Hovhannes Tumanyan

Ձախորդ Փանոսի հեքիաթը

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը՝ Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։

Մի օր եզնիքը սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ՝ ընկնի մեջը։

Ասածն արած է։

Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում թրըխկ հա թրըխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է՝ մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ, չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի․ բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է՝ կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։

Դու մի ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է՝ էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում, գնում։

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։

Միտք է անում․ «Ի՞նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՞ւր գնամ»։

Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ, էնպես գնամ կնկանս մոտ։

Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։

Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի՝ ով կա, ով չկա․ հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։

Փանոսը ցավից վայ վայ անելով ետ է դառնում, շներն էլ ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՜, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է՝ շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա՝ սա սատանա է։

Բավական տեղ ղչրղու տալով, հայհոյելով, հարա հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով խեղճ Փանոսը գնում է կորչում։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել։ Գեղահավան հավաքվում են գնում․ գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված,ինքը չկա,

Դես Փանոս, դեն Փանոս․ հարցուփորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։

Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։

Թե ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափի վեր ածած էր, հավաքեցի, բերի։

Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ Փանո՜ս, Փանո՜ս, Փանոսը չկա։

Վճռում են, որ Փանոսը խեղդվել է։

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում․ հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Be the first who will comment on this
Yatuk Music
Lullaby for Mum
Elen Yolchyan

Lullaby for Mum

Gazelles
Gazelles
Play Online