Hovhannes Tumanyan
նամակ Շուշանիկ Մաճկալյանին
Ձեր կրքոտ բնավորությունը հասնում է վերջին ծայրահեղության։ Դեռ այդտեղ եղած ժամանակս շատ անգամ եմ լսած Ձեզնից անհիմն կասկածներ և անմիտ սպառնալիքներ, բայց թե ինչո՞ւ համար էին նոքա՝ դեռ չգիտեմ։ Գոնե միայն ես էի լսում և մայրական անմեղ բարկություն համարելով, թողնում անհետևանք։ Այժմ ևս վերջ չդնելով այդ տեսակ խոսքերին, ամեն մի պատահողի առաջ թափում եք առատորեն, չմտածելով, թե ի՞նչ եք ասում, ո՞ւմ կամ ո՞ւմ վերա։ Եթե Դուք նպատակ ունեք մի ուրիշ գործ կատարելու և Ձեր սպառնալիքները գործ դարձնելու, մի՛ վախենաք, ես բոլորովին արգելառիթ չեմ լինելու, դեռ պատրաստ եմ ուրիշի ևս համոզելու հօգուտ Ձեր դիտավորության։ Ում ինչ որ ասում եք, նոցանից ոչ մեկը ինձ անգամ չի ասիլ, թե աչքիցդ վեր սև ունք կա, որովհետև ճանաչել են կամ ճանաչում են, իսկ թե Դուք ինձ չեք ճանաչել` ես մեղավոր չեմ։ Ձեր ամեն մի խոսքը կիրք է գլխովին, և քանի որ Ձեր հատկությանց մեջ առաջին տեղը կիրքն է բռնում, ես դեռ շատ անմխիթար դեպքերի եմ սպասող։ Ձեր կրքոտ և կասկածավոր բնավորությունը ինձ՝ անբախտության եմ վերագրում. իրավ և իրավ, որ այդպիսով ինձ անբախտ պետք է համարել։ Մեր ընտանեկան կյանքի ապագա օրերը ինձ խավար են երևում։ Դուք ինձ կամենում եք դավաճան հռչակել ուրիշների առաջ։ Ուրիշ բան է, եթե ուրիշները ինձ վերա գնդակ արձակեին, աշխարհներ խոսային, բոլորովին նշանակություն չէր ունենալ ինձ համար այնքան միայն, որ Ձեզնից չլսեի։ Ինձ համար այլևս ի՞նչ մխիթարություն, երբ որ Դուք ուրիշների հետ պետք է ինձնից բամբասեք։ Այս դառն և չարաբաստիկ ճշմարտությունն է, որ ինձ տանջում է չարաչար. ընտանեկան խռովությունն ավելի սոսկալի է ինձ համար, քան անակնկալ մահը սույն իսկ այս հասակում, հետևաբար ես տանող չեմ ոչ մի բռնություն, ոչ մի բարոյական ճնշում։ Ես թե որ ուզենամ մի գործ գործել՝ անպատճառ չպետք է հեռանամ հետո (ինչպես Դուք եք կարծում), քանի որ իմ կամքս է։ Եթե տեղիք տան վատություն անելու, գլխիս զորագնդեր էլ կանգնացնեն, ո՛չ ոքից վախենալու չեմ. խնդրում եմ լավ ուշադիր լինեք խոսքերիս։ Եթե գամ և միառմի պատմեմ և հետևանքը բացատրեմ, իրոք կզղջաք։ Դուք գիտեք. ոչ մեկը այդ խոսքերից օգուտ չէ բերում։ Միայն Ձեր հալովը չեք կենում։ Շատ բարև ծնողներիցս և բարեկամներից: