Hovhannes Tumanyan
Գարնան հիշողություն
Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր,
Էն ճյուղաշատ ծառի տակին,
Երբ գընացինք դիմավորենք
Նոր գարունքին ու նոր կյանքին։
Էն լավ օրից տարիք անցած,
Ես էն ճամփով անցնում էի,
Ու ականջիս դիպավ հանկարծ
Մեր աղմուկը ուրախալի...
Պարզ ու որոշ ես լըսեցի
Մեր կենդանի ձայներն, ընկեր,
Շըրըխկոցը բաժակների,
Աշխույժ ծիծաղ, ճառ ու երգեր...
Ու սրտաթունդ վեր նայեցի...
Բայց կարոտած աչքիս առաջ
Հանդում դալար ու ամայի
Մեր հին ծանոթ ծառն էր կանաչ։
Լուռ ու դատարկ մարգի վրա,
Մենակ կանգնած շրշում էր նա...
Մի՞տդ է գալիս մեր քեֆն, ընկեր...
Բայց ո՞վ գիտի՝ ուր ես հիմա...
1898
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Edward Baghdasaryan
Rhapsody
Jajur
Play Online