Hovhannes Tumanyan

Մոծակն ու մրջյունը

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ։
Գիժը մին էլ մըտիկ արավ,

Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում...
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ

Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել։
Սոված, սառած
Ու սալարած

Վեր թըռավ՝ վար, դես ընկավ, դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, եկավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
Բա՛ց արեք, բա՛ց...

Էս տարաժամ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քնից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,

Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել։

Հե՜յ, ո՞վ ես դու,
Ա՛խպերացու։
Տը՜զ-պը՜զզ, ասավ, Մոծակն եմ ես։
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,

Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,

Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,

Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում...
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես

Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ։
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ,
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհ պաղել, փոխվել,

Կողքիցըս էլ կինս է փախել...
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՜ծ, հըրաշք մի բան...

Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում,
Ես էլ եմ հո շատ մըճըրվում.
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,

Երեսս էլի ձեզ եմ արել։
Աստծու սիրուն, մի՛ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի։

Դե լա՛վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք ներսից ինչ կասեն քեզ։
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,

Ուր ապրում էր մեծ Մըրջյունը՝
Առատ կյանքով,
Իր համայնքով։
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,

Ու ետ դարձավ էսպես ասավ.
Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,

Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞...

Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք...
Կերթաս կասես էդ անպետքին.
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,

Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սրրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի։

1916
Be the first who will comment on this
Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

Poppy Flowers
Poppy Flowers
Play Online