Hovhannes Tumanyan

Վայր ընկնող աստղեր

(Նմանություն)

Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Անհետ կորավ երկընքից,
Ո՞վ էր արդյոք, որ զրկվեցավ
Կես գիշերին իր կյանքից։

Ո՜հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Մի հոգևոր հայր էր նա,
Գիշեր-ցերեկ մի հոգս ուներ,
Որ մեզանից փող ստանա։

Փարիսական իր գործերով

Աշխարհ խաբեց, զըզվեցրուց,
Այդ պատճառավ աստված նրա
Աստղի լույսը խավարցուց։

Նա ամեն բան ծախեց փողով,
Ոտքեց ամեն սըրբություն...

Այժմ այնտեղ ահ ու դողով
Հաշիվ կըտա աստըծուն։

Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, մեկն էլ ընկավ,
Եվ չըթողեց ոչ մի գիծ,
Ասա, հայրիկ, էլ ո՞վ հանգավ

Ու պակասեց մեր կյանքից։

Ո՜հ, իմ դստրիկ, խաղաղ մնա
Կեղծավորի մի աստղ էր,
Որ ձևացավ ամբողջ կյանքում
Առաքինի, ազգասեր։

Ամեն անգամ նա խնջույքում
Բախտ էր մաղթում խեղճերին,
Ազգի կենացն առաջարկում,
Արտասուքը աչքերին։

Բայց խեղճերը նրա ձեռքից

Գիշեր-ցերեկ հալածված,
Ազգին չեղավ նա կարեկից,
Ոչ ազգ գիտեր, ոչ աստված։

Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Հետքից մի կարճ գիծ թողեց,

Աստղը թռավ դեպի Բաքու,
Էլ մյուս անգամ չերևեց։

Ո՛հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Այն գործիչի մի աստղ էր,
Որ իր սրտում ծնված օրից

Չուներ անկեղծ գործի սեր։

Նա աղմըկեց, անուն հանեց,
Սանդուղք շինեց իր ազգին...
Եվ ողջ ծաղրեց, երբ ապրում էր
Գըրպանները լի ոսկին։

Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, մեկն էլ ընկավ,
Հետքից թողեց մի ծուռ գիծ,
Ասա, հայրիկ, էլ ո՞վ հանգավ,
Աստղը պակսեց երկընքից։

Ո՜հ, իմ դստրիկ, մի՛ վրդովվիր,
Մի խըմբագրի աստղ էր այն,
Որ իր թերթը տըպագրում էր
Անձի համար միմիայն։

1899
Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Thinking
Thinking
Play Online