Hrant Matevosyan

Արվեստ նշանակում է ազգալյին

Ես իրավունք ունե՞մ խրախուսել կամ կշտամբել կինոյի իմ գործընկերոջը. ունեմ և կարող եմ. հասարակարգերի և հասարակարգերի, պետությունների և պետությունների, ազգերի և ազգերի այսօրվա ծանր մրցակցության մեջ ժողովուրդը ինձ՝ գրողիս և նրան՝ կինոբեմադրիչին դրել է մեկ և նույն՝ «մշակութային թնդանոթի» լծի տակ, հույս փայփայելով, թե մենք այդ թնդանոթը քաշելու ենք ազգի ճակատագրով նախանշված բարձունք. դրել է, բայց ահա իմ լուծընկերը հաճախ լավ չի քաշում։ Իրավունք ունի՞ կինոբեմադրիչը կշտամբել ինձ՝ գրականության իր գործընկերոջը. ունի և չի կարող. վերջերս լույս տեսավ հայ-վրաց պատմվածքի խառն ժողովածուն։ Հայ պատմվածքն այդտեղ վրաց պատմվածքից այնքան չի թույլ, ինչքան հայ կինոն է թույլ վրաց կինոյից։
Ընդդիմախոսի պատրաստի ֆրազը ես արդեն լսում եմ. «հայ կինոն ունի իր առավելությունները, վրացը՝ իր, դրանք նույնիսկ առավելություններ ու թերություններ չեն, շատ ավելի՝ անհրաժեշտ տարբերություններ են»։
Բայց իր, միութենական ու համաշխարհային հանդիսատեսին վրաց կինոն ներկայացրել է վրացու իր ազգային կերպարը - հայ, միութենական ու համաշխարհային հանդիսատեսը նվազ տեղեկություն ունի հայ ազգային կերպարի մասին։
Այստեղ ժողովուրդ է հիանում, հիասթափվում, հիշում, հուսում, տխրում, ուրախանում հանդիսատեսի կինոմշակութային քարտեզի վրա, այնինչ, այս երկիրը՝ մեծ ուխտագնացության այս մնացորդը, աղոտ է երևում, իսկ այդ ժողովրդի գեղարվեստական լիարժեք կերպարը իմ կարծիքով գոյություն չունի հանդիսատեսի՝ բարձրագույն դատավորի սրտում։
Ջանքեր, կարծես թե, ներդրվել են, միջոցներ, այո, ծախսվել են, համապատասխան քանակի կինոժապավեն է սևագրվել, ստեղծման սպասումներով դերասանուհիներ են պառավել, երաժշտություն ու նկարչություն է կցվել, մեծ եղբոր հոգածությամբ հայ գրականությունն է իր լավագույն նմուշները ի սպաս դրել... և այդ բոլորը՝ հաճախ անտեղի։
Գաղափարը անաղարտություն է պահանջում։ Աղարտվող գաղափարը վրիժառու բան է, վրեժ է հանում և՛ աղարտողից, և՛ ինքն իրենից՝ պարզապես չի գոյանում։ Մշակույթը ժողովրդի հարատևման գաղափարն է, այլ խոսքով՝ ժողովրդի ոգին։ Երբ կինոն և մենք չկայինք, ինքը ժողովուրդն էր իր էպոսն ստեղծում։ Ստեղծման այդ նախաձեռնությունը հիմա տրվել է մեզ։ Դոստոևսկին ռուս գրող է, այսինքն՝ ռուս ժողովրդի վեհացման անաղարտ գաղափարն է։ Թումանյանը հայ ազգային մեծ գրողն է՝ այս ժողովրդի ոգու սլացքը դարերի ու երկրների վրա։ Ապազգային արվեստ չկա, չի կարող լինել։ Արվեստ՝ նշանակում է ազգային։ Ապազգային՝ նշանակում է արվեստից դուրս։ Իմ՝ հայ մարդուս մեջ ռուս մարդուն հետաքրքրում է այն, ինչը զուտ իմն է, ինչը ինձ դարձնում է հայ։ Իսկ ինչը որ մեր երկուսիս մեջ ընդհանուր է՝ նա այդ արդեն գիտի - միայն՝ մեր նկարագրերի փոքրիկ տարբերությունները, որոնցից այնտեղ Պուշկին է հառնել, այստեղ բարձրացել է Թումանյան։
Բայց ընդհանրականի համեմատությամբ այդ փոքրիկ, այդ չնչին, այդ աննշան տարբերությունը արտահայտել կարենալու համար պետք է ամբողջ ծավալով գիտենալ ժողովրդի պատմությունը, լեզուն, բանաստեղծությունը, երգը, կարճ՝ լինել, իրենից ներկայացնել այդ տարբերությունը։ Ո՞վ է, ասենք, Համո Սահյանը, որտեղի՞ց է, ասենք, «Գարնան ամպին լույս ոլորտում՝ ասում եմ ես մնաս բարով» տողը, հայն ինչո՞ւ հարսանիքում չի կարող գորկը գոռալ... պատահական հարցեր, որոնց առջև մեր բեմադրիչների մի մասը պիտի կանգներ թումանյանական թիֆլիսեցի աղջնակի միամիտ անգիտությամբ՝ «Պա՛պա, ա գդե՞ էտոտ Սասուն»։ Այնինչ, դժվար է պատկերացնել մի ռուս բեմադրիչի, որն իրեն բեմադրիչ համարեր և արմատից մինչև սաղարթ չիմանար իր ժողովրդի պատմությունը, լեզուն, բանաստեղծությունը, տնտեսաաշխարհագրական տեղաշարժերը, տագնապները, հույսերը։
Իզուր է կարծել, թե համաշխարհային կինոյի էրզացին կարելի է ազգային, տեղական գույներից այսինչ ու այսինչ երանգները հավելել և ստանալ ազգային կինո։ Պիտի երկրից լինեն և՛ էրզացը, և՛ տարազը։ Այլապես՝ գաղափարն աղարտվում է, և աղարտված գաղափարը խժռում է և՛ ինքն իրեն, և՛ աղարտողին։ Արդյունքում՝ միջոցների ու ջանքերի կարծես թե ներդրում և... իզուր։
Ինչ որ է. վրաց կինոյի գոյությունը վկայում է կինոյի գոյության եզակի կերպի՝ ազգային կինոյի գոյությունը, և Հ. Մալյանի հաջողությունը վկայում է նման կինոյի ստեղծման հնարավորությունը մեզանում։
Սա ինքնախաբեություն չէ. հարկավոր է և ժամանակն է մատիտը վերցնել, թուղթը երկու սյունակի բաժանել, մեր բոլոր կինոբեմադրիչների բոլոր հաջողությունները գրել մի սյունակում, ձախողումները՝ մյուս, և այդ հանրագումարն արդեն ինքը կթելադրի, թե ինչ պետք է նկարել, և ինչ չպետք է նկարել։

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

Resurrected Armenia
Resurrected Armenia
Play Online