավ. «Տուր, տուր, տուր, տուր, այտա, ափսոս չի, տուր». և
տնից ելնելու հետ իր կողքով անցնելիս բան ասավ մեծագլուխ
տգեղ տղայի մասին, որ դրսի թախտին նստած ճիպոտի ծայրով
խաղում էր կոշիկի քթի հետ, «Տղեն լավ տղա է... խելոք, աշխատող... խմող չի»։
Այտա՜։
Տուր, տուր, տուր, ափսոս չի, տուր, այտա։
Մերացուն ժակետը բերեց չափեց իր վրա, ասաց. «Ափսոս չի,
հագիր, ցուրտ է»։
Հեքի, ցյուրտ ա, էփսոս չի։
Բակից թե այգուց եկավ Իշխան հոր ձայնը. «Ուշանում եք,
այտա, գնացքի ժամն անց է կենում», բայց ինքն ու մեծագլուխ
տգեղը՝ Սիմոնը, մանավանդ ինքը, պատշգամբում անշարժ
կանգնած էին, և իր մեջ արդեն֊արդեն համարձակություն էր
հավաքվում, իր վրա արդեն֊արդեն լեզու էր գալիս ասելու, որ այդ
հարուստ տնից այդպես տկլոր ինքը չի գնա, որ այդ գորգը, այդ
գորգերը... այդ բարձերը, այդ տաք անկողինները... այդ մաքրությունը... բակում ծանրումեծ նստած այդ կովերը... և մանավանդ
այդ գորգերն ու նրանց մեջ մանավանդ մեկը... Եվ այդ ժամանակ
այգու ծառից պոկվեց ու հարբած թափով եկավ Ոսկան եղբայրը.–
Տասնհինգ տարեկան է, էդ ում քվերն ես մարդի տալիս, դարպասեցի,– բայց պատշգամբի աստիճաններին ընկավ ու այդպես էլ
քնեց։
Ինքը նայեց Սիմոնին, և Սիմոնը կանգնեց։ Ինքը նայեց, և
Սիմոնը շտկվեց։ Շտկվեց ու այդ ցուրտ իրիկվա մեջ այդ դառը
աշխարհում կուլ տվեց թուքը, և իրենք քայլ դրին իջնելու Իշխանի
պատշգամբից՝ որպեսզի այլևս, ոչ մի անգամ ետ չնայեն դեպի այդ
հարուստ, մաքուր ու կծծի տունը, ուր ամեն ինչ կար, բացի սրտի
թեթևությունից։
Ներսեսը հետնե՞րն էր, հետնե՞րը չէր. գոմի դռանը Իշխանին
կարծես օգնում էր կամ կանգնած էր գործ անող Իշխանի մոտ, բայց
հետո մեկ էլ երևաց կայարանում՝ կաշվե սև բաճկոնը հագին,
քաղաքային իր ընկերների հետ, և նա շատ վստահ էր, և Սիմոնը
նրա մոտ շատ էր խեղճ, և ինքը Սիմոնից մի րոպե զզվեց ու ետ
քաշվեց, բայց մյուս րոպեին ատեց Ներսեսին և Սիմոնին խղճաց։
Կայարան իջնելիս գերեզմանոցի տակ ինքը կանգ առավ, նայեց
Սիմոնին, նայեց դեպի գերեզմանոց և ծնկեց ու կռացավ։
Ոչ, լացը մեզ համար չի։
Ինքը նայեց դեպի գերեզմանոց, նայեց Սիմոնին, և հիմա ինքը
հիշում է, որ ինքն ասաց. «Իմ լույս մերը...»։ Եվ Սիմոնը գլուխը շրջեց
ու թուքը կուլ տվեց, և ինքը հիշում է, որ ինքն ասաց. «Կապրենք»։
Բայց այդ մարդու մեջ ապրելու և հաղթելու կամք չկար, և ինքը
խփվեց գետնին, ծեծեց գետինը ու հեծկլտաց. «Իմ լույս մոր գոտին
թշնամու տանը մնաց... Իմ մոր արծաթե գոտին թշնամու տանը
մնաց... Իմ մոր գորգը... Իմ լույս մոր կարմիր պախրա գորգը... Իմ
մոր ոսկի սիրամարգ կարպետը... Իմ մոր շարմաղ ձեռի ապա-
րանջանը»։ Բայց միայն ինքն էր մղկտում, աշխարհը խուլ էր,
գետինը չոր էր և ցուրտ էր։
Ցուրտ էր նաև կայարանում։ Բայց ցուրտ էր միայն իր ու
Սիմոնի համար։ Մաքուր ու տաք հագնված տղամարդիկ փափուկ
նայելով հանգիստ անցնում էին, գարեջուր էին խմում, ժողովրդի
մեջ երևաց վստահ ու գոհ Ներսեսը, որ քաղաքային իր ընկերների
հետ զբոսնում էր և իրենց բանի տեղ դրեց, չարհամարհեց - ուսի
վրայով ասաց. «Գործկոմի հետ գործ ունեմ, դուք գնացեք, ես էգուց
կգամ»։ Ինքը Սիմոնին ասաց. «Գնա դու էլ պիվա խմիր»։ Բայց նա
չորացել մնացել էր։ Հետո ինքն ասաց. «Արի էստեղ ապրենք, դու
երկաթգծում կաշխատես, ես էլ էստեղ՝ հավաքարար», բայց նա
չորացել մնացել էր, նա չէր սազում այդ քաղաքին և վախենում էր
այդ քաղաքից։ Իրենք պատի ետևը մտան, այդտեղ մի քիչ տաք էր,
և մնացին այդպես շշմած, հետո ինքը տեսավ, որ իրենք կանգնած
են լուսավոր, առատ խանութի պատուհանի մոտ և ինքը նայում է
դարսած կտորներին ու հագուստին։ Սիմոնն իրենից շուտ էր
հասկացել, որ ինքը տակի շոր չունի, մրսում ու նայում է խանութի
հենց այդ շորերին։ Իրենք ներս մտան և կանգնեցին այդ շորերի
դեմ։ Հետո ինքը տեսավ, որ Սիմոնն ամաչում է իր մեծ բռան
կոպեկներից, որովհետև դրանք վայ թե քիչ էին։ Եվ իր համար այդ
պահի Սիմոնը միշտ եղել է գեղեցիկ և խեղճ ու սիրելի։ Եվ՝ այդ
պահի ինքը։ Եվ՝ այդ պահի իրենք՝ Աղունն ու Սիմոնը միասին։
Սիմոնը հարազատ ու գեղեցիկ էր նաև երևի այն ժամանակ, երբ
պատի անկյունում պահակ էր կանգնել, որպեսզի ինքը պատի
ետևում հագնի այդ շորը, բայց երբ ինքը դուրս եկավ պատի ետևից՝
Սիմոնը կանգնած էր թիկունքը լայն, և լայն նրա թիկունքն ու բարձր
ուսերը իրեն շատ դուր եկան։ Այդ ցրտից հետո հիմա այդ շորը
հագած՝ ինքը սրսփաց ու եկավ մտավ նրա թևը, և Սիմոնը
պարանոցը դանդաղ ոլորեց ու նայեց իրեն, և այնքան ջերմ
մարդկայնություն կար այդ կոշտ գյուղացու դեմքին։
Հետո իրենք գալիս էին սրանց գյուղի երկար ճանապարհը, և
ինքն այդ գյուղացի տղային հարազատ էր զգում անընդհատ երբ
ինքը գալիս էր երեխայի պես նրա ետևից և երբ գալիս էր համարյա
թե կնոջ պես նրա հետ կողք-կողքի։ Եվ ինքն անընդհատ ասում էր.
«Ես որբ եմ, մեր չունեմ»։ Այո, Ես որբ եմ, մեր չունեմ։ «Իմ հոր
թշնամին ասում է իմ մորը իմ հերն է սպանել, բայց իմ տատն ասում
է տիֆի տարին արնով է ընկել։ Ուրիշներն ասում են իմ հերն է խփել
արնով գցել»։ Ինքը մի անգամ ասաց. «Ետ դառնանք քաղաքում
ապրենք։ Գնանք Թիֆլիս, Երևան գնանք, քաղաքում ապրենք։
Արզումանյանը հասել է Մոսկվա, գնանք Մոսկվա ապրենք»։ Հետո
երեխայի պես հարցրեց. «Մոսկվան շա՞տ է հեռու»։ Մնացած
ժամանակ ինքն անընդհատ ասում էր, «Ես մեր չունեմ, իմ հերն իմ
մորն սպանել է»։ Սիմոնը ճանապարհից դուրս եկավ, և ինքը
տեսավ, որ սրանց երկիրը սիրուն է։ Սիմոնն ուրիշ բանի էր թեքվել.
Սիմոնը տրեխներն ուրեմն ճանապարհին թփի մեջ պահած էր եղել,
հիմա թփի տակից գտավ տրեխները, հագավ, իսկ կոշիկները հանեց
ու թևի տակ առավ։ «Ցավեցնո՞ւմ են», հարցրեց ինքը, բայց
ցավեցնելու֊չցավեցնելու համար չէին փոխվել կոշիկները տրեխներով, դրանք նրանց տան բոլոր տղամարդկանց կոշիկներն էին։
«Ադամ ախպորն են,– ասաց Սիմոնը։– Աբել ապնինն են։ Քաղաք
գնալու մեր կոշիկն է»։ «Բոլորդ էլ է՞դ եք հագնում», ասաց ինքը, և
Սիմոնը միամիտ–միամիտ ասաց. «Չէ, Ակոփի ոտին մեծ են, Ակոփը
դեռ չի հագնում»։ Եվ հուզիչ ու սպանիչ մի բան կար այդ ամենի մեջ,
և իր բուկը խցվեց։ Ոչ, ձորով ազատ ու գեղեցիկ գնացք էր գալիս
ազատ ծղրտոցով, երկաթե հզոր էլեկտրասյուները ցատկում էին
ձորի վրայով է՜ն սարի գլուխը, ազատ արծիվը ձորերի վրա ճախրում էր էս մե՜ծ, ազատ աշխարհում, իսկ Սիմոնը արծվի, գնացքի ու
էլեկտրասյուների դեմ նստած տնքտնքում էր տրեխակապերի վրա,
և իր լացն ու զզվանքը եկավ։
Նա ամենուր ու ամենքի մեջ է բոլորից այդպես խեղճ։ Նա
այդպես խեղճ էր այդ նույն ճանապարհով ճակատ գնալիս, այդպես
խեղճ էր պատերազմից ողջ-առողջ դառնալիս, այդպես խեղճ է իր
հորանց տանը, բայց ուրիշ ոչ մի անգամ ոչ մի տեղ նա այդպես
մեռնելու պես խեղճ չի եղել, ինչպես այն երեկո, երբ իրենք բացեցին
նրա հորանց դուռը։
Առաջին մեծ խումբը ռազմաճակատ գնաց երգով֊նվագով։
Իրենք՝ տղերքն էին նվագում֊երգում։ Հետո իրենց դհոլ֊դուդուկը
նրանք կանանց տվեցին, իրենք շարքի կանգնեցին, շրխկան քայլով
գնացին, և կանայք հիմա նստոտած էին նրանց դհոլ–դուդուկը
ձեռքներին ու դեռ նրանց երգի մեջ. «Տանում են, ադե ջան տանում
ե՜ն»։ Քսան տղամարդ էր բանակ գնում, և այդքանի մեջ ամենախեղճը Սիմոնն էր։ Օսեփանց մեր Եսայու Ակոփը մնում-մնում,
Ածխոտենց խեղճ Վասոյի Թմփլո Վերգուշին ասում էր. «Լեմեցն էս է
վրա տված գալիս է, ախչի, էդ անտեր լավ տեղերդ էդ ում համար ես
պահում» և ուզվոր երեխայի պես վիզը ծռած ձեռը դեմ էր անում, և
նորից, «Ախչի, զոհվելու եմ, անտեր տեղերիդ կարոտ եմ զոհվելու»
և համարյա թե հրում էր ճանապարհի տակ, դեպի քարի ետևը, և
վերջում. «Բեռլինը գրավել պտեմ, լեմեցի մի սիրուն աղջիկ պտեմ
ուզիլ ու տնփեսա մնալ - կարոտիցս դե ցամաքիր», իսկ Վերգուշի
խեղճ Վասոն. «Արա, էս վայ թե ճիշտ է ուզում, հա... Իմացիր, Ակոփ,
հրացան տվին՝ առաջինը քեզ եմ ևըս անելու», և Վրացոնց
Ղևանտը. «Ձեններըդ կտրեք, անբառոյական»։
Վասոյի Վերգուշը բարի, միամիտ, սիրով լիքը գոյություն էր։
Հաստլիկ էր, գնում էր մի տեսակ կիսան առ կիսան և ժպտում էր
Ակոփի ասածների վրա, ժպտաց ամուսնու ասածի վրա։ Նա հետո,
կալում, երբ փոստի Գուհարը բերեց առաջին զոհի լուրը, նա՝ միայն
նա կաղկանձեց ու փլվեց, իրենք միայն մոլորվեցին ու լռիկ լաց
եղան, իսկ նա հեծկլտաց ու ծնկների վրա փուլ եկավ։ Դա հետո էր։
Հիմա իրենք ամուսիններին բանակ էին ճամփում, և բոլորի մեջ
ամենախեղճը Սիմոնն էր։ Մեկը երգում էր, մեկը՝ նվագում, մյուսը մի
սրախոսություն էր անում ու բոլորին ծիծաղեցնում, իսկ Սիմոնն
ասաց մի տեսակ սրտնեղած ու անտեղի. «Անտերը, ի՜նչ էլ ցանել
ենք... էս խեղճ աղջկերքը ոնց են հավաքելու»։ Խոսքը այդ տարվա
հացի մասին էր, արտամիջով վաղուց էին անցել, հիմա անտառում
հաճարենու դեմ խմբված արդեն բաժանվում էին, և Սիմոնի
խոսքին ուշք չդարձրին, միայն Վրացոնց Ալեքսին Սիմոնի գլխարկը
ճակատին քաշեց, և Սիմոնն այնքան էր խեղճ, որ ինքը երեսը շուռ
տվեց։ ճանապարհին, երբ դեռ արտամիջում էին, ով էր, մեկն զգաց
Օսեփանց մեր Մանթոյի բացակայությունը և ասաց այդ մասին
(«Մանթո, էստեղ ե՞ս... Մանթոն էլ էր լինելու, էս ո՞նց է»), և լռությունից հետո նիհար ու երկարավիզ Հայկազն ասաց կարծես
կատակով, բայց դառը. «Արանքը ճղած կլինի»։ Բաց նա «արանքը
չէր ճղել». երբ հասան մեծ հաճարենուն՝ նա կանգնած էր դանակը
ձեռքին և գնացող իրենց բոլորի անունը գրել էր ծառին. վերից վար
գրել էր իրենց անունները, և Սիմոնի անունը ամենավերջում էր, և
Սիմոնն այդտեղ էլ ամենաետինն էր։ Խումբը կանգնել նայում էր իր
անուններին, Մարգարենց բոլորովին անգրագետ Մամբրեն
հարցրեց՝ թե որն է իր անունը, ցույց տվեցին, հետո լուռ նայում էին
իրենց անուններին, և մի տեսակ խորհրդավոր ու գերեզմանային էր,
չնայած Վրացոնց Ղևանտը գովեց Մանթոյի արարքը. «Ապռես...
թող մեռ անունը...»։ «Դիվիզիա, ստանավի՜ս», կարծես կատակով,
բայց իրականում շատ լուրջ հրահանգեց Վրացոնց Ղևանտը, և
տզերքը շարվեցին, շարք չէին մտել միայն ինքը՝ Ղևանտը, Ներսեսը
և մեկ էլ Սիմոնը։ Ներսեսն ու Ղևանտը՝ որովհետև նրանց միջև
ղեկավարությունը խլելու մրցում կար և այստեղ էլ եղավ, և
Ներսեսը ի վերջո կարողացավ Ղևանտին շարք մտցնել և բարձրաքիթ ու ուժեղ՝ հրամայել իր զնգուն քթախոսությամբ. «Ծմակուտի
գունդ, լսիր իմ հրամանը, Ծմակուտից Բեռլին քայլո՜վ մա՛րշ»։ Իսկ
Սիմոնը շարք չէր մտել, որովհետև տնքտնքում էր հագի կոշիկը
տրեխով փոխելու վրա։ «Սիմոն, շուտ արա, է», ասաց Ղևանտը, իսկ
Սիմոնը սրտնեղում էր սրտնեղում էր տրեխների վրա, նրանց այդ
խեղճ թատրոնի, գալիք ծանր նեղությունների վրա։ «Այտա,
տավարը ջարդվելու է, տավարը, էս ժողովրդին առանց խոտի ենք
թողնում»։ «Կարևոր ֆրոնտը ներկայումս գեռմանացին է, տավառը
չի», արդեն շարքի գլխից՝ ասաց Ղևանտը։ Սիմոնը կցվեց շարքի
պոչին, և նրա գլխարկը դեռ ծուռ էր, և Ներսեսն զգուշացրեց՝
«Սիմոն, գլխարկդ», և Սիմոնը դեռ սրտնեղում էր, իսկ Ներսեսն
արդեն շարքը ձգել, բանակայնորեն զգաստացրել էր, երբ Ակոփը
դարձյալ, հիմա բերանի լուռ շարժումով, ձեռքը դեմ արեց
Վերգուշին, հետո նրանք գնացին, և կանայք կանգնած էին նրանց
թողած երգի մեջ՝ նրանց անունների առաջ, և Ներսեսի չորուկ
Նունիկը ձգվեց, հեծկլտաց, երեսը վար բերեց ու ինքն իր վրա
ծալվեց. «Վո՜ւյ, տղերանցը կըտորիլ տեն... տղերանցը ջարդիլ տեն,
վո՜ւյ»։ «Ձե՛նդ, ասաց Ղևանտի կուսակցական Մայան,–– սո՛ւս։
Լաչառ։ Կախարդ։ Ձե՛նդ»։
Մայան այդպես զուսպ ու հաստատ էր նաև կալում, երբ փոստի
Գուհարը ծղրտուն ուրախությամբ հեռվի լույս բլուրից կանչեց.
«Աղո՜ւն, աչքալուսանք ունես, Աղո՜ւն, Հովիտը կանչում Է հեռախոսի
մո՜տ, կանչում Է հեռախոսի մոտ», նա՝ Ղևանտի Մայան, զուսպ
խլրտաց եղանը ձեռքին, զուսպ ժպտաց և մի թեթև հրեց իր կողը.
«Սիմոնդ եկավ, վազիր»։ Սիմոնն այդ ժամանակ Էլ իր պես՝
տրեխակապերի վրա չարչարվելու պես նստած Էր հաճարենու տակ
տղերանց անունների դեմ ու տնքում ու կուչ Էր զալիս։ «Վրացոնց
Ղևանտը եկե՞լ է», հաճարենու դեմ նստած՝ հարցրեց Սիմոնը, և
Վրացոնց Ղևանտը խփվել Էր, և Սիմոնը բկի ադամախնձորը կուլ
տվեց, լռեց և ապա հարցրեց, «Ներսեսը եկե՞լ է», բայց Ներսեսը
խփվել էր, և Սիմոնը թուքը կուլ տվեց, դառը նայեց և ասաց Ակոփի
մասին. «Մեր Ակոփը», բայց դեռ Ակոփն էլ չէր եկել, «Ադամ ախպերը», բայց Ադամ հորեղբորից լուր չկար, և դրանից հետո
անվանապես ոչ մեկի մասին Սիմոնը չհարցրեց, այլ ասաց. «Բա
ո՞վ է եկել», և ինքն ասաց՝ «դու» և քայլ դրեց, «դու, ախպեր ջան,
դու ես եկել», բայց Սիմոնը չէր զգում իր կենդանության հրճվանքը,
կարծես ինքը Սիմոնն էլ խփվել ու մնացել էր Ռուսաստանի հեռու
անհայտություններում։ Նա ամաչում էր իր կենդանությունից, նա չէր
ուզում գյուղի աչքին երևալ, կարծես թե նա ինքն էր սպանել իր
ընկեր տղերքին՝ կալի կանանց ամուսիններին, նրա քայլն
անընդհատ ծանրանում էր, նա ետ էր ընկնում ու անցնում Աղունի
թիկունքը։ Հետո, երբ արդեն շատ էին մոտեցել և կալի կանայք
խմբված նայում էին, նա հանկարծ գայթեց, թափ առավ ու գնաց
գրկելու բոլորին կարծես միանգամից։ Նա սրտից է սարքած, և
աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու և
մանավանդ քսան տարեկանում որբևայրիացած այդ խեղճ կանայք
էին արժանի և մեծ սիրո, և՛ մեծ մխիթարանքի, և՛ մեծ գովեստի,
բայց մարդ չպետք է իրեն այդպես կեր դարձնի ուրիշի վշտին և
ուրիշի սիրտն առնելու համար իրեն այդպես ոչնչացնի. խառնվել
մոլորվել էր կանանց մեջ Սիմոնը, երեխայի պես ուռչում ու թուքն
անրնդհատ կուլ էր տալիս, կուչ էր գալիս ու գետինն էր մտնում իր
ողջության տակ, իսկ Ղևանտի Մայան չխղճաց ու ասաց, և գոնե
թաքուն ասեր ու թաքուն արհամարհեր ասաց բաց արհամարհանքով. «Ով էր գալու ով է եկել»։ Այո, «ով էր գալու ով
եկավ»։ «Դե նեղանալ մի, Մայա ջան, տերը մեռած պատերազմը
կարծում ես գիտի՞ ում է սպանում ու խնայում», հազար տեղից
ծալվելով ասաց Սիմոնը, և Աղունն ինքը տեսավ, որ այդ երեխային
ինքն է պաշտպանելու։ Եվ թեկուզ դա դաժան էր, բայց մեղքն
Աղունինը չէր, դա այդպես էր, Աղունը կանգնեց Սիմոնի ու կանանց
արանքում, Մայայի ու Սիմոնի արանքում և ասաց Մայային.
«Վերևն աստված կա, ամեն մեկին իրա սրտովն է տալիս»։ «Հա,
բախտավոր», արհամարհեց Մայան, և ինքր չխնայեց ու հաստատեց. «Սիրտդ ինչ որ ուրիշին է ուզում՝ գալիս կանգնում է քու
առաջ»։ Եվ Մայան չոր բերանը լիզեց ու պատասխան չունեցավ, և
ինքը գլխաշորը շտկեց ու նրանից տուն գնալու իրավունք խնդրեց.
«Հիմա՝ թույ