Hovhannes Tumanyan

Եղջերուն

Մի սեպտեմբերի մեր գյուղացի որսկան Օսեփը ինձ գիշերակաց որսի տարավ Եղնուտի կիրճը։ Գիշերներն էդ կիրճով եղջերուներն իջնում են ձորերն ու հովիտները, արածում են, արշալուսից առաջ ջուր են խմում ու էլ ետ իրենց «պնդոցն» են տալի։

Գնում էինք գիշերը մնանք բոստանչի Օվակիմի դափումը, որ լուսադեմին հասնենք որսատեղը պահելու։

Ես էի, որսկան Օսեփն էր ու մեր գյուղացի մի տղա, որ Օսեփի շալակտարն էր։

Մենք գնում էինք էն դաժան հրճվանքով, որով միայն որսի են գնում։ Ճամփին որսից էինք խոսում։

― Որսը բախտի պես բան է,― ասում էր Օսեփը։ ― Մին էլ տեսար երևութք էլավ ու քամի դառավ կորավ։ Անսովոր մարդը նրան հեշտ չի նկատիլ. կշփոթվի, կդողդողա, կփախցնի։ Աչքդ առնելուն պես պետք է թվանքդ բացվի. թե չէ, որ ուզեցիր նշան դնես, մինչև աչքդ ճպես, նա սարն անց կեցավ։

― Հապա դուք ինչպե՞ս եք որսի ման գալիս, ուստա Օսեփ։

― Լավ որսկանը ման չի գալ, նա որսը կպահի,― պատմում էր որսկանը։― Գիտի, ո՞ր ժամանակին, ի՞նչ տեղ որսը ժաժ կգա, կգնա էն տեղը կպահի։ Թե ման էլ գա, քիչ, էն էլ էնպես ման կգա, որ որսն իր քամին չառնի, թե չէ՝ որսն էնպես սուր հոտառություն ունի, որ թե քու քամին (հոտը) նրա վրա էլավ՝ պրծար, որտեղ որ է հոտդ առավ կորավ։ Էսպես խոսելով իրիկունը հասանք բոստանչի Օվակիմի դափին։ Ծերունի բոստանչին փետ էր հավաքել, կրակը վառել ու կողքին թինկը տվել։

― Բարի րիգուն, Օվակիմ բիձա։

― Այ աստծու բարի ձեզ, դուք բարով եկաք. ա՛յ տղա էդ ինչ լավ ղոնախներ եք։ Ես հենց մենակ միտք էի անում, թե մի զրիցընկեր ըլի․․․ Էս հենց աստոծ հասցրեց ձեզ․․․― ուրախացած գոռգոռում էր Օվակիմ բիձեն։

― Դու են ասա՝ որս ա ժաժ գալի, թե չէ, Օվակիմ բիձա,― անհամբեր հարց տվավ որսկանը։

― Այ տղա, մի անտեր պախրի բուղա կա, Օսեփ ջան, գիշերները գալիս ա, լոբին ուտում ու գնում։ Էնքան լոբիս փուչ արավ. թվանք չունեմ, շուն չունեմ․․․ Պախրա մի՛ ասիլ, մի սար ասա։ Չարդախ ունի (պոզեր), ոնց որ մի կաղնի։

― Էդ մինը ոչինչ. բա իսկի բուղագոռոցի ձեն չի գալի։

― Այ տղա, էլ ասում ես, ինչ անես, քնահարամ են արել։ Երեկ գիշեր էս վերի մատներումը հենց գոռում էին, որ գետինն որոտում էր։

― Հա՜յ, հող ու ջրի աստոծ, հա՜,― աղաղակեց որսկանը։

Օվակիմ բիձեն մեզ հրավիրեց, տակներս խոտ ածավ, ինքն էլ կրկին թինկը տվավ իր տեղը։

― Տղերք, ես որ խորը միտք եմ անում, տեսնում եմ, որ աշխարքիս երեսին մարդիցն էլ վերը անիրավ շնչավոր չկա։

― Ի՞նչի, Օվակիմ բիձա։

― Ինչին էլ որի՞ն էս ասում. տեսնում ես՝ դուք թվանքներդ առել եք ետևներիցն ընկել, մենք էլ ուրախացել ենք, թե ինչ ա՝ մի պախրա կսպանենք, կուտենք։ Ախր չէ՞ որ նա էլ մեզ նման շնչավոր կենդանի ա, հրեն կեսգիշերին էրվելով գոռում ա, ձեն ա տալի, իր կովին կանչում. չէ՝ էն էլ նրա սերն ու մուրազն ա․․․

― Թե ձենը դուրս կգա՜, ես նրա սերն ու մուրազը նշանց կտամ,― ծիծաղելով բացականչեց որսկան Օսեփը։

― Չէ՜, շատ մեղք բան ա, շա՜տ, ― գլուխը շարժելով կրկնեց բոստանչին ու ձենը ավելի բարձրացնելով, կանչեց.

― Տղերք, էս ա որ պախրիցը խոսք ընկավ, ես ձեզ մի բան պատմեմ։ ― Պատմի, Օվակիմ բիձա։

― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով, մոր նման, թվանքի ձենը իր երեխի վրա լսած մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվսն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։ Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ՝ ցավ․․․

Օվակիմ բիձու տխուր պատմության տպավորության տակ միաժամանակ լուռ էինք։

― Օվակիմ բիձա, չէ որ ասում են պախրեն էլ տեր ունի,― խոսեց շալակտար Ղազարը։

― Ունի, բաս, պախրեն մեծ տեր ունի։ Ետնա էդ դրո՞ւստ բան ա։

Դրուստ ա, բաս։ Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի․ էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.

Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․

Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։

Օվակիմ բիձա, ուրեմն էդ ա, որ ասում են՝ որսկանությունը անիծած ա։

Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ Երբ էրվելով իր Ասլու ետևից ման էր գալի՝ մի վիրավորված պախրա տեսավ։ Տեսավ՝ անասունը մղկտալով շունչը տալիս ա, հորթն էլ մոլորած մնացել ա կողքին կանգնած, էստեղ սազն առավ ու մի խաղ ասավ։

Մենք խնդրեցինք Օվակիմ բիձուն, որ էդ խաղն ասի մեզ համար, ու ծեր բոստանչին իր պառավ ձենով խարույկի առաջ երգում էր մութը ձորում.

Հե՜յ, պարոններ, տեսա կանանչ գարունքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա.
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Գընդակն առած գընում էր փուչ աշխարհքից,
Գանգատվելով մարդու անգութ արարքից,
Արյուն տալով, մըղկըտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Աստված սիրող՝ որսին թըվանք չըբռնի,
Երկինք սիրող՝ որսի միսը թող չառնի.
Դարդոտ Քյարամ տեսավ ծովում արյունի՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

* * *

Ամենքը քնեցին, ես մնացի զարթուն։ Գիշերն էս տեսակ տեղերում անսովոր մարդը չի կարողանում քնել, հազար ու մի ձեն է լսում, հազար ու մի բան է երևակայում։

Էն անշուշտ գիշերվա հովն էր, որ շարժում էր սիմինդրները, բայց ինձ թվում էր, թե Օվակիմ բիձու ասած պախրեն էր բոստանը մտել։ Գիշերվա մթության մեջ հեռվում սև կերպարանքներ էին երևում ու կարծես շարժվում էին։

Ու անքուն էի ես։

Գիշերվա մի ժամին դուրս եկա դափի դուռը։ Պարզ աշնանային գիշեր էր։ Չոր ցուրտը սեղմում էր։ Ձորերը խուլ թշշում էին։ Նրանք էլ ասես քնել էին, Օվակիմ բիձու նման փշշացնում էին խոր ու հանգիստ։

Բայց Քարվան-ղռան աստղը արդեն դուրս էր եկել․ մեր ճամփա ընկնելու ժամանակն էր։ Ես վեր կացրի իմ ընկերներին։ Նրանք շտապով հագան իրենց տրեխները, ու վեր կացանք դեպի Եղնուտի կիրճը․․․

* * *

Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնուտի կիրճում։ Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը։ Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը։

Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նոսրանալ։ Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից։ Երկինքն սկսեց գունատվել ու պարզվել։ Ապա երևաց Եղջերուն՝ Լուսաստղը։ Վերկացավ վաղորդյան զեփյուռը։ Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները շրշացին։ Անտառն սկսեց զարթնել։ Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը՝ մյուս թփից, մեկն էլ՝ հեռվից․․․

Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստից ու զմայլած դիտում էի շուրջս՝ բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը։

Հանկարծ մի ձայն․․․ չորացած ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում։ Նայում եմ էն կողմը։ Անտառը տակավին մութն է։ Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի՝ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ․․․ Բան չի երևում, բայց դարձյալ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ, մոտենում է ավելի ու ավելի․․․ Եվ, ահա, դուրս եկավ․․․

Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ։ Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնեց, թուխ դունչը դրավ գետնին, ապա թե գլուխը բարձրացրեց, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը։

Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում։

Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս․․․ Շարժվեցի թե չէ՝ նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը․ վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը։ Հրացանի ձայնից անտառն որոտաց ու սկսեց ճռճռալ։ Էն եղջերուն էր փախչում։

― Հա՛յ, քո տունը չքանդվի, ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի՝ ո՞ր կողմից կերևա փախած որսը։ Առավոտր բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանանչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը։

Վիրավորված էր եղջերուն։ Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու։ Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա՝ մերն է, հայտնեց որսկան Օսեփը։

* * *

Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում։ Նա ընկած տեղից իր երկայն վիզը մեկնեց մեզ վրա։ Ես տեսա՝ ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շշկլած, անորոշ հայացքով։ Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճըղփալով ընկավ իր արյան մեջ՝ մի ծանր, անզոր թառանչով։

Որսկանը վրա վազեց․․․ Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի․․․ Նա բռնեց եղջերվի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը․․․ Ես կրկին ուզեցի մեջ մտնեմ․․․ դարձյալ սիրտ չարի․․․ Եվ ահա դաշույնը փայլատակեց․․․

Ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում։ Ետևից մի խուլ տնքոց լսեցի․․․ ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը․․․

Be the first who will comment on this
Yatuk Music
Symphonic Images
Ghazaros Saryan

Symphonic Images

Landscape
Landscape
Play Online