Hrant Matevosyan

Անվերջանալիորեն մեծ աշխարհ

Նման անհատների հայտնությունը պատկառանքի սարսուռ է անցընում մարդկանց ու ժողովուրդների միջով, նորում ու հորդացնում է հասարակության երթը առ մշակույթի հին ու հավիտենական տաճար և միշտ ու ամեն անգամ նոր ու նորոգ շուք ու խորհուրդ է տալիս տաճարին իրեն:
Կենարար նման զորությունների անցքից հետո մարդկությունն իր լավագույն կարողություններն ուղղում է մշակույթին, ինչպես հաղթական պատերազմներից հետո՝ բանակին, քանի որ նրանց դեպքը հաստած է լինում ամենակարևորը - մշակույթը մարդկային գործի անսպառ ասպարեզ է: Անսպառ է, որովհետև անպարագիծ է մարդու վարքն ինքը. չլինելու, չապրելու, անկվելու, ոչնչանալու հմայանքը մարդուն քաշում է խորխորատ չգոյի խավար լռություններ և ապրելու, հաղթելու, հավերժելու կիրքը բարձրացնում է մինչև աստվածային ղողանջներ: Անսահմանելի է անկման հետագիծը, և անտեսանելիության չափ բարձր է այն սահմանը, որի վրա ինքնազոհողությամբ մարդը վերաճում է արարածից արարչի: Եվ լռությունից ղողանջ, անկումից վերընթաց, արարածից արարիչ այս վիթխարի եզերքը Բանի և միայն Բանի թագավորությունն է, որ լեցուն է մարդկանց ու հասարակությունների, իրերի և կենդանիների խաղով ու թատրոնով, և Բանից զատ ոչինչ ու ոչ ոք էր զորու տիրակալել այդ ամենը:
Նրանց անունը Հովհաննես Թումանյան է լինում կամ Ուիլյամ Ֆոլքներ, Իսահակյան կամ Ալեքսանդր Պուշկին, Սերվանտես, Մոցարտ, Սարյան կամ… Նրանք Կարս են ծնվում կամ Ամերիկա, Չինաստան են ծնվում կամ Բրգնիկ: Հին մեծ գերդաստանի տիրուհու նման մայր բնությունը նրանց տեղավորում է համայն մարդկության իր այս մեծ տանը տարբեր լեզուների մեջ տարբեր անունների տակ տարբեր ժամանակներում՝ չար աչքից հեռու, որպեսզի պատահարը նրանցից մեկին եթե կաշկանդի՝ մյուսը մի ուրիշ տեղ անպայման բացվի, անպայման թոթափվի, անպայման թևածի, քանի որ իր բոլոր որդիներից և ոչ մեկին է վերապահված անել նրանց անելիքը. նրանց չարախորհուրդ բացակայությամբ՝ ղողանջները պաղելու, գույները մարելու, համայն տիեզերքի օդը նորից էր կարծրանալու, ինչպես Բանից առաջ էր:
Այդպես՝ նրանք առաջանում ու վիթխարիանում են իրարու փոխարեն և միմյանց համար, այդպես՝ նրանք իրենցն են և բոլորինը: Այդպես՝ Ուիլյամ Ֆոլքները նաև մերն է: Իր մուտքը մշակույթի մեր լեզվաշխարհ եթե ոչ լեցնում՝ գոնե մատնանշում է այն սև պարապը, որ կոչված էր լույս ժայթքել, բայց սև խոռոչ է. թշնամությամբ և միայն հաշվարկված թշնամությամբ՝ 1915-ին և ապա 1937-ին մեր խոհի, խիզախման, խղճի ազատանու համայնքը վտարվել է,- Չարենցի-Բակունցի-Վարուժանի-Սիամանթոյի-Տերյանի-Մահարու գլխավորությամբ,- այդ քարանձավից:
Նրա՝ նրա շիտակորեն սարթ, ասես կայծաքարի կարծրության բնակիչների ներկայությունը մեզանում եթե ոչ պարտադիր՝ անհրաժեշտություն է, ինչպես որ ժամանակին ու միշտ Շեքսպիրի ներկայությունն է պարտադիր անհրաժեշտություն: Չափազանց ուշ ենք պատուհան բացում նրա աշխարհի վրա: Բայց նա ամերիկացի էր և գրող, իսկ սովորական ամերիկացիներն անգամ արագ ժողովուրդ են, այսօրն այսօր են ապրում և կարողանում են նույնիսկ վաղվա օրն այսօր ապրել: Մեր այսօրը, երեկը և վաղվա օրը կա այդ մեծ ամերիկացու աշխարհում, և տեղին է, որ այդ՝ թվում է հեռավոր, թվում է անցյալի պատկերները այսօր հպվեն մեր աչքերին, այսօր մեզ հիշեցնեն մարդկային պատվի ու խղճի առջև մեր իսկ պարտքը: Նրա աշխարհի հետ այդ ծանոթությունից հետո մենք այլ ու բարձր մարդիկ կլինենք, քան էինք մինչև նրա անվերջանալիորեն մեծ աշխարհ ընկնելը:

Be the first who will comment on this
Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn