Hovhannes Tumanyan
Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում...
Կուրծքս երբեմն եռ է գալիս և հուզվում.
Ես մնում եմ անշարժ, ինչպես լուռ արձան,
Միտքս թռչում դեպի երկինք և սուզվում
Տիեզերքի խորության մեջ անսահման...
Ամփոփում է հանկարծ երկիր բովանդակ,
Սիրատարփիկ կուսի կուրծքին է փարում,
Խոնարհվելով իջնում մինչև ոտնատակ
Արհամարհված սրբությունը համբուրում...
Ետ է թռչում և մոլորված դեգերում
Քաղցրահուշիկ խոր անցյալի լուռ ծոցում,
Եվ թրթռում արդեն լռած երգերում,
Սառն ու տխուր շիրիմները շոշափում...
Հետաքրքիր ցանկությունով թևառած
Ապագայի մթության մեջ խարխափում,
Եվ մի սաստիկ տենչով լեցուն, սավառնած՝
Երջանկության սահմանները թևածում...
Թռչում է միտքս,
Կորչում է միտքս,
Եվ չեմ հասկանում,
Ինչ եմ ցանկանում։
1890
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
David Balasanyan
Recalling
Vicinity of the Village
Play Online