Hovhannes Tumanyan

Հայի զարմանքը

Նվեր պ. Գևորգ Տեր-Դավթյանին՝ իր բեմական
գործունեության քսանհինգամյակին

Մեր բեմի ծիծաղ, քսանհինգ տարի
Դու հըրճվանք տվիր այսքան սրտերի.
Անձայն թաքցըրիր ցավերըդ ներքին,
Եվ այդ հանճարեղ ծաղրը քո դեմքին

Դարձար հայկական բեմի պարծանքը.
Բայց այդ չըշարժեց հայի զարմանքը։

Սիրելիդ մեռավ, և նա դագաղում՝
Դու խեղկատակի դեր էիր խաղում.
Միմոսի ճամուկ, երկայն գըդակով,

Ծիծաղում էիր հըզոր կատակով,
Զսպելով հոգուդ անհուն տանջանքը.
Այդ էլ չըշարժեց հայի զարմանքը։

Քո շըքեղ խաղով մարդիկ հիացան,
Ծափեր զարկեցին ու գոհ հեռացան.

Դու տուն գնացիր հոգնած, վաստակած,
Ոչ փող ունեիր, ոչ մի պատառ հաց,
Եվ սակայն տարար այդ չարքաշ կյանքը.
Այդ էլ չըշարժեց հայի զարմանքը։

Դու քո ահագին, հսկա շնորհքով

Շատ տառապեցիր անտրտունջ հոգով,
Աղքատ, անընկեր, անօգ ու անգործ
Երկար շրջեցիր փողոցից փողոց,
Վերջը գնացիր ու մտար բանկը.
Այդ էլ չըշարժեց հայի զարմանքը։

Բայց չըկարացիր քեզ լավ մշակել,
Եվ ինչպես շատերն էին գուշակել,
Համաշխարհայի՜ն արտիստ չըդարձար,
Ոչ ուսում առար, ոչ դպրո՜ց անցար...
Ի զուր փչացրիր քո ձիրքն ու կյանքը...

Այդ սաստիկ շարժեց հայի զարմանքը։

1897
Be the first who will comment on this
Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma

A young woman in yellow
A young woman in yellow
Play Online