Hovhannes Tumanyan

Նվեր Վրաստանի բանաստեղծներին

Չէ՛, չի լըռել մեծ Շոթայի
Երգի ձենը կաթոգին
Ու դարավոր ցավն ամեհի
Չի խորտակել էն հոգին։

Թընդում է դեռ նոր ձեռքերում
Էն քընարը գովանի,
Խընդում է դեռ նոր երգերում
Վըրաստանը գեղանի։

Ողջո՜ւյն, ողջո՜ւյն ձեզ հին ու նոր

Արի, բարի ընկերներ,
Արարատի կողմից էսօր
Եղբայրական երգ ու սեր։

Հին օրերի վերջալուսին,
Արշալուսին նոր կյանքի

Երգենք սըրտանց ու միասին
Երգը հանուր բերկրանքի։

Բարձըր հընչի մեր երգը թող,
Չարի ձենը խըլացնի,
Հընչյուններովն իր կախարդող

Երկրե երկիր թող անցնի։

Ամեն կողմից թող ամենին
Հըրապուրի ու բերի
Բազմալեզու խըրախճանին
Ծեր Կովկասի ազգերի։

Ելնե՜նք՝ տեսով ու ճանաչով,
Ընկեր, ախպեր, մեր ու քուր՝
Մեր քյամանչով, ուրախ կանչով
Գընանք դեպ կյանքն ընդհանուր։

Շատ, շատ արցունք թափվեց մեզնում,

Մեն մի կաթիլն մի խըրատ,
Անլուռ, անդուլ էն է ասում
Ճամփա չունի գործը վատ։

Թող՝ ով կուզի՝ երկար-բարակ
Զոռ տա խելքին մինչև մահ,

Մենք իմաստուն սիրենք, խնդանք,
Կյանքը էս է, ինչ որ կա։

Զարկե՛ք ուժգին մեծ Շոթայի
Էն քընարը ոսկելար,
Մարդը ինչ տա էն կըշահի,

Թող իմանա ողջ աշխարհ.

Տեսնի քանի նոր ձենով է
Խոսում մուսան էս երկրում,
Պատգամներով պայծառ ու վեհ,
Հազար ու մի երգերում։

Ողջո՜ւյն, ողջո՜ւյն ձեզ հին ու նոր
Արի, բարի ընկերներ,
Արարատի կողմից էսօր
Եղբայրական երգ ու սեր։

1919

Be the first who will comment on this
Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Vineyards in summer, 1986
Vineyards in summer, 1986
Play Online